2026
2024-05-06
ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
Պատմական Բուն Աղվանք երկրամասը տարածվում էր Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև: Երկրամասը հարուստ էր հայ մշակույթի բազմաթիվ հուշարձաններով (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլն): Դարերի ընթացքում տեղի հայերը, ենթարկվելով օտար նվաճողների ճնշումներին, հիմնականում բնակություն են հաստատել երկրամասի նախալեռնային և բարձրլեռնային շրջաններում: XIX դ. վերջին հայերը բնակվում էին նախկին Բուն Աղվանքի շուրջ 105 բնակավայրերում, որոնք, սկսած Շամախիից, ձգվում էին մինչև Զաքաթալա քաղաքը[1]: Այդ բնակավայրերից էր Ճալեթը։
Իբրև գրչօջախ` Ճալեթը հայտնի էր դեռևս XV դարից: Գյուղը չափազանց հարուստ էր պատմական հուշարձաններով: Գյուղի հյուսիսային մասում պահպանվում են Ճալեթի հռչակավոր կաթողիկոսանիստ Ս. Աստվածածին վանական համալիրի մնացորդները: Վանական համալիրը բաղկացած է եղել երկու եկեղեցիներից, միաբանության սենյակներից, պարսպապատերից և գերեզմանոցից:
Վանքի հին եկեղեցին կառուցվել է 1411 թ., Աղվանից Կարապետ կաթողիկոսի կողմից: Այդ մասին պահպանվել է շինարարական արձանագրություն.
«Յանուն Աստուծոյ ես Տէր Կարապետ կաթուղիկոս շինեցի զեկեղեցիս ի թվիս ՊԿ[2] (1411), յիշատակ հոգո իմո, որք կարդայք յաղաւթս յիշեցէք»[3]:
Հին եկեղեցում գտնված մի տապանաքարի վրա փորագրված է եղել.
«Թիւ Կարապետ կաթուղիկոսին ՊԿ (1411)…
Այս է տապան երիցս Վեհից,
Որք օծեցեալք ի տունն Աղուանից,
Աստ թափառացեալք յայնմ միջոցից,
Կան ամփոփեալք ի ներ տապանից,
Յար սպասեն հարստչին բնաւից,
Ակնկալեն յուսով պտղալից»[4]:
Վանքի տարածքում ամփոփվել են վանքում իրենց գործունեությունը ծավալած երեք կաթողիկոսների աճյունները, որոնցից ժամանակին հնարավոր է եղել ընդօրինակել միայն Թովմա կաթողիկոսի տապանագիրը.
«Ի թվ. ՋԻԴ (1475) հանգիստ Թովմայ կաթուղիկոսին»[5]:
Թովմա կաթողիկոսին հաջորդել է Առաքել կաթողիկոսը, որը XV դարի վերջին նորոգել է Ճալեթի հին եկեղեցին` թողնելով հետևյալ արձանագրությունը. «Արդ ես Տէր Առաքել կաթողիկոս կանկնեցի սուրբ խաչս եւ նորոգեցի եկեղեցոյ գլուխն վասն հոգոյ Տէր Թովմայ կաթողիկոսին. ով ոք նստի աթոռս Ա (1) աւր ժամ պատարաք… [նշ]են Զատկին»[6]:
Առաքել կաթողիկոսի անունը հիշատակվում է նաև 1511 թ. նվիրատվական մի արձանագրության մեջ.
«Ի թվ. ՋԿ (1511) ես Տէր Առաքեալ կաթուղիկոս գնեցի վերստին պարոն Հասանբէկէն եկեղեցւոյս դրան Ճալէթ գիւղս: ԳՌ (3000) թանկայ խարճ արի. եւ տվի վասն մեր հոգւոյս Սուրբ Աստուածածնիս, եւ ով հակառակի այս գիւղ Ճալէթիս, կամ խլէ…»[7]:
Այս վիմագիր արձանագրություններից պարզ է դառնում, որ Ճալեթի Ս.Աստվածածին վանքը մեկ դար շարունակ` 1411–1511 թթ., եղել է Աղվանից կաթողիկոսության հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Հայտնի են Ճալեթի վանքում աթոռակալած Կարապետ, Թովմա և Առաքել կաթողիկոսների անունները:
[1] Ս. Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 4:
[2] Դվինի 554թ. Եկեղեցական ժողովում սահմանվում է Հայոց մեծ թվականը, որի սկիզբ է համարվում 551| 552թ. հուլիսի 11-ը: Օրինակ` ՊԿ = Հայոց մեծ թվականի 860 թվականին: Գրիգորյան տոմարով կստանանք ` 860+ 551= 1411թ.:
[3] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 89:
[4] Մ. Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999, էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90:
[5] Մ. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90:
[6] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90: Մ. Բարխուտարյանցն այս վիմագիրն ընդօրինակել է վրիպումներով:
[7] Մ. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 129, Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 90: