2025
19-րդ դարի վերջին առաջացած պանթյուրքիզմի գաղափարախոսության նպատակը բոլոր թյուրքական ժողովուրդների համախմբումն ու Օսմանյան կայսրության գլխավորությամբ Մեծ Թուրան պետության ստեղծումն էր։ Այդ գործում կարևոր դեր ուներ Անդրկովկասը, որտեղ պանթյուրքիզմի գաղափարախոսները իրենց հենարան համարում էին տեղի մուսուլմաններին, հատկապես կովկասյան թաթարներին, որոնք հետագայում պետք է ստանային արհեստական ադրբեջանցի անվանումը[1]: Վերջինս խորհրդային վիճակագրություններում որպես էթնիկ անուն ամրագրվել է միայն 1939 թ.՝ Ստալինի անմիջական միջամտությամբ:
Մինչև պանթյուրքիզմի տարածումը՝ կովկասյան թաթարների շրջանում տարածում էր գտել պանիսլամիզմը, որով վերջինիս գաղափարախոսները փորձում էին բարձրացնել տեղի մուսուլման բնակչության կրոնական ինքնագիտակցությունը և օգտագործել այն ի շահ իրենց: Իսկ երբ Օսմանյան կայսրությունում որպես գաղափարախոսություն գերիշխող դարձավ պանթյուրքիզմը, այն ևս սկսեցին տարածել կովկասյան թաթարների շրջանում:
Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Մ. Ռասուլզադեն, ով լուրջ ներդրում ունեցավ այդ պետության կայացման գործում, բազմիցս նշել է, որ ադրբեջանցին իրեն որպես ազգություն չէր ընկալում, քանի որ զուրկ էր ազգային ինքնագիտակցությունից: Ըստ նրա, ադրբեջանցին ավելի շատ իրեն զգում էր որպես մուսուլման: Ուստի, նա և մի շարք այլ գործիչներ հանգում են Կովկասում թյուրքական պետության՝ Ադրբեջանի ստեղծման գաղափարին՝ հավակնելով պետության ստեղծմամբ հասնելու նաև ազգի կերտմանը: Այդ պետության ստեղծումը արհեստածին էր, քանի որ հիմնված էր ոչ թե ազգության և նրա դարավոր ազգային արժեքների, այլ Թուրքիայի որդեգրած և մուսավաթական կուսակցությանը փոխանցված ծավալապաշտական, ազգայնամոլական գաղափարախոսությունների՝ օսմանիզմի, թյուրքիզմի, պանթյուրքիզմի գաղափարների և թուրք-ադրբեջանական գործարքի վրա:
Երբ 1911 թ. Բաքվում հիմնադրվեց Մուսավաթական կուսակցությունը, հիմնադիրներ Մ․ Ռասուլզադեն, Գ. Շարիֆզանդեն, Ա. Քազիմզադեն և այլք հովանավորվում էին թուրքերի կողմից[2]: Ըստ պանթյուրքիզմի գաղափարախոսների, նորաստեղծ Ադրբեջանը պետք է կամուրջ դառնար Թուրքիայի և Պովոլժիեի, Միջին և Կենտրոնական Ասիայի թյուրքերի միջև, իսկ այդ ճանապարհին կանգնած հայկական սեպը պետք է վերացվեր: Վերջինիս վառ դրսևորումն էին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբուդ Ջևանշիրի հետևյալ խոսքերը, «Սա սրբազան պատերազմ է (խոսքը 1918 թ. Արցախի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին է), որի նպատակը միասնական թուրք ազգի բոլոր ճյուղերի միավորումն է: Այս նպատակի համար հայ ազգի ոչնչացումը բացարձակապես կարևոր է: Հայերը մեր քաղաքականության հաջողության ճանապարհի միակ խոչընդոտն են: Իսկ այս քաղաքականությունը մեզ դեպի Հնդկաստան ճանապարհ է բացելու: Մենք պետք է բնաջնջենք հայերին և նրանց դիակների վրայով առաջ ընթանանք մեր ուղիով: Հետևաբար, ոչ մեկին մի խղճացեք և խստորեն կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է»[3]: Թե՛ պանիսլամիզմը և թե՛ պանթյուրքիզմը թիրախավորում էր հայերին, ինչի պատճառով էլ կովկասյան թաթարների ձեռքով տեղի ունեցան 1905-06 թթ. հայկական կոտորածները, որոնք շարունակվեցին նաև հետագայում:
Հարկ է նշել, որ պանթյուրքիստական նման մղումներով առաջնորդվող ադրբեջանական պետությունը այժմ էլ վարում է բացահայտ հայատյաց քաղաքականություն՝ իր քաղաքացիների շրջանում տարածելով այդ գաղափարները դեռևս մանուկ հասակից: Այն, որ նրանք չեն հրաժարվել այդ գաղափարներից, ցույց տվեց Արցախի Հանրապետության նկատմամբ 2020 թ. ռազմական ագրեսիան, որին էլ հաջորդեց արցախահայության նկատմամբ ցեղասպանական գործողությունը և հայկական հետքի ոչնչացումը բնիկ հայկական երկրամասում: Ներկայում, Արցախյան հարցը փակված համարելով, նրանք նպատակադրվել են հասնել նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, կազմաքանդմանը՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը:
[1] Կովկասի թյուրքալեզու բնակչությանը Ռուսաստանյան կայսրությունում սկսեցին անվանել «կովկասյան թաթարներ» Ղրիմի և Կազանի թաթարներից տարբերակելու համար:
[2] Մկրտչյան Ս., Պանթյուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում, Երևան, 2018, էջ 30:
[3] Դավիթավյան Տ., Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայությունները և դրանց գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ (1918-1920 թթ.), էջ 3: