2025
Ադրբեջանական կայքերից մեկում հրապարակված հոդվածում պատմվում է` «ինչպես ստեղծվեց հայկական պետությունը»։ Այդ հոդվածում վերջին մի քանի հարյուր տարիների պատմությունը կառուցվում է դավադրությունների ու դավաճանությունների սյուժետային գծի վրա, որում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը (1993-2003 թթ.) դարձավ դավադրության այդ շղթան կոտրողը:
Դավաճանության ու դավադրության առաջին փուլը կապվում է Նադիր շահի մահից հետո իրանական պետության տրոհման հետ, երբ առաջանում են մանր ու թույլ խանություններ, կորսվում են «ադրբեջանական հողեր»։ Այնուհետև` 19-րդ դարում ցարական Ռուսաստանը Արաքսից հարավ ընկած «ադրբեջանական հողերը» նվիրեց Պարսկաստանին։ Պարզվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու հակամարտող դաշինքներն էլ հակված էին հայկական պետություն ստեղծելուն։ «Դավադրության ու դավաճանության» մաս են նաև Անդրկովկասյան սեյմի «ադրբեջանական խմբակցության» ներկայացուցիչները, որոնք Օսմանյան կայսրության միջնորդությամբ բանակցությունների մեջ են մտել՝ որոշելու, թե «ադրբեջանական որ հողերը պետք է տրամադրվեն հայկական պետության ստեղծման համար»։ Ըստ հոդվածագրի` Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչները որոշում են հողեր նվիրել հայերին, որպեսզի վերջիններս․․․ դադարեցնեն ադրբեջանցիների ցեղասպանությունը։ «Ադրբեջանցիների դեմ դավաճանության ու դավադրության» այս երկար շղթայի մաս են նաև խորհրդային իշխանությունները, Խորհրդային Ադրբեջանի մի շարք առաջնորդներ, Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովը։
Ադրբեջանում պատմություն կեղծելը նպատակ է հետապնդում` ստեղծել կապ պատմության հեռավոր անցյալի հետ, յուրացնել ուրիշների ունեցածը, շահեկան լույսի ներքո ներկայացնել Ալիևների գերդաստանի դերը:
Պատմության նման մեկնաբանության համատեքստում, հետաքրքիր է` ինչպես կներկայացվի 1980-ական թվականների սկզբին Հեյդար Ալիևի այցը Սարդարապատի հուշահամալիր։ Հայտնի լուսանկարում պատկերված են Խորհդային Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շևարդնաձեն և Հեյդար Ալիևը։
Սարդարապատի հուշահամալիրը խորհրդանշում է 1918 թ․ մայիսին թուրքական բանակի դեմ հայ ժողովրդի տարած կարևորագույն հաղթանակը, հայկական բնօրրանի մի հատվածում Հայաստան պետության կերտումը: