2026

Հայերը Ոսկե Հորդայում. Իլնուր Միրգալեև, Անվար Ակսանով

2026-09-28

«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի շրջանակում պատմաբաններ Անվար Ակսանովն ու Իլնուր Միրգալեևն (Կազան, ՌԴ) «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում անդրադարձել են Ոսկե Հորդայի և Կազանի խանության պատմության մեջ հայկական համայնքի թողած հետքին, հայ-վրացական աղբյուրների բացառիկ արժեքին, «թաթարներ» եզրույթի պատմական ընկալումներին, Կազանի խանությունում հայկական ներկայության փաստերին ու ավանդություններին, ինչպես նաև՝ պատմագրական կարծրատիպերից զերծ համատեղ գիտական հետազոտությունների հեռանկարներին։

-Բարև Ձեզ։ Այսօր կզրուցենք Կազանից ժամանած մասնագետների՝ «Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի մասնակիցների հետ։ Անվար Ակսանովն ու Իլնուր Միրգալեևը ներկայացնում են Շ․ Մարջանիի անվան Պատմության ինստիտուտն ու Մ․ Ուսմանովի անվան Ոսկե Հորդայի և թաթարական խանությունների ուսումնասիրման կենտրոնը։ Մասնակիցների առաջին զեկուցումը նվիրված է Կազանի խանության պատմության մեջ հայերի հետքին, մյուսը՝ հայկական և վրացական աղբյուրներին։ Սա երկու տարբեր տեսանկյուններից ներկայացված նույն փորձն է։ Պարոնա՛յք, շնորհակալություն ենք հայտնում Հայաստան ժամանելու և Կոնգրեսին մասնակցելու համար։ Պարո՛ն Միրգալեև, Դուք նախևառաջ հայտնի եք որպես աղբյուրագետ։ Ձեր զեկույցն առաջին անգամ այդ ավանդության համատեքստում շրջանառության մեջ է դնում հայկական և վրացական տեքստերը։ Ի՞նչ են հաղորդում հայ և վրաց հեղինակները թաթարների մասին, ինչը բացակայում է այլ աղբյուրներում։ Դրանք լրացուցիչ մանրամասնե՞ր են պարունակում, թե՞ սկզբունքորեն այլ տեսանկյուն են ներկայացնում։

Իլնուր Միրգալեև

-Սա յուրօրինակ և հետաքրքիր դեպք է, քանի որ հայ և վրացի հեղինակները բավական ընդարձակ տեղեկություններ են հաղորդում թաթարների մասին, և խոսքը, իհարկե, առաջին հերթին միջնադարյան թաթարների մասին է։ Այժմ մենք իրականացնում ենք Թաթարստանի հանրապետական նախագիծ՝ «Եվրասիայի տափաստան» անվամբ, և այդ նախագծի շրջանակում ունենք առանձին ուղղություն, որտեղ ձգտում ենք պարզաբանել «թաթարներ» եզրույթը, քանի որ այդ անվանումն աղբյուրներում արձանագրվում է արդեն ավելի քան 1600 տարի։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը մոտավորապես երկու հազար տարվա ժամանակահատվածի մասին է։ Եվ այդ եզրույթը տարբեր արտահայտումներ է ունեցել։ Այն և՛ էնդոէթնոնիմ է, և՛ էկզոէթնոնիմ, և՛ պոլիտոնիմ։ Ավելին՝ ի տարբերություն այլ էնդոէթնոնիմների, այն օգտագործվում է նաև որպես տեղանուն։

Պարզ է, որ իրենք թաթարները՝ որպես ժամանակակից թաթարներ, այդքան էլ շատ աղբյուրներ չեն թողել։ Ընդ որում, խոսքը գրեթե ամբողջ Եվրասիայի մասին է։ Եթե դիտարկենք միայն տեղանունները, ապա այն ներառում է Կորեան, Ճապոնիան և, մոտավորապես, մինչև Բալկաններ ձգվող տարածքը։ Եվ նրանք՝ «թաթարներ» եզրույթի կրողները, փոխազդեցության և կոնտակտային գոտու մեջ են մտել շատ ժողովուրդների հետ՝ չինացիներից մինչև եվրոպացիներ։ Եվ ահա XIII դարում, երբ ձևավորվում է Չինգիզ խանի կայսրությունը՝ այսպես կոչված մոնղոլական նվաճումների ընթացքում, և նրանք արդեն նվաճում են գրեթե ողջ Եվրասիան, ի հայտ են գալիս բավական մեծ թվով գրավոր աղբյուրներ, որոնցում նրանք հիշատակվում են։

Այս առումով հայկական և վրացական տեքստերը շատ հետաքրքիր են, քանի որ, չնայած իրենց տեղային բնույթին և տարածման համեմատաբար փոքր արեալին՝ Կովկասին, դրանք խիստ ինքնատիպ են։ Նախևառաջ այն պատճառով, որ հայ և վրացի հեղինակներն ունեին իրենց պատմագրական ավանդույթները, իրականության սեփական տեսլականը և աշխարհի սեփական պատկերը։ Եվ մենք ուզում ենք պարզել, թե հայ և վրացի մտավորականներն ի՞նչ իմաստ էին դնում այդ եզրույթի մեջ՝ այդ քաղաքական և էթնիկ երևույթները նկարագրելիս։ Այդ առումով հայկական աղբյուրները մեզ համար շատ կարևոր են։ Իհարկե, մենք ակնկալում ենք նաև հայ և վրացի գործընկերների, առաջին հերթին՝ աղբյուրագետների օգնությունը։ Աղբյուրագետներն ավելի լավ գիտեն այդ թեման ու այդ աղբյուրները և ավելի լավ են պատկերացնում դրանք իրենց պատմագրական ավանդույթների համատեքստում։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին և կոնկրետ տվյալներին, ապա իսկապես կան բազմաթիվ տեղային առանձնահատկություններ և նրբություններ, որոնք բացակայում են այլ աղբյուրներում։ Ես, օրինակ, Թոխթամիշի և Թամերլանի դիմակայությանը նվիրված աշխատանքում հենց հայկական աղբյուրների շնորհիվ կարողացա պարզաբանել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան։ Որոշ կարևոր տեղեկություններ նրա մասին պահպանվել են հենց հայկական աղբյուրներում։ Այդ իսկ պատճառով հայկական աղբյուրները կարևոր նշանակություն ունեն ինչպես փաստական, այնպես էլ` գաղափարախոսական և պատմագրական առումներով։

-Պարոն Ակսանով, Ձեր զեկույցի վերնագիրը տարանջատում է աղբյուրը, ավանդությունն ու պատմագրությունը։ Որտեղո՞վ է անցնում սահմանը։ Կազանի խանության հայկական սյուժեում ի՞նչն է դիմանում աղբյուրագիտական քննությանը, իսկ ի՞նչն է պարզվում որպես ավելի ուշ շրջանի հորինվածք կամ կառուցվածք։

Անվար Ակսանով

-Կազանի խանության պատմության հայկական դրվագի թեման շատ հետաքրքիր ստացվեց։ Մի կողմից՝ այս թեման բավական լավ ուսումնասիրված էր. բավական ներդաշնակ պատկեր էր ձևավորվել դեռևս XX դարի սկզբին՝ Խոդյակովի աշխատություններում։ 1923 թ. լույս տեսավ նրա մենագրությունը, որտեղ նա համադրել էր ժամանակակից աղբյուրների, առաջին հերթին «Կազանյան պատմության» տվյալները և ավելի ուշ շրջանի ավանդազրույցները, որոնք XIX դարում Կազանում գրի էր առել պրոֆեսոր Նիկոլայ Ֆյոդորովիչ Վիսոցկին՝ այդ ժամանակ Կազանում բնակվող հայ ավագ սերնդի ներկայացուցիչների և հայ մտավորականների խոսքերից։ Եվ թվում էր, թե առկա է մի ամբողջական պատկեր, ըստ որի՝ Կազանի խանությունում նրա գոյության ողջ ընթացքում եղել է հայկական համայնք։ Եվ դա, կարծես թե, հաստատվում էր բոլոր աղբյուրների տվյալներով, սակայն այստեղ, մի կողմից, առկա են այս թեմայի ուսումնասիրման հեռանկարները, իսկ մյուս կողմից՝ լուրջ խնդիրներ։ Բանն այն է, որ Կազանի խանության հայկական համայնքի մասին տեղեկությունները հաղորդում է միայն մեկ համաժամանակյա աղբյուրի՝ «Կազանի պատմության» հեղինակը։ Սակայն «Կազանի պատմության» հեղինակն իրադարձությունների ականատեսն է եղել և, ինչպես ինքն է գրում իր աշխատության մեջ, մոտ քսան տարի ապրել է Կազանում։ Այդ իսկ պատճառով նրա վկայությունն արժեքավոր է։ Իսկ ինչ վերաբերում է ավելի ուշ շրջանի ավանդությանը, ապա դրա և «Կազանի պատմության» հեղինակի հաղորդած տեղեկությունների միջև որոշ տարընթերցումներ կան։

Այդ իսկ պատճառով այս թեման շատ հեռանկարային է, և այստեղ իրենց անելիքն ունեն նաև հնագետները։ Խոսքը Կազանի տարածքում գոյություն ունեցած հայկական գերեզմանոցի տապանաքարերի մնացորդների և դրանց արձանագրությունների մասին է, որոնք պահպանվել են նույն պրոֆեսոր Նիկոլայ Վիսոցկու շնորհիվ։ Սակայն տապանաքարերը մեզ չեն հասել, պահպանվել են միայն արձանագրությունների պատճենները։ Եվ այդ ամենը պետք է ի մի բերել․ անհրաժեշտ է լրացուցիչ հնագիտական ուսումնասիրությունների միջոցով կա՛մ հաստատել, կա՛մ հերքել «Կազանի պատմության» հեղինակի այն պնդումը, որ Կազանի տարածքում հայկական համայնք է եղել։ Ես սա համարում եմ հետագա ուսումնասիրությունների հեռանկարային ուղղություն։ Շնորհակալություն։

-Շնորհակալություն։ Պարո՛ն Միրգալեև, որքանո՞վ կարող են հայկական և վրացական տեքստերն օգտակար լինել «թաթարներ» եզրույթի կիրառության և իմաստի ճշգրտման համար։ Փորձե՞լ են արդյոք վերաիմաստավորել թաթարների մասին եղած տեղեկություններն այդ տեքստերում։

Իլնուր Միրգալեև

-Նախագիծը սկսելուց առաջ գործ ունեինք պատմագրական որոշակի կարծրատիպի հետ․ համարվում էր, որ նախորդ ուսումնասիրողներն արդեն բավականաչափ լավ ուսումնասիրել են այդ հարցերը։ Բայց պետք է միշտ հիշել, որ պատմագրությունն այսօր էլ, ինչպես և միջնադարում, մեծապես պայմանավորված է գաղափարախոսությամբ։ Օրինակ՝ հայ և վրացի հեղինակները, լինելով քրիստոնյաներ և հիմնականում՝ եկեղեցական գործիչներ, հենվում էին աստվածաշնչյան սյուժեների վրա։ Նրանց աշխարհընկալումն աստվածաշնչային էր, և տեղի ունեցող իրադարձություններն իմաստավորվում էին նախևառաջ Աստվածաշնչի դիտանկյունից։ Չինացիներն, օրինակ, մի փոքր այլ կերպ էին պատկերացնում իրականությունը, մահմեդական հեղինակներն՝ այլ։

Հենց տարբեր աղբյուրագիտական ավանդույթների վերլուծությունն է թույլ տալիս մեզ հասկանալ այդ եզրույթը, հետևել, թե ինչպե՞ս է փոխվել դրա բովանդակությունը և ինչպե՞ս է այն ընկալվել տարբեր խմբերի կողմից։ Առավել ևս, երբ խոսում ենք XIII դարի մասին՝ նվաճումների մի ժամանակաշրջանի, երբ այդ ժողովուրդները հայտնվել էին հսկայական կայսրության իշխանության ներքո և միավորված էին ընդհանուր պոլիտոնիմով (անունով)՝ «թաթարներ»։ Այդ իսկ պատճառով այդ աղբյուրները նորովի մեկնաբանման կարիք ունեն։ Հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը նույնպես ցույց է տալիս, որ մենք չպետք է վախենանք համարձակ հարցեր բարձրացնելուց և մեր նախորդ ուսումնասիրողների մեկնաբանությունները վերանայելուց։ Երկրորդ՝ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ էր այդ ամենը նշանակում ժամանակակիցների համար։

Պարզ է, որ պատմագիտության կայացման փուլում՝ XIX դարի վերջում և մանավանդ XX դարի սկզբում, կար որոշակի գաղափարախոսություն, այդ իսկ պատճառով գիտական աշխատությունները գրվում էին որոշակի պատկերացումների, հայացքների և գաղափարախոսությունների դիտանկյունից։ Այսպես կոչված թյուրք-թաթարական խանությունները, որոնք միաժամանակ չինգիզական էին, այդ շրջանում արդեն գոյություն չունեին․ թաթարական ուժեղ իշխանություն այլևս չկար, ավելին՝ թաթարներն իրենք նվաճված էին։ Այդ իսկ պատճառով պատմագրական մոտեցումներն ու անցյալի մեկնաբանությունները լրիվ այլ բնույթ ունեին։

Իսկ միջնադարյան հեղինակներն այդ հասկացությունների մեջ այլ իմաստ էին դնում և բոլորովին այլ կողմեր էին կարևորում։ Իսկ այսօր՝ ժամանակակից գիտելիքների տեսանկյունից, մեզ համար և առաջին հերթին՝ թաթարների համար առանձնապես կարևոր է քննել այդ հարցերը, հեռանալ գաղափարախոսական մեկնաբանություններից և գիտական վերլուծության միջոցով պարզել, թե ի՞նչ էին նշանակում այդ հասկացությունները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և ինչպե՞ս էին փոխվում դրանց մեկնաբանությունները։ Եվ ես կցանկանայի նշել, որ հայ և վրացի հեղինակներն այդ առումով դասական օրինակ են, քանի որ բուն պատմական երկերում բացակայում է այն բացասական երանգը, որը հետագայում կհայտնվի պատմաբանների գնահատականներում։ Դա նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները մենք դեռ չունենք։ Մենք պատրաստ ենք բանավիճել, խորհրդածել և նոր հարցեր առաջադրել, քանի որ գիտությունն անընդհատ նորը փնտրելու գործընթաց է։ Եվ այդ իսկ պատճառով, կրկնում եմ, ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ կօգնեն հայ և վրացի աղբյուրագետները, որոնք ավելի լավ են կողմնորոշվում այդ հարցերում և մեզ հետ միասին կփորձեն գտնել առաջադրված հարցերի պատասխանները։

-Պարո՛ն Ակսանով, որքանո՞վ է ուսումնասիրված Ձեր թեման։ Ո՞րն է Ձեր նորույթը։

Անվար Ակսանով

-Թեման ուսումնասիրության առումով շատ հեռանկարային է, թեև առաջին հայացքից թվում էր, թե այն արդեն լավ ուսումնասիրված է։ Սակայն Կազանի խանության հայկական համայնքի և հայկական թաղամասի մասին չկա որևէ լուրջ առանձին ուսումնասիրություն, անգամ քիչ թե շատ ծավալուն գիտական հոդված։ Կա մեկ փոքր գիտահանրամատչելի ակնարկ և մի կարճ հատված Խոդյակովի գրքում։ Դրանով հանդերձ՝ բավականին շատ նյութ է կուտակվել, այդ թվում՝ աղբյուրներ, որոնք անմիջականորեն վերաբերում են այդ դարաշրջանին։ Դրանց թվում են «Կազանի պատմության» հեղինակի, Սիգիզմունդ Հերբերշթեյնի, ինչպես նաև օտարերկրյա այլ հեղինակների և ճանապարհորդների տեղեկությունները։ Կան նաև ավելի ուշ շրջանի աղբյուրներ, մասնավորապես՝ ավանդությունները։ Բացի այդ՝ մեզ հասել են վիմագրական վկայություններ։ Չնայած բուն արձանագրությունները մեզ չեն հասել, սակայն, շնորհիվ Նիկոլայ Վիսոցկու, պահպանվել են նրանց պատճենները։

Այդ ամենն, իհարկե, անհրաժեշտ է ի մի բերել և դիտարկել, ընդ որում՝ ոչ միայն փաստական մոտեցմամբ, այսինքն՝ այն տեսանկյունից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այլև որպես իրադարձությունների վերաբերյալ տարբեր հայացքների և փոփոխվող պատմական ավանդույթների արտացոլում։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, «Կազանի պատմության» հեղինակի հաղորդած տեղեկությունների և ավելի ուշ շրջանի ավանդությունների միջև ակնհայտ տարաձայնություններ կան, սակայն դրանք միայն առաջին հայացքից են հակասություն թվում։ Իրականում «Կազանի պատմության» հեղինակի խնդիրն էր ցույց տալ, որ Կազանը բազմամարդ և բազմադավան քաղաք էր, որտեղ ապրում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ թուրքեր, հայեր և այլք։

Իսկ ավելի ուշ շրջանի ավանդություններում առկա են այլ մոտիվներ, որոնք պատմում էին հայերի պատմության մասին։ Անշուշտ, այստեղ առկա է այդ պատմության ողբերգական մասը բացատրելու փորձ՝ թե ինչու է հայկական գաղթօջախն անհետանում աղբյուրների էջերից Կազանի գրավումից հետո։ Դա շատ կարևոր պահ է, որը բացատրություն է պահանջում։ Այդպես՝ ավելի ուշ շրջանում ձևավորվում է ավանդություն, ըստ որի՝ Իվան Ահեղը որոշել է մահապատժի ենթարկել բոլոր հայերին՝ իբր կազանցիներին դավաճանելու համար։

Միևնույն ժամանակ համաժամանակյա աղբյուրի՝ «Կազանի պատմության» հեղինակը հայտնում է, որ Իվան Ահեղը ներում է շնորհել նրանց և ընդունել։ Այսպիսով՝ այս վկայությունների միջև տարաձայնություններ կան, սակայն դրանք, ըստ իս, միայն թվացյալ տարաձայնություններ են։ Իրականում անհրաժեշտ է դիտարկել այդ սյուժեների մոտիվները և, իհարկե, լրացնել դրանք նոր տվյալներով։ Այնպես որ այդ թեմայի ուսումնասիրման հարցը հեռանկարային է։ Անհրաժեշտ է կրկին ուսումնասիրել օտարերկրյա ճանապարհորդների վկայությունները և դրանք ավելի խորությամբ վերլուծել, ինչպես նաև՝ ներառել ավելի ուշ շրջանի տեղեկությունները, որոնք կարելի է վերագրել Կազանի խանության ժամանակաշրջանին։

-Պարո՛ն Միրգալեև, Ձեր զեկույցում Դուք խոսում եք հեռանկարների մասին։ Արդյո՞ք խոսքը գնում է հայկական և վրացական գիտական կենտրոնների հետ ուղիղ համագործակցության մասին։

Իլնուր Միրգալեև

-Այո՛, մենք այդպիսի ծրագրեր ունենք։ Մենք արդեն համագործակցում ենք հայ գործընկերների հետ այդ նախագծերի շրջանակներում։ Բավականին լուրջ ծրագրեր ունենք քաղաքական պատմություն գրելու, աղբյուրագիտական ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև՝ արխիվներում աշխատելու ուղղությամբ։ Առանձնապես ինձ հետաքրքրում են հայկական պատմագրությունն ու հայերը՝ որպես առևտրական ժողովուրդ։ Դեռ Վոլգյան Բուլղարիայի ժամանակաշրջանում Վոլգայի միջին հոսանքի շրջանում գոյություն ունեին հայկական առևտրական համայնքներ, որոնք շարունակեցին գոյություն ունենալ նաև հետագա ժամանակաշրջաններում՝ Ոսկե Հորդայում և Կազանի խանությունում։ Կան, օրինակ, կրոնական բնույթի աղբյուրներ, որոնց լուսանցքներում պահպանվել են համառոտ տեղեկություններ Ոսկե Հորդայի խաների՝ Ուզբեկի, Ջանիբեկի և այլոց մասին։ Ոսկե Հորդայի քաղաքներում հայկական համայնքներն ակտիվորեն ներգրավված էին ներքին առևտրական համակարգի մեջ։ Այդ իսկ պատճառով ես այստեղ մեծ հեռանկարներ եմ տեսնում և պատրաստվում եմ վաղը իմ զեկույցում ներկայացնել հետագա ուսումնասիրությունների հնարավոր ուղղությունները։ Մենք պատրաստ ենք հրավիրել մեր գործընկերներին համագործակցության և հրատարակել նրանց աշխատությունները։

Ավելին՝ մենք կարող ենք առաջարկել հնարավորության դեպքում հրատարակել հայկական և վրացական աղբյուրներից այն տեղեկությունները, որոնցում հիշատակվում են թաթարները, և պատրաստ ենք ստանձնել այդ աշխատանքի կազմակերպչական կողմը։ Եվ, իհարկե, մենք կազմակերպում ենք նաև բավականին խոշոր միջոցառումներ։ Նախևառաջ դա Ոսկե Հորդային նվիրված միջազգային ֆորումն է։ Մինչ այժմ մենք արդեն ութ նման ֆորում ենք անցկացրել։ Հայ գործընկերները մասնակցել են դրանց։ Եվ մեր խնդիրներից մեկն է հայ և վրացի գործընկերներին հրավիրել Ոսկե Հորդային նվիրված ֆորումին, որի շրջանակներում պատրաստ ենք քննարկել այդ թեմաներին նվիրված առանձին սեկցիա կազմակերպելու հնարավորությունը։ Այդ թեմաներն, իրոք, հետաքրքիր են և առաջադրում են շատ հարցեր, որոնց պատասխանները մենք պետք է փնտրենք միասին։  

-Պարո՛ն Ակսանով, հայերը Վոլգայի միջին հոսանքի շրջանում ապրում էին դեռևս մինչև խանության ձևավորումը․ Բոլղարի մոտ գոյություն ուներ հայկական գաղութ, պահպանվել են տապանաքարեր, իսկ վերջին տարիներին ի հայտ են եկել նաև պալեոգենետիկ տվյալներ։ Արդյո՞ք այս աղբյուրները փոխում են վկայությունների և ավանդազրույցների միջև եղած հավասարակշռությունը։

Անվար Ակսանով

-Աղբյուրներն, իհարկե, փոխում են այդ հավասարակշռությունը։ Մենք հստակ թվագրումներ ունենք, որոնք վկայում են Վոլգյան Բուլղարիայում, իսկ հետագայում՝ Ոսկե Հորդայում հայերի ներկայության մասին, այն ժամանակաշրջանում, երբ Բոլղարը նրա քաղաքներից մեկն էր։ Սակայն, ցավոք, Կազանի խանության հետ կապված նման հստակ թվագրումներ չունենք։ Կան առանձին տեղեկություններ, որոնք մենք կցանկանայինք քննարկել նաև այս ֆորումի շրջանակներում։ Միգուցե, չնայած ուղղակի թվագրումների բացակայությանը, պահպանված տապանաքարային արձանագրությունների առանձնահատկությունները թույլ են տալիս հստակեցնել Կազանի խանության դարաշրջանին վերաբերող տվյալների թվագրումը։ Կան նաև ավելի ուշ շրջանի տեղեկություններ, որոնց մասին ես արդեն խոսել եմ, սակայն որոշ նրբություններ մենք կարող ենք ճշգրտել միայն կոնկրետ պատմական համատեքստն ուսումնասիրելով։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն դիսկուրսի վերլուծության, դարերի ընթացքում տարբեր պատկերացումների ձևավորման և դրանց ներկայացման, այլև պատմական իրականության վերակազմության մասին է։

-Շնորհակալություն, պարոնա՛յք։

-Ձեզ ենք շնորհակալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում