2026

Անդրադարձներ ադրբեջանական քարոզչական նարատիվներին

2025-08-29

Ադրբեջանցի գիտնականների կողմից ռուսական, վրացական, թուրքական և արևմտյան գիտական ամսագրերում տպագրված հակագիտական և հակահայկական հոդվածներին, դրանցում տեղ գտած հայկական աղավաղված տեղանուններին, միտումնավոր շրջանցվող աղբյուրագիտական և արխիվային օտարալեզու ճշգրիտ փաստաթղթերին, կազմակերպված, հետևողականորեն իրականացվող, շրջանառության մեջ դրվող Ադրբեջանի քարոզչական նարատիվներին է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարի տաղավարում։

Խոսելով ադրբեջանցիների կողմից վերջին 4-5 տարիների ընթացքում համակարգված կերպով իրականացվող հակագիտական և հակահայկական հրապարակումներում տեղ գտած հայկական տեղանունների մասին՝ Գոռ Մարգարյանը մեջբերեց Երևանի՝ նրանց կողմից շրջանառվող «Իրեվան» օրինակը՝ հակադարձելով․

«17-18-րդ դարերի ռուսալեզու պատմական հրատարակություններում Երևանը հիշատակվում է հենց ուղիղ՝ «Երեվան» ձևով։ Ֆրանսալեզու «Քննական պատմություն» 1693 թվականի հրատարակության մեջ նույնպես հիշատակվում է «Երեվան» ձևը։ 17-րդ դարի վերջի՝ 1685 թվականի մեկ այլ հրատարակություն կարող ենք դիտարկել, որտեղ թվարկվում են Երևանի եկեղեցիները․․․ Ֆրանսիայի Ազգային գրադարանում պահպանվող 1804 թվականի Մ․ Ռենեքեի քարտեզում Հայաստանի տեղանունների գերակշռող մեծամասնությունը ներկայացված է հայերեն տարբերակով, տառադարձությամբ, ինչպես՝ Արագած, Սևանա լիճ, Արարատ, Երևան և այլն»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում