2025

Ադրբեջանը շարունակում է կեղծ ժողովրդավարական քաղաքականությունը միջազգային հարթակներում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-կայանում կայացել է «Ոչ նյութական ժառանգության պահպանության 2003 թ․ կոնվենցիայի» գործընկեր-պետությունների 10-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը՝ նշելով, որ «Ադրբեջանը հավատարիմ է կոնվենցիայի արժեքներին ու սկզբունքներին․ երկիրն իր ներդրումն է ունենում զինված հակամարտությունների և տարերային աղետների ժամանակ ոչ նյութական ժառանգության պաշտպանության գործում»։

Ադրբեջանն արտաքին աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական և բազմամշակութային երկիր, բայց իրականում շարունակում է բռնապետական քաղաքականությունը, որի հետևանքով տարածաշրջանի էթնիկ մշակույթները և դրանց թողած ժառանգությունը դառնում են բռնայուրացման թիրախ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը ենթադրում է հարգանք սեփական տարածքում ապրող էթնիկ խմբերի՝ կրոնական, հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ։ Սակայն, Ադրբեջանի ներկայիս իշխանություններն իրենց քաղաքական շահերի համար են օգտագործում այդ արժեքները։

Խոսքը վերաբերում է ոչ միայն հայերի հանդեպ ցեղասպան քաղաքականությանն ու նրանց նյութական և ոչ նյութական ժառանգության բռնայուրացմանը, այլև՝ հենց Ադրբեջանում բնակվող էթնիկ և կրոնական այլ փոքրամասնություններին։ Հայկական ինքնության ոչնչացման նպատակով 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում բնակվող ուդիական համայնքը դարձավ միջոց՝ ալիևյան բռնապետական քարոզչամեքենայի ձեռքին։ Հորինվեցին «ուդիական ծեսեր», որոնք անցկացվեցին Դադիվանքում, Ամարասում, Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում շարունակվում են ճնշումներն ազգային և կրոնական այն փոքրամասնությունների նկատմամբ, որոնք չեն ծառայում ռեժիմի պետական քարոզչությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում