2025
Քրդական ծագում ունեցող Շադդադյանների տոհմը 10-12-րդ դարերում Արևելյան Հայաստանում ստեղծել էր մի քանի պետություններ Դվինում, Անիում և Գանձակում։ Նրանք ազգակցական կապեր են ունեցել նաև հայկական ազնվական տոհմերի հետ։ 11-րդ դարի իրանցի բանաստեղծ Ղատրան Թավրիզին, ով ապրում էր Գանձակի Շադդադյանների պալատում, ընդգծում էր նրանց կապը հայերի հետ՝ Շադդադյան Ֆադլ III-ին անվանելով «Բագրատունիների տան հպարտություն»։ Նրանց տիրապետության ներքո գտնվող տարածքներում բնակչությունը հիմնականում հայկական էր։ Երբ սելջուկյան սուլթան Ալփ Արսլանը նվաճում է Անին, նա քաղաքն ու հարակից տարածքները հանձնում է Շադդադյաններին։ Անիի Շադդադյանների ճյուղի հիմնադիր Մանուչեի մայրը հայոց Աշոտ IV Բագրատունի թագավորի դուստրն էր։ Հայտնի արևելագետ Վ․ Մինորսկին Անիի Շադդադյաններին նույնիսկ անվանում է քուրդ-հայկական արքաներ։
Շադդադյանների մասին տեղեկություններ կան վրացական, հայկական, բյուզանդական, մուսուլմանական աղբյուրներում, և որևէ տեղ չկա հիշատակություն, որ նրանց ստեղծած պետությունն ադրբեջանական էր։