2026

Թուրք լրագրողը դատապարտել է հայկական պատմամշակութային կոթողները ոչնչացնելու և պղծելու ադրբեջանական քաղաքականությունը

2024-05-07

2022 թ. փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել էր, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պատասխանատու է լինելու «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար[1]: Պետական բարձր մակարդակով ադրբեջանցիները տարածում են կեղծ թեզ, ըստ որի, իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, քանի որ այդ կոթողները աղվանական են:

Հարկ է նշել, որ  արցախահայության բռնի տեղահանությունից հետո ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հերթական քայլը իրենց վերահսկողության տակ անցած հայկական հետքի վերջնականապես ջնջելն է:  Այդ քաղաքականությունը քննադատվել և դատապարտվել է բազմաթիվ կառույցների և անհատների կողմից:

Իսրայելում բնակվող թուրք լրագրող Ուզայ Բուլութը նույնպես  դատապարտել  է ադրբեջանական կառավարության քաղաքականությունը: Իր`«Քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով հոդվածում[2], թուրք լրագրողը նշում է, որ ադրբեջանական կառավարության մտադրությունը` ջնջել  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության  սրբավայրերի վրայից հայերեն գրությունները, դատապարտելի է: Հեղինակը շեշտում է դրանց  հայկական լինելը` «եկեղեցիներ, որոնք անկասկած կառուցել են հայերը», ապա փաստում, որ  դա ադրբեջանցիների կողմից  հայկական հուշարձանները վերացնելու առաջին փորձը չէ[3]: Անդրադարձ կատարելով Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը` թուրք լրագրողը դրանք որակում  է որպես մշակութային ցեղասպանություն: 

Լրագրողը այդ քաղաքականությունը համեմատել է Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի կողմից իրագործված մշակութային կոթողների վերացման, վերափոխման կամ անուշադրության մատնելու քաղաքականության, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճի հետ: Նա մասնավորապես նշում է, որ հայկական մշակութային ժառանգությունը ավերելուց ու պղծելուց հետո Թուրքիան պատասխանատվության չի ենթարկվել, որի պատճառով շարունակում է նույն կերպ վարվել նաև Հյուսիսային Կիպրոսում (վերջինս Թուրքիայի կողմից  անօրինական կերպով բռնազավթվել է 1974 թվականին):

Հեղինակն իրավացիորեն նշում է, ինչպես Թուրքիայի պարագայում, Ադրրբեջանն իր այդ քաղաքականությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

[1]Ermənlilərin saxtalaşdırdıqları alban dini məbədlərinin bərpası üçün İşçi qrup yaradılıb, https://report.az/medeniyyet-siyaseti/alban-dini-mebedlerinin-berpasi-ucun-isci-qrup-yaradilib/

[2]The destruction of Christian cultural heritage, https://providencemag.com/2022/02/destruction-christian-cultural-heritage-armenia-azerbaijan-cyprus-syria-turkey/

[3]The destruction of Christian cultural heritage, https://providencemag.com/2022/02/destruction-christian-cultural-heritage-armenia-azerbaijan-cyprus-syria-turkey/

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում