2025
2024-10-23
Օրուջ բեյ Սուլթանալի բեյ Օղլու Բայաթը (1560/67-1616/1620 թթ․) ծառայել է Իրանի Սեֆյան շահեր Մուհամմադ Խուդաբանդայի, այնուհետև` Աբբաս I-ի արքունիքներում։ Օրուջ բեյը եղել է նաև Սեֆյան Պարսկաստանի նշանավոր զորավարներից մեկը։ Նա սերում էր բայաթ ցեղից, որն, ըստ 11-րդ դարի գիտնական Մահմուդ ալ Քաշղարիի՝ «Դիվան լուղաթ ալ-թուրք» («Թյուրքական բարբառների դիվան») աշխատության, թուրքմենական-օղուզական ցեղ էր։
1599 թվականին Օրուջ բեյը պարսկական դիվանագիտական առաքելության կազմում հայտնվում է Իսպանիայում։ Այստեղ նա ընդունում է քրիստոնեություն և ստանում Դոն Ժուան Պարսկական անունը։ Նա հեղինակել է «Պատմություն Դոն Ժուան պարսկական» աշխատությունը, որտեղ ներկայացրել է Սեֆյան Պարսկաստանի պատմությունն ու դեպի Եվրոպա կատարած իր ճանապարհորդության նկարագրությունը։
Բնականաբար, 16-րդ դարի երկրորդ կեսին և 17-րդ դարի սկզբին ապրած Օրուջ բեյը որևէ կերպ չէր կարող կապ ունենալ ադրբեջանցիների հետ, որը ձևավորման փուլ է անցել միայն 20-րդ դարում։