2026
2026-10-29
«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի շրջանակում Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանի Միջնադարյան արվեստի պատմության պրոֆեսոր Իվան Ֆոլետտին «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում խոսել է հայկական ճարտարապետության, բնության հետ ունեցած նրա ներդաշնակության եզակիության, քարի հետ աշխատանքի տեխնոլոգիական հնարամտության, ձեռագրական հարուստ մշակույթի մասին։ Ընդգծելով հայկական արվեստի յուրահատկությունը՝ Ֆոլետտին նշում է, որ հայկական արվեստը մեկուսացված չէ, այլ ունի հստակ ձևավորված ինքնություն ու սերտորեն կապված է համաշխարհային մշակույթի հետ։
-Բարև՛ Ձեզ։ Ողջունում ենք Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանի Միջնադարյան արվեստի պատմության պրոֆեսոր և «Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի մասնակից, պարոն Իվան Ֆոլետտիին (Ivan Foletti)։ Պարո՛ն Ֆոլետտի, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։
-Բարև՛ Ձեզ։
-Չնայած կայսերական տեսլականին, որը միտված էր տարածաշրջանը միավորելուն, հայկական միջնադարյան ճարտարապետությունն ու մանրանկարչությունն աչքի են ընկնում ընդգծված ինքնատիպությամբ։ Բավական է հիշել Զվարթնոցն ու Թորոս Ռոսլինի ձեռագրերը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հայկական գեղարվեստական հանճարի այն առանձնահատկությունը, որը Կոնդակովին չհաջողվեց տեղավորել բյուզանդական սխեմայի շրջանակում, և ինչպե՞ս է այդ եզակիությունը հարստացնում համաշխարհային արվեստի մեր ժամանակակից ընկալումը։
-Բարդ հարց է։ Մի կողմից՝ ես կասեի, որ արվեստում և ճարտարապետության մեջ ինքնատիպությունն ինձ համար որոշակի առումով ինքնին հասկանալի երևույթ է, քանի որ մենք խոսում ենք ձևերի կիրառման բավական համակարգված եղանակի մասին, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են, սակայն կիրառվում են յուրահատուկ ձևով։ Ճարտարապետության դեպքում, մասնավորապես, խոսքը հիմնականում քարե շինությունների մասին է։ Մենք աշխատում ենք որոշակի տեսակի քարերի հետ, որոնք նպաստում են տարբեր բնույթի կառույցների ստեղծմանը։ Դուք հիշատակեցիք Զվարթնոցը, սակայն կարող ենք խոսել նաև Մրենի մասին։ Ակնհայտորեն՝ Անիի մեծ եկեղեցիները նույնպես կարող են դրա օրինակները լինել։ Կարող ենք ասել, որ այստեղ առկա է տեխնոլոգիական հնարամտություն, որը բավական ինքնատիպ է, հատկապես, իմ կարծիքով, Բագրատունիների ժամանակաշրջանում։ Կա ճարտարապետության հետ աշխատելու տեսողական մոտեցման մի առանձնահատկություն, որն այն դարձնում է ինքնատիպ։ Եվ, թերևս, կա նաև երրորդ հանգամանքը՝ գրագիտության և գրավոր մշակույթի նկատմամբ այդ անհավանական հետաքրքրությունը։ Հայկական ինքնության համար գրքերն ու գրավոր խոսքը հիմնարար նշանակություն ունեն։ Սրանով է բացատրվում միջնադարում և վաղ նոր շրջանում հայկական աշխարհում ստեղծված ձեռագրերի անհավանական ու եզակի հարստությունը։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ ռուսական կայսերական գործիչ Կոնդակովի ընկալմանը, ապա այստեղ գաղափարն այն էր, որ Բյուզանդիայի վերաբերյալ ստեղծվի միաձույլ պատկերացում՝ որպես 19-րդ դարի վերջի ռուսական կայսրության գոյության կառուցվածքի մի տեսակ հայելային արտացոլում։ Իրականում սա միջնադարը հասկանալու փորձի մեջ թույլ տրված բավական համակարգված սխալ էր, որովհետև միջնադարն ամեն ինչ էր՝ բացի միասնական ու միաձույլ կայսրությունից։ Դա ժամանակակից պատկերացում է, որը մենք հետադարձաբար վերագրում ենք անցյալին։
Եթե խոսենք Բյուզանդիայի մասին որպես այդպիսին, ապա կտեսնենք բազմաթիվ տարբերություններ, որոնք ժամանակակից հայացքը սովորաբար այնքան էլ սովոր չէ նկատել։ Եվ սա ևս մեկ կարևոր հանգամանք է։ Հայկական արվեստը շատ յուրահատուկ է, ինքնատիպ և ինքնուրույն ընկալելի։ Միևնույն ժամանակ՝ այն չափազանց սերտորեն կապված է աշխարհի տարբեր մշակույթների հետ։ Այսինքն՝ սա մեկուսացած երևույթ չէ, այլ մի բան, որ պատկանում է մարդկությանը՝ բառիս բուն իմաստով։
-Հայկական արվեստն ավելի հասկանալի է, ասես… Նկատի ունեք՝ արդյո՞ք հեշտ է…
-Հայկական ճարտարապետությունն աչքի է ընկնում իր հավասարակշռությամբ և ներդաշնակությամբ։ Միևնույն ժամանակ՝ այն յուրահատուկ կերպով է կազմակերպում տարածությունը, հատկապես՝ եկեղեցու սրբազան տարածքը, որը նախատեսված է նաև պատարագի և այլ ծիսական արարողությունների համար։ Այս առումով՝ հայկական ճարտարապետությունն ունի իր առանձնահատկությունը։ Հայկական ճարտարապետության մեկ այլ կարևոր առանձնահատկություններից է նրա կապը բնության և շրջակա լանդշաֆտի հետ։ Հայաստանում ճարտարապետությունն ասես երկխոսության մեջ է մտնում բնության հետ․ եկեղեցիներն ու մյուս կառույցները ներդաշնակորեն ներառվում են իրենց շրջապատող միջավայրում։ Այդ պատճառով էլ հայկական լանդշաֆտում հեշտությամբ կարելի է տարբերակել այն վայրերը, որոնք ունեն սրբազան կամ առանձնահատուկ նշանակություն։
-Շնորհակալություն։ Դուք նշում եք, որ Կոնդակովը ոչ միայն կայսերական քաղաքականության պահանջներն էր կատարում, այլև որոշակիորեն մասնակցում էր դրանց ձևավորմանը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր նրա անձնական գիտական հետաքրքրության դերը, և ո՞ր պահից նրա գիտական աշխատանքը սկսեց համապատասխանել կայսերական քաղաքական նպատակներին։
-Շատ կարևոր հարցեր են։ Թերևս սկսենք նրանից, թե ո՞վ էր Կանդակովը։ Կանդակովը այն մարդկանցից էր, ով հետագայում դարձավ ուշ շրջանի ռուսական կայսրության ամենակարևոր գիտնականներից մեկը։ Միևնույն ժամանակ, նա ծնվել էր ճորտի ընտանիքում, այսինքն՝ հասարակության ամենացածր խավից էր։ Սակայն, Ալեքսանդր II-ի բարեփոխումների շնորհիվ նա կարողացավ դառնալ պրոֆեսոր և ապահովված մարդ։ Այսպիսով՝ նրա և իշխանության միջև շատ կարևոր կապ կար, և ես կասեի՝ այդ կապը բավական բազմաշերտ էր։ Նա կարծես զգում էր, որ իր ձեռքբերումները հնարավոր են դարձել հենց իշխանության շնորհիվ։ Այստեղ կարևոր է նաև նրա անձնական պատմությունը․ նա իշխանությանը դրական էր վերաբերվում, քանի որ իր հաջողության համար մեծապես պարտական էր դրան։
Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այստեղ, իհարկե, առաջանում է «ձո՞ւն էր առաջինը, թե՞՝ հավը» հարցը, այսինքն՝ ի՞նչն էր սկզբնականը։ Բայց մի կողմից կարող ենք տեսնել, որ, օրինակ, Կովկասի պարագայում ռուսական ազգային քաղաքականությունը, հետագայում՝ խորհրդային քաղաքականությունը, հատկապես 19-րդ դարի վերջին, բավական հստակ էր․ այն միտված էր հայերի դերի սահմանափակմանը, քանի որ նրանք խոչընդոտ էին Ռոմանովների կայսրության միասնականության վերաբերյալ ընդհանուր պատկերացմանը։ Այս իմաստով ակնհայտ է, որ քաղաքական ազդակը գալիս էր վերևից։ Միևնույն ժամանակ, եթե դու գիտնական ես, աշխատում ես փաստերի հետ, ապա այն պահից, երբ սկսում ես այդ փաստերից կառուցել մի պատմություն, որը համապատասխանում է պետության ղեկավարների ակնկալիքներին, դու արդեն մասնակցում ես այդ պատմության ձևավորմանը։
Կոնդակովի դեպքում կարևոր է այն, որ տարածաշրջանի վերաբերյալ նրա առաջին հետազոտությունը թվագրվում է 1876 թվականին։ Այսինքն՝ դա նրա կարիերայի բավական վաղ շրջանն էր և միաժամանակ այն ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանում նոր էին վերաիմաստավորում Կովկասի նկատմամբ իրենց մոտեցումները։ Այդ իմաստով նրա՝ որոշակիորեն կայսերապաշտական և արևելագիտական պատկերացումները տարածաշրջանի մասին կարող էին նպաստել Սանկտ Պետերբուրգի տեսանկյունից Կովկասի վերաբերյալ նոր պատկերացման ձևավորմանը։ Կա նաև մի հետաքրքիր պատմություն, որը որոշ չափով ցույց է տալիս գիտության և իշխանության փոխազդեցությունը։ 1880-ական թվականների վերջին ինչ-որ մեկը Վրաստանից արժեքավոր իրեր է գողանում։ Դա մի լուսանկարիչ էր, ով միջնադարյան սրբապատկերները, մասնավորապես՝ արծաթե, փոխարինում էր ժամանակակից պատճեններով, իսկ բնօրինակները տանում էր իր տուն և վաճառում։
Ռուսական կայսրության նախարար Բոբրինսկին իմանում է այդ սրբապատկերների գոյության մասին։ Նա դրանց մասին տեղեկանում է, երբ Կոնդակովը հյուր էր նրա տանը, և նրանք միասին ուսումնասիրում էին Վրաստանից բերված այդ առարկաները։ Դրանից հետո կայսր Ալեքսանդր III-ն ու Կոնդակովը միասին փորձում են մշակել այդ ժառանգությունը պահպանելու միջոցներ՝ այն դիտարկելով որպես ռուսական ազգային ժառանգության մաս՝ համառուսաստանյան ավելի լայն շրջանակում։
Այսպիսով՝ իշխանությունն ու գիտությունն այնքան սերտորեն էին միահյուսված, որ դժվար է ասել, թե ով էր առաջինը նախաձեռնում այս կամ այն գործընթացը։ Բայց վերջնական արդյունքում ակնհայտ է, որ նրանք համագործակցում էին։ Եվ ես պարզապես կուզենայի նշել, որ սա մշտապես կրկնվող երևույթ է։ Գիտական աշխատանքը և գիտությունը միշտ որոշ չափով կախված են ֆինանսավորումից։ Ես աշխատում եմ դրամաշնորհներով և հետազոտությունս իրականացնելու համար պետք է այդ դրամաշնորհները ստանամ։ Դրանք ստանալու համար պետք է որոշ չափով հարմարվեմ համակարգին, հակառակ դեպքում անհրաժեշտ միջոցներ չեմ ունենա։
Իսկ վերջին հարցը, թերևս, ամենաբարդն է․ որտե՞ղ է ավարտվում գիտական ազնվությունը, և ո՞ր պահից ես սկսում ծառայել որևէ ռեժիմի։ Միաժամանակ, կարևոր է նաև հասկանալ՝ որքանո՞վ ես իսկապես հավատում այն ամենին, ինչ անում ես, և որքանո՞վ ես պարզապես պատեհապաշտ։
Ես չեմ կարող իմանալ Կոնդակովի ներաշխարհը, հետևաբար չեմ կարող ասել, թե որքանով էր նա գիտակցաբար գործում։ Բայց կան դեպքեր, երբ ակնհայտորեն նա ծառայում էր քաղաքական նպատակների՝ անկախ առկա փաստերից։ Մենք դա տեսնում ենք արխիվներում։ Նախարարության փաստաթղթերում, օրինակ, նշվում էր, որ նա պետք է այս կամ այն բանն ապացուցի, և հենց դա էլ նա անում էր։ Այսինքն՝ եղել են որոշակի պահեր, երբ նա իսկապես կատարում էր այն, ինչ վերևից իրենից ակնկալում էին։
Բայց մյուս դեպքերում հարցն ավելի բարդ է․ պետք է հաշվի առնել նաև այն, թե տվյալ ժամանակաշրջանում ի՞նչ թեմաներ էին ակտուալ։ Օրինակ՝ այսօր Եվրոպայում կան մի շարք տարածված և արդիական թեմաներ՝ հետգաղութատիրական ուսումնասիրություններ, գենդերային հետազոտություններ, բնապահպանական խնդիրներ, կլիմայի փոփոխություն և այլն։ Դրանք մեր կյանքի մի մասն են։
Եթե ես զբաղվում եմ միջնադարի գենդերային հարցերով, Կովկասի հետգաղութային ուսումնասիրություններով կամ, ասենք, կլիմայի փոփոխությամբ՝ որպես միջնադարը հասկանալու միջոցի, արդյոք անո՞ւմ եմ այն, ինչ վարչակարգն ինձնից ակնկալում է, թե՞ դա իմ անկեղծ հետաքրքրությունն է։ Դժվար է ասել։ Ուստի՝ ես, հավանաբար, չէի ցանկանա չափազանց խիստ դատել Կոնդակովին։ Նա իր ժամանակի մարդն էր, և դա, իհարկե, արտացոլվում է նաև նրա գիտական աշխատանքներում։
-Ձեր հոդվածում նշում եք, որ Կոնդակովն ակնհայտորեն նախապատվությունը տալիս էր վրացական ավանդույթին։ Ինչպե՞ս եք դա բացատրում այն ժամանակվա Կովկասում Ռուսաստանի վարած մշակութային քաղաքականության համատեքստում։ Եվ արդյո՞ք նման մոտեցում կարելի է տեսնել նաև այդ շրջանի ցարական մյուս պատմաբանների մոտ։
-Այո՛, սա հիանալի թեմա է։ Մարգարիտա Խախանովայի (Margarita Khakhanova) հետ մենք գրել ենք մի գիրք, որը կոչվում է «Հայատյացություն» (Armenophobia) և նվիրված է հենց այն ժամանակաշրջանին, երբ վրացական և հայկական կողմերի միջև այս, ասենք, լարվածությունը, հասել էր գագաթնակետին։ Ի դեպ, հենց այդ մասին եմ խոսելու նաև վաղը, և, կարծում եմ, Մարգարիտան՝ նույնպես։
19-րդ դարի վերջին քառորդում Ռուսական կայսրությունը կանգնած էր մի շարք լուրջ ներքին խնդիրների և սպառնալիքների առաջ։ Այդ վտանգների թվում էին ազգային շարժումները, օրինակ՝ 1860-ական թվականների լեհական ապստամբությունը, ինչպես նաև՝ հայկական ազգային շարժման ակտիվացումը։ Մյուս կարևոր գործոնը հեղափոխական և անարխիստական խմբերի գործունեությունն էր, որոնք 1881 թվականին սպանեցին Ալեքսանդր II ցարին։ Կայսրի սպանությունը ռուսական հասարակության և իշխանության համար լուրջ ցնցում էր։
Ազգային շարժումների և հեղափոխության հանդեպ այս վախը ռուսական վերնախավի մոտ ձևավորեց այն ընկալումը, թե հայերը կարող են վտանգ ներկայացնել կայսրության համար, որովհետև պոտենցիալ խռովարար են։ Նրանք նույն դավանանքը չունեն, այսինքն՝ քրիստոնյա են, բայց ոչ ուղղափառ, և միևնույն ժամանակ ունեն հեղափոխական հակումներ։ Այս պայմաններում իշխանությունները սկսեցին իրականացնել քաղաքականություն, որը նպատակ ուներ սահմանափակել հայկական մշակութային և հասարակական ազդեցությունը։ Փակվեցին եկեղեցուն կից և հայկական ծխական դպրոցները, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որոշ միջոցներ և ունեցվածք անցան պետական վերահսկողության տակ։
Միաժամանակ տարածվում էին նաև քարոզչական նյութեր, որոնք բացասական կերպար էին ձևավորում հայերի մասին։ Տարածաշրջանում հրապարակվող թերթերում հանդիպում էին հրապարակումներ, որտեղ հայերը ներկայացվում էին որպես կայսրության համար վնասակար կամ անցանկալի տարր։ Այս ամենը նպաստում էր հակահայկական տրամադրությունների տարածմանը։
Այդ շրջանում Հարավային Կովկասի ղեկավարներից մեկը նույնիսկ հայտարարում էր, որ մի քանի տարի անց, և հույս ուներ՝ անգամ մոտ տասը տարի հետո, Թիֆլիսում ընդամենը մի քանի հայ կմնա՝ որպես թանգարանային նմուշ։ Այսինքն՝ այդ շրջանում իսկապես նկատվում էր բավական ուժեղ հակահայկական քաղաքականություն։
Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև ձգվող սահմանային ամբողջ տարածքով հայերն ու հայկական մշակույթին պատկանող համայնքները հայտնվում էին լարվածության պայմաններում։ Այս իրավիճակում գիտնականները նույնպես հարմարվում էին այդ քաղաքականությանը և սկսում էին գրել արվեստի պատմության ու հնագիտության վերաբերյալ աշխատություններ, որոնք ակնհայտորեն նվազեցնում էին հայկական բաղադրիչի նշանակությունը՝ տարածաշրջանն ավելի հեշտ վերահսկելու նպատակով։
Միաժամանակ կիրառվում էր նաև հռոմեական «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը, որը կայսերական քաղաքականության տարածված գործիքներից էր։ Եթե նպատակ ունես թուլացնել հայերի դիրքերը, ապա դրա ձևերից մեկը կարող է լինել վրացիների դերի ընդգծումը։ Այդ կերպ հնարավոր է ներքին լարվածություն ստեղծել տարբեր համայնքների միջև, ինչը, ի վերջո, կարող է բերել այն արդյունքին, որ իշխանությունները ցանկանում են՝ թուլացնել կամ դուրս մղել այն համայնքը, որի գործունեությունը փորձում են սահմանափակել։
Նման օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր հատվածներում։ Քաղաքական մակարդակում նման մեթոդներ կիրառել են բազմաթիվ գաղութատիրական կայսրություններ։ Ամենահայտնի և ողբերգական օրինակներից մեկը Բելգիայի վարած քաղաքականությունն էր Կենտրոնական Աֆրիկայում՝ թութսիների ու հութուների նկատմամբ։ Այդ քաղաքականության արդյունքում ստեղծված լարվածությունը հետագայում հանգեցրեց 1994 թվականի սարսափելի ցեղասպանությանը։ Սա ընդամենը ամենահայտնի օրինակներից մեկն է, սակայն նման գործընթացները տարբեր ձևերով տեղի են ունեցել բավական համակարգված կերպով։
Գիտությունը նույնպես հաճախ հետևել է այս միտումներին՝ նպաստելով որոշ խմբերի բաժանմանը, մարգինալացմանը կամ նրանց դերի նվազեցմանը։ Իսկ եթե խոսենք կոնկրետ Ռուսական կայսրության մասին, ապա Կոնդակովն այդ առումով ամենևին էլ միակը չէր։ Ինչպես արդեն նշեցի, Մարգարիտա Խաչանովան խոսելու է Պրասկովյա Ուվարովայի մասին, որը ևս գործում էր նույն ուղղությամբ։ Բայց, ընդհանուր առմամբ, պաշտոնական գիտության զգալի հատվածն առնվազն երկու տասնամյակ շարունակ զարգացնում էր նույն ուղղությունը։
- Շնորհակալություն։ Դուք առաջարկում եք տրանսմշակութային (անդրմշակութային) հեռանկարը որպես այլընտրանք թե՛ ազգային, թե՛ կայսերական մոդելներին։ Ո՞րն եք համարում նման մոտեցման հիմնական մեթոդաբանական առավելությունը, և ի՞նչ ռիսկեր կամ սահմանափակումներ եք Դուք ինքներդ տեսնում դրանում։
-Այո՛, սա շատ հետաքրքիր հարց է։ Մի կողմից՝ աշխարհը որպես ոչ տրանսմշակութային տարածք պատկերացնելը, կարծում եմ, հիմնարար սխալ է։ Եթե երկու մշակույթներ գտնվում են միմյանց մոտ, ապա դրանք անխուսափելիորեն փոխազդելու են, եթե նրանց միջև պատ չկառուցվի։ Բայց նույնիսկ պատերի առկայության դեպքում, ինչպես պատմության ընթացքում ենք տեսել, մարդիկ շարունակում են անցնել մի կողմից մյուսը։
Մարդկանց միավորող ոչինչ այնքան ուժեղ չէ, որքան գետերն ու լեռները։ Մարդը պետք է շարժվի և անցնի մի տարածքից մյուսը։ Այսինքն՝ սահմանները հատելու և միմյանց հետ շփվելու այդ անհրաժեշտությունը մարդկության իրականության կարևոր մասն է։ Մենք մշտապես փոխազդում ենք միմյանց և խառնվում ենք միմյանց հետ։ Սա նաև գենետիկական պատճառներ ունի․ մենք պետք է խառնվենք, հակառակ դեպքում կայլասերվենք։ Օրինակ՝ մեկուսացված հովիտներում ապրող համայնքներում հաճախ հանդիպում են գենետիկական հիվանդություններ, որոնք, հակառակը, ավելի քիչ են տարածված այն վայրերում, որտեղ մարդիկ մշտապես շփվում միմյանց հետ և խառնվում են միմյանց։
Այսպիսով՝ հիմնական գաղափարն այն է, որ մենք պարզապես չենք կարող չլինել տրանսմշակութային։ Մյուս կողմից, դուք խոսեցիք նաև մեթոդաբանության մասին, և դա նույնպես մասամբ ճիշտ է։ Այս ուղղությամբ ուսումնասիրությունները հատկապես ակտիվացել են վերջին 20 տարիներին, սակայն իրականում շատ ավելի վաղ էլ կային հետազոտողներ, ովքեր փորձում էին մշակույթը հասկանալ որպես փոխազդեցությունների և փոխանակումների արդյունք։
Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ պետք է նաև անկեղծ լինենք և ընդունենք, որ սա որոշակիորեն քաղաքական դիրքորոշում է։ Ինչպես արդեն նշեցինք, գիտությունն ու քաղաքականությունը միշտ սերտորեն կապված են։ Գիտական հետազոտությունը հաճախ ինքնին կարող է լինել քաղաքական դիրքորոշման արտահայտություն։
Եթե դիտարկենք մարդկության պատմության վերջին երկուսուկես դարերը, ապա կտեսնենք միմյանց հետ մրցակցող երկու մոդել՝ բռնի կայսերապաշտություն /իմպերիալիզմ/ և բռնի ազգայնականությունը։ Իսկ ո՞րն է ավելի վատը։ Չգիտեմ։ Դա մի տեսակ ճնշող է, որովհետև այն, ինչ արել են Ռուսական կայսրությունը, Բրիտանական կայսրությունը, Բելգիական կայսրությունը, Ֆրանսիական կայսրությունը, այնպիսի բան է, որը չէիր ցանկանա կրկնել։
Այն, ինչ արել են ազգերը՝ ոչնչացնելով երկրների բազմազանությունը, դրանից ավելի լավը չէ։ Մի կողմից՝ ես կարծում եմ, որ տրանսմշակութայնությունը մարդկությանը բնորոշ երևույթ է։ Մյուս կողմից՝ կարծում եմ, որ սա նաև համակեցության լավագույն մոդելներից մեկն է։
Եթե պատկերացնենք նախաժամանակակից Կովկասը կամ, ասենք, 19-րդ դարը, ապա կտեսնենք, որ հայ համայնքներ կային ամենուր՝ Թիֆլիսում, Բաքվում, Երևանում։ Տարածաշրջանում կային նաև տարբեր լեզվական և մշակութային համայնքներ։ Քաղաքները հարստանում էին այդ բազմազանության շնորհիվ։ Մտավորական, առևտրական և տնտեսական վերնախավերը մի քաղաքից մյուսն էին տեղափոխվում և կապեր ստեղծում տարբեր համայնքների միջև։
Վերջին մեկ դարի ընթացքում մենք կորցրել ենք այդ բազմազանության մեծ մասը, իսկ վերջին 35 տարիների ընթացքում՝ ավելի շատ։ Արդյո՞ք մենք ինչ-որ բան շահում ենք՝ ստեղծելով ավելի կամ պակաս միազգ հասարակություններ։ Ես կասկածում եմ։
Ուստի, եթե վերադառնանք ձեր հարցին, կարծում եմ՝ տրանսմշակութայնությունը և՛ մարդկության իրական էությանը համապատասխանող երևույթ է, և՛ մշակույթն ուսումնասիրելու ավելի ճիշտ մեթոդաբանություն։ Բայց ես չեմ կարծում, որ այն ապագայի համար մեծ հույս է տալիս։ Իսկ եթե խոսենք դրա սահմանների մասին, ապա ակնհայտ է, որ այսօր շատ մարդիկ կարծում են, թե ես ամբողջովին սխալվում եմ։ Եվրոպայում և ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնք խոսում են «սպիտակների գերակայության» մասին, ազգային պաշտպանության, պատեր կառուցելու և տարբեր խմբերի միջև խառնվելուց խուսափելու մասին։ Ես հասկանում եմ նրանց վախը։ Հասկանում եմ նաև այն քաղաքական առաջնորդներին, որոնք օգտագործում են այդ վախերը սեփական իշխանությունը ամրապնդելու համար՝ շահարկելով մարդկանց անհանգստությունները։ Բայց ես միանշանակ համոզված եմ, որ նրանք սխալվում են։ Այդ ճանապարհով մենք կորցնում ենք մարդկության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Եվ վերադառնալով հայկական արվեստի և դրա ինքնատիպության մասին Ձեր հարցին՝ ես արդեն նշել եմ, որ հայկական մշակույթն առանձնահատուկ է հենց այն պատճառով, որ այն միաժամանակ երկու հատկություն ունի։ Մի կողմից՝ այն հստակ ձևավորված ինքնություն ունի, իսկ մյուս կողմից՝ բաց է ամբողջ աշխարհի նկատմամբ։ Հայերը սփռված են եղել աշխարհի տարբեր անկյուններում, և նրանց արվեստն ու մշակույթը մշտապես ակնհայտ երկխոսության մեջ են եղել շրջապատող աշխարհի հետ։
-Շնորհակալություն։ Կոնդակովի կերպարը՝ նախկին ճորտ, որը հետագայում դարձավ ակադեմիկոս, արդեն ինքնին եզակի է։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող էր նրա կյանքի փորձն ազդել ծայրամասային մշակույթների նկատմամբ նրա ընկալումների վրա, և արդյո՞ք դա արտացոլվում է նրա փ աշխատություններում։
-Տեսեք, ես այս հարցին արդեն բավական ընդգծված պատասխանեցի, որովհետև կարծում եմ, որ հասարակության ստորին խավերից նրա ծագումը մեծապես պայմանավորեց նրա հավատարմությունը վերնախավի և հենց կայսերական իշխանության նկատմամբ։ Այդ իմաստով ես գրեթե ամեն ինչ, ինչ նա արել է, կվերլուծեի՝ հաշվի առնելով նրա անձնական պատմությունը։ Միևնույն ժամանակ, եթե շատ պարզ ձևակերպեմ, նա փորձում էր Բյուզանդիայի մասին ստեղծել այնպիսի պատկերացում, որտեղ այն ներկայացվում էր որպես շատ բարդ, բայց միևնույն ժամանակ միասնական կայսրություն։ Իսկ ես կարծում եմ, որ նա Բյուզանդիայի մեջ փորձում էր տեսնել հենց Ռուսական կայսրությունը։ Այսինքն՝ դա ներկայի խնդիրների մի տեսակ տեղափոխումն էր անցյալ։ Այս իմաստով նա փորձում էր ծայրամասերը ներկայացնել որպես կենտրոնի իշխանությունը հաստատող մի բան։ Եվ հենց այս մոտեցմամբ է նա վերլուծում, օրինակ, Հայաստանն ու Վրաստանը։ Նա մեծապես հիմնվում է այն գաղափարի վրա, որ այն, ինչը բարձր որակի չէ, կարելի է վերագրել Կովկասին, մինչդեռ այն, ինչը բարձրարժեք և զարգացած է, կապվում է կենտրոնի հետ։ Ես այստեղ տեսնում եմ կայսերական իշխանության հեղինակության և օրինականության հաստատման փորձ։ Այսպիսով՝ նրա ողջ գործունեությունը մինչև 1920 թվականի արտագաղթը, կարելի է դիտարկել որպես կայսերական իշխանության արդարացմանն ուղղված աշխատանք։
-Պրոֆեսո՛ր Ֆոլետտի, շնորհակալություն՝ այսօր մեզ միանալու համար։