2026

Ես իմ մանկությունն եմ կորցրել՝ հայ լինելու պատճառով. Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

2026-02-27

Այսօրվա զրույցը նվիրված է խորհրդային շրջանի վերջին տարիներին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական բռնություններին, բռնագաղթի հիշողություններին և դրանց հետևանքներին։ Առանց թերագնահատելու գիտական, պատմական և քաղաքական վերլուծությունների կամ վիճակագրական տվյալների կարևորությունը՝ մենք կներկայացնենք նաև ականատեսի հիշողությունները, ով այդ ամենի միջով անցել է մանկության տարիներին։

Մեր հյուրն է ազգությամբ հայ, ամերիկացի գրող, դասախոս, իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով Բաքվից հեռացել է իր ընտանիքի հետ՝ Սումգայիթում սկսված հայկական ջարդերի ժամանակ։ Բռնագաղթի ընթացքում նա իր ողջ ապրումներն ու ականատեսի տպավորությունները գրել է մանկության օրագրում, որը հետագայում դարձավ «Արտաքսում դեպի անհայտություն» վերնագրով հուշագրությունը։

Նրա անձնական պատմության միջոցով մենք կքննենք տեղահանության, ինքնության ձևավորման և գոյատևման թեմաներին վերաբերող հարցերը և կխորհենք, թե ինչպես է բռնությունը փոխում պատկանելության զգացումը և սերունդների միջոցով փոխանցվող վկայության պատասխանատվության ընկալումը։

-Տիկի՛ն Աստվածատուրյան, շնորհակալություն այսօր մեզ միանալու և Ձեր պատմությունը ներկայացնելու պատրաստակամության համար։

-Շատ շնորհակալ եմ։

-Տիկի՛ն Աստվածատուրյան, հիշո՞ւմ եք այն պահը, երբ առաջին անգամ զգացիք, որ Ձեր հայկական ինքնությունը վտանգի տակ է դնում Ձեր կյանքը։

-Այո՛, ես հիշում եմ նման մի քանի դեպք․ առաջին դեպքը, երբ ծնողներս հորեղբորիցս իմացան Սումգայիթի կոտորածների մասին: Իմ հորեղբայր Տոլիկը աշխատում և ապրում էր Բաքվում, բայց երբեմն աշխատանքի բերումով գնում էր Սումգայիթ՝ մեկօրյա գործուղումների։ 1988 թվականի փետրվարին նա որոշ ժամանակ մնաց այնտեղ, քանի որ ստիպված էր թաքնվել հայ լինելու համար: Նա չկարողացավ վերադառնալ Բաքու, և հայերի նկատմամբ բռնությունների ականատեսը եղավ: Բարեբախտաբար, նա ողջ մնաց: Երբ նա վերադարձավ, մեկ շաբաթվա ընթացքում տեղափոխվեց: Մեզ համար ցնցող էր, որ մեր հորեղբայրը, իմ բոլոր զարմիկները տեղափոխվեցին։ Ծնողներս սկսեցին անհանգստանալ դրանից։ Այդ ժամանակ ես 10 տարեկան էի, նրանք չէին ուզում ինձ այդ լուրը հայտնել, բայց ես բավականաչափ հետաքրքրասեր էի՝ այն լսելու համար։ Այս վիճակը ոչ միայն տանն  էր, այլև՝ դպրոցում։ Մենք՝ որպես հայ աշակերտներ, անմիջապես զգացինք մեր՝ ադրբեջանցի և ռուս ընկերների կողմից վերաբերմունքի փոփոխությունը։

Գիտեք, հանկարծ մենք հայ դարձանք։ Մենք գիտեինք, որ հայ ենք, բայց դա չէր շեշտվում, մեզ մատնացույց չէին անում։ Բայց միանգամից մեզ տարանջատեցին։ Ես բավականին փոքր էի, բայց դա այնքան ակնհայտ էր դպրոցում նկատելու համար։

-Ինչպիսի՞ն են Բաքվի մասին մանկության Ձեր հիշողությունները մինչև բռնությունները, և ինչպե՞ս հետագայում Ձեր անձնական օրագրերը վերածեցիք «Արտաքսում դեպի անհայտություն» հուշագրության։

-Մանկությանս առաջին 10 տարիները բավականին հանգիստ էին, գիտեք, տիպիկ խորհրդային մանկություն էր։ Մենք ապրում էինք շատ համեստ բնակարանում։ Տատիկիս բնակարանը մեզ մոտիկ էր, դրա համար կարողանում էինք դրսում շատ խաղալ, լողափ գնալ, ընտանեկան հավաքույթներ անցկացնել, ծննդյան օրեր նշել։ Բոլորը գիտեին, որ մենք հայ ենք։ Գիտեք, մանկության տարիներին ես դրա մասին չէի մտածում։ Ծնողներս, անկասկած, խոսում էին ապագայի մասին։ Որպես հայ՝ լավ համալսարան ընդունվելու համար պետք էր վճարել։ Ծրագիրը հետևյալն էր․ ես կրթություն պիտի ստանայի Մոսկվայում, քանի որ այնտեղ հայերի նկատմամբ խտրականությունը քիչ էր։ Անգամ եթե խելացի էիր, Բաքվում չէիր կարող ընդունվել ուսումնարան կամ համալսարան...։ Որպես հայ՝ համալսարան ընդունվելու համար պետք էր կաշառել վարչակազմին։  Լավ գնահատականներ ստանալու համար անգամ պետք էր մի փոքր «քաղցրացնել» ուսուցիչներին, որպեսզի համոզվեիր, որ նրանք չեն նսեմացնի քեզ հայ լինելուդ համար։

Հայրս միշտ խոսում էր 50-ական թվականների՝ իր մանկության մասին, երբ նրանք գնացքով գնում էին Հայաստան։ Նա պատմում էր, որ մեծահասակները գնացքում միշտ նստում էին միջանցքին մոտ գտնվող նստատեղերի եզրերին, իսկ երեխաներին նստեցնում էին պատուհանների մոտ, որպեսզի նրանց չվնասեին։ Քանի որ եղել են դեպքեր, երբ գնացքում ադրբեջանցիները դանակահարել են հայ երեխաներին։ Դա հիսունական թվականներն էր։ Հայրս ծնվել է 1947 թվականին։

Այս երևույթները գոյություն ունեին նույնիսկ 1980-ական թվականներին։

Հայերի նկատմամբ բռնությունը տարածված էր Բաքվի ծայրամասերում։ Բաքուն բավականին անվտանգ էր, և այդ դեպքերն աննախադեպ էին։ Բայց ես կասեի, որ բռնությունը միշտ էլ գոյություն է ունեցել։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր պապերն ու տատիկները վստահում էին խորհրդային կառավարությանը, որ այն կպաշտպանի մեզ, բայց չէին վստահում ադրբեջանցիներին։

Այսպիսով՝ դա գոյություն է ունեցել։ Կան շատ բաքվեցի հայեր, ովքեր խոսում են այդ մասին, ովքեր իրենց անցած մանկությունը կամ երիտասարդությունը Բաքվում համարում են խաղաղ։ Կարծում եմ՝ նրանք հակված են մոռանալ, որ այդ բաները գոյություն ունեին, և մենք միշտ Ադրբեջանի երկրորդ կարգի քաղաքացիներ էինք։

-Կարող ենք ասել, որ այս փոփոխությունը հանկարծակի չէր։ Դուք արդեն դրանք  զգացել եք ժամանակի ընթացքում։

-Փոփոխությունը հանկարծակի էր այն իմաստով, որ այն բացահայտ էր, մինչդեռ նախկինում այն մի տեսակ կենսակերպ էր։ Գիտե՞ք, ադրբեջանցիները դպրոցների ղեկավարներ և տնօրեններ էին, մինչդեռ հայերը երկրորդական պաշտոններ էին զբաղեցնում շատ հաստատություններում, շատ համալսարաններում։ Մենք գիտեինք, որ վերաբերմունքի տարբերություն կար, բայց բռնությունն ու վախը, անշուշտ, Բաքվում սկսվել են 1980-ական թվականներին՝ 1987 թվականի վերջին և 1988 թվականի սկզբին։

-Ձեր ընտանիքը երբ հասկացավ, որ պետք է լքի Բաքուն։

-Մի դեպք ևս հիշում եմ։ Մենք ապրում էինք Լենինի հրապարակին՝ Բաքվի կենտրոնին շատ մոտ, մոտավորապես չորս թաղամաս հեռու։ Հայերի դեմ բոլոր ցույցերն անցնում էին մեր տան կողքով։ Հրապարակ գնում էին միլիոնավոր մարդիկ։ Հարյուր հազարավոր մարդիկ անցնում էին փողոցներով՝ գնալու և բողոքելու Ղարաբաղում ապրող հայերի դեմ։ Փողոցներով անցնելիս նրանք կոտրում էին պատուհանները։ Նրանցից ոմանք գիտեին, թե որտեղ են հայերն ապրում։ Ճանապարհին բռնություններ էին գործադրում։ Եվ սա Բաքվի կոտորածից առաջ։ Այսպիսով՝ 1988 թվականի և 1989 թվականի ընթացքում ցուցարարների կողմից տեղի էին ունենում բռնություններ։ Նրանք տանում էին փայտե արկղեր՝ Լենինի հրապարակում դրանք կոտրելու և այրելու, խարույկներ վառելու համար։ Ես հիշում եմ, թե ինչպես մի քանի անգամ թաքնվեցինք մեր բնակարանում։ Մենք շատ հին շենքում էինք ապրում, իրականում՝ պատմական շենքում, որը կառուցվել էր հայ արհեստավորի կողմից 1800-ական թվականներին։ Շենքի պատուհանները փայտե փեղկեր ունեին։ Մի անգամ, երբ տատիկս փակեց պատուհանները, բաց ճեղք էր մնացել։ Ես հետաքրքրվում էի, փորձում դուրս նայել, բայց հայրս ինձ ներս էր քաշում։ Մենք, լուռ նստած, սպասում էինք։ Հայրս դանակներ ուներ սեղանին դրած։ Ինչպես նա ասաց, դրանք ապահովության համար էին։ Դանակները սեղանին էին, փոքրիկ եղբայրս՝  ծնկներիս․ նա չորս տարեկան էր, և... գիտե՞ք, սպասում էինք։ Մի պահ ինչ-որ մեկը թակեց դուռը, և մենք լսեցինք, թե ինչպես մեր ադրբեջանցի հարևաններն ասացին՝ ոչ, հայերն այստեղ չեն ապրում․ նրանք հեռացել են։  Ինչ-որ պահի նրանք պատրաստվում էին ներս մտնել, սպանել հայրիկիս, սպանել մեզ բոլորիս կամ բռնաբարել, և դա մի քանի անգամ տեղի ունեցավ՝ 1988 թվականին և հատկապես՝ 1989 թվականի սկզբին ու ամռանը։ Մեծ թվով հայեր պարզապես զանգվածաբար հեռացան 1989 թվականին, քանի որ իրավիճակը պարզապես դուրս եկավ վերահսկողությունից։ 1989 թվականի գարնանը դպրոց գնալը վտանգավոր էր, տատիկս ինձ ուղեկցում էր, իսկ սեպտեմբերին անհավանական էր, որ հայ երեխան մենակ գնար դպրոց։ Ես տատիկիս հետ էի գնում։ Մենք մեկնեցինք 1989 թվականի սեպտեմբերի 18-ին։ Մայրիկիս հետ, կարծում եմ, ինչ-որ բան էր պատահել։ Մենք մինչ օրս չգիտենք թե ինչ․ նա միակն էր, ով չէր ուզում հեռանալ։ Հայրս ուզում էր, բոլորս էինք ուզում հեռանալ։ Բայց մայրիկս չէր հավատում, որ սա կարող է տեղի ունենալ Բաքվում, գիտեք՝ բազմամշակութային, միջազգային քաղաքում, որտեղ ապրում են այդքան մտավորականներ ու կրթված մարդիկ։ Բայց հենց կրթվածներն էին, որ իրականում տարածեցին և խրախուսեցին մարդկանց զանգվածային բռնությունը, ովքեր իրականում հենց գործադրեցին բռնությունը։ Նրան՝ որպես ուսուցչուհու, ստիպեցին մարդահամար անցկացնել։ Այդ տարի Խորհրդային Միությունում մարդահամար էր անցկացվում։ Մայրս շրջում էր բարձրահարկ բոլոր շենքերով ու գրանցում մարդկանց, ընտանիքները։ Նրան ստիպում էին դա անել, նույնիսկ գիտեին, որ…հայ է։ Կարծես ուզում էին, որ նա վախենա․ այդպես էլ եղավ։ Ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Մի գիշեր նա տուն եկավ, կարծեմ սեպտեմբերի 16-ին էր, և ասաց. «Ես տոմսեր եմ գնել, կմեկնենք 18-ին»։ Մենք մեկ օր ունեինք բոլորին հրաժեշտ տալու։ Ու մենք հեռացանք։ Հայրս մեզ հետ չեկավ, քանի որ աշխատավայրից նրն աշխատանքային գրքույկը չէին տրամադրում, որը պետք էր Երևան գալու համար։ Այդ պատճառով նա մնաց մինչև հոկտեմբեր։ Կարծում եմ՝ նրանք պարզապես ուզում էին հորս վախեցնել։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ հրաշքով փրկվել էր։ Նա մեզ միացավ հոկտեմբերին՝ Երևանում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, կարծում եմ՝ սթրեսի պատճառով։ Մոտ մեկ ամիս անկողնում էր։ Հորաքույրերս Բաքվից հեռացան հունվարին։

Մորեղբայրս նույնպես հեռացավ 1990 թվականին։ Նախքան հեռանալը՝ նա փորձել էր իր բնակարանից իրեր վերցնել։ Սակայն նրա վրա հարձակվել էին, նրան այնտեղ սպասում էին։

Մորաքրոջս իրականում Բաքվից դուրս բերեցին 1990 թվականի փետրվարին, երբ խորհրդային զորքերը վերահսկողության տակ վերցրին օդանավակայանը։ Փետրվարին նա կարողացավ թռչել Մոսկվա։ Անհավանական էր, որ որևէ հայ ողջ մնար։ Նա այս ամբողջ ընթացքում թաքնվել էր։ Նա չէր կարողացել դուրս գալ։ Նրա ընկերներն ու ծանոթները նրան գաղտնի պահում էին իրենց բնակարաններում։ Այսպիսով՝ ես ունեմ հարազատներ, որոնք հոգեբանական շատ ավելի ծանր վնասներ են կրել, քան իմ ընտանիքի անդամները։ Բայց կարծում եմ՝ հենց այդ հիշողություններն են մնում մեզ հետ՝ այն պահերը, երբ պարզապես գիտես, որ հիմա պիտի մահանաս։

Մյուս հիշողությունը, որը ես ունեմ, ավելի սարսափելի է, հիշողություն, որի պառճառով ես արթնանում եմ գիշերները։

Մեր դպրոցի կողքով ցուցարարներ էին անցնում։ Նրանք զայրացել էին, որ դպրոցում դեռ դասեր էին անցկացնում, և դպրոցի բարձր դասարանցիներին թույլ չէին տալիս գնալ ցույցի։ Նրանք կոտրում էին առաջին հարկի պատուհանները։ Անգլերենի դասի ժամանակ մենք երկրորդ հարկում էինք և թաքնվել էինք սեղանների տակ։ Քանի որ նրանք քարեր էին նետում, ամենուր ապակիներ էին կոտրվում։ Մենք լսեցինք, թե ինչպես էին նրանք ծեծում մեր ուսուցիչներին, որոնցից մեկն էլ հայ էր, ով փորձում էր պաշտպանել երեխաներին։ Նա դաժան ծեծի ենթարկվեց․․․ Գիտեք՝ ես վեցերորդ դասարանում էի սովորում․․․ Ոչ ոք մեզ հետ չխոսեց այդ մասին։ Մենք բոլորս կարծես գիտեինք, թե ինչ է կատարվում։ Հետո նրանք մեզ դուրս հանեցին։ Ադրբեջանցի երեխաներին թույլ տվեցին գնալ ցույցի, իսկ ազգությամբ հայ և ռուս բոլոր երեխաներին տուն ուղարկեցին․․․

-Այսինքն՝ այդ դպրոցը հայկական չէր։ Այն նաև բազմազգ էր կամ գուցե՞ միջազգային։

-Բաքվում հայկական դպրոցներ չկային։ Հայկական բոլոր դպրոցները փակվել էին 1970-ական թվականներին։ Կային միայն ռուսական դպրոցներ՝ ռուսերենի ուսուցմամբ, և ադրբեջանական դպրոցներ։ Այդ պատճառով բոլոր հայ երեխաները գնում էին ռուսական դպրոցներ, որովհետև ավելի լավ կրթություն ստանալու հնարավորությունը ռուսերենով էր, հետո՝ ադրբեջաներենով։ Բաքվում հայերը խոսում էին միայն հայերեն կամ ռուսերեն, քանի որ ռուսական կրթություն էին ստանում։

Այդ դպրոցը բազմազգ էր և քաղաքի լավագույն դպրոցներից մեկն էր։ Մենք երկրորդ դասարանից անգլերեն էինք սովորում։ Այսինքն՝ դպրոցը երեխաներին պատրաստում էր դիվանագիտության, լրագրության կամ նման ոլորտների համար։ Այն ավելի մեծ հնարավորություններ էր տալիս։ Այդ պատճառով շոկային էր, որ նման մակարդակի դպրոցում բռնություն էր տեղի ունենում հենց միջանցքներում։ Եվ դա բոլորը տեսնում էին։ Ադրբեջանցի աշակերտները տանը լսում էին այդ բռնի, թշնամական խոսույթը և դա բերում էին դպրոց։ Ռուսները չէին կարող որևէ կողմ ընտրել, բայց բոլոր աշակերտների վերաբերմունքը փոխվել էր հայերի նկատմամբ։

Մենք վախենում էինք ասել, որ հայ ենք, կամ նույնիսկ մեր անուններն ասել՝ մեր ծանոթների շրջանակից դուրս։

-Իսկ ինչպե՞ս բռնագաղթը հետագա տարիներին ձևավորեց Ձեր ինքնությունը՝ որպես հայի։

-Կարծում եմ՝ շատ կարևոր է նշել, որ Բաքվի հայերը շատ հպարտ հայեր էին։ Մենք պահպանում էինք մեր մշակույթը։ Միակ բանը, որ իմ սերունդը՝ երեխաները, չէր պահպանում, լեզուն էր։ Հայրս հայերեն էր խոսում, մայրս՝ ոչ։ Այդ պատճառով տանը ռուսերեն էինք խոսում։ Իսկ տատիկ-պապիկներս հայերեն էին խոսում։ Ես ինձ ամբողջովին հայ էի զգում՝ շատ հայրենասեր և նվիրված իմ մշակույթին։ Բայց նրանք իսկապես տառապել են հայ լինելու պատճառով։ Մենք տառապել ենք հայ լինելու պատճառով։ Մենք ամեն ինչ կորցրել ենք։ Ես իմ մանկությունն եմ կորցրել՝ հայ լինելու պատճառով։ Ադրբեջանցիները, երբ սպանում էին մեզ, չեն հարցրել՝ հայերեն գիտե՞ս, թե՞ ոչ։ Ուստի անհեթեթ է տարբերակումներ անելը և միմյանցից տարանջատելը։ Դա միայն օգնում է մեր թշնամիներին։

Մեզ համար Հայաստանում կյանքը չափազանց դժվար դասավորվեց։ Ես հասկանում եմ, որ տնտեսական առումով Հայաստանը չէր կարող մեզ աջակցել։

Հիմա տեղերը փոխվել են․ Բաքվի շատ հայեր, որոնց ես ճանաչում եմ, օգնել են արցախցիներին, օգնել են Հայաստանին։ Մենք հիշողությունները մի կողմ ենք դրել և կենտրոնացել բաների վրա, որոնցով մեր տատիկ-պապիկները կհպարտանային․ դա Արցախին օգնելն էր։

Ես սկսեցի Արցախին աջակցելու աշխատանքը, երբ ֆիզիկապես կարողացա գնալ այնտեղ։ Ես Արցախի շահերը պաշտպանեցի այստեղ՝ Մեյնում, որն Արցախի անկախությունը ճանաչած երրորդ նահանգն էր։  Հետո հիմնադրամ ստեղծեցի, որը օգնել ու հիմա էլ շարունակում է օգնել արցախցիներին։ Այսինքն՝ մեր ողբերգությունը Բաքվի դեպքերով չավարտվեց։ Մեր ողբերգությունը շարունակվեց։ Մենք ուզում էինք կանխել դա Արցախի ժողովրդի դեպքում։ Ցավոք, չկարողացանք կանգնեցնել այն, ինչ տեղի ունեցավ։

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ակադեմիական շրջանակները վերաբերվում ադրբեջանցի գիտնականների և փորձագետների պատմություններին, որոնք հայերի տեղահանություններն ու կոտորածները վերագրում են այլ ուժերի՝ նվազագույնի հասցնելով իրենց սեփական պատասխանատվությունը կամ մեղքը գցելով հայերի վրա։

-Դե, գիտեք, ցանկացած գիտնական գիտի, որ պատմողն է վերաձևում պատմությունը։ Մենք՝ որպես հայեր, սպասում ենք, որ ինչ-որ մեկը պատմի մեր պատմությունը,  մենք չենք պատմում մեր պատմությունները։ Մենք չենք պաշտպանում մյուս հայերին։ Մենք անընդհատ միմյանց մեջ թերություններ և բացեր ենք գտնում, փոխանակ միմյանց առաջ մղենք։

Բոլորն ինձանից հարցնում են, թե քանի՞ հայ է սպանվել Բաքվում։ Չգիտեմ, ես 11 տարեկան էի։ Հայաստանի այդ ժամանակվա կառավարությունը կամ չի փաստաթղթավորել, կամ, եթե փաստաթղթավորել է, չի տարածել այս տեղեկատվությունը պատերազմից առաջ՝ 30 տարիների ընթացքում։ Չկան վիճակագրական փաստաթղթեր։ Պատմություններ կան, բայց դրանք գիտական չեն, դրանք վիճակագրական չեն։ Չկան տվյալներ այն մասին, թե քանի բնակարան ենք կորցրել։ 60,000՞, 70,000՞։ Որքա՞ն է դրանց արժեքը հիմա։ Որպես փաստաբան՝ այդ թվերն ինձ շատ կարևոր են պատմությունը պատմելու համար։ Եվ եթե դուք դա չունեք, ապա մյուսը կգա և կսկսի փոխել ձեր պատմությունը և կսկսի խմբագրել այն։

Այսպիսով՝ Արցախյան պատերազմից հետո առաջին բանը, որ ես արեցի, միջոցներ հավաքելն ու արցախցիների մասին տեղեկություններ հավաքագրելն էր՝ ի՞նչ են կորցրել, ովքե՞ր են եղել, քանի՞ երեխա, քանի՞սն են զրկվել ոտքից, քանի՞սն են վերջույթները կորցրել։ Գիտե՞ք՝ քանի՞սն են սպանվել՝ քանի՞ ուսուցիչ․․․ Մենք հավաքեցինք այդ ամբողջ տեղեկատվությունը՝ ավելի քան 39000 ընտանիքների մասին։

Յուրաքանչյուր հարցազրույց ես անձամբ էի անցկացնում։ Այն 350 հարցից բաղկացած հարցաշար էր։ Հետո այս ամենը ներկայացրի Հայաստանի կառավարությանը ու ասացի՝ մենք ունենք այս տվյալները՝ հումանիտար, իրավական, բժշկական, հոգեբանական կորուստների մասին։ Ահա, վերցրե՛ք, օգտագործե՛ք։ Արդյո՞ք օգտագործեցին․․․

Այս տվյալները հիմա պարզապես դրված են այնտեղ՝ ապագա սերունդների համար, որպեսզի նրանք պարզեն, թե Հադրութում քանի՞ ընտանիք էր ապրում, ի՞նչ էին կորցրել, քանի՞ մեքենա, քանի՞ ֆերմա, քանի՞ կենդանի…։ Սրանք մեր պատմության մասերն են, որոնք մենք պարզապես անտեսում ենք՝ թողնելով ուրիշներին։

Նույնը տեղի ունեցավ Բաքվի հայերի հետ։ Գուցե տվյալներ կային, բայց մենք 30 տարի «անհարմար» թեմա էինք, և մեզ անտեսեցին։ Մեր կորուստը անտեսվեց։ Մեզ երբեք չօգտագործեցին որպես գործիք։

Մինչդեռ Ադրբեջանն իր փախստականներին օգտագործեց որպես գործիք՝ նույնիսկ այսօր՝ Երևան տեղափոխվելու համար։ Իսկ մենք, փոխարենը, միմյանց հետ վիճում ենք բարբառի կամ դոլմա պատրաստելու ձևի պատճառով։ Իսկ նրանք մեքենայի նման աշխատել են։ Ես դա տեսել եմ դեսպանատներում անցկացրած միջոցառումների ժամանակ, երբ հրավիրված եմ եղել խոսելու Բաքվի ջարդերի մասին։»

Նրանք մեքենայի նման են․ աշխատում են որոշակի նպատակի՝ ազգի շահերի համար։ Եվ ես կարծում եմ, որ դա այն է, ինչ մեզ պակասում է հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում, և հատկապես հիմա՝ այդքան շատ բան կորցնելուց և շարունակաբար կորցնելուց հետո։ Դեռևս ազգային շահ չկա։ Կա ուրիշների շահ, որը մենք կա՛մ առաջ ենք մղում, կա՛մ աշխատում ենք դրա համար։ Իսկ ազգը շարունակում է փոքրանալ և փոքրանալ։ Մարդիկ հեռանում են, և մենք տարածքներ ենք կորցնում։ Ես զարմացած եմ, որ այս կերպ վարվելով, մենք դեռ ունենք Հայաստանը։ Ինչպե՞ս ենք մենք գոյատևել։ Ես պատկերացում չունեմ։

Նրանք հաջողում են ոչ թե այն պատճառով, որ հանճարեղ են։ Այո՛, գուցե ունեն նավթադոլարներ, բայց մենք էլ գումար ունենք։ Մենք ունենք միլիարդատեր սփյուռքահայեր, ունենք գործող պետություն, գործող կառավարություն։ Ուրեմն՝ ինչո՞ւ ենք ձախողվում պատմությունը ներկայացնելու հարցում։

Նրանք պատմում են իրենց պատմությունները։ Նրանք այդ պատմությունները ներկայացրել են եվրոպական երկրներում, եվրոպական քաղաքներում, Եվրամիության մայրաքաղաքներում ու Միացյալ Նահանգներում։ Նրանք պատմել են, և նրանց հավատացել են, որ մենք ենք ագրեսորը, որ մենք ենք գրավել նրանց տարածքները, որ մենք ենք ցեղասպանություն իրականացրել։ 2020 թվականի հունվարին ես ելույթ ունեցա Հայաստանի խորհրդարանում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Առաջին անգամ էր, որ նման միջոցառում էր անցկացվում։ Ես զարմացած էի, որ ինձ հրավիրել էին ելույթ ունենալու։

Ելույթից հետո ես պատմեցի նրանց ադրբեջանական Խոջալուի մասին մի պատմություն։ Գիտե՞ք, քաղաքի բոլոր քաղաքային ավտոբուսներում պաստառներ կային, որոնք քարոզում էին, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել, ինչը պատմականորեն ճիշտ չէ։

Այնուամենայնիվ՝ մենք ոչինչ չենք անում դա կանխելու համար։ Առաջին բանը, որ խորհրդարանի այդ մարդիկ արեցին, մոտեցան ինձ ելույթից հետո և ասացին. «Մենք իսկապես գնահատում ենք Ձեր աշխատանքը։ Մենք կօգնենք Ձեզ ամեն հարցում, ինչ Ձեզ անհրաժեշտ է, Դուք տեղյակ պահեք մեզ»։ Իմ պատասխանն այն էր, որ «ես չեմ ուզում դա անել։ Դա Ձեր աշխատանքն է, Ձեր աշխատանքն է՝ հակազդել պատմության այս տեսակի աղավաղմանը և արձագանքել դրան»։

-Շնորհակալություն։ Եվ ամփոփելով՝ ի՞նչ հույս ունեք, որ մարդիկ, լսելով վերապրածի պատմությունը, այլ ոչ թե վիճակագրություն կարդալով, կհասկանա՞ն Բաքվի և Սումգայիթի բռնությունների մասին։

-Կարծում եմ՝ դա իսկապես զարմանալի էր։ Որպես անհատ, ով անցել է հոգեբանական ծանր փորձառությունների միջով, իր սեփական մաշկի վրա է զգացել բռնությունը… Ես երեբեք նպատակ չեմ ունեցել հանրային մարդ դառնալ։ Երբ իմ գիրքը հրատարակվեց, ինձ հրավիրեցին Վաշինգտոն՝ Կապիտոլիում՝ ԱՄՆ կոնգրեսականների առաջ ելույթ ունենալու իմ փորձի մասին։ Դա 2012 թվականն էր։ Լսում էի այդ բոլոր դիվանագետներին, հետո խոսեցի ես։ Եվ տեսա, թե իմ կարճ ելույթն ինչ ազդեցություն ունեցավ լսարանի վրա՝ ի տարբերություն քաղաքական գործիչների ու դիվանագետների ելույթների։ Դա իսկապես ազդեց նրանց վրա, և ես հասկացա, որ մեր ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի՝ լինի դա ի՛մ, թե՝ ուրիշների՛ միջոցով։ Շատ կարևոր է պատմել այս պատմությունները։

Հենց այդ պատճառով ինձ համար կարևոր էր արձանագրել արցախցիների կորուստները, որովհետև նրանք չեն կարող գնալ ու խոսել Կոնգրեսում։ Իսկ այդ տեղեկատվությունն մի օր օգտագործվելու է՝ լինի իրավական, թե քաղաքական համատեքստում։ Բայց գիտեք՝ մենք չունեցանք մեր «Աննա Ֆրանկը» Հայոց ցեղասպանության ժամանակ։

Մենք չունենք մեր «Աննա Ֆրանկը», որը կներկայացվեր Ամերիկայի յուրաքանչյուր դպրոցում։ Օրինակ՝ իմ երեխաները մշտապես կարդում են Հոլոքոստի մասին։ Բայց 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին խոսելը գրեթե նույնն է, ինչ ատամներ քաշելով փորձել նրանց համոզել՝ ընդունել, որ դա տեղի է ունեցել:…

Գիտեք՝ Միացյալ Նահանգներն ազատ երկիր է, որն այժմ ընդունում է այս տեսակի իրողությունները: Այնպես որ, նույնիսկ հիմա, դա նման է պատմություն պատմելուն։ Մեր սեփական պատմությունը կարևոր է։ Ոչ ոք չէր սպասում, որ մեր ցեղասպանություն վերապրածները կխոսեն սեփական անունից: Նրանց երեխաներն ու թոռները խոսեցին նրանց անունից: Եվ այո՛, 105 տարի պահանջվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց դա տեղի ունեցավ: Ես կարծում եմ, որ մարդիկ ակնկալում են, որ Բաքվի հայերը, նմանապես, կխոսեն իրենց անունից: Բայց ես երեխա էի, և իմ ծնողները չէին կարող դա անել: Հոգեկան այն ծանր ապրումները, որ նրանք կրել են մեր՝ երեխաներիս համեմատ, շատ խորն է, մեծամասամբ՝ ավելի ծանր։ Ուստի՝ Բաքվի հայերից խոսել ակնկալելն իսկապես ամբարտավանություն է: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ռեսուրսներ, որ մեր պատմությունն այլ կերպ ներկայացվի, օրինակ՝ ներկայացնելով մահացածների վիճակագրությունը:

Պարզե՛ք։ Դուք կարող եք օգտվել խորհրդային արխիվներից, չէ՞։ Քանի՞ բնակարան ենք կորցրել։ Ի՞նչ արժեին դրանք։ Եվ պահանջե՛ք փոխհատուցում մեր անունից։ Մի՛ սպասեք, որ մենք ինքներս միլիոնավոր դոլարներ կհավաքենք, որպեսզի դատի տանք Ադրբեջանին։ Մենք դեռ արթնանում ենք մղձավանջներից, դեռ առողջական խնդիրներ ունենք մեր ապրածի պատճառով։ Եվ հենց Հայաստանի կառավարությունն է, Հայաստանի ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում, որ պետք է խոսի Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի մասին։ Դուք նշեցիք Սումգայիթը, բայց ոչ Կիրովաբադը։ Պետք է հոգ տանենք բոլոր հայերի մասին, այդ թվում՝ արցախահայերի, որովհետև այդ պատմությունը ևս կկորչի։

Ո՞վ է միլիոնավոր դոլարներ ծախսում ադրբեջանցի փախստականների վրա։ Ադրբեջանի կառավարությունը։ Այսինքն՝ փախստականները չեն, որ հավաքվում են, միլիոններ են գտնում ու դատի տալիս Հայաստանին՝ Եվրոպական դատարանում։ Դա անում է Ադրբեջանը։ Իսկ հայ փախստականների համար նման բան տեղի չի ունենում։

-Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրն էր Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ ազգությամբ հայ, ամերիկացի գրող, դասախոս, իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում