2026
2026-10-14
«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի շրջանակում Օքսֆորդի համալսարանի Վրացագիտական ծրագրի հետազոտողներ, պատմաբաններ՝ Սոփիո Կադագիշվիլին (Վրաստան, Թբիլիսիի պետական համալսարան) և Մանուչար Գունցաձեն (Վրաստան, Ձեռագրերի ազգային կենտրոն) «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում անդրադարձել են Օքսֆորդի համալսարանում իրենց կատարած հետազոտություններին, որոնցով հայ-վրացական պատմական հարաբերությունները դիտարկվում են մի նոր դիտանկյունից։ Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի Օլիվեր և Մարջորի Ուորդրոփների արխիվը պարունակում է 20-րդ դարասկզբին Հարավային Կովկասին վերաբերող չթվայնացված արխիվային նյութեր՝ անձնական նամակներ, պաշտոնական զեկույցներ և անձնական-գործնական օրագրեր, որոնք բացահայտում են Կովկասում Մեծ Բրիտանիայի գլխավոր հանձնակատարի տեսակետը՝ որպես արտաքին դիտորդի։
-Բարև՛ Ձեզ։
Այսօր մենք զրուցելու ենք Օքսֆորդի համալսարանի Վրացագիտական ծրագրի երկու հետազոտողների և «Armeno Georgica» միջազգային կոնգրեսի մասնակիցների հետ։ Մեր հյուրերն են Սոփիո Կադագիշվիլին՝ Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, և Մանուչար Գունցաձեն՝ Ձեռագրերի վրացական ազգային կենտրոնի ավագ գիտաշխատող։ Նրանց հետազոտությունները վերաբերում են վրացական, հայկական, ավելի ընդգրկուն՝ հարավկովկասյան պատմության տարբեր ժամանակաշրջաններին ու խնդիրներին, մասնավորապես՝ պատմական ինքնությանը, պատմագրությանը, արխիվային աղբյուրներին ու հայ-վրացական հարաբերություններին։ Հարգելի՛ հետազոտողներ, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։
Տիկին Կադագիշվիլի, ներկայումս Դուք աշխատում եք Օքսֆորդի համալսարանում։ Արդյո՞ք միջազգային ակադեմիական այս միջավայրը փոխել է միջնադարյան Հարավային Կովկասում վրացական և հայկական պատմական ինքնության ուսումնասիրության Ձեր մոտեցումը։
Սոփիո Կադագիշվիլի
-Ողջունում եմ Ձեզ։ Նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունն ու ուրախությունն արտահայտել այս գիտաժողովի առթիվ, քանի որ այն վրաց և հայ հետազոտողների ու գիտնականների ապագա համագործակցության օրինակներից է։ Դուք միանգամայն իրավացի եք. Օքսֆորդի համալսարանում հետազոտություն կատարելն ինձ համար մեծ հնարավորություն է։ Ես աշխատում եմ ոչ միայն վրացական աղբյուրների վրա. այժմ իմ նպատակն է ուսումնասիրել նաև օտար աղբյուրները, և հայկական աղբյուրները, բնականաբար, իմ հետազոտության մասն են կազմում։ Աղբյուրներն ընթերցելիս, այդ թվում՝ հայկական, ես Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները տեսնում եմ այլ դիտանկյունից։ Հուսով եմ, որ Վրաստան վերադառնալուց հետո կշարունակեմ աշխատել գիտական նոր նախագծի վրա, և մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք նաև ապագայում համատեղ նախագիծ իրականացնելու։
-Շնորհակալություն։
Պարո՛ն Գունցաձե, Ուորդրոփի (խմբ․՝ Wardrop- նշված "wardrobe collection" արտահայտությունը վերաբերում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի հայտնի Օլիվեր և Մարջորի Ուորդրոփների հավաքածուին (Wardrop Collection), որը պարունակում է Հարավային Կովկասին վերաբերող արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր)* հավաքածուն ներկայացնում է բրիտանական տեսակետը 20-րդ դարի հայկական և հարավկովկասյան աղբյուրների վերաբերյալ։ Այսպես՝ ի՞նչ նոր տեղեկություններ է մեզ հաղորդում այս աղբյուրը, որը հայկական և վրացական աղբյուրները չեն արձանագրել։
Մանուչար Գունցաձե
-Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Երբ խոսում ենք արխիվային նյութերի, օրինակ՝ անձնական նամակների մասին, դրանք, իհարկե, որոշ չափով սուբյեկտիվ են, սակայն ինձ համար չափազանց կարևոր նյութ են, քանի որ այդ մասը Բոդլիի գրադարանի կողմից դեռևս թվայնացված չէ։ Այս արխիվային նյութերն ինձ ավելի շատ տեղեկություն են տալիս ոչ միայն վրացական, հայկական կամ կովկասյան պատմության որոշ փաստեր վերականգնելու, այլև տեսնելու, թե ինչպես են դրսից նայել պատմական փաստերին կամ Հարավային Կովկասի հասարակ մարդկանց կյանքին։ Օրինակ՝ ինչպես է Օլիվեր Ուորդրոփն իր՝ Կովկասում գլխավոր հանձնակատար եղած ժամանակ տեսել հասարակ մարդկանց խնդիրները՝ գյուղական կյանքը, ենթակառուցվածքները, տրանսպորտի խնդիրը, որոնք մեր սեփական աղբյուրներից միշտ չէ, որ կարող ենք վերականգնել, քանի որ մեր պատմական աղբյուրներն ավելի շատ կենտրոնացած են այն հարցերի վրա, թե որքան լավն ենք մենք, և ավելի շատ տեղեկություններ են պարունակում քաղաքական իրավիճակի ու դիվանագիտության մասին։ Իհարկե, թե՛ կնոջն ուղղված նամակները, թե՛ պաշտոնական զեկույցներն ավելի շատ առնչվում են դիվանագիտությանը, սակայն այդ տեղեկությունների հետևում մենք կարող ենք տեսնել նրա վերաբերմունքը, նրա զգացումները մարդկանց՝ հասարակ մարդկանց և նրանց խնդիրների նկատմամբ։ Ուստի՝ դա ինձ համար շատ հետաքրքիր նյութ է՝ Հարավային Կովկասի հասարակ մարդկանց սոցիալական կյանքի մասին լրացուցիչ տեղեկություններ վերականգնելու համար։
-Շնորհակալություն։
Տիկի՛ն Կադագիշվիլի, միջնադարյան վրացական, ինչպես նաև հայկական աղբյուրներում ինքնությունը կարող էր ձևավորվել ծագմամբ, դավանանքով, քաղաքական հավատարմությամբ, ինչպես նաև՝ մշակութային պատկանելությամբ։ Այս կարգերից ո՞րն եք համարում առավել օգտակար՝ հասկանալու համար, թե ինչպես է կոլեկտիվ ինքնությունն իրապես գործել միջնադարյան Հարավային Կովկասում։
Սոփիո Կադագիշվիլի
-Շնորհակալություն հարցի համար։ Հարցն, ընդհանուր առմամբ, շատ բարդ է։ Ես դեռևս փնտրում եմ պատասխանները, և թերևս երկար տարիներ պահանջվեն որոշակի պատասխան գտնելու համար, բայց կաշխատեմ պատասխանել։
Անկեղծ ասած, վրացական և հայկական միջնադարյան հասարակությունները շատ ընդհանրություններ ունեն, որովհետև մենք կիսում ենք սահման՝ ոչ միայն քաղաքական, այլև՝ մշակութային: Հենց այն պատճառով, որ մենք միմյանց շատ մոտ էինք, փորձում էինք գտնել մեր յուրահատկություններն ու տարբերությունները։ Միմյանց համար մենք ներկայացնում էինք «կարևոր օտարը», քանի որ ցանկանում էինք ամրապնդել ոչ միայն մեր քաղաքական ուժը, այլև՝ մշակութային, և ընդգծել մեր յուրահատկությունը մյուսների նկատմամբ։ Մեզ համար հայերը շատ կարևոր հարևաններ էին և հանդես էին գալիս որպես այսպես կոչված «կարևոր ուրիշ»-ը։ Այն, ինչ տեսնում եմ հայկական աղբյուրներում, հատկապես՝ վարքագրական աղբյուրներում, քանի որ իմ հետազոտության հիմքը գլխավորապես վարքագրություններն են, թեև ոչ բացառապես դրանք։ Միջնադարում վարքագրական երկերը հսկայական տեղեկություն են պարունակում ընկալումների մասին, և այդպիսի տեքստերը գիտակցաբար ստեղծվել են ազգերի ինքնագիտակցությունն ամրապնդելու կամ ձևավորելու համար։ Ահա թե ինչու որոշեցի պարզել, թե որոնք են էթնիկության ընդհանուր և բացառիկ հատկանիշները՝ ոչ թե հայերի և վրացիների միջև, այլ ընդհանրապես՝ միջնադարյան հասարակություններում։ Ես դեռ ուսումնասիրում եմ և հուսով եմ, որ շուտով կներկայացնեմ արդյունքները։
Սակայն, մեր բազմաթիվ վարքագրություններից ելնելով, առաջին իսկ հայացքից, հայկական վարքագրությունն իսկապես շատ հարուստ է։ Կարող եմ ասել, որ Դուք՝ հայ հետազոտողներդ, հնարավորություն ունեք հայկական վարքագրության հիման վրա բացահայտելու հայ ժողովրդի ինքնաընկալումը։ Եվ կասեմ՝ ինչու։ Այն էթնիկ առանձնահատկությունները, որոնց մասին դուք արդեն նշեցիք՝ կրոնը, մշակույթը, լեզուն և այլ էթնիկ հատկանիշներ, լայնորեն արտացոլված են հատկապես հայկական վարքագրության մեջ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն վարքագրությանը․ այս առումով վրացական վարքագրությունը նույնպես հարուստ է պատմական տեղեկություններով։
Հայկական վարքագրությունը նույնպես չափազանց հարուստ պատմական նյութ է պարունակում։ Հայկական և վրացական վարքագրությունը, ինքնության ուսումնասիրման տեսանկյունից դիտարկելը, շատ կարևոր և հետաքրքիր ուղղություն է։ Ցավոք, ես դեռ չեմ հանդիպել նման հետազոտության․ չեմ տեսել որևէ աշխատանք, հոդված կամ գիրք, կամ գրքի առանձին թեմա, որը կենտրոնացած լինի հայկական վարքագրության ուսումնասիրության վրա՝ հայկական ինքնության տեսանկյունից։ Եվ, հավատացեք, սա իսկապե՛ս արժե ուսումնասիրել։
-Պարոն Գունցաձե, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է գիտնականների նոր սերունդը՝ թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից և ոչ միայն, հայ-վրացական ուսումնասիրությունները բարձրացնել ակադեմիական նոր մակարդակի և բացել քննարկումների նոր դաշտ։
Մանուչար Գունցաձե
-Առաջին հերթին, իհարկե, այսպիսի գիտաժողովները շատ լավ հնարավորություն են մեր գիտական երկխոսությունն ու հետազոտությունները զարգացնելու համար, քանի որ մենք փոխանակում ենք գիտական նորույթներ, նոր գաղափարներ և, հնարավոր է, հետազոտություններ։ Օրինակ՝ Օքսֆորդի համալսարանը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք ավելի զարգացնել մեր գիտական ոլորտները, քանի որ հնարավորություն ունենք մեր գաղափարները քննարկելու Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորների հետ և արևմտյան կողմից նոր գաղափարներ ստանալ։ Դա, իսկապես, լավ է։ Այսպիսով՝ գլխավորն այն է, որ գաղափարներ փոխանակենք միմյանց հետ՝ տարբեր գիտական ոլորտների ու բնագավառների, տարբեր երկրների միջև, և չփակենք մեր գիտական դաշտը՝ ասելով. «Ո՛չ, մենք լավագույնն ենք և կարիք չունենք այլ պրոֆեսորների, այլ գիտնականների հետ շփումների»։ Գլխավոր խնդիրը գաղափարների փոխանակումն է։
-Տիկի՛ն Կադագիշվիլի, եթե ճիշտ ենք հասկանում Ձեր մոտեցումը, Զաքարյան-Մխարգրձելիների տոհմի ժառանգությունը հայկական և վրացական ազգային պատմությունների միջև բաժանելու փոխարեն մենք պետք է այն դիտարկենք որպես ընդհանուր պատմական ավանդույթ։ Այդպե՞ս է։
Սոփիո Կադագիշվիլի
-Անշո՛ւշտ։ Այս ընտանիքը բազմաշերտ էթնիկ ինքնության շատ լավ օրինակ է։ Ինչպես երեկ նշեցի, սա լավ օրինակ է ցույց տալու համար, որ ինքնությունը, մի կողմից, հաստատուն երևույթ է, բայց մյուս կողմից՝ նաև փոփոխական և ոչ կայուն։ Այդ ժամանակահատվածում՝ 12-13-րդ դարերում, վրացի լինելը և հայ լինելը միայն ծագում չէր։ Պատկերացրեք՝ նույնիսկ նախորդ դարի գիտական տեքստերում էթնիկությունը հասկացվում էր առաջին հերթին որպես ծագում։ Իհարկե, ծագումը բացառված չէ էթնիկ ինքնությունից, սակայն որոշիչ չէ։ Այս դեպքում Մխարգրձելիների տոհմը, որին Դուք անվանում եք Զաքարյաններ, կիսում են երկու ազգերը։ Մենք՝ վրաց պատմագրությունը, նրանց ընկալում ենք որպես վրացի ազնվականներ, իսկ եթե նայենք հայ պատմագրությանը և ոչ միայն պատմագրությանը, այլև` հայկական միջնադարյան աղբյուրներին, Մխարգրձելիները համարվում են նաև հայ։
Երկու տարի առաջ, երբ Գերմանիայում էի, ինձ շատ հետաքրքրեց այս հարցով ուսումնասիրություն սկսելու գաղափարը։ Իմ սկզբնական թեման Մխարգրձելի ընտանիքը չէր։ Ես ունեի մի մեջբերում էթնիկ ինքնության վերաբերյալ, բայց չէի նախատեսում ընտանիքն ուսումնասիրել հենց ինքնության տեսանկյունից։ Սակայն հետո պարզեցի, որ այս հարցի շուրջ մեր ընկալումների միջև էական տարբերություն կա, և հասկացա, որ պետք է ուսումնասիրեմ դրա արմատները։ Ցանկանում էի հասկանալ, թե ինչու է ժամանակակից շրջանում ձևավորվել նման տարբեր ընկալում, և պարզեցի, որ դրանց հիմքերը հասնում են մինչև միջնադարյան աղբյուրներ։ Ահա թե ինչու որոշեցի զբաղվել այս թեմայով, որը շատ ծավալուն է։ Ես օգտագործել եմ պատմողական աղբյուրներ, սակայն միջնադարյան շրջանի ինքնության ընկալումն ուսումնասիրելու համար, հատկապես, եթե հաշվի առնենք Մխարգրձելիների դեպքը, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այլ՝ վիմագրական աղբյուրներին, արձանագրություններին, վավերագրերին և օտար աղբյուրներին։ Առանձին թեմա է այն, թե ինչպես են վրաց և հայ միջնադարյան հեղինակներն ընկալել իրենք իրենց։ Արձանագրությունները ցույց են տալիս, թե ինչպես են այդ մարդիկ ընկալել իրենց տեղը հայ և վրաց հասարակության մեջ, և թե ինչպես են օտարները՝ բացի հայերից ու վրացիներից, ընկալել նրանց։
Այսպիսով՝ ինչպես արդեն նշեցի, սա ընդարձակ, հիմնարար հետազոտական թեմա է, սակայն սկզբում որոշեցի իմ նախագիծը սկսել միջնադարյան վրացական և հայկական պատմողական աղբյուրներից, և շատ հետաքրքիր բացահայտումներ եղան։ Պարզվեց, որ հայերի պարագայում ինքնությունը գլխավորապես ասոցացվում էր հայոց հավատքի հետ, և դա տեսանելի է հայկական աղբյուրներից։ Սակայն, ըստ վրացական աղբյուրների, օրինակ՝ Զաքարեի հայադավանությունը խոչընդոտ չէր վրացական քաղաքական և մշակութային ոլորտին ինտեգրվելու համար։ Սա հսկայական նյութ է, և ես ամեն ջանք գործադրում եմ շարունակելու իմ հետազոտությունը՝ համեմատելու այլ տիպի աղբյուրներ։ Անհամբեր սպասում եմ արդյունքներին՝ Ձեզ հետ կիսվելու համար։
-Պարո՛ն Գունցաձե, Ուորդրոփի հավաքածուի ո՞ր մասն եք համարում առավել խոստումնալից ապագա հետազոտությունների համար՝ հայոց պատմության, ինչպես նաև՝ հայ-վրացական հարաբերությունների առումով։
Մանուչար Գունցաձե
-Թերևս ամբողջ հավաքածուն։ Ինչո՞ւ։ Որովհետև այս հավաքածուն կարելի է բաժանել մի քանի մասի. Օրինակ՝ նրա անձնական նամակները՝ ուղղված քրոջը կամ կնոջը, ինչպես նաև պաշտոնական զեկույցները և անձնական գործնական օրագրերը։ Այս մասերից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունն ու պարունակում է եզակի տեղեկատվություն։ Օրինակ՝ նամակներում կարող ենք տեսնել, թե նա ինչպես էր վերաբերվում պատմական որոշակի իրադարձությունների և փաստերի։
Կարող ենք ուսումնասիրել գործնական բնույթի տեղեկությունները, տարբեր անձնական նամակները։ Սակայն, իհարկե, որոշ պատմական իրադարձություններ վերականգնելու համար շատ կարևոր է օգտագործել նաև պաշտոնական զեկույցները։ Ինձ համար հատկապես կարևոր է կարդալ նրա անձնական գործնական օրագրերը, և ահա թե ինչու։ Դրանցում գուցե չտեսնենք նրա զգացմունքները, սակայն կարող ենք տեղեկություններ ստանալ այն մասին, թե ում հետ էր նա հանդիպում՝ վրացի և հայ պաշտոնյաներից, և, հնարավոր է, հասկանալ, թե այդ ժամանակ ինչն էր կարևոր այս մարդու համար։ Քանի որ այդ ժամանակաշրջանում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նա գտնվում էր Հարավային Կովկասում, օրինակ, Կովկասի և Միացյալ Թագավորության միջև հսկայական տարբերություն կար՝ տնտեսական իրավիճակը, ենթակառուցվածքները և առկա խնդիրները շատ տարբեր էին։
Եվ հենց այդ պատճառով մեզ համար կարևոր է դիտարկել արտաքին այդ տեսակետը՝ հասկանալու, թե նա, որպես քաղաքացիական պատերազմի համատեքստում գործող անձ, ինչպես էր ընկալում և ինչպիսի փորձառություն էր ձեռք բերում Հարավային Կովկասում։
-Շնորհակալությո՛ւն, հարգելի՛ հետազոտողներ։
-Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար։