2026
2024-05-07
2022 թ. փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել էր, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պատասխանատու է լինելու «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար[1]: Պետական բարձր մակարդակով ադրբեջանցիները տարածում են կեղծ թեզ, ըստ որի, իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, քանի որ այդ կոթողները աղվանական են:
Հարկ է նշել, որ արցախահայության բռնի տեղահանությունից հետո ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հերթական քայլը իրենց վերահսկողության տակ անցած հայկական հետքի վերջնականապես ջնջելն է: Այդ քաղաքականությունը քննադատվել և դատապարտվել է բազմաթիվ կառույցների և անհատների կողմից:
Իսրայելում բնակվող թուրք լրագրող Ուզայ Բուլութը նույնպես դատապարտել է ադրբեջանական կառավարության քաղաքականությունը: Իր`«Քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով հոդվածում[2], թուրք լրագրողը նշում է, որ ադրբեջանական կառավարության մտադրությունը` ջնջել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության սրբավայրերի վրայից հայերեն գրությունները, դատապարտելի է: Հեղինակը շեշտում է դրանց հայկական լինելը` «եկեղեցիներ, որոնք անկասկած կառուցել են հայերը», ապա փաստում, որ դա ադրբեջանցիների կողմից հայկական հուշարձանները վերացնելու առաջին փորձը չէ[3]: Անդրադարձ կատարելով Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը` թուրք լրագրողը դրանք որակում է որպես մշակութային ցեղասպանություն:
Լրագրողը այդ քաղաքականությունը համեմատել է Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի կողմից իրագործված մշակութային կոթողների վերացման, վերափոխման կամ անուշադրության մատնելու քաղաքականության, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճի հետ: Նա մասնավորապես նշում է, որ հայկական մշակութային ժառանգությունը ավերելուց ու պղծելուց հետո Թուրքիան պատասխանատվության չի ենթարկվել, որի պատճառով շարունակում է նույն կերպ վարվել նաև Հյուսիսային Կիպրոսում (վերջինս Թուրքիայի կողմից անօրինական կերպով բռնազավթվել է 1974 թվականին):
Հեղինակն իրավացիորեն նշում է, ինչպես Թուրքիայի պարագայում, Ադրրբեջանն իր այդ քաղաքականությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
[1]Ermənlilərin saxtalaşdırdıqları alban dini məbədlərinin bərpası üçün İşçi qrup yaradılıb, https://report.az/medeniyyet-siyaseti/alban-dini-mebedlerinin-berpasi-ucun-isci-qrup-yaradilib/
[2]The destruction of Christian cultural heritage, https://providencemag.com/2022/02/destruction-christian-cultural-heritage-armenia-azerbaijan-cyprus-syria-turkey/
[3]The destruction of Christian cultural heritage, https://providencemag.com/2022/02/destruction-christian-cultural-heritage-armenia-azerbaijan-cyprus-syria-turkey/