2026

Հայկական ինքնությունն ու պատմական հայրենիքի ընկալումը․ Դավիթ Լոյպոլդ

2026-06-22

-Գերմանացի հետազոտող, դոկտոր Դավիթ Լոյպոլդի ուսումնասիրության թեմատիկան հետխորհրդային ու եվրասիական երկրների քաղաքական կարգն է, պետականությունը, սահմաններն ու ինքնիշխանությունը, հատկապես՝ Հարավային Կովկասն իր վիճելի տարածքներով։ «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում դոկտոր Լոյպոլդը խոսել է հայկական ինքնության, դրա ընկալումների և պահպանված պատմական հիշողությունների մասին։

-Շնորհակալություն, ուրախ եմ այստեղ լինելու համար։

-Հաշվի առնելով հիշողության և տարածության հատման վերաբերյալ Ձեր ընդարձակ հետազոտությունը՝ ի՞նչ կասեք, ինչպե՞ս է Հայաստանի հետխորհրդային հետագիծն ազդել հայերի՝ իրենց պատմական հայրենիքի մասին պատկերացնումների, ընկալումների ու վերհուշի ձևով այն ներկայացնելու վրա։

-Շնորհակալ եմ, սա, իհարկե, շատ համապարփակ հարց է։ Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար շատ օգտակար կլինի դիտարկել ավելի լայն համատեքստ։ Պետք է ուսումնասիրել նաև խորհրդային հետագիծը, քանի որ, կարծում եմ, դրանք իրար փոխլրացնում են։ Երբ նայում ենք 20-րդ դարի պատմությանը, ընդհանուր առմամբ, տեսնում ենք երկար գործընթաց։ Այն ուղղված է Հայաստանի որոշ տարածքի ամրագրման գաղափարին։ Երբ դիտարկում ենք Ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանը, փաստորեն տեսնում ենք մեկ այլ, եթե կարելի է ասել, ինքնության կազմաձևում, որն ավելի գերիշխող է։ Դա վերաբերում է համեմատաբար ցրված համայնքների ինքնությանը, որտեղ հայկականությունը տարածվում է Հնդկաստանի Մադրասից մինչև Իտալիայի Վենետիկ քաղաք։ Կարծում եմ՝ 20-րդ դարում տեսնում ենք հայկականության տարածքային յուրատեսակ ամրագրում։ Այս առնչությամբ տեսնում ենք երկու՝ համեմատաբար տարբեր և մրցակցող ինքնությունների ձևավորում։ Մի կողմից՝ ունենք «հայ» եզրույթը՝ որպես ավելի էթնիկ կարգ, որը կապվում է նաև «ազգայնություն» խորհրդային եզրույթի հետ, մյուս կողմից տեսնում ենք մեկ այլ ենթակարգ, որն ավելի շատ կապվում է տարածքապես ամրագրված ինքնության գաղափարի հետ։ Դա ավելի շատ նման է «հայաստանցիությանը»՝ որոշ տարածքներում հայ լինելու զգացողությանը։ Եվ, իմ կարծիքով, սա դեռևս հիմնական պարադիգմն է, որը ձևավորում է նաև ինքնության կերտումը Հայաստանի հետխորհրդային ժամանակաշրջանում։

-Հիմնվելով հետսոցիալիստական Երևանի վերաբերյալ Ձեր հետազոտության վրա՝ ինչպե՞ս է այսօր խորհրդային քաղաքի ճարտարապետական և մշակութային ժառանգությունը շարունակում ձևավորել ժամանակակից հայկական ինքնությունը և հանրային տարածքի օգտագործումը։

-Շնորհակալ եմ հարցի համար։ Սա շատ ավելի սերտ է կապված խորհրդային քաղաքների, մասնավորապես՝ Երևանի և Բիշքեկի կյանքի ու հետխորհրդային կյանքի վերաբերյալ իմ վերջին հետազոտությանը։ Կարծում եմ՝ կա առնվազն երկու մակարդակ, որով կարող ենք դիտարկել այս հարցը։ Մի կողմից՝ եթե այն հակադրենք այլ երկրների, մասնավորապես՝ Բալթյան երկրների կամ Ուկրաինայի հետ, ապա մենք չունենք ապակոմունիզացման հստակ քաղաքականություն կամ նման որևէ բան։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ կասեի, որ խորհրդային դարաշրջանի ենթակառուցվածքների հետ առօրյա շփումը շատ ավելի անուղղակի է և ավելի քիչ քաղաքականացված։ Կարծում եմ՝ այստեղ ունենք մի երևույթ, որը տեսնում ենք նաև հետխորհրդային տարածքի այլ համատեքստերում, ինչպես՝ Կենտրոնական Ասիայում, որը ես կանվանեի ավելի լուռ կամ անխոս յուրացում։ Այսինքն՝ խորհրդային դարաշրջանի ենթակառուցվածքները՝ հանրային տրանսպորտը, թատրոնները, կինոթատրոնները, շարունակում են օգտագործվել, բայց դրանք պարտադիր չէ, որ ընկալվեն որպես խորհրդային։ Այսպիսով՝ սա շատ է տարբերվում հետխորհրդային տարածքի այլ մասերից, որտեղ խորհրդային դարաշրջանի ենթակառուցվածքները հիմնովին քաղաքականացված են։ Միևնույն ժամանակ, սակայն, դրանք կարող են նաև երևալ որպես խորթ ենթակառուցվածքներ։ Կարծում եմ՝ նման օրինակ կարող է լինել Կասկադը, որն օգտագործում ենք։

Ես հենց այսօր օգտվեցի դրանից՝ իջնելով Ազատության պողոտայից, որտեղ ապրում եմ։ Բայց շատ հետաքրքիր է, երբ մտածում ենք շուկայական տնտեսության սեփականաշնորհված միջավայրում գտնվող ենթակառուցվածքի մասին։ Փաստորեն, շատ դժվար է պատկերացնել նման Կասկադի կառուցումը։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ այս բոլոր՝ անհատական, մասնավոր հողակտորներն ո՞վ կզիջեր այս կատարյալ համայնապատկերային դիրքում հանրության համար կառուցվելիք ինչ-որ բանի համար։ Այսպիսով՝ շատ հետաքրքիր է նաև, որ մենք օգտագործում ենք որոշակի ենթակառուցվածքներ, բայց չենք մտածում, թե որքանով է դրանց ի հայտ գալը կապված տնտեսական տարբեր մոդելների հետ։ Կարծում եմ՝ կա մեկ այլ մակարդակ, այն է, թե ինչպես է հանրապետությունում խորհրդային ճարտարապետական ոճը ձևավորում նաև հայկականության որոշակի ընկալում այսօր։ Կարծում եմ՝ դա, իհարկե, կապված է Թամանյանի, Բունիաթյանի և նրանց նեո-հայկականության ոճի հետ, ինչը շատ հետաքրքիր է, քանի որ նրանք արմատավորեցին հատկապես ներկայիս և 20-րդ դարի ճարտարապետությունը հելլենական-հռոմեական ժառանգության մեջ։ Մինչ Թամանյանը, մասնավորապես՝ Երևանը, այս իմաստով շատ ավելի արևելյան ոճի քաղաք էր։ Կարծում եմ՝ կա այս հետաքրքիր ու գիտակցված փոփոխությունը՝ ճարտարապետորեն կերտելու հայկական ինքնություն, որը կապվում է այս հելլենական-հռոմեական ժառանգության հետ։ Հետաքրքիր է տեսնել՝ ինչպես է ճարտարապետությունը դեռևս ձևավորում մարդկանց ընկալածը։

-Դուք նշեցիք Ձեր ընթացիկ հետազոտության մասին՝ Երևանի և Բիշքեկի միջև, այնպես չէ՞։ Ինչո՞ւ հատկապես այս երկու քաղաքները։ Ի՞նչն է ընդհանուր նրանց միջև։

-Այստեղ կա մի կողմից գործնական, մյուս կողմից՝ ավելի մեթոդաբանական հարց։ Ես հատուկ չեմ ընտրել այս երկու քաղաքները, որովհետև կարծում եմ՝ դրանք ամբողջովին նման են։ Ընտրել եմ երկու քաղաքներն էլ, քանի որ հետաքրքրված էի մի բանով՝ դիտել խորհրդային դարաշրջանի քաղաքայնությունը ոչ կենտրոնից։ Կարծում եմ՝ այս առումով և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի մայրաքաղաքները հետաքրքիր են։ Հայաստանը, ինչպես գիտենք, խորհրդային տիտղոսակիր ամենափոքր հանրապետությունն էր, իսկ Ղրղզստանը Մոսկվայից ամենահեռուն էր։ Այսպիսով՝ ինձ համար շատ հետաքրքիր էր նաև ուշադրությունը Սանկտ Պետերբուրգից, Կիևից, Մոսկվայից տեղափոխելը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ տեսք ունի սոցիալիստական քաղաքում ապրելու փորձառությունն իր հետխորհրդային կյանքում, եթե դրան նայես ոչ թե կենտրոնի, այլ այն ժամանակ ծայրամասային ընկալվող շրջանների միջոցով։ Սա ինչ-որ իմաստով կրկնօրինակում է, քանի որ գրքի վերնագիրն իրականում հեգնական ակնարկ է Ջեյն Ջեյկոբսի «Ամերիկյան մեծ քաղաքների մահն ու կյանքը» գրքին։ Մտածեցի՝ լավ, փոխանակ կենտրոնանալու մեծ քաղաքների վրա, գուցե ավելի հետաքրքիր կլինի կենտրոնանալ քաղաքայնության ավելի համեստ կողմերի՞ վրա և տեսնել, թե ինչպե՞ս այնտեղ բացահայտվեց հենց սոցիալիստական քաղաքայնության գաղափարը։ Այսպիսով՝ սա պատճառներից մեկն էր։ Ավելի գործնականը, իհարկե, այն է, որ նախորդ հետազոտությանս շնորհիվ ես հայերեն եմ խոսում, ինչը, օրինակ, չէի կարող ասել Վրաստանի դեպքում։ Այնպես որ, պարզ է, որ Կովկասում կկենտրոնանայի Երևանի վրա։ Փաստացի, սա է պատճառը։

-Տարածական տեսանկյունից ի՞նչ դեր են խաղում այս ֆիզիկական միջավայրերը հայկական պատմական հիշողությունը կա՛մ պահպանելու, կա՛մ ակտիվորեն վերաձևավորելու գործում։

-Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է։ Սա ավելի շատ վերաբերում է այն հարցերին, որ ուսումնասիրել եմ իմ առաջին գրքում։ Ուսումնասիրել եմ հայկական ճարտարապետական ժառանգությունը, հետխորհրդային կյանքը, ինչպես նաև՝ ներկայիս Թուրքիայի արևելյան մասում՝ Վանա լճի շրջանում, հայերի մասին պատմությունները։ Ես մշակեցի երկու հասկացություն, որոնք շատ կարևոր են հիշողության ձևավորման մեջ տեղական տարածքի դերը հասկանալու համար։ Այն է՝ մի կողմից «մնեմոնիկ սահման» (mnemonic frontier), մյուս կողմից՝ «խորթ հայրենիք» (alien homeland)։ Փորձեցի առանձնացնել հատկապես այս երկու հասկացությունները։ «Մնեմոնիկ սահմանով» փորձեցի նկարագրել այն երևույթը, որը տեսնում ենք 20-րդ դարում։ Բազմաթիվ պետություններ, գործելով մոդեռնիստական պարադիգմի ներքո, տեղական տարածքն ընկալում են որպես մի տեսակ «tabula rasa», որի վրա կարող ես արձանագրել քո նոր էթնո-ազգային պատումները։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ տեղական տարածքն այդ ամենին դիմակայուն է։ Տեսնում ենք, որ բազմաթիվ մակարդակներում տեղական տարածքը պահպանում է անհետացած «այլ»-ի հիշողությունը, որը տեսնում ենք հայերի դեպքում Ցեղասպանությունից հետո։ Որտե՞ղ ենք սա տեսնում․ ամենաակնհայտը՝ Վանա լճի շրջանում և դրա սահմաններից դուրս ցրված հայկական ավերակների մասին է խոսքը, որտեղ անցկացրել եմ իմ հետազոտությունը։ Կարծում եմ՝ ավելի հետաքրքիր է, որ ունենք կայունություն նաև տեղանվանաբանության մակարդակում։

Իմ դաշտային աշխատանքի ընթացքում, որը կատարում էի Բաղեշում, Բիթլիսում և Մուշում, Մուշի բնակիչները դեռևս հիշատակում էին այն բլուրը, որտեղ կանգնած էր Մանգավանքը։ Մանգավանքից ոչինչ չի մնացել։ Բայց բլուրը քրդերը դեռ կոչում են «Թեփեհի դեր», ինչը թարգմանվում է որպես «Եկեղեցու բլուր»։ Շատ հետաքրքիր է, երբ տեսնում ենք, որ նույնիսկ եթե նյութական մնացորդներն ամբողջությամբ անհետանում են, կարող ես անվանման մակարդակում դեռևս պահպանել այդ հիշողությունը։ Սա ճիշտ է հատկապես գյուղերի անվանումների դեպքում։ Կարծում եմ՝ նաև շատ հետաքրքիր է, որ երբեմն նույնիսկ նոր թուրքացված գյուղանունները դեռևս պահպանում են հայերենի տրամաբանությունը։ Օրինակ՝ կա մի գյուղ, որի անունը «Խմելու ջուր» էր, իսկ այսօր թուրքերենում կոչվում է «Թաթլը քայնաք»։ «Թաթլը քայնաք» բառացի նշանակում է «խմելու ջուր», այսինքն՝ տեսնում ենք նույն տրամաբանությունը, որը շարունակում է գործել։ Զուտ ֆիզիկական իմաստով սա մի փոքր դուրս է գալիս տարածականից։ Բայց եթե լեզուն ևս հասկանանք որպես դիսկուրսիվ տարածք, ապա կտեսնենք, որ որոշակի բարբառներ պահպանում են նաև որոշ տարրեր։ Այս դեպքում, մասնավորապես՝ թուրքերենում Բիթլիսի բարբառը պահպանում է հայերեն բազմաթիվ բառեր, որոնք այսօր էլ օգտագործում են։ Մարդիկ, կարող է, չգիտեն էլ դրա մասին։ Այսպիսով՝ կարծում եմ՝ կան տարբեր մակարդակներ, որտեղ տեղական տարածքն իրականում պահպանում է անհետացած «այլ»-ի հիշողությունը։ Եվ դա կապվում է մյուս հասկացության հետ, որը «խորթ հայրենիք»-ն է։ Փորձեցի նկարագրել այս շատ մտահոգիչ իրավիճակը՝ որ մի կողմից մարդիկ մեծանում են որոշակի տարածքում, որն ընկալում են որպես տուն, բայց միևնույն ժամանակ այս վայրում տեսնում են նաև «այլ»-ի մնացորդները։ Դրանք հիշեցնում են, որ սա միայն քո տունը չէ։ Կարծում եմ՝ սա ևս շատ հետաքրքիր երևույթ է, որը տեսնում ենք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում