2026
2024-08-07
Հրազդան (Զանգու) գետի ստորին հոսանքում՝ Երևան քաղաքից մինչև Արաքս ընկած հատվածը զբաղեցրել է Մասիսի շրջանը, որը համապատասխանում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոտայք գավառի հարավային հատվածին։ Տարածքն անվանվել է նաև Զանգի-բասար (Զանգիբասար), որը նշանակում է Զանգուով ոռոգվող, Զանգուով ծածկվող:
Պարսկական տիրապետության օրոք (1555-1828 թթ.) Մասիսի շրջանը Երևանի խանության 15 մահալներից (գավառ) մեկն էր՝ Մասիս կենտրոնով:
Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո, շրջանը ներառվել է Հայկական մարզի (1828-1840 թթ.), ապա՝ Երևանի նահանգի (1849-1917 թթ.), Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին՝ Երևանի նահանգի (1918-1920 թթ.), իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Երևանի գավառի (1920-1937 թթ.) մեջ: 1937 թ. դեկտեմբերի 1-ին, որպես առանձին վարչական միավոր, Հայկական ԽՍՀ-ում կազմավորվում է Զանգիբասարի շրջանը: Այն լուծարվել է 1953 թ. մարտին, Երևանի Շահումյանի շրջանի մաս է կազմել՝ Հրազդան անունով։ 1969 թ. հունվարի 14-ին Մասիս անունով վերակազմվել է՝ որպես վարչական առանձին շրջան, որի կենտրոնն էր Մասիս (նախկինում՝ Ուլուխանլու) ավանը:
Մասիսի շրջանի բնակավայրերն էին՝ Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դեմուրչի, Դոստլուգ, Զահմեթ, Զանգիլար, Կալինինի անվան ավան, Հովտաշատ, Ղուկասավան, Մասիս, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սարվանլար, Սարջալար:
Բնակավայրերի անվանումները մեծ մասամբ հայկական ծագում ունեն: Գյուղերն օտար անվանումներ ստացել են այնտեղ բնակություն հաստատած մուսուլմանների կողմից։
Տեղի հայ բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Խոյ և Սալմաստ գավառներից:
Արարատյան դաշտավայրի և հարակից տարածքների համար հատկապես ծանր հետևանք է ունեցել 1604 թ. Պարսկաստանի շահ Աբբաս Ա-ի կազմակերպած հայերի բռնագաղթը:
Հայկական այս շրջանի էթնիկ պատկերը ժամանակի ընթացքում ևս լուրջ փոփոխություններ է կրել: Հայկական տարրի նվազմանը զուգահեռ՝ գավառում ավելացել է օտար՝ հիմնականում թյուրքախոս տարրը:
1832 թ. Զանգիբասար մահալում բնակվում էր 2963 հայ (35,4 %), 5413 մուսուլման (64,6 %): Վերջիններիս թվում էին թյուրքալեզու (ալի-շարուրլի, բյույուք-չոբանքարա և այլն) և քրդական` հիմնականում քոչվոր համայնքները, որոնք տարաշրջանում հայտնվել են 11-րդ դարից սկսած: Ի դեպ, թյուրքալեզու ցեղերի շարքում «ադրբեջանցի» էթնիկ միավոր չի հիշատակվել:
Հայկական գյուղերի մեծ մասում եղել են պատմամշակութային հուշարձաններ՝ մատուռներ, խաչքարեր, եկեղեցիներ, որոնց մի մասը պահպանվել է, մինչդեռ մուսուլմանական մշակութային կառույցներ շատ քիչ են եղել: Դրանցից հայտնի են Արգավանդի թուրքմենական դամբարանը (15-րդ դար) և Երևանի պարսկական Կապույտ մզկիթը (1766 թ.)։
Մասիսի շրջանը Խորհրդային Հայաստանի խիտ բնակեցված տարածքներից էր: Բնակչության մոտ 70 %-ը եղել են հայեր: Այստեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, քրդեր: Միայն 1930-ական թվականների վերջերին թյուրքալեզու բոլոր բնակիչներին պաշտոնապես կոչել են «ադրբեջանցի»։