2025
Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողություններն ու պատերազմական մեթոդները, որոնք պատճառ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելուն, քննադատության մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։
Գազայում պատերազմը սրել է նաև Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար կոշտ որակումներով է հանդես գալիս Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հասցեին, մինչդեռ Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանի վարքագիծն ու վարած քաղաքականությունը հարցեր են առաջացնում:
Մի կողմից` Ադրբեջանը, որը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այս պատերազմում վարում է հեռավարություն պահելու քաղաքականություն, որն արդեն իսկ աջակցություն է Իսրայելին: Բացի այդ` Ադրբեջանը շարունակում է նավթի մատակարարումը Իսրայելին, որը կարևորագույն նշանակություն ունի վերջինիս համար։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես իսլամական համայնքի անդամ (իսլամական երկրները համերաշխություն են հայտնել պաղեստինցիներին և կոշտ քննադատել Իսրայելի գործողությունները՝ ի տարբերություն Ադրբեջանի)։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում մշտապես օրակարգի թեմա է դարձրել արցախյան խնդիրը, որպեսզի ապահովի համաշխարհային իսլամական համայնքի համերաշխությունն ու աջակցությունն՝ իր դիրքորոշման օգտին։
Այս երկակիությունը չէր կարող հարցեր չառաջացնել։ Թուրքիայում արդեն մի քանի անգամ հարձակումներ են տեղի ունեցել ադրբեջանական նավթագազային մոնոպոլիստի՝ SOCAR-ի գրասենյակի վրա` Իսրայելին նավթ մատակարարելու պատճառով: Վերջին դեպքերը տեղի են ունեցել մայիսի 31-ին և հունիսի 2-ին, երբ պաղեստինցի ակտիվիստները Ստամբուլում հարձակվել են կազմակերպության գրասենյակի վրա։
Ադրբեջանական ընկերությունը փորձել է հակադարձել` պնդելով, որ նավթ արդյունահանող ընկերություններն իրենց արտադրանքը վաճառում են միջնորդ թրեյդինգային կազմակերպություններին, որոնք էլ վերավաճառում են հումքը շուկայում (այսինքն՝ Բաքուն ուղիղ նավթի չի վաճառում Իսրայելին)։ SOCAR-ի պարզաբանումներում և ադրբեջանական մամուլի հրապարակումներում կարծես թե քողարկված նախատինք կա նաև Թուրքիայի հասցեին։ Ադրբեջանական ընկերությունը հիշեցնում է Թուրքիայում իրականացված բազմամիլիարդանոց տարատեսակ ծրագրերի մասին, իսկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ այդ հարձակումները միտված են` խաթարելու ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։ Բացի այդ` սլաքներն ուղղվում են դեպի Իրան` իբր թե հարձակումն իրականացրած անձինք ուղղորդվում են իրանական շրջանակներից։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իրանից պարբերաբար քննադատություններ են հնչել Ադրբեջանի հասցեին` պատերազմի օրերին Իսրայելին նավթ վաճառելու համար։
Հարկ է ընդգծել, որ, չնայած Էրդողանի հակաիսրայելական կոշտ հռետորաբանությանը, քաղաքական ու տնտեսական կապերի սառեցմանը, ադրբեջանական նավթը շարունակում է Իսրայել հոսել Թուրքիայի տարածքով։ Ադրբեջանը շարունակում է վառելիքի կարևորագույն աղբյուր մնալ Իսրայելի համար և զգալի գերազանցում է նավթ մատակարարող մյուս երկրներին։