2026

Հայ-վրացական պատմամշակութային առնչությունները գիտական քննարկման սեղանին

2026-09-03

Սեպտեմբերի 2-ից 4-ը Երևանում ավելի քան 100 պատմաբանների, մշակութաբանների ու կովկասագետների մասնակությամբ կանցկացվի «Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պատմության և ազգագրության ինստիտուտը։

Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակներով ապրել են կողք կողքի, բայց պատմաբանները կարծում են, որ երկու երկրների գիտակրթական միջավայրերի միջև որոշակի ճեղք, խզում է առաջացել։ Պատճառները, նրանց կարծիքով, օբյեկտիվ են, պայմանավորված Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական ու ռազմական ցնցումներով։ Այդ բացը 2022-ին փորձել են լրացնել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ու Վրաստանի Շոթա Ռուստավելիի անվան ազգային գիտական ֆոնդը միացյալ ջանքերով։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ գործակցության տեսանելի արդյունքներից մեկը երևանյան այս գիտաժողովն է․

«Սրան նախորդող շրջանում արդեն եղել է որոշակի հետազոտական աշխատանք։ Այս միջոցառմամբ, հուսով եմ, արդեն մի քիչ ավելի ինստիտուցիոնալ մակարդակում սկիզբ կդրվի պատմագիտության ոլորտում ու, մասնավորապես, հայագիտական, վրացագիտական ու նաև մի քիչ ավելի լայն՝ կովկասագիտական թեմատիկայով մեր գիտնականների գործակցությանը։ Այս պարագայում, իմ կարծիքով, կարևորագույն հանգամանքը անմիջական գիտական բարձր ստանդարտների վրա հիմնված ու առանց միջնորդների, ինչը շատ կարևոր է, շփումն է մեր պետությունների գիտնականների»

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում