2026
2024-04-15
Ռուս-պարսկական 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի ու Նախիջևանի խանություններն անցան Ռուսական կայսրությանը: Պայմանագրի 15-րդ հոդվածով պարսկահպատակ քրիստոնյաներին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց ընտանիքներով ու շարժական գույքով անցնելու ռուսական տիրապետությանն անցած Արևելյան Հայաստանի տարածք:
Թուրք-պարսկական տիրապետության ու միմյանց հաջորդած ռուս-պարսկական (1804-1813 թթ. և 1826-1828 թթ.) և ռուս-թուրքական պատերազմների (1806-1812 թթ. և 1828-1829 թթ.) հետևանքով ամայացել էին Արևելյան Հայաստանի գրեթե բոլոր գավառները: Ցարական կառավարության և հայ գործիչների համար առաջնահերթ խնդիր էր դրանց վերաբնակեցումը: Ռուսական իշխանությունների շահագրգռությունն հայկական տարածքների հուսալի տարրով վերաբնակեցման ու շենացման գործում թելադրվում էր Հայաստանի ռազմավարական կարևորությամբ: Վերաբնակեցմամբ լուծվելու էր նաև Արևելյան Հայաստանի տնտեսապես օգտագործելու խնդիրը: Վստահելի տարր համարվում էին նաև մալոռուս կազակները: Ցարական կառավարությունը մտադիր էր ձևավորել այսպես կոչված «Արաքսի կազակություն»: Հայ հասարակական գործիչներ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին, Լազարյանները, Ալեքսանդր Խուդաբաշյանը, Կոնստանտին Արղության-Երկայնաբազուկը և ուրիշներ պարսկահայերին հնարավոր ձուլումից փրկելու և Արևելյան Հայաստանը հայ ժողովրդի ազգահավաքման օջախ դարձնելու համար ակտիվ գործունեություն ծավալեցին: Խաչատուր Լազարյանը, Ա. Խուդաբաշյանը և Կ. Արղությանը դեռևս 1827 թ. վերջերին Նիկոլայ I կայսրին են ներկայացնում «Մի քանի ենթադրություններ Վրաստանի և նրան սահմանակից մարզերի մասին» խորագրով նախագիծն ու Ներսես Աշտարակեցու «Գրառումներ հայերի մասին հաշտության բանակցություններում մտցնելու համար» փաստաթուղթը:
Մեծ ծախսեր ու երկար ժամանակ պահանջող Արաքսի սահմանային գիծը մալոռուս կազակներով բնակեցնելու ծրագրի ձախողումից հետո, նաև նկատի առնելով հայ հասարակական շրջանների ընդդիմանալն այդ ծրագրերին, ցարական արքունիքը որոշեց քրիստոնյաների վերաբնակեցում կազմակերպել Պարսկաստանից: Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Իվան Պասկևիչն իր զեկուցագրերից մեկում գրում է. «Մեր սահմանների ամայի հողերի բնակեցումը հնազանդ, աշխատասեր և հավատով մեզ նվիրված ժողովրդով մեծ օգուտ կարող է բերել»:
Պարսկահայերը ևս շահագրգռված էին վերաբնակեցմամբ: Առաջնային համարելով հայապահպանությունը՝ նրանք նպատակադրվում են Ռուսաստանի հովանու ներքո գտնել գոյատևման ու զարգացման կայուն և ապահով պայմաններ:
Վերաբնակիչներին ընդունելու և տեղավորելու համար 1828 թ. փետրվարի վերջերին Երևանի մարզային ժամանակավոր վարչությանն առընթեր կազմակերպվեց Վերաբնակեցման կոմիտե: Ատրպատականի հայերի վերաբնակեցման հանձնաժողովի նախագահ նշանակվեց գնդապետ Եղիազար Լազարյանը: Վերջինս 1828 թ. փետրվարի 26-ին Թավրիզում Ի. Պասկևիչից ստացավ կառավարության կողմից վերաբնակիչներին տրվող իրավունքների և արտոնությունների մասին 19 կետից բաղկացած մի հրահանգ, համաձայն որի՝ կամավոր սկզբունքով վերաբնակվելու և անմարդաբնակ գյուղերում հաստատվելու իրավունք ունեին միայն Ատրպատականի քրիստոնյաները: Կարիքավորներին օգնելու նպատակով կոմիտեին հատկացվում է գումար: Նոր բնակավայրերում վերաբնակիչները վեց տարով ազատվում էին հարկերից և երեք տարով՝ պարհակներից: Փետրվարի 29-ին գեներալ Պասկևիչը կոմիտեի անմիջական պարտականությունների մասին 15 կետից բաղկացած հրահանգ է ուղարկում Երևանի ժամանակավոր վարչությանը: Ըստ այդ հրահանգի՝ ի թիվս այլ կետերի, մահմեդականներով բնակեցված գյուղերում բնակեցնելը խստիվ արգելվում էր:
Պարսկաստանից հայերի վերաբնակեցմանը գործուն մասնակցություն ունեցավ Պարսկաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը: Վերաբնակեցման գործում մեծ էր նաև Հայկական մարզի վարչության անդամ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու դերը: Օտարադավանների հարցերով նախարար Դ. Բլուդովին Ի.Պասկևիչի հղած գրություններից մեկում նշվում է, որ Աշտարակեցին հավաստիացնում էր, թե հենց որ ռուսական զորքերը գրավեն Երևանի ու Նախիջևանի խանությունները, հազարավոր հայեր կգան Պարսկաստանից, Թուրքիայից և նույնիսկ Հնդկաստանից: Դիմելով Ատրպատականի հայությանը՝ Ներսես Աշտարակեցին կոչ էր անում անցնել Արաքսը:
Հայերի վերաբնակեցումը կապված էր դժվարությունների հետ: Շահական կառավարությունը չէր կարող անտարբեր դիտել, թե ինչպես են դատարկվում գյուղերն ու քաղաքներն աշխատասեր հայ բնակչությունից: Հայերի արտագաղթին խոչընդոտելու համար թագաժառանգ Աբաս Միրզան հետագայում պետականացնելու պատճառաբանությամբ նույնիսկ արգելեց պարսիկներին գնել քրիստոնյաների ունեցվածքը: Պարսիկները փորձում էին նույնիսկ բռնի միջոցներով արգելել հայերի ելքն իրենց բնակավայրերից կամ լուրեր էին տարածում, թե Արաքսի ռուսական ափին վատ կլիմա է, սով, այնտեղ կայսեր հպատակներին վաճառում են: Միևնույն ժամանակ Անգլիայի դեսպան Մակդոնալդի խորհրդով պարսից թագաժառանգը, անգլիական դիվանագետներ Մոնտիսը, Վիլոքը, Շիին, ֆրանսիացի Սեմինոն ու մի շարք պարսիկ աստիճանավորներ գնում են հայաբնակ գյուղեր՝ տեղում ստուգելու, արդյո՞ք ռուսները վերաբնակիչների նկատմամբ չեն գործադրում բռնություններ:
Առաջին քարավանները դեպի ռուսական սահմանը շարժվեցին 1828 թ. մարտին: Ռուսական սահմանն անցնելուց հետո վերաբնակիչները նախ կենտրոնացվում էին Նախիջևանում, ապա ուղևորվում հիմնական բնակության նախատեսված վայրերը:
Հակառակ պարսկական կողմի հարուցած դժվարություններին ու խոչընդոտներին՝ Մարաղայից, Սալմաստից, Ուրմիայից, Խոյից, Մակուից, Ղարադաղից և Պարսկահայքի ու Ատրպատականի մյուս գավառներից Հայկական մարզում ու մասամբ Արցախում հաստատվեց 8 հազարից ավելի ընտանիք (մոտ 45 հազար մարդ):
Սակայն վերաբնակիչները տեղական իշխանությունների ապիկարության ու անբարեհաճության հետևանքով հայտնվեցին ծանր կացության մեջ: Չէր ապահովվել անգամ ամենատարրական հարմարությունները: Բաց երկնքի տակ, առանց սննդի մնալու հետևանքով միայն Արցախում վերահաստատվածների զգալի մասը՝ 1012 վերաբնակիչ, երեք ամսվա ընթացքում մահացավ:
Ի դեպ, Արցախում հայությունը կազմում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, և այդ ներհոսքը փաստորեն էական փոփոխություն չմտցրեց ժողովրդագրական նկարագրում: Լիովին հիմնազուրկ են այն պնդումները, թե պասկահայոց ներհոսքը «հայացրեց» Արևելյան Հայաստանը, մասնավորապես Արցախը: XIX դ. հայտնի հետազոտող Ս. Զելինսկին ընդգծում էր, որ դարի երկրորդ կեսին հայկական տարածքներից Արցախն աչքի էր ընկնում իր տեղաբնիկ բնակչությամբ. «Անդրկովկասի տեղաբնիկ հայերի գլխավոր զանգվածը գտնվում է Ղարաբաղի նախկին պրովինցիայում, հատկապես Ելիզավետպոլի նահանգի Շուշիի և Զանգեզուրի գավառներում»[1]:
Արևելյան Հայաստանում հայ տարրի շեշտակի և աղետալի նվազման պատճառներից էին XVIII դարում հյուսիսկովկասյան լեռնականների երկարատև ավերիչ ասպատակություններն ու պարսկական վարչակարգի իրագործած տեղահանությունների և բռնագաղթերի քաղաքականությունը: Բնակչությունը մեծապես նվազում էր նաև պատերազմների և դրանց ուղեկցող սովի, համաճարակների, ավարառության ու գերեվարության հետևանքով: Հաճախ էլ, ցանկանալով խուսափել բնաջնջումից, բնակչությունն ինքն էր հեռանում հայրենի հողից: Հայ բնակչության թվաքանակի նվազմանը նպաստում էին նաև սոցիալական, ազգային և կրոնական բիրտ ճնշումները:
[1] Зелинский И.П., Государственные крестьяне Закавказского края. I. Племенной состав, религия и происхождение государственных крестьян. Свод материалов по изучению экономическаго быта государственных крестьян Закавказского края, т. II. Тифлис, 1887, стр. 13.