2026

Ճալեթ․ Բուն Աղվանքի հայկական գրչօջախը

2024-05-06

ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

Պատմական Բուն Աղվանք երկրամասը տարածվում էր Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև: Երկրամասը հարուստ էր հայ մշակույթի բազմաթիվ հուշարձաններով (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլն): Դարերի ընթացքում տեղի հայերը, ենթարկվելով օտար նվաճողների ճնշումներին, հիմնականում բնակություն են հաստատել երկրամասի նախալեռնային և բարձրլեռնային շրջաններում: XIX դ. վերջին հայերը բնակվում էին նախկին Բուն Աղվանքի շուրջ 105 բնակավայրերում, որոնք, սկսած Շամախիից, ձգվում էին մինչև Զաքաթալա քաղաքը[1]: Այդ բնակավայրերից էր Ճալեթը։

Իբրև գրչօջախ` Ճալեթը հայտնի էր դեռևս XV դարից: Գյուղը չափազանց հարուստ էր պատմական հուշարձաններով: Գյուղի հյուսիսային մասում պահպանվում են Ճալեթի հռչակավոր կաթողիկոսանիստ Ս. Աստվածածին վանական համալիրի մնացորդները: Վանական համալիրը բաղկացած է եղել երկու   եկեղեցիներից, միաբանության սենյակներից, պարսպապատերից և գերեզմանոցից:

Վանքի հին եկեղեցին կառուցվել է 1411 թ., Աղվանից Կարապետ կաթողիկոսի կողմից: Այդ մասին պահպանվել է շինարարական արձանագրություն.

«Յանուն Աստուծոյ ես Տէր Կարապետ կաթուղիկոս շինեցի զեկեղեցիս ի թվիս ՊԿ[2] (1411), յիշատակ հոգո իմո, որք կարդայք յաղաւթս յիշեցէք»[3]:

Հին եկեղեցում գտնված մի տապանաքարի վրա փորագրված է եղել.

«Թիւ Կարապետ կաթուղիկոսին ՊԿ (1411)…

Այս է տապան երիցս Վեհից,

Որք օծեցեալք ի տունն Աղուանից,

Աստ թափառացեալք յայնմ միջոցից,

Կան ամփոփեալք ի ներ տապանից,

Յար սպասեն հարստչին բնաւից,

Ակնկալեն յուսով պտղալից»[4]: 

Վանքի տարածքում ամփոփվել են վանքում իրենց գործունեությունը ծավալած երեք կաթողիկոսների աճյունները, որոնցից ժամանակին հնարավոր է եղել ընդօրինակել միայն Թովմա կաթողիկոսի տապանագիրը.

«Ի թվ. ՋԻԴ (1475) հանգիստ Թովմայ կաթուղիկոսին»[5]:

Թովմա կաթողիկոսին հաջորդել է Առաքել կաթողիկոսը, որը XV դարի վերջին նորոգել է Ճալեթի հին եկեղեցին` թողնելով հետևյալ  արձանագրությունը. «Արդ ես Տէր Առաքել կաթողիկոս կանկնեցի սուրբ խաչս եւ նորոգեցի եկեղեցոյ գլուխն վասն հոգոյ Տէր Թովմայ կաթողիկոսին. ով ոք նստի աթոռս Ա (1) աւր ժամ պատարաք[նշ]են Զատկին»[6]:

Առաքել կաթողիկոսի անունը հիշատակվում է նաև 1511 թ. նվիրատվական մի  արձանագրության մեջ.

«Ի թվ. ՋԿ (1511) ես Տէր Առաքեալ կաթուղիկոս գնեցի վերստին պարոն Հասանբէկէն եկեղեցւոյս դրան Ճալէթ գիւղս: ԳՌ (3000) թանկայ խարճ արի. եւ տվի վասն մեր հոգւոյս Սուրբ Աստուածածնիս, եւ ով հակառակի այս գիւղ Ճալէթիս, կամ խլէ…»[7]:

Այս վիմագիր արձանագրություններից պարզ է դառնում, որ Ճալեթի Ս.Աստվածածին վանքը մեկ դար շարունակ` 1411–1511 թթ., եղել է Աղվանից կաթողիկոսության հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Հայտնի են Ճալեթի վանքում աթոռակալած Կարապետ, Թովմա և Առաքել կաթողիկոսների անունները:

[1] Ս. Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 4:

[2]  Դվինի 554թ. Եկեղեցական ժողովում սահմանվում է Հայոց մեծ թվականը, որի սկիզբ է համարվում 551| 552թ. հուլիսի 11-ը: Օրինակ` ՊԿ = Հայոց մեծ թվականի 860 թվականին:  Գրիգորյան տոմարով կստանանք ` 860+ 551= 1411թ.:

[3] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 89:

[4] Մ. Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999, էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90:

[5] Մ. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90:

[6] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90: Մ. Բարխուտարյանցն այս վիմագիրն ընդօրինակել է վրիպումներով:

[7] Մ. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում