2026
2026-04-22
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Սեդլցեի համալսարանի (Լեհաստան) համագործակցությամբ տեղի ունեցավ «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» աշխատաժողովը։
Ողջույնի խոսքով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, Լեհաստանի Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմիուկը, Վրաստանից՝ Իլիայի համալսարանի` Գ․ Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Սանիկիձեն, Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Ճեիշվիլին։
«Գեղարդ» հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հայասայի օրինակով խոսելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում պետական կազմավորումների զարգացման ընթացքի մասին, նշեց, որ այդ ժամանակաշրջանի լեռնաշխարհի պատմությունը կարող ենք վերականգնել հիմնականում խեթական, մասամբ՝ ասորեստանյան գրավոր աղբյուրներից և տեղական հնագիտական նյութերից։ Ղազարյանն ընդգծեց, որ Հայկական լեռնաշխարհի բարձրավանդակային շրջանները հնագիտական հետազոտություններում անհավասար են ներկայացված։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Ճեիշվիլին խոսեց 11-13-րդ դարերում վրացական պետության մասին։ «Վրաստանում միջնադարում միապետությունը հիմնականում ժառանգական էր։ Չնայած ազնվականները փորձեցին սահմանափակել թագավորական իշխանությունը, սակայն միապետը պահպանեց ուժեղ վերահսկողություն՝ վարչական կառույցների և եկեղեցու հետ սերտ կապերի միջոցով»,- ընդգծեց Գեորգի Ճեիշվիլին։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը անդրադարձավ Հայոց պետականությանը՝ 1375 թվականից հետո, մասնավորապես՝ մոռացված և քիչ ուսումնասիրված պետական կազմավորումներին։
«Ուշ միջնադարյան հայկական քաղաքական կազմավորումները պետք է դիտարկել ոչ թե որպես անհետացած պետականության մնացորդային ձևեր, այլ որպես պետականության ձևեր՝ կայսերական-քաղաքական համակարգերի շրջանակներում, որոնք գործում են բազմամակարդակ ինքնիշխանության պայմաններում»,-նշեց վերլուծաբանը։
Ռուս-հայկական համալսարանի դոցենտ, պ․գ․թ․ Բենիամին Մաիլյանը ներկայացրեց պատմական սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանի տեսանկյունից ինքնությունների արդիականացումը՝ ծայրամասային կապիտալիզմի ազդեցության ներքո։ Վերջինս նշեց, որ Կովկասում էթնիկությունը վերածվում է իշխանության և պաշտպանության բաշխման հիմնական ռեսուրսի՝ ձևավորելով յուրահատուկ «բարոյական տնտեսություն»՝ հիմնված պատվի և հավատարմության վրա։
«Պատմագիտական սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը «Բուրդյոյի ադեպտը Կովկասում» իր հետազոտության մեջ մանրամասն նկարագրում է 1990-ականների Կովկասը` որպես մի գոտի, որտեղ ծայրամասային կապիտալիզմը ծնեց նեոֆեոդալիզմ: Այստեղ էթնիկությունն էլիտաների համար դարձավ գործիք՝ տեր-ենթակա (պատրոն-կլիենտ) կապերի միջոցով ռեսուրսների և իշխանության սեփականաշնորհման համար», -նշեց Մաիլյանը։
Զեկուցումներից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում՝ բանախոսների ու ներկանների միջև։
Աշխատաժողովն անցկացվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «24RL-6A032» ծածկագրով «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից ﬕնչև ﬔր օրերը)» գիտական թեմայի շրջանակներում։