2025
2024-08-14
Հարևան երկրների մշակութային ու պատմական ժառանգությունները յուրացնելու քաղաքականության շրջանակներում Ադրբեջանը հավակնություններ ունի նաև իրանական զուրխանե մարզաձևի նկատմամբ։ «Զուրխանե» նշանակում է «ուժի տուն» (պարսկերեն՝ «զուր»՝ ուժ, «խանե»՝ տուն)։ Այն հայտնի է նաև «փահլեվանի», «վարզեշ է բասթանի»՝ «հին սպորտաձև» անուններով։ Այս մարզաձևը ծագել և զարգացել է պատմական Իրանի տարածքում։
Խմբային այս մարզաձևը մարտարվեստի, մարմնամարզության, կալիստենիկայի համակցություն է և իր մեջ պարունակում է նախաիսլամական, իսլամական հավատալիքների ու սուֆիզմի տարրեր։ Այն ուղեկցվում է երաժշտությամբ, թմբուկի զարկերով, բանաստեղծություններով։ Զուրխանեն ղեկավարում է մորշիդը։ Իրանում մինչև օրս շարունակում են զբաղվել այս մարզաձևով․ այդ երկրում 900-ից ավելի զուրխանե է գործում։
Չնայած այդ հանգամանքին՝ 2022 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանը «զուրխանեի մշակույթը» գրանցել է որպես իրեն պատկանող ոչ նյութական ժառանգություն։ Սա իր հերթին դժգոհություն է առաջացրել Իրանում։ Զուրխանեի ֆեդերացիան դա անընդունելի է որակել՝ ընդգծելով, որ դեռևս 2010 թ․ Իրանը «զուրխանեի ծիսակարգերը» գրանցել էր իր անունով։