2026
2026-03-17
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «Հասարակագիտական ստուգատեսի» շրջանակներում, տեղի ունեցավ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ.գ.թ. Անուշ Հարությունյանի հեղինակած «Ադրբեջան պետության առաջացման և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի քննարկումը: Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» հիմնադրամի կողմից և նվիրված է տարածաշրջանային պատմության կարևորագույն հարցերին։
Հանդիպմանը հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, հետազոտության մեթոդաբանական հիմքերը, ինչպես նաև՝ աշխատանքի արդիականությունն ու գիտական նշանակությունը։ Իր ելույթում Անուշ Հարությունյանն անդրադարձավ Ադրբեջանի էթնիկ կազմի փոփոխության, Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության (1918-1920 թթ.) տարածքային-սահմանային խնդիրների, միջազգային ճանաչման, պետական իրավահաջորդության հարցերին: Նա ընդգծեց, որ տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի պետականության միջազգային ճանաչման վերաբերյալ շրջանառվող մի շարք պնդումներ չեն համապատասխանում պատմական փաստերին։
«Միանշանակ կարող ենք պնդել, որ 1918-1920 թվականներին Փարիզի վեհաժողովը միայն դե ֆակտո է ճանաչել Ադրբեջանի անկախությունը` առանց տարածքային-սահմանային ճշգրտման։ Միջազգային որևէ ճանաչում չի եղել, ինչպես պնդում են ադրբեջանցիները` հղում անելով Սահմանադրությանը նախորդած իրավական ակտերին»,- ընգծեց Անուշ Հարությունյանը։
Անդրադառնալով ժողովրդագրական գործընթացներին՝ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը պետության՝ նպատակադիր մոնոէթնիկացման վառ օրինակ է։ Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, բարդ է բացատրելը, թե ինչպե՞ս ընդամենը մի քանի տասնամյակում 58,4% ադրբեջանցի բնակչությունը հասավ 90,6%-ի:
Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին ոչ միայն արդի քաղաքական մարտահրավերների, դրանց պատմական ենթատեքստերի, պատմության խեղաթյուրման ու հակազդեցության հնարավոր ձևերի, միջազգային գիտական հանրույթի հետ հարաբերությունների կառուցման ու զարգացման հեռանկարների, այլև՝ հարևան երկրների պատմության ուսումնասիրության կարևորության, ոլորտում առկա բացերի ու խնդիրների մասին։