2026

Բաքվի հայերի էթնիկ զտումը սպանությունների կազմակերպված արշավ է

2026-01-21

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկիզբ են առել քաղաքի հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններ, որոնք շարունակվել են շուրջ մեկ շաբաթ։ Կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ սկսված գործողությունները կրել են նախապես ծրագրված և կազմակերպված բնույթ։ Ջարդարար խմբերը հարձակումներ են իրականացրել հիմնականում հայերին պատկանող բնակարանների, խանութների և աշխատավայրերի վրա՝ գործելով նախապես ճշտված հասցեներով։

Իրադրությունը սրվել է հունվարի 13-ին՝ անցկացված բազմահազարանոց հանրահավաքից հետո, երբ հակահայկական կոչերով հանդես եկող ցուցարարները ներխուժել են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող հայաբնակ տարածքներ։ Ականատեսների հաղորդմամբ՝ բռնությունների ընթացքում գրանցվել են ծեծի, թալանի, սպանությունների և խոշտանգումների դեպքեր, տուժել են հարյուրավոր հայեր, իսկ բազմաթիվ ընտանիքներ հարկադրված լքել են իրենց բնակարանները՝ փրկվելու համար։

Ադրբեջանական վայրագությունների ականատեսն ու դրանց պատճառով հայրենի տունը լքած հարյուրավոր հայերից մեկն էլ Լիա Բաբայանն է, ով, ի վերջո, ընտանիքի հետ միասին հաստատվել է ԱՄՆ-ում։

2018 թվականին լույս է տեսել նրա՝ «Լիմինալ փախստականի հուշեր» ինքնակենսագրական գիրքը։ Բաքվում ծնված հեղինակը գրքում պատմում է 1990 թվականի Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնությունների և կոտորածների, Բաքվից իր ընտանիքի փախուստի, պատերազմի մանկական ընկալման մասին։

«Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում Լիա Բաբայանը ներկայացնում է փախստականի իր փորձառության, ԱՄՆ-ում իր կյանքի, նոր իրականության հետ հարմարվելու իր ջանքերի,  ինքնության որոնումների, ասիմիլյացիայի վտանգների և գոյատևման իր պայքարի մասին։

-Շնորհակալություն Ձեզ՝ զրույցի համար։ Ես այս զրույցն անչափ կարևորում եմ ոչ միայն իմ և իմ ընտանիքի պատմությունը, այլև՝ բազմաթիվ պատմություններ փաստագրելու համար։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև ձեր հիմնադրամին։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է։

Շատ հեշտ է մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել 36 տարի առաջ, քանի որ մենք ժամանակագրորեն հեռացել ենք այդ իրադարձություններից։  Ես հեռու եմ ոչ միայն աշխարհագրորեն, այլև՝ այդ հիշողություններից։ Մենք աշխարհի մյուս կողմում ենք գտնվում։ Շատ հեշտ է, երբ վերապրածները թե՛ մարդկային, թե՛ հոգևոր հիշողության մեջ փորձեն մոռանան եղածը՝ բուժվելու և առաջ շարժվելու համար։ Բայց ես համոզված եմ, որ կարևոր է փաստագրելը, կարևոր է ամեն տարի հիշել, հարգել ու խոսքի միջոցով կենդանացնել տեղի ունեցածը։ Հիշել ոչ միայն հիշատակի օրը։ Աշխատանքի բերումով, ինչպես նաև՝ գրքի հետ կապված հարցերով, շատ եմ ճանապարհորդում։ Միացյալ Նահանգներում պարբերաբար խոսում եմ ջարդերի մասին։

- Մարդիկ պատրա՞ստ են լսել նման պատմություններ։

- Մարդիկ պատրաստ են լսելու… Եթե հետևեք իմ էջի հրապարակումներին, կնկատեք, որ սակավաթիվ մարդիկ են բացասական մեկնաբանություններ անում կամ փորձում արժեզրկել ասվածը։ Ինձ համար շատ ուշագրավ է, որ նրանք փորձում են արժեզրկել մի մարդու ասածները, ով անձամբ է անցել այդ էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների միջով, ով այդ ամենի կենդանի ապացույցն է։

Այնպես չէ, որ փորձում ես հերքել 4-րդ կամ 10-րդ դարերի պատմությունը։ Խոսքը մեր կյանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որոնց ապացույցը կենդանի մարդիկ են՝ իրենց պատմություններով։ Այդ պատճառով, կարծում եմ, որ մարդիկանց հետաքրքրությունը մեծ է։

Մարդիկ նաև այստեղ՝ Միացյալ Նահանգներում էլ, կախված սերնդից, այդ ժամանակ հետևում և բնականաբար տեսնում էին, թե ինչ էր տեղի ունենում Խորհրդային Միության փլուզման ընթացքում։ Բայց Բաքվում և, ընդհանրապես, Խորհրդային Միությունում լրագրության ու մեդիայի շրջափակման պատճառով շատ քիչ տեղեկություն էր հասնում միջազգային հանրությանը։

Ուստի այսօր շատերն են զարմանում, որ ապրելով ազատ հասարակությունում՝ դեռևս շատ բաներ չգիտեն աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Այստեղ՝ Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում, ես շատ եմ զրուցում երիտասարդ սերնդի՝ ավագ դպրոցների 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանցիների, ամերիկացի ուսանողների հետ։ Իմ աշխատանքը հայկական սփյուռքի հետ չէ։ Սովորաբար, հայկական սփյուռքը գիտի մեր պատմության և ցեղասպանության՝ սերնդեսերունդ փոխանցված ողբերգությունների մասին։

Իմ հիմնական լսարանը՝ ամերիկյան հասարակությունը, ավելի լայն է։ Հատկապես երիտասարդ սերունդը շատ է զարմանում, երբ լսում է, որ նման բաներ են տեղի ունեցել 90-ական թվականներին՝ բոլորի աչքի առաջ, ինչպես օրինակ՝ Բոսնիայում, և այլ ցեղասպանությունների ժամանակ։ Սա վերաբերում է նաև հայկական սփյուռքին։

Ամերիկահայ սփյուռքի մեծ մասը սերում է 1915 թվականի ցեղասպանությունից փրկված պապերից, տատերից, որոնք հետագայում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Նրանք ևս զարմանում են, երբ իմանում են, որ էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության ալիքները շարունակվել են նաև 1915 թվականից հետո՝ հասնելով մինչև 1990-ական թվականներ։

Ուստի նրանք էլ են զարմանում, երբ լսում են Սումգայիթի և Բաքվի պատմությունների մասին, որովհետև որպես սփյուռքահայեր՝ մենք միմյանց հետ և՛ կապված ենք, և՛ բաժան։ Միշտ չէ, որ մենք կապված ենք պատմական կապերով։ Ինքնությամբ՝ այո՛, կապված ենք, բայց մեր նախնիների միգրացիաներն և աշխարհագրական տեղաշարժը մեզ տարել են տարբեր ուղղություններով՝ Հարավային Ամերիկա, Եվրոպա, Աֆրիկա կամ, ինչպես իմ դեպքում՝ ԱՄՆ-ի Այդահո նահանգ՝ Թուին Ֆոլս քաղաք։

Այսպիսով՝ մենք շատ մոտ ենք Գլենդելին, Կալիֆոռնիային, մեքենայով ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ, գուցե 14-15 ժամվա։ Բայց մենք շատ հեռու ենք ամբողջական ընկալումից, թե պատմական ինչ դեպքեր են մեզ բերել այստեղ, հատկապես՝ Բաքվից գաղթած հայերը։ Իսկապես հետաքրքիր է լսել, թե մարդիկ ինչպես են ընկալում և ինչպես են արձագանքում նման պատմություններին, ուստի անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։

-Դուք շատ փոքր էիք, երբ Բաքվում իրավիճակը կտրուկ փոխվեց, ինչպե՞ս հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ, ինչի՞ց սկսվեց այդ ամենը։

-Ես փոքր էի, և կարծում եմ՝ երբ երեխայի կյանքում արտասովոր ինչ-որ բան է տեղի ունենում, նրա մեջ բնածին պաշտպանական մեխանիզմ է գործում։ Ոմանք դա անվանում են տրավմա, բայց կա նաև բարձր զգոնության կամ գերզգոնության մի վիճակ, երբ երեխան գտնվում է գոյատևման փուլում է և ընկալում է մեծահասակների վարքագիծը։ Որոշ երեխաներ պարզապես կտրվում են իրականությունից․ դա էլ հաղթահարման նրանց մեխանիզմն է։ Ես ունեմ քույրեր, զարմիկներ, ճանաչում եմ շատ երիտասարդների, որոնք նույն փորձության միջով են անցել․նրանց հիշողությունը դատարկ է, քանի որ նրանք այդպես են արձագանքել տեղի ունեցածին։

Հիշում եմ, որ ես շատ ազատ երեխա էի, խաղում էի և չէի ընկալում մեծահասակների աշխարհը, հասկանո՞ւմ եք։ Որովհետև երեխաները պարզապես իրենց աշխարհն ունեն։ Եվ մենք խաղում էինք և անում այն, ինչ մեզ ասում էին, ուտում էինք կամ քնում։ Բայց ես մեծ մասամբ հիշում եմ...

Սա այն ժամանակ էր, երբ ես գնում էի նախադպրոցական հաստատություն, շփվում էի, դուրս էի գալիս աշխարհ և հանդիպում էի այլ մեծահասակների և երեխաների։ Բայց զգայական ինչ-որ ազդանշան ինձ հուշում էր, որ ինչ-որ բան էր կատարվում։ Ես ազատ երգում էի հայկական երգեր և խաղում էի։ Մենք փոքր էինք, ժապավեն էինք կապում մեր գլխին, ձևացնում՝ իբրև հարսնացու ենք։ Պարում էինք ավանդական պարեր։ Տատիկիս և մեր տանը պատշգամբ ունեինք․ հիշում եմ, թե ինչպես էինք տատիկիս պատշգամբում երգում հայրենասիրական երգեր, որոնք այդ ժամանակ շատ տարածված էին։

Դա Ղարաբաղյան շարժման շրջանն էր։ Եվ մայրս… շատ ամուր բռնում էր գլուխս ու բերանս, ներս էր քաշում տուն և ասում՝ հեռո՛ւ մնա պատուհաններից, պատշգամբից, մի՛ երգիր։ Դա ինձ համար շատ տարօրինակ էր, որովհետև մեր ընտանիքում, ինչպես հայկական շատ ընտանիքներում, երաժշտությունը միշտ հնչում էր։ Դրա համար հատուկ առիթ պետք չէր․ երգն ու երաժշտությունը միշտ կային։ Եվ մեր ընտանիքը շատ երաժշտական էր։ Այդ պատճառով դա ինձ տարօրինակ էր թվում։ 

Հիշողություններից մեկը, որը երկար ժամանակ չէի հասկանում՝ ինչ է իրականում եղել, մինչև ավելի ուշ գիտակցեցի, որ դա մեր ընտանիքի անդամներից մեկի նկատմամբ իրականացված բռնություն էր։ Ես տատիկիս տանն էի։ Դռան բանալու անցքի մոտ մի փոքրիկ նստարան ունեինք, որի վրա կանգնում էի ու նայում բանալու անցքից։ Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են մեր ընտանիքի անդամները տուն վերադառնում։ Այդ օրը՝ կեսօրին, պատշգամբից տեսա, թե ինչպես է հորեղբայրս թեքվում մեր թաղամասի շենքի անկյունից։ Գիտեի, որ մի քանի րոպեից դռան մոտ կլինի։ Շատ ոգևորված էի, բարձրացա փոքրիկ նստարանին և նայեցի բանալու անցքից։ Սակայն տեսա արյունոտ գլուխ։ Նրա դեմքի մի կողմից արյուն էր հոսում, միայն նրա մի աչքը տեսա և արյունոտ գլուխը։ Ես այս մասին գրքում չեմ գրել։ Այդ հորեղբայրս, որի մասին գրում եմ, կորցրել է իր կնոջը․ նա դաժանաբար սպանվել է ջարդերի ժամանակ։ Մյուսը, ում մասին գրել եմ, իմ մորաքույր Լոլան է, սակայն հորեղբորս տեսնելը, որ հիշում եմ ․․․

Մանկությանս տարիներին ես երբեք այդքան շատ արյուն չէի տեսել։ Գիտեք՝ ծնկի վրա փոքր վնասվածք ենք ստանում կամ ընկնում ենք։ Ես երբեք նման բան չէի տեսել։ Ես պարզապես սառեցի։ Տատիկս չկորցրեց իրեն, անմիջապես օգնեց նրան։ Ինձ ասաց, որ ինչ-որ բան է ընկել հորեղբորս վրա, հորեղբայրս էր այդպես ասել։ Կարծում եմ, որ նա դա ասաց, որպեսսզի այդ տեսարանը հիշողությանս մեջ չմնա։

Կարծում եմ, որ նրա վրա հարձակվել էին կամ դանակահարել՝ վնասելով գլուխը կամ դեմքը, իսկ նա այդ պահին փորձում էր պաշտպանել ինձ։ Դա առաջին բռնությունն էր, որին անմիջականորեն ականատես եղա մեր ընտանիքում՝ չհասկանալով, որ փողոցներում բազմաթիվ նման դեպքեր էին կատարվում։ Դրանից մի քանի րոպե առաջ ես տեսել էի, թե ինչպես է նա քայլում հստակ, անվտանգ։ Այդ դեպքը փոխեց անվտանգության իմ զգացումը, հասկացա շրջապատի, մեծահասակների խոցելիությունը, նրանց վախերը։ Դրանից հետո ես սկսեցի նկատել նրանց վախերը, որոնք պարզապես տեսանելի էին փողոցներում շշուկով խոսող մեծահասակ, մարդկանց դեմքերին։ Դա վտանգավոր շրջան էր։ Որպես երեխա՝ ես, կարող է, չէի հասկանում քաղաքական խոսակցությունները կամ այն ջանքերը, որոնցով մեծահասակները փորձում էին փրկել իրենք ընտանիքները։ Ես դրանք չէի հասկանում, բայց հասկանում էի, որ նրանք վախենում էին։

-Այս թեման քննարկվու՞մ էր Ձեր ընտանիքում։ Օրինակ՝ Բաքվից փախչելուց հետո, երբևէ քննարկե՞լ եք այդ իրադարձությունները, նմանատիպ թեմաները, գուցե արդեն մեծահասակ կամ դեռահաս տարիքու՞մ։

-Մենք տեղափոխվեցինք և 1992 թվականին հաստատվեցինք Միացյալ Նահանգներում։ Այդ մասին հազվադեպ էր բարձրաձայնվում։ Եթե անգամ բարձրաձայնվում էր, արագ փակվում էր՝ մարդիկ դուրս էին գալիս սենյակից կամ՝ արցունքներ։ Ծնողներս պարզապես չէին կարող վերապրել այդ ամենը, մենք չէինք կարողանում խոսել դրա մասին։ Կարծում եմ՝ նրանց մի մասը ցանկանում էր մոռանալ կատարվածը։ Իմ ձեռագիրը գիրք դարձնելու համար շատ երկար ժամանակ պահանջվեց։ Պատճառն այն չէր, որ ես նվիրումով ու հետաքրքրվածությամբ չէի աշխատում կամ գրելու ունակություն չունեի։ Երկար ժամանակ լիարժեք չէի տիրապետում անգլերենին։ Կարողանում էի խոսել, բայց քերականության, կարդալու ու գրելու մակարդակում գրագիտությունս բավարար չէր, որպեսզի նստեի և իմ աշխատությունը գրեի։

Ժամանակի ընթացքում ես սովորեցի հարցեր չտալ, որովհետև տեսնում էի, թե ինչ ցավ է դա պատճառում իմ ծնողներին, տատիկ-պապիկներին։ Ես երբեք հարցեր չէի տալիս հորեղբորս։ Չէի կարողանում տանել նրա տառապանքը՝ անգամ հարցը հնչեցնելիս։ Պատասխանը դեռ մի կողմ, նույնիսկ հարց լսելն էր նրան ցավեցնում։

Երբ ընթրիքի սեղանի շուրջ էին հավաքվում կամ հայկական համայնքում երեկույթներ էինք կազմակերպում, տարբեր տրամադրություններ էին լինում։ Երբ կենացներով հիշում էինք մեր հեռացած հարազատներին, մարդիկ սկսում էին խոսել վշտից։ Նրանք հիշում էին, սկսում էին պատմել իրենց հետ պատահածը և կիսվում էին գոյատևման իրենց պայքարի մասին, թե ինչ պատահականությամբ կամ բախտի բերմամբ են կենդանի մնացել։

Մեր ընտանիքում ես հասկացա, որ պետք է պարզապես լավ լսող լինեմ։ Բացառված էր, որ ես կարողանամ հանգիստ նստել ու հարցազրույց վերցնել հոգեբանական տրավմա ստացած իմ հարազատներից։ Ես ինքս էլ նույն՝ հոգեբանական ծանր վիճակում էի, և մինչև այսօր էլ հոգեբանական շատ շերտեր կան, որ պետք է բացեմ, հասկանամ, սգամ ու բուժեմ, որովհետև ճիշտ չէ՝ ապրել նման փորձառության մեջ։ Անկախ նրանից՝ երեխա ես, թե մեծահասակ, դա ճիշտ չէ։ Մարդու հոգեկանը ստեղծված չէ նման սարսափը սովորական դարձնելու համար։ Մենք անխուսափելիորեն տրավմայի ենք ենթարկվում դրանից, և դա բնական է։  

Այսպես ես լսում էի իմ ընտանիքի պատմությունը և փոքրիկ կտորներով հավաքում ամբողջ պատկերը։ 2005 թվականին ընտանիքիս հետ առաջին անգամ վերադարձա Հայաստան։ Այդ այցի ընթացքում կարողացա հավաքել մի քանի լուսանկար, ինչպես նաև՝ այն հարազատներիս վկայությունները, որոնք արդեն կարողանում էին խոսել ու կիսվել իրենց հիշողություններով։

Ես այցելեցի նաև Եղվարդի դպրոց, որտեղ ժամանակին ապաստան էր գտել իմ ընտանիքը։ Ինձ թույլ չտվեցին ներս մտնել․ ամառ էր, և դպրոցը փակ էր։ Սակայն մեկուկես տարի առաջ մենք կրկին վերադարձանք՝ իմ գրքի վավերագրական ֆիլմի նկարահանումների նպատակով։ Այդ այցիս ժամանակ կարողացա ներս մտնել, հանդիպել դպրոցի վարչակազմի որոշ անդամների հետ, մտա պահեստային այն սենյակը, որտեղ ժամանակին ապրել էր իմ ընտանիքը։ Այժմ այդ տարածքը վերանորոգվում է, կարծում եմ՝ սոցիալական ծառայության գրասենյակ պիտի դարձնեն։ Այդ պահին ես զգում էի, որ տանն եմ՝ թեկուզ չակերտավոր, թեկուզ փոխված։

Ես խոստացա նրանց, որ կապ կպահպանեմ և երեխաներին գրքեր կուղարկեմ: Մի քիչ դժվար էր դա անելը՝ կապված տեղափոխման խնդիրների և աշխարհում կատարվող իրադարձությունների հետ։ Բայց նրանք ինձ համար շատ մտերիմ և թանկ մարդիկ են։ Երկար ժամանակ պահանջվեց՝ մանկությունից դեպի պատանեկություն, այնուհետև՝ չափահաս դառնալու անձնական ճանապարհն անցնելու համար։ Միայն 2018 թվականին էի պատրաստ հրատարակել իմ գիրքը։

Մայր դառնալն ինձ դրդեց այն հրատարակել։ Ես գիտակցում էի, որ տատիկիս ու պապիկիս, ապա նաև՝ ծնողներիս մահից հետո նոր սերունդն ընդմիշտ կկորցնի մեր գոյատևման պատմությունը։ Եվ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահեր, իմ երեխաները, որոնք ապրում են այս մեծ, նոր երկրում, միայն իրար կունենային։ Նրանք չէին իմանա իրենց արմատների և հայկական ընտանիքի՝ էթնիկ սպանությունների և ցեղասպանությունից հետո գոյատևման պատմությունը։ Ես պատասխանատվություն զգացի այս հուշագրությունը ստեղծել նախ և առաջ իմ երեխաների համար։

- Շնորհակալությո՛ւն, իսկապես հետաքրքիր է լսելը։ Ե՞րբ է Ձեր ընտանիքը հաստատվել Բաքվում, ի՞նչ եք հիշում Բաքվի հայ համայնքի և տեղի հայերի առօրյա կյանքի մասին։

- Դե, ես հենց այնտեղ եմ ծնվել։

Այնտեղ են ծնվել նաև իմ ծնողները։ Հայրս, նրա ընտանիքը Արցախից էին։ Մորս կողմն էլ է արմատներով Արցախից, դրանից էլ առաջ՝ Օսմանյան Թուրքիայից։ Նրանք էլ՝ իմ նախնիները, իմ մեծ պապիկ-տատիկները, գոյատևման իրենց պատմությունն ունեն։

Երբ նայում եմ սերունդներին, ինձ, Աստված չանի, որ իմ երեխաներն էլ անցնեն նման փորձության միջով։ Մեր ընտանիքում՝ ներառյալ ինձ, վեց սերունդ ցեղասպանական քաղաքականության փորձառություն ունի՝ արմատախիլ լինելու, տեղափոխվելու, վերաբնակվելու, նորից արմատախիլ լինելու, նորից տեղափոխվելու, վերաբնակվելու։ Սա աշխարհի հայերի համար եզակի դեպք չէ։ Մեր ընտանիքն այս ամողջ ճանապարհն անցել է։  

Մայրական կողմի տատիկս և նրա ընտանիքը, փրկվելով 1915 թվականի ցեղասպանությունից, փախել են Կիպրոս։ Այնտեղից մեկնել են Ուզբեկստան, որտեղ էլ ծնվել է տատս։ Այնուհետև նրանք գաղթել են Բաքու, քանի որ նրա հայրը նավթահորերի լավ մասնագետ-օպերատոր էր։ Նա աշխատում էր Բաքվի նավթավերամշակման գործարաններում։ Այդպես նրանք հաստատվել են այդ քաղաքում, որտեղ էլ ծնվել է մայրս։

Եվ մեր արմատները այնտեղ էին։ Չնայած Բաքվի հայ համայնքը փոքրամասնություն էր կազմում, բայց մեծաթիվ հայեր էին աշխատում վարչական, կառավարման պաշտոններում, ձեռնարկություններում։ Սա խորհրդային կառավարության քաղաքականության արդյունք էր․ բարձր որակավորում ունեցող մասնագետներին տարբեր կառույցներում էին ներգրավում և նշանակում պատասխանատու պաշտոններում։ Բաքվում, նախքան վայրագությունների սկսվելը, տեղի ունեցավ, այսպես կոչված, վարչական «մաքրում»։ Մարդկանց ազատում էին աշխատանքից, այդ թվում՝ մորս նման մասնագետներին։ Նրանց ասում էին՝ գիտեք, դուք այլևս չեք կարող աշխատել կառավարչական կամ հաշվապահական պաշտոնում։ Կամ ավելի վատ․ ասում էին՝ «Մի՛ վերադարձեք։ Պարզապես վաղը մի՛ վերադարձեք»։

Իրականում կային մարդկային և կարեկից որոշ գործատուներ, որոնք այդ տարիներին տնօրեններ էին կոչվում և ադրբեջանցիներ էին, նախազգուշացնել էին հայ աշխատակիցներին։ Նրանք խորհուրդ էին տվել հայերին չվերադառնալ աշխատանքի և, հնարավորության դեպքում, հեռանալ քաղաքից, քանի որ գիտեին, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանական համայնքի ներսում արդեն շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ կարող են սկսվել «մաքրման» գործողություններ։ Սակայն տեղի ունեցածը պարզապես անկարգություններ կամ ինքնաբուխ բախումներ չէին։ Այն կազմակերպված կերպով իրականացված գործընթաց էր, Բաքվի հայերի էթնիկ զտումը սպանությունների կազմակերպված արշավ էր։

Բաքվի հայ համայնքը գոյություն ուներ վաղ ժամանակներից։ Իմ ծնողների, տատիկ- պապիկներրի նման բազմաթիվ հայ ընտանիքներ այնտեղ էին հաստատվել առևտրով զբաղվելու նպատակով։ Նախքան այդ երկրի՝ Ադրբեջան անունով պետության ձևավորումը, այդ տարածքներում ապրում էին տարբեր բնիկ ժողովուրդներ, որոնք ապրում էին իրար հարևանությամբ, ինչպես մարդիկ սովորաբար ապրում են իրենց հարևանների կողքին։

Ինչպես գիտեք, եղել են խառնամուսնություններ: Շատ ընտանիքներ կային, որտեղ հայրը կամ մայրը հայ կամ ադրբեջանցի էր: Նույնիսկ կրոնական տարբերությունները դեր չէին խաղում, քանի որ Խորհրդային Միությունը կառուցված էր հիմնականում աթեիստական համոզմունքների վրա։ Հակասություններն ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ ինքնությունը դարձավ քաղաքական հռետորաբանության մաս, վերածվեց ազգայնական գաղափարախոսության և սկսեց համակարգված կերպով սնուցվել։

Անշուշտ, կարող էին լինել խտրական վերաբերմունքի որոշակի դրսևորումներ կամ առանձին լարվածություններ, սակայն դրանք երբեք այն աստիճանի չէին հասնում, որ վերածվեին բացահայտ բռնության։

Այսպիսով՝ Բաքվում գործում էր հայկական եկեղեցի։ Եվ մենք ունեինք մեր ավանդույթները, պահպանել էինք լեզուն, սովորույթները, երաժշտությունը, արվեստն ու մշակույթը։ Այնքան շատ բան ստեղծեցին Բաքվի հայ արվեստագետները։ Այդ արվեստագետներից մի քանիսին Ադրբեջանն այսօր ներկայացնում է որպես ադրբեջանցի արվեստագետներ, բայց նրանք ազգությամբ հայ են, որոնք պարզապես ծնվել են Բաքվում, ինչպես՝ ես։

Խորհրդային Միության թղթաբանության պատճառով իմ ազգությունը նշված է ադրբեջանցի։ Եվ եղել են դեպքեր, երբ ադրբեջանական լոբբին կամ ադրբեջանական հյուպատոսությունը պնդել են, որ ես Ադրբեջանի քաղաքացի եմ կամ ադրբեջանցի փախստական եմ՝ դրանով փորձելով վարկաբեկել ինձ, նվազագույնի հասցնել կամ ջնջել իմ հայկական էթնիկ ինքնությունը՝ հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի վրա։

-Դուք նշեցիք, որ արցախյան արմատներ ունեքԱրցախ այցելելու հնարավորություն ունեցե՞լ եք երբևէ։

-Ցավոք, նման հնարավորություն չեմ ունեցել, գուցե մանկության տարիներին հնարավոր է եղել, երբ իմ ծնողները, տատիկն ու պապիկը գնացել են մեքենայով, բայց չափահաս կյանքում չի եղել։

-Հուսով եմ՝ մի օր։

-Այո՛։

-Ամփոփելով՝ ուզում էի հարցնել, եթե կարողանայիք ուղղակիորեն խոսել Ձեր կրտսեր «Ես»-ի՝ Բաքվում գտնվող այդ հայ երեխայի հետ, ի՞նչ ուղերձ կհղեիք նրան այսօր։

-Օ՜, հրաշալի հարց եք տալիս։ Շատ հետաքրքիր է։ Երբեք չեմ մտածել դրա մասին։

Կարծում եմ՝ երկար ժամանակ ես մեղքի զգացում ունեի պարզապես ողջ մնալու, ապրելու համար, քանի որ շատ երեխաներ չկարողացան ապրել, շատ նորածիններ չապրեցին։ Եվ հետո շատ մայրեր չէին փրկվել։ Այսօր ես ինքս մայր եմ։ Գիտեմ, որ երեխաներ ունենալն ու մեծացնելը մեծ պատիվ է։ Կարծում եմ՝ երկար ժամանակ ես մեղքի զգացում ունեի մանկության տարիներին ողջ մնալու համար․․․ դժվար է այդ զգացումը նկարագրելը։ Երեխայի համար շատ դժվար էր։ Այսօր ես, իհարկե, հասկանում եմ դա և երախտապարտ եմ իմ կյանքի համար։ Բայց երեխայի համար շատ դժվար էր գիտակցելը, որ իր ողջ մնալն ուղղակի պատահականություն էր․ զուտ պատահականություն, որ կյանքի և մահվան միջև երբեմն ընդամենը մի ակնթարթ է՝ մի պատահարի տարբերություն։

Երեխայի հոգեբանական զարգացման ընթացքում չի կարելի անտեսել մեծահասակների վարքագիծը։ Ես ականատես էի մեծահասակների գործողություններին՝ անկախ նրանից, թե ով էր կազմակերպիչը՝ կառավարությունը, արտաքին ուժերը կամ իրենք։ Նրանց վարքագիծն ինձ՝ փոքր երեխայիս մոտ ձևավորել էր կարծիք, որ երեխաների կյանքն արժեք չունի, որ երեխային կյանքից զրկելը նույնքան հեշտ է, ինչքան մաքրության ժամանակ անպետք իր դեն նետելը։

Իմ ընկալմամբ՝ աշխարհը և հասարակությունը, որտեղ ես մեծանում էի, սկսեցին «մաքրել» այն, ինչը համարվում էր միանգամյա օգտագործման, պարզապես դեն էին նետում, կամ, ավելի սարսափելի, ոչնչացնում։ Այդ զգացումը ես երկար տարիներ կրել եմ իմ մեջ։

Եթե այսօր կարողանայի ինչ-որ բան ասել այն փոքրիկ երեխային, որը ես էի, կասեի.«Մեղավորություն մի՛ զգա, որ դու ողջ մնացիր։ Դու անպետք չես։ Դու սուրբ ես։ Աստված է ստեղծում մարդկանց, բոլոր մարդկանց։ Յուրաքանչյուր մարդ սուրբ է։ Դու սուրբ ես և արժանի ես կյանքին։ Մի՛ մեղադրիր քեզ։ Քո ծնվելը քո իրավունքն է, ինչպես յուրաքանչյուր երեխայի և յուրաքանչյուր մարդու այս աշխարհում։ Ոչ ոք պարտավոր չէ ունենալ հատուկ ծագում կամ դավանել որևէ հատուկ կրոն։ Յուրաքանչյուր մարդ այս երկրագնդի վրա ապրելու իրավունք ունի՝ առանց բռնության, առանց վախի»։

Սա այն է, ինչ կուզեի ասել։ Շատ կարևոր հարց էր։ Շնորհակալություն։

Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը ամերիկահայ գրող Լիա Բաբայանն էր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում