2026

«Ժամանակակից գողգոթա»․ 1992թ․ ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղում իրականացվեցին հայերի ջարդեր

2024-04-15

1992 թ.ապրիլի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը` Մարաղան, դարձավ ադրբեջանական զինված ուժերի կողմից կազմակերպված ջարդերի էպիկենտրոն:

1989 թ. տվյալներով՝ Մարաղան ուներ 4660 բնակիչ [Արցախի ԱԳՆ, Левон Мелик-Шахназарян]։ Սումգայիթի, Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ շրջանների ջարդերից փրկված հայ ընտանիքների համար Մարաղան դարձել էր հանգրվան:

1992թ. ապիլի 10-ին ադրբեջանցիները հրետակոծեցին  Մարաղան, իսկ տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ԱՄՀՆՋ-ՕՄՕՆ), ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա:

«Իրենց ճանապարհին, ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ ոքի: Աչքովս տեսել եմ ամբողջը: Այդքան գազանություններ կյանքում չեմ տեսել»,-պատմել է Վ.Ավագյանը` Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի օգնականը, ով այդ ամենի ականատեսն է եղել:

Մարաղայում իրականացված դաժանությունն ու ագրեսիան սահմաններ չի ունեցել։ Գյուղի նախկին բնակիչ Արայիկ Գրիգորյանը վկայել է   խաղաղ բնակիչների սպանությունների ու առևանգումների, պատանդառության, խոշտանգումների, գույքի գողության ու հրկիզումների մասին:

Մեկ այլ ականատես` Վալյա Խաչիկյանն էլ պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը հասել Մարգուշևան. «Դուրս եկանք նկուղից ու հարևանների բակերով փախանք դեպի Մարգուշևան: Աննկարագրելի տանջանքներով անցանք Մարգուշևանը: Մնացած ճանապարհն անցանք արկերի ու գնդակների պայթյունների տակ: Մարգուշևանի ու Հասանղայայի միջև տարածությունով մեկ ձգված էր բոբիկ, մերկ երեխաների, ծերերի և կանանց շարասյուն: Բոլորը լացում էին, գոռում, կանչում, փնտրում իրենց ծնողներին, հարազատներին…»:

Մարաղա գյուղի ուղղությամբ հարձակումը տևեց մի քանի ժամ. ողջ գյուղը ավերվեց և թալանվեց: Գյուղը լքել չհասցրած 118 բնակիչ` հիմնականում ծերեր, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, դարձան  հարձակման զոհ` սպանվելով կամ գերեվարվելով [Karabakhrecords.info, Արցախի ԱԳՆ]: Մարաղայում ջարդերի ընթացքում սպանվել է ավելի քան 50 մարդ։ Շուրջ 50 հոգի, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, գերեվարվել են, որոնցից մի մասին հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդի  ճակատագիր շարունակում է մնալ անհայտ [Արցախի ԱԳՆ

 Միջազգային հեղինակավոր Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններն արձանագրել են Մարաղայում իրականացված դաժանությունները։ Ականատեսների վկայություններն ու բազմաթիվ արխիվային փաստաթղթեր ներկայացնում են Մարաղայում կատարված վայրագությունների սահմռկեցուցիչ պատկերը [Karabakhrecords.info, maragha.org

Ապրիլի 10-ի  լույս 11-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ջոկատները  կարողացել են ազատագրել գյուղը։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ոճրագործությունից անմիջապես հետո այցելելով գյուղ, Մարաղան նմանացրել է «ժամանակակից Գողգոթայի․ միայն թե շատ ավելի դժոխային»։ «Ես տեսել եմ վառված կնոջ մարմնի մասունքներ։ Այնուհետև նրանք զբաղվել են դիակապտությամբ, որից հետո թալանել են տները և վառել։ Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- ասել է բարոնուհին:

Ապրիլի 10-ի ջարդերից հետո Մարաղայի վրա հաջորդ խոշոր հարձակումը եղել է մայիսի 10-ին։ Այնուհետև մինչև հունիս ամսվա վերջ հարձակումները շարունակվել են՝ փոխադարձ հաջողություններով՝ մինչև Մարաղայի վերջնական անկումը։

Հետագայում  Մարաղայից ոչ հեռու շուրջ երեք տասնյակ «հին մարաղացիներ» հիմնել են իրենց բնակավայրը` Նոր Մարաղան: Սակայն 2020-ին Նոր Մարաղան ու ողջ Արցախը կրկին  դարձան ադրբեջանական  ռազմատենչ քաղաքականության զոհը։ Մարաղայի ջարդերից շուրջ երեք տասնամյակ անց` Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, հարձակվեցին Արցախի վրա: Արցախը  շրջափակվեց, իսկ խաղաղ բնակիչները բռնի տեղահանվեցին:

Արցախի ՄԻՊ-ի վերլուծության համաձայն՝ Մարաղայում կատարվածն ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը։  Իսկ 2020թ. պատերազմը հետևանքն էր այդ անպատժելիության։ Ադրբեջանը ոչ միայն չդատապարտվեց Մարաղայում ու Արցախի այլ վայրերերում իրականացրած հայկական ջարդերի համար, այլև կոտորածից հետո մարտական գործողություններ իրականացրած «Գուրթուլուշ» ջոկատի հրամանատար Շահին Թաղիևին շնորհվեց «ազգային հերոսի» կոչում, իսկ գործողություններին մասնակից ադրբեջանցի շատ զինվորականներ ստացան պետական պարգևներ։ Հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի պետական քաղաքականությունն էլ հիմք հանդիսացավ 2004 թ․-ին Ռամիլ Սաֆարովի, 2016 թ․-ին` Ապրիլյան պատերազմի և 2020 թ․-ին` Արցախյան պատերազմի ռազմական հանցագործների համար։

Օգտագործված աղբյուրներ

  1. «Սովորական ցեղասպանություն. Մարաղա․ 1992 ապրիլ» ֆիլմ https://karabakhrecords.info/armenian_video_maragha.html
  2. Մարաղա / Maragha Documentary: Massacre of Armenians in Nagorno Karabakh https://www.youtube.com/watch?v=aaXplza_TA4&t=170s
  3. ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ https://maragha.org/documents2_ar.html
  4. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ https://maragha.org/lists_ar.html
  5. Արցախի ԱԳՆ, Մարաղա ավանում հայ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունը ադրբեջանական բանակի կողմից, https://web.archive.org/web/20231203230112/https://www.nkr.am/hy/maragha-massacre
  6. Գոհար Գրիգորյան, Ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք. Մարաղայի ցեղասպանությունը՝ ականատեսի վկայությամբ, 10․04․2019, https://armenpress.am/arm/news/970726.html
  7. Գոհար Գրիգորյան, «Մեր տները, գերեզմանները այնտեղ են» ․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին, 09․04․2020, https://armenpress.am/arm/news/1011694
  8. Գոհար Գրիգորյան, «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ, 10․04․2020, https://armenpress.am/arm/news/1011725.html
  9. Լուսինե Պողոսյան, 1992թ. Մարաղայի ինքնապաշտպանությունը. ՄԱՍ 2, 11․04․2019, https://armenpress.am/arm/news/980584
  10. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ. Արցախի ՄԻՊ-ը՝ Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ, 10․04․2019, https://artsakhpress.am/arm/news/104610/
  11. Л.М.Шахназарян, ВОЕННЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА ПРОТИВ МИРНОГО НАСЕЛЕНИЯ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ, глава 9. РАСПЯТИЕ МАРАГИ, http://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
  12. Трагедия Мараги: девять лет молчания, 9.02.2012, (Интервью вела Марина Григорян, “Голос Армении”, 07.04.2001) https://karabakhrecords.info/publication_interviews_caroline.html
  13. MARAGHA МАРАГА ՄԱՐԱՂԱ / part 3 (interview with Caroline Cox) https://www.youtube.com/watch?v=eI4zsZzcytQ
  14. Human Rights Watch/Helsinki, September 1992, Bloodshed in the Caucasus, Escalation of the Armed Conflict in Nagorno Karabakh, https://www.hrw.org/sites/default/files/reports/1992%20Bloodshed%20in%20Cauc%20-%20Escalation%20in%20NK.pdf
  15. Azerbaydzhan: Hostages in the Karabakh conflict: civilians continue to pay the price, Amnesty International, 27.05.1993, https://www.amnesty.org/en/documents/eur55/008/1993/en/

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում