2025
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան», «Արևմտյան Ադրբեջանի համայնք» եզրույթներին ավելացել է ևս մեկը՝ «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան»-ը:
Պետական հովանավորչություն կրող այս կայքէջը ողողված է պատմագիտական կեղծ տվյալներով: Ադրբեջանը աշխարհի գիտական հանրույթին է ներկայանում հակագիտական և հակահայկական շինծու հայեցակարգերից բխող հրապարակումներով: Կեղծիքի տարածմանը լծված է ոչ միայն ալիևյան ռեժիմը, այլև այդ ռեժիմից սնուցվող «գիտական» ողջ հանրույթը:
Նորաստեղծ այս կայքէջը, որի լոգոտիպը Հայաստանի Հանրապետության քարտեզն է, նյութը ներկայացնում է չորս լեզուներով՝ ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն: Գլխավոր էջում ներկայացված է Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ իրենց կողմից բաժանված վարչատարածքային երեսունհինգ շրջանների (Երևան, Թալին, Ապարան, Արարատ, Արթիկ, Գորիս, Կապան, Մեղրի և այլն): Յուրաքանչյուր շրջան, իբրև թե, ներկայացված է իր ստեղծման պատմությամբ, տեղանվան ստուգաբանությամբ, և ամփոփվում է նույն բովանդակությամբ. «1987 թվականից շրջանի բնիկ ադրբեջանցի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը»: Ամեն շրջան ներկայացված է իր բնակելի տարածքներով (խոսքը՝ ՀՀ ներկայիս համայնքների մասին է), տրված է յուրաքանչյուր համայնքի «պատմությունը», տեղանվան «ստուգաբանությունը», համայնքների բնակչության թիվը՝ սկսած 1831 թվականից: Բնակավայրերի տեղանուններն ու դրանց վերաբերող տվյալները վերցված են «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան»-ից, որում ներառված բնակավայրերի և բնակչության թվի տվյալների (1831-1931 թթ․) հիմնական աղբյուր է հանդիսացել Զ. Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը» գիրքը, որը հրատարակվել է 1932 թվականին: Հետագա տարիների համար՝ որպես հիմնական աղբյուր, օգտագործվել են 1939, 1959, 1970 և 1989 թվականների Համամիութենական մարդահամարի, ինչպես նաև 2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալները, «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային քարտեզ»-ը և պաշտոնական տեղեկագրերի այլ նյութեր:
Համադրելով ադրբեջանական կայքում եղած նյութերը վերոնշյալ բառարանում տեղ գտած նյութերին՝ տեսնում ենք, որ բառարանից վերցված հիմնական նյութին ավելացված են ադրբեջանական հայեցակարգերից բխող տողեր: Ինչպիսիք են` «1918 թվականին գյուղը ենթարկվել է հայերի հարձակմանը, իսկ բնակիչները՝ ադրբեջանցիները, տեղահանվել են իրենց պատմաէթնիկ հողերից», կամ՝ «1922 թվականին գյուղում ապրում էր 22 ադրբեջանցի, որոնք գյուղը լքեցին 1924-1925 թթ.»:
Բառարանում նշված հայկական բնակավայրերում գոյություն ունեցող եկեղեցիների մասին կայքում հիշատակում չկա, իսկ տեղանունները բացատրված են՝ «…ծագել է թուրքերեն բառից, որը նշանակում է …» ձևով:
Կայքի առաջին էջում ներկայացված է Ադրբեջանի ղեկավարի՝ Իլհամ Ալիևի կոչը. «Համոզված եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան»:
Կառուցվածքային առումով` կայքը կազմված է հինգ գլխավոր բաժիններից` «Պատմություն», «Գիտություն և մշակույթ», «Հայկական վանդալիզմ», «Ռեսուրսներ» և «Ականատեսի վկայություններ»: Յուրաքանչյուր բաժին կազմված է ենթաբաժիններից:
«Պատմություն» բաժինը ներառում է տասնմեկ ծավալուն նյութ (ներկա պահին)՝ «Արևմտյան Ադրբեջանը հին ժամանակներում», «Արևմտյան Ադրբեջանը միջնադարում», «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Արևմտյան Ադրբեջանի մտավորականների հետ» և այլն։
«Գիտություն և մշակույթ» բաժնում ներկայացված են` «Մամուլը Արևմտյան Ադրբեջանում», «Գիտությունն ու կրթությունը Արևմտյան Ադրբեջանում», «Կերպարվեստը Արևմտյան Ադրբեջանում», «Պատմական գործիչներ» և այլ ենթաբաժիններ:
«Պատմական գործիչներ» ենթաբաժնում ներկայացված են ադրբեջանցի այնպիսի գործիչներ, որոնք իբր ծնվել են (որոշները` նաև մահացել և թաղված են «ծննդավայրում») Երևանում: Օրինակ` Աքբար Յունիս օղլու Սուլեյմանովը (Աքբար Երևանցի), Ահմեդ Ռաջաբլին, Աֆշան Գադիմբեյովան, Թեյմուր խան Մակինսկին, Հաբիբ բեյ Սալիմովը և այլք:
«Հայկական վանդալիզմը» բաժնի ենթաբաժիններից են` «Արևմտյան Ադրբեջանի կեղծված տեղանունները», որն իր հերթին բաժանված է մասերի` «Բնակավայրեր», «Մարգագետիններ» և այլն, «Արևմտյան Ադրբեջանում ավերված ադրբեջանական հուշարձաններ»-ը խորագիրը կրող մասը, որտեղ ներկայացված են (իբր հայերի կողմից ոչնչացված) «Երևանի ամրոցը», «Զալ խանի մզկիթը», «Սարդարի պալատը» և այլ կոթողներ:
«Ռեսուրսներ» բաժինը կազմված է հինգ ենթաբաժիններից` «Նկարներ», «Քարտեզներ», «Փաստաթղթեր», «Գրքեր» և «Տեսանյութեր»: Հարկ է նշել, որ «Գրքեր» ենթաբաժնում ներառված աշխատանքները հրատարակված են 1992-2023 թվականների ընթացքում, 2020 թվականին (44-օրյա պատերազմից հետո) հրատարակված գրքերում` որպես մուտքի խոսք, ներկայացված են հատվածներ՝ Ադրբեջանի ղեկավարի ելույթներից:
«Ականատեսների վկայություններ» բաժնում ներկայացված է թվով 20 նյութ` իբր հայերի կողմից բռնության ենթարկված, ջարդերից «փրկված» ադրբեջանցիների «պատմությունները»:
Ահա կայքէջից կեղծիքը փաստող մի հատված․
«Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս երկիրը գտնվում էր քարավանային կարևոր ճանապարհների վրա, որոնք կապում էին Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը, իսկ այժմ այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից և հարավ-արևելքից՝ Ադրբեջանի Հանրապետությանը, արևմուտքում՝ Թուրքիային, իսկ հարավում՝ Իրանին…»:
Հարկ է նշել, որ վերոգրյալ հատվածը իրականում վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ սահմանակից երկրներով։
Այսպիսով՝ Իլհամ Ալիևի՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգից «ոգեշնչված» այս կայքն իր հրապարակած նյութերի բովանդակությամբ պատմագիտական և հակահայկական կեղծիքի տարածման աղբյուր է։