2025

Հայախոս թաթեր

Արևելյան Այսրկովկասի բնիկ ժողովուրդների համայնապատկերի մաս էին կազմում թաթախոս հայերը կամ հայ-թաթերը։ Ինչպես նշում է պատմաբան, ազգագրագետ Ա․ Հակոբյանը, նրանց անվանում էին նաև թաթ հայեր, թաթախոս հայեր, թաթ-լուսավորչականներ, հայ-պարսիկներ։

Էթնոդավանական այս խումբը[1] Շիրվանում հիշատակվում է 18-րդ դարից սկսած։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ տեղի է ունեցել նրանց համախմբումը հայ առաքելական դավանանքի շուրջ, որով պահել են իրենց հայկական ինքնությունը։ Հայախոս թաթերը պարսկախոսության անցած հայեր էին, որոնց լեզվի փոփոխությունը չէր ազդել նրանց ինքնության վրա։ Ընդ որում՝ Շիրվանի բնակիչներից նույն կերպ ձևավորվել էին նաև հրեա-թաթերը, մուսուլման-թաթերը։

18-րդ դարում Առանում և Շիրվանում, որտեղ 20-րդ դարի սկզբին ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետությունը, թե՛ բանավոր, և թե՛ գրավոր պարսկերենը շարունակվում էր գործածվել։ Ընդհանրապես, պարսկախոսությունը Շիրվանի տարածաշրջանում հետևանք էր արաբական ծագման, ավելի ուշ կապված էր ամբողջովին պարսկականացած Շիրվանշահերի (Մազյադյանների) արքայատոհմի (8-16–րդ դարեր) գործունեության հետ։ Շիրվանի ավատական վերնախավն ու միջնադարյան գրագետ խավը պարսկերենն օգտագործում էին ինչպես մշակույթի ու գրականության, այնպես էլ՝ միջէթնիկական հաղորդակցության լեզու: Իհարկե, սրան զուգահեռ, տարածաշրջանում պահպանվել և կիրառվում էին նաև հայերենը և հարավարևելակովկասյան լեզուները, սակայն բնակչության մի որոշ հատված անցել էր պարսկախոսության։

Իսկ ի՞նչ կապ ուներ հայ-թաթերի լեզուն պարսկերենի հետ։

Նախ նշենք, որ հայ-թաթեր կոչվել են, որովհետև խոսել են թաթերեն։ Թաթը՝ որպես ցեղանուն, իրենց հարևանությամբ ապրող պարսկախոսներին թյուրքերի կողմից տրված արտանվանում էր, իսկ թաթերենն էլ դարձավ նրանց լեզվի անունը։ Այլ խոսքով՝ թաթերենը 19-րդ դարասկզբի Բաքվի, Շիրվանի և Ղուբայի խանություններում խոսվող պարսկերենի տեղական տարբերակն էր։ Հետաքրքիր է, որ հայ-թաթերը, բացի պարսկերենի տեղական տարբերակից, ավելի ուշ՝ թյուրքերենի տարածման հետ, տիրապետում էին նաև թյուքերեն լեզվին։ Փաստորեն, առաջանում է մի պատկեր, երբ հայ առաքելական դավանանքի հետ պարսկախոսությունը դառնում է հայկական ինքնությունը պահպանելու գործոններից մեկը՝ ընդդեմ ընդարձակվող թյուրքականության։ 

Հոծ բնակչություն ունեցող հայ-թաթերի բնակավայրերից ուսումնասիրողները հիշատակել են Մադրասան (Խորհրդային Ադրբեջանի Շամախիի շրջան, այժմ՝ Շամախի քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք), Քիլվարը (Խորհրդային Ադրբեջանի Դիվիչիի շրջան), Խաչմազը։ Ինչպես ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ մյուս ժողովուրդները, հայ-թաթերը ևս ենթարկվել են էթնիկ զտումների։ Չնայած հայ-թաթերի տեղաշարժն Արևելյան Այսրկովկասից դեպի հյուսիս՝ Ռուսաստան, սկսվել է 18-րդ դարի վերջից, սակայն 1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության ձևավորումն ուղեկցվեց Արևելյան Այսկովկասի բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ հայ-թաթերի բացահայտ և մեծածավալ էթնիկ զտմամբ։ Ինչպես նշել է ազգագրագետ Ա․ Հակոբյանը, Մադրասա և Քիլվար գյուղերի թաթախոս հայերը վերջնականորեն դուրս եկան Ադրբեջանի Հանրապետության տարածքից միայն 1988 թվականին՝ ադրբեջանական ցեղասպանական հերթական գործողությունների արդյունքում։

Գրականություն՝

Акопян, А., “Татоязычные армяне: 15 веков от «армянства» к «армянству»”, в кн.:

Южный Кавказ: Территории. Истории. Люди, Тбилиси, Диогене, 2006,  стр. 190-212.

Յակոբեան Ա․, «Հայ-թաթերի տարաբաշխուածութեան ու տեղահանութիւնների պատմութիւնից (ԺԸ դարի սկիզբ - ԺԹ դարի վերջ)», Հայկազեան հայագիտական հանդէս, հ․ ԻԱ․,  Պէյրութ, 2001, էջ 125-143։

Լուսանկարում՝ Խաչմասի հայկական եկեղեցին

[1] Էթնոդավանական են կոչվում այն խմբերը, որոնց էթնիկ պատկանելության սահմանները որոշարկվում են դավանանքի օգնությամբ, այսինքն՝ լեզվական առումով նույնական լինելով այլ էթնիկ խմբերի հետ՝ նրանց ազգային ինքնագիտակցությունը խարսխվում է դավանանքի վրա։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում