2026

Ադրբեջանական քարոզչության իրարամերժ դրսևորումները

2024-10-30

Ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել պատմական իրողությունները կեղծելով և սեփական պատմությունը վաղնջական ժամանակներից ներկայացնելու մոլուցքով։ Հարևան պետությունների և ժողովուրդների պատմությունը խեղաթյուրելու ճանապարհին Բաքուն կանգ չի առնում ոչնչի առջև։

Վերջերս ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը հրապարակել էր 14-րդ դարի քարտեզ, որի վրա նշմարվում է Ադրբեջան անունը: Ըստ նրա՝ ներկայացված քարտեզը պատրաստել է Մուհամմադ ալ Իդրիսին (12-րդ դար)՝ Սիցիլիայի թագավոր Ռոջեր Երկրորդի համար:

 «Այս քարտեզը 1619 թվականին թարգմանվել է լատիներեն, 1928 թվականին Քոնրադ Միլլերը քարտեզը թարգմանել է անգլերեն, և մինչ օրս այն պահպանվում է Կոնգրեսի գրադարանում: Քարտեզի բնօրինակը 1325 թվականից պահպանվում է Ֆրանսիայում։ Ներկայումս այն գտնվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում: Քարտեզում հստակ պատկերված են Հարավային և Հյուսիսային Ադրբեջանի տարածքները: Այս քարտեզը հերթական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են, թե «Ստալինն է հորինել Ադրբեջան անունը»,- նշում է պատմաբանը։

Վերոնշյալ քարտեզն սկսեց տարածվել ադրբեջանական յութուբյան և տելեգրամյան ալիքներում, ինչն էլ ավելի համոզիչ դարձրեց սեփական երկրի պատմության մասին իրենց հասարակության թերի պատկերացումները:

 

Ադրբեջանը 1325 թվականի քարտեզում 

 

Ատլասի քարտեզի վերատպությունն է՝ ըստ Ռ Գալչյանի։ Ավելացված թվային գունանշումները համապատասխան պարզաբանումների վերաբերյալ։

Մինչ Զաուր Ալիևի կողմից հիշյալ քարտեզի հրապարակումը՝ թեմային մանրամասն անդրադարձել էր քարտեզագիր-քարտեզագետ Ռուբեն Գալչյանն իր՝ «Ադրբեջանի 2014 թ․ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքում։ Ըստ հեղինակի նշումների (նշումներն արված են կարմիրով)՝

1․«Ադրբեջանն անվանված է իր միջնադարյան՝ Ադերբայջան անունով և տեղադրված է Արաքսից հարավ, որը քարտեզի վերևում է: Այս անունը նշված է երկու անգամ, երկուսն էլ Արաքսից հարավ գտվող Իրանի տարածքում: Դրանք ընդգծված են կանաչով: Այս երկրամասի տարածքը երբևէ Արաքսից ու Կուրից դեպի հյուսիս չի հասնում, հետևաբար՝ դա միայն կարող է Իրանի Ատրպատական նահանգը լինել:

2․Հայաստան անունը նշված է երեք տեղում․ ամեն տեղ ընդգծված կարմիրով: Դրանցից մեկը Ուրմիո լճի հարավում և արևմուտքում է, մյուսը՝ Ուրմիո և Վանա լճերի միջև եղած տարածքում, իսկ երրորդը՝ Արաքսից հյուսիս՝ դեպի Թիֆլիս գտնվող տարածքում»[1]։

Ասվածից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը խճճվել է իր կողմից հորինված և կեղծված պատմական իրողությունների մեջ: Նախ՝ ադրբեջանցիների կողմից հրապարակվում է քարտեզ, որտեղ բացահայտ նշված է Հայաստան անունն, ինչը պարզապես հակասում է ադրբեջանական պատմագիտական մտքին, բացի այդ՝ քարտեզում նշված է Ադրբեջան անունը, որը ընկած է Արաքսից հարավ և վերաբերում է Իրանի Ատրպատական նահանգին, ինչը ոչ մի կապ չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ:

[1] Տե՛ս Գալչյան Ռ․, Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը, Երևան, 2024, էջ 15։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում