2025

Ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնասպան լինում 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցները

Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառներից մեկը նաև բողոքն է ժողովրդավարական ազատությունների խախտման, դատարաններում արդարության բացակայության դեմ: «Քանի որ թույլ չեն տալիս բողոքել ժողովրդավարական ճանապարհով, մարդիկ դիմում են հուսահատ ու ցուցադրական քայլերի», -ասել է իրավաբան Նամիզադ Սաֆարովը[1]։

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ, որպես կանոն, ինքնասպանության 10 փորձից 1-2-ն ավարտվում են մահով: «Եթե 36 մարդ է մահացել, նշանակում է՝ եղել է 350-400 փորձ: Ինքնասպանությունները երկու դրդապատճառներ են ունենում՝ «չեմ կարող ապրել», «էլ չեմ դիմանում»,- ասել է Իսազադեն[2]։

44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին:

Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու համապատասխան թոշակ տրամադրել։ Պատերազմի մասնակիցները հիմնականում վրդովված են բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանք պնդում են, թե հաշմանդամության կարգի տրամադրումը ամիսներ է տևում, հաճախ էլ իրենց դիմումները առհասարակ մերժվում են:

Փաստորեն, մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած մարդիկ մնում են առանց պետության աջակցության՝ ո'չ կարողանում են հաշմանդամություն ու թոշակ ստանալ, ո'չ էլ աշխատանք գտնել: BBC-ն եզրահանգում է՝ հետպատերազմական սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, հատկապես շրջաններում վերականգնողական բուժման բացակայությունը երբեմն հանգեցնում են ինքնասպանության:

Ադրբեջանում վետերանի կարգավիճակ ունեցող պատերազմի մասնակիցները ամսական մոտ 50 դոլարին համարժեք նպաստ են ստանում, իսկ հաշմանդամության կարգ ստացած մարդիկ՝ նախագահական թոշակ` 175-235 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ կախված հաշմանդամության կարգից։ Դրանից բացի` նրանք նաև հաշմանդամության թոշակ են ստանում՝ ըստ իրենց կարգի: Պաշտպանության նախարարության տվյալներով` 44-օրյա պատերազմի 76 հազար մասնակից վետերանի կարգավիճակ է ստացել, ևս 13 հազարի կարգավիճակը դեռ ճշգրտվում է։ Շուրջ 3000 մարդ պատերազմի հաշմանդամ է ճանաչվել[3]։

Հարկ է նշել, որ շրջանառվող այս թվերը չեն արտացոլում իրականությունը:

Ըստ Ադրբեջանի Պետական մանկավարժական համալսարանի Գուբայի մասնաճյուղի տնօրեն Յուսիֆ Ալիևի`«Հայրենական պատերազմում նահատակվել է 2907 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել է ավելի քան հազար զինվոր և սպա, 7 մարդ անհետ կորել է[4]...»:

Եթե Ադրբեջանի ՊՆ ներկայացնում է 76 հազար մասնակցի` վետերանի կարգավիճակ ստանալու մասին, 13 հազար մասնակցի՝ կարգավիճակը դեռ ճշտելու և 3000 հաշմանդամի մասին, ապա ինքնասպանություն գործող վետերանների թիվը, առհասարակ, շատ ավելի բարձր է` հաշվի առնելով տիրող ռեժիմի վարած քաղաքականությունն ու երկրի սոցիալական վիճակը:

 

[1] Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինծառայող է ինքնասպան եղել կամ մահացել «հիվանդություններից» ու «ՃՏՊ»-ներից, 1 ապրիլի, 2014,  https://panarmenian.net/arm/news/177508

[2] Նույնը:

[3] Սարգսյան Տ․, Ադրբեջանում ինքնասպան է եղել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ևս մեկ մասնակից, 6 սեպտեմբերի, 2022,  https://www.azatutyun.am/amp/32021240.html

[4] 44 günlük Vətən müharibəsi ŞANLI TARİXİMİZdir,   https://www.muallim.edu.az/news.php?id=22165

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում