2026
2026-09-08
Կուտկաշենի շրջանի Վանդամ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 9 կմ հարավ-արևելք։ Գյուղը հայտնի է նաև Վանտամ անունով։ Ազգագրագետ, եպիսկոպոս Մ․ Բարխուդարյանը գյուղանունը բացատրում է որպես «իջևան», «բնակարան տալ» իմաստով։
Հստակ տեղեկություններ չկան, թե Վանդամում հայերը ե՞րբ են բնակություն հաստատել։ Սակայն, կան հիշատակումներ, որ Վանդամ գյուղն Արևելյան Այսրկովկասի հայկական այն բնակավայրերից է, որի բնակիչները 18-րդ դարի երկրորդ կեսին բռնի կերպով իսլամ են ընդունել։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 1874 թվականին գյուղում բնակվել է 3572 մարդ։ 1889 թվականին Վանդամում եղել է 766, իսկ 1898 թվականին՝ մոտ 1000 տուն բնակիչ։ 1907 թվականին գյուղի բնակչությունը կրկնապատկվել է՝ հասնելով 2290 բնակչի։ 1914 թվականին Վանդամում ապրել է 3082 մարդ։
Գյուղի հայկական լինելու մասին վկայում է նաև տարածքի հայկական գերեզմանոցը։
Այսօր Վանդամ գյուղը շրջանի խոշոր գյուղերից մեկն է, որի բնակիչներն իրենց համարում են ադրբեջանցիներ։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 147-148։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 324-325։
Պալունի, Թուրքերը Դաղստանի ստորին մասերում, «Նոր-Դար», 1898, N 79, 9 մայիսի, էջ 2։
Кавказскiй календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 211.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 103.