2025
2024-07-09
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է նոր ցուցակ, ըստ որի՝ երկրում քաղբանտարկյալների թիվը հասնում է 288-ի, մինչդեռ 2023 թվականի դեկտեմբերին հրապարակված տվյալներով՝ 245 էր։
Ցուցակն ընդհանուր առմամբ բաժանված է 7 խմբի` «Լրագրող և բլոգեր», «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ», «Գերմանիայից արտաքսված ներգաղթյալներ», «Թարթառի գործ», «Հավատացյալներ», «Գյանջայի գործով մեղադրյալներ», «Ցմահ դատապարտյալներ»[1]:
Բացի դրանից՝ «Գյանջայի գործով» 9 մեղադրյալի անուն հանվել է ցուցակից՝ պայմանավորված պատժի ժամկետը լրանալու հանգամանքով: «Լրագրող և բլոգեր» խմբում ավելացվել է 9 նոր անուն, և այս բնագավառում տեղ գտած քաղբանտարկյալների թիվը հասել է 20-ի: «Կուսակցություններ և հասարակական կազմակերպությունների անդամներ» խմբում քաղբանտարկյալների թիվը ավելացել է 9-ով` հասնելով 22-ի: «Հավատացյալներ» խմբում ավելացվել է 25 նոր անուն՝ շուրջ 208 մարդ:
Քաղբանտարկյալների մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ քաղբանտարկյալների թվի աճը պայմանավորված է դժգոհության աճով․ «Երկրում բազմաթիվ դժգոհություններ կան: Դժգոհողների և խնդիր ունեցողների հարցը չեն լուծում: Իշխանությունն իրավիճակից ելքը տեսնում է ոչ թե խնդրի լուծման, այլ` այլախոհների ձերբակալման մեջ»:
Վերջինս հավելել է, որ այս ամիսներին հավատացյալների և լրագրողների ձերբակալությունները կտրուկ աճել են: Նրանց դեմ բուռն արշավ է տարվում: Նրանք ձերբակալված են թմրանյութերի մեղադրանքով, կամ անհիմն այլ մեղադրանքներով, իսկ հիմնական պատճառը հավատացյալ լինելն է: Եթե այսպես շարունակվի, դժգոհություններն ու բողոքները կշատանան[2]»:
Մարտի սկզբին իրավապաշտպանները նշում էին, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների վեկտորը արևմտամետ ակտիվիստներից տեղափոխվել է դեպի «Մուսուլմանական միասնության» անդամներ: Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի խոսքով, վերջին 2-3 ամիսների ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է 90 մարդ, որոնց ձերբակալությունները ուղեկցվել են իրանական լրտեսական ցանցը բացահայտելու քարոզչությամբ, սակայն. նրանց մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համատեքստում[3]:
Այս թեմային է պարբերաբար անդրադառնում նաև Ադրբեջանում քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալի Քարիմլին։ Վերջինս նշում է, որ Ադրբեջանում այդքան քաղբանտարկյալների թիվն անհանգստացնող է և երկրում ռեպրեսիաները համատարած բնույթ են կրում։ «Ադրբեջանում յուրաքանչյուր 1 միլիոն բնակչությունից 26-ը քաղբանտարկյալ է, իսկ Ռուսաստանում 600 քաղբանտարկյալ կա: Այնտեղ յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչից 4 հոգին է քաղբանտարկյալ: Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը նույնիսկ Ռուսաստանին է 6-7 անգամ գերազանցում: 30 տարի շարունակ այս իրավիճակն է․․․Բոլորին է հայտնի, որ ռեպրեսիաները ընդգրկում են Ադրբեջանի հանրության բոլոր շերտերը` հավատացյալներ, արևմտամետներ, կանայք, տարեցներ և երիտասարդներ, ուսյալ և ոչ ուսյալ անձինք: Այսօր երկրի ամենակիրթ մարդիկ բանտերում են»։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ իշխանությունը բոլորին նույն հարթության վրա է դիտարկում` կին-տղամարդ, տարեց-երիտասարդ, ուսյալ-անուս, Ղարաբաղյան պատերազմին մասնակցած-չմասնակցած․ չի' տարբերակում: «Բավ է, որ դու սիրես Ադրբեջանը, ազատ խոսք արտահայտես, չենթարկվես, ցանկանաս երկրում փոփոխություն լինի` արդեն հայտնվում ես սև ցուցակում[4]»։
Այսուհանդերձ՝ պաշտոնական Բաքուն, չնայած գոյություն ունեցող բոլոր փաստարկներին, շարունակում է հերքել իր երկրում քաղբանտարկյալների առկայությունը:
Այսքանից հետո խոսել մարդու իրավունքներից և ազատությունից, հարևան երկրներին պահանջ ներկայացնել իրավական նորմերի փոփոխության հարթակում, շեշտել, թե երկրում «պաշտպանված են» ազգային փոքրամասնությունների իրավունքները Բաքվի իշխանությունների կողմից առնվազն անհեթեթություն է։
[1] ‘Azərbaycanda 200-dən çox siyasi məhbus var’ - hüquq müdafiəçiləri, https://www.azadliq.org/a/azerbaycan-siyasi-mehbuslar/32528046.html , մուտք` 24.06.2024թ., 22:00:
[2] Azərbaycanda siyasi məhbusların yeni siyahısına 288 nəfərin adı daxil edilib, https://www.amerikaninsesi.org/a/7532079.html, մուտք`24.06.2024թ., 21:40:
[3] Число политзаключенных в Азербайджане превысило 200, https://www.kavkaz-uzel.eu/articles/391068 ,մուտք` 26.06.2024թ., 23:03:
[4] Əli Kərimli: Siyasi məhbusların taleyinə biganə qalmağa haqqımız yoxdur, https://www.youtube.com/watch?v=vN9MRxkCOy0, մուտք`26.06.2024 թ., 22:29: