2025

Կորոնավիրուսից 4 տարի անց․ ինչու՞ է Ադրբեջանը շարունակում փակ պահել ցամաքային սահմանները

Ադրբեջանը մինչ օրս չի վերացրել 2020 թվականի՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հատուկ կարանտինային ռեժիմը, և շարունակում է փակ պահել երկրի ցամաքային սահմանները:

Վերջին շրջանում Բաքուն սկսել է խոստովանել, որ կորոնավիրուսի համաճարակից բացի՝ սահմնանների փակ լինելու հիմքում այլ դրդապատճառներ էլ կան: Այդ առնչությամբ՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Մենք հիմա տեսնում ենք, որ, որոշ ժամանակ սահմանները փակ պահելով, Ադրբեջանում անվտանգությունն ամրապնդվում է։ Նախկինում բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց մի մասը հրապարակվել է, մի մասը՝ ոչ։ Մենք դրսից լուրջ սպառնալիքների ու խնդիրների էինք բախվում»։

Հայաստանից բացի, մյուս հարևանը, որի հետ Ադրբեջանը խնդիրներ ունի Իրանն է, հետևաբար սահմանների
փակ լինելն ու Ալիևի մատնանշած խնդիրներն առնչվում են հենց Իրանին։ Ավելին, 2023թ․ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից Էրքին Ղադիրլին բառացիորեն՝ հայտարարել էր, որ սահմանները փակ են պահվում Իրանի պատճառով։

«Կարծում եմ՝ սահմանները փակ են բացառապես Իրանի պատճառով։ Սկզբունքորեն դա Իրանի պատճառով է, դա անվտանգության միջոցառում է։ Կարծես ավելի մեծ վտանգի շեմին ենք, որ այսպես ենք անում։ Չե՞ք տեսնում, թե ինչ է արել Իրանը վերջին երկու տարվա ընթացքում։ Դա ոչ թե ահաբեկիչների պատճառով է, այլ պատերազմի հավանականության»:

Սակայն այս միտքն անտրամաբանական է, քանի որ Իրանը միշտ էլ քայլեր է ձեռնարկել՝ Ադրբեջանի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին: Իրանի կողմից Ադրբեջանի դեմ պատերազմի մասին ադրբեջանցի պատգամավորի
հայտարարությունը տեղավորվում է միայն Իրանին դիվականացնելու քաղաքականության շրջանակներում։

Անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ իրանական կողմը ցամաքային սահմանները փակելու մեջ ավելի շահագրգռված պետք է լիներ: 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքուն և Անկարան տարածաշրջան էին բերել սիրիացի վարձկան ահաբեկիչների: Իրանական կողմը ամենաբարձր մակարդակով բազմիցս խոսել է այդ վարձկանների դուրսբերման անհրաժեշտության մասին: Պատերազմի ավարտից հետո իրանական կողմն անգամ կասկածներ է հայտնել, որ ահաբեկիչները դուրս չեն բերվել տարածաշրջանից: Այս առումով առաջին հերթին Իրանը պետք է ցանկանար փակել Ադրբեջանի հետ սահմանները, սակայն Իսլամական հանրապետությունը երբեք նման ցանկություն չի հայտնել: 

 Ցամաքային սահմանները փակ պահելու Ադրբեջանի այս քաղաքականությունը «արդարացում» չունի նաև Իրանի ու Ադրբեջանի սահմաններին գրանցվող միջադեպերի համատեքստում։ Այս երկու երկրների սահմաններին հաճախ են լինում ապօրինի սահմանահատումների փորձեր։ Դրանցում գլխավորապես ներգրավված են թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները։ Այդ սահամանահատումների ժամանակ Իրանի ու Ադրբեջանի սահմանապահների հետ նաև փոխհրաձգության դեպքեր են գրանցվում։ Նման դեպքերը, սակայն չեն կարող դիտարկվել ցամաքային սահմանները փակելու ու անվտանգություն ապահովելու դրդապատճառ, քանի որ այդ միջադեպերը պայմանավորված են ոչ թե սահմանների բաց կամ փակ լինելով, այլ ապօրինի սահմանահատումներով և շարունակվում են մինչև օրս։

Տարիներ շարունակ Ադրբեջանը եղել է երկրորդ երկիրը, որտեղից ամենաշատ թվով զբոսաշրջիկներ են այցելել Իրան։ Տարեկան կտրվածքով զբոսաշրջիկների թվաքանակը հիմնականում եղել է +/- 1 մլն։

Սակայն վերջին տարիներին Ադրբեջանից Իրան այցելությունները նվազել են, որը երևում է հետևյալ աղյուսակից.

Հարավային Կովկասից Իրան այցելող զբոսաշրջիկները, բացարձակ թվով

Երկիր

2014-2015

2015-2016

2016-2017

2017-2018

Հայաստան

6940

7545

12202

30706

Ադրբեջան

1091352

1032219

979619

959653

Վրաստան

11595

17952

20666

31691

Հարավային Կովկաս

1109887

1057716

1012487

1022050

Ընդհանուր

5044412

5181018

4901083

5113524

 

Հարավային Կովկասից Իրան այցելող զբոսաշրջիկները, տոկոսային հարաբերությամբ

Երկիր

2014-2015

2015-2016

2016-2017

2017-2018

Հայաստան

0,14%

0,15%

0,25%

0,60%

Ադրբեջան

21,63%

19,92%

19,99%

18,77%

Վրաստան

0,23%

0,35%

0,42%

0,62%

Հարավային Կովկաս

22,00%

20,42%

20,66%

19,99%

Ընդհանուր

100,00%

100,00%

100,00%

100,00%

2019 թ․ Ադրբեջանից Իրան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 15%, իսկ փակ ցամաքային սահմանների պայմաններում՝ 2022-ին՝ 6 %:

Ադրբեջանի քաղաքացիների Իրան այցերն առաջին հերթին պայմանավորված են շիայական սրբավայրեր ուխտանգանցություն կատարելու ցանկությամբ։ Իրանում նաև բավականին զարգացած է առողջապահական զբոսաշրջությունը, և Ադրբեջանի քաղաքացիները բուժման նպատակով շատ հաճախ են այցելել Իրան։ Մյուս կողմից, զարգացած է եղել նաև սահմանային առևտուրը։ Այլ կերպ ասած, Իրանի ու հատկապես Ադրբեջանի հարավային շրջանների բնակչության (որոնք մեծամասամբ թալիշներ են) շփումները շատ ակտիվ են եղել, և հենց այդ կապերն էլ փորձում է սահմանափակել Բաքուն։ Ադրբեջանում տարվող հակաիրանական քարոզչության ու իրանատյացության պայմաններում երկու երկրների ժողովուրդների ակտիվ շփումները, «իրանական իսլամին» Ադրբեջանի քաղաքացիների առնչությունները չեն կարող տեղավորվել Բաքվի քաղաքականության տրամաբանությունում։ Այդ շփումներն Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են որպես հանրության շրջանում Իրանի դրական ընկալման և ըստ այդմ՝ Թեհրանի ազդեցության տարածման հնարավորություն, ինչը պետք է բացառել։

 Տարիներ շարունակ իրանական կողմը ձգտում է հասնել Ադրբեջանի կողմից վիզային ռեժիմի չեղարկմանը։ Դեռևս 2011 թ. ադրբեջանցի հավատացյալների հոսքն ապահովելու և առողջապահական զբոսաշրջությունը խթանելու նպատակով Իրանը վերացրել էր Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Սակայն, Բաքուն Իրանի հետ պահում է վիզային ռեժիմը՝ փաստացի խոչընդոտելով իր քաղաքացիների այցը հարևան երկիր:

Ադրբեջանն իր քաղաքացիներին 2023 թվականին նույնիսկ պաշտոնապես կոչ արեց չայցելել Իրան: Ի պատասխան՝ Թեհրանից շարունակեցին հայտարարել, որ իրենց դռները միշտ բաց են Ադրբեջանի քաղաքացիների համար։

Սահմանների փակ լինելու խնդրին է անդրադարձել նաև Իրանի մշակութային ժառանգության ու զբոսաշրջության նախարար Էզաթոլլահ Զարղամին. «Նախկինում Ադրբեջանից 1 մլն զբոսաշրջիկ էր այցելում Իրան, սակայն այժմ, քաղաքական խնդիրներով պայմանավորված,  Ադրբեջանը զբոսաշրջիկներին թույլ չի տալիս այցելել Իրան»:

Սահմանների փակ լինելու հարցը Իրանը շարունակում է քննարկել ադրբեջանցի պաշտոնյանների հետ: Սակայն, եթե անգամ ցամաքային սահմանները բացվեն, փոխադարձ շփումների նախկին տեմպը անհնար կլինի վերականգնել, քանի որ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում քարոզվող հակաիրանականությունը թողնում է իր հետքերը:

 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում