2025

Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունն ահազանգում է՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ կանաչ մատուռը, ամբողջովին ավերվել է։

177-ամյա  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Նախաձեռնությունը նշում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր անձանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն։

Կանաչ ժամ կոչվող եկեղեցին հայերը կառուցել են 1847 թվականին։ Այն վնասվել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո ադրբեջանցիներն, անհիմն հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը, ձեռնամուխ են եղել կառույցը՝ որպես ռուսական եկեղեցի «վերափոխելու» աշխատանքներին։ Իսկ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը խոստացել էր վերականգնել այն: Սակայն, փաստ է, որ այսօր եկեղեցին չկա։

Caucasus Heritage Watch-ը փաստում է, որ եկեղեցու զանգակատան մուտքի մոտ հայկական արձանագրություններ կային և, որ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1847 թվականին` շուշեցի Հովհաննես և Բաբա Ստեփանյան Հովնանենց եղբայրների կողմից՝ ի հիշատակ իրենց հանգուցյալ եղբոր՝ Մկրտիչի։ Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառույցի գմբեթը եղել է կանաչ:

Շուշիում հայկական հետքը ոչնչացնելու փաստեր են հրապարակվել  նաև Karabakh Records-ը X-ի էջում (արբանյակային լուսանկարներ, ադրբեջանական տելեգրամյան ալիքի տեսանյութ): Այդ լուսանկարներից ու տեսանյութից պարզ երևում է, որ  Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել։

Արցախում Բաքվի կողմից հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ։

Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու և հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մասին (նաև`եկեղեցիների վրայից խաչերի հեռացում, պատմական կոթողների վերացում)։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում