2025
Այն, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, Արևմտյան Զանգեզուր հայեցակարգերը կրում են պետական հովանավորչություն և անմիջականորեն ղեկավարվում են ալիևյան ռեժիմի կողմից, փաստում է նաև օրերս Բաքվում պետական մակարդակով կայացած «Զանգեզուր. հեռավոր անցյալից մինչ մեր օրերը» մենագրության շնորհանդեսը: Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին բացման իր խոսքում շեշտել է, որ նախագահ Իլհամ Ալիևը, համայնք կատարած այցի ընթացքում, կարևոր խնդիրներ էր դրել իրենց առջև։ Այդ խնդիրներից է եղել նաև «Արևմտյան Զանգեզուրի մասին փաստերի բացահայտումը, գրքերի թարմացումը, և համայնքը համաշխարհային հանրությանը ներկայացնելը»:
Գրքի հեղինակն է Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Ուրուդը: Դեռևս 2005 թվականին ադրբեջաներենով լույս էր տեսել նույն հեղինակի «Զանգեզուր» գիրքը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի վարած քաղաքականության մասն են կազմում հակահայկական բովանդակության գրքերի այլալեզու հրատարակումն ու տարածումը (հիմնականում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն): «Այս գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը պետք է դիտարկել որպես մեր պետության ղեկավարի առաջադրանքի շարունակություն»,-նշել է Ա.Ալաքբարլին:
Գիրքն ադրբեջանական հերթական հակապատմագիտական օրինակն է, ուր իբրև թե Զանգեզուրի մասին ներկայացված են արխիվային հազվագյուտ նյութեր` «վերցված պատմական քարտեզներից և արտասահմանյան աղբյուրներից»:
Մենագրության մեջ իբրև թե մանրամասն վերլուծված է «Զանգեզուր բառի ծագումնաբանությունը (իբրև թե առաջացել է զանգու ցեղի անունից), երկրամասի հնագույն ու հարուստ պատմությունը (երկրամասը՝ իբր Զանգեզուր գետի անունից), աշխարհագրությունը, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը, 19-րդ դարի սկզբից Զանգեզուրում ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ իրականացվող տեղահանության, ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունը»:
Ադրբեջանցի «գիտնականների» պարագայում սովորական երևույթ է` կեղծիքը ներկայացնել որպես «հանրագիտարանային հրատարակություն», ինչն իր խոսքում նշել է ակադեմիկոս Արիֆ Հաշիմովը:
Այն, որ Զանգեզուրը Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի մի մասն է, վկայել են բազմաթիվ պատմիչներ: 13-րդ դարի սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ներկայացնելով Զանգեզուր տեղանվան ստուգաբանությունը, այն կապել է Ձագ նահապետի անվանը՝ կոչելով Ձագեձոր։ Ղևոնդ Ալիշանն[1] էլ Զանգեզուր անվան բացատրությունը կապում է Ձագեձոր անվան աղավաղված ձևին։ Ըստ ազգագրագետ Երվանդ Լալայանի[2]՝ Զանգեզուր< Ձագեձոր< Ծակերի ձոր (ծակ` բնական խոռոչներ, որոնք տարածված են եղել Գորիսում)։
20-րդ դարի նորաստեղծ Ադրբեջան պետության «գիտական հանրույթը», աղավաղելով ու կեղծելով պատմական փաստերն ու իրողությունները, փորձում է աշխարհին ներկայանալ հարևան ազգերի պատմության քողի ներքո: Արևմտյան Ադրբեջան և Արևմտյան Զանգեզուր կեղծ հայեցակարգերը, դրանցից բխող հակահայկական ողջ քայլերը հետապնդում են մեկ նպատակ` հայկականի վերացում:
[1] Ղևոնդ Ալիշան, Սիսական:
[2] Երվանդ Լալայան, Զանգեզուր.Պատմական համառօտ տեսութիւն, Ազգագրական հանդես, 1898թ., էջ 7-8: