2025
2025-06-21
Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փախստականներ․ իրավունքներ, գործողություններ, պատասխանատվություն և հիշողություն» խորագրով աշխատաժողովը։
Ողջունելով ներկաներին՝ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց աշխատաժողովի նպատակները՝ վերլուծել 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հայերի իրավունքները, փաստել ու բարձրաձայնել կատարված անարդարությունները, համատեղ ուժերով ձևավորել իրավական գնահատականների, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնման և պաշտպանական ռազմավարությունների համակարգ։ «Միջազգային հանրության՝ մարդու իրավունքների հանդեպ հավատարիմ մնալու դեպքում, իրավունքի գերակայության և գործի վճռականության պարագայում միայն հնարավոր կլինի դատապարտել մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու պաշտպանել փախստականների իրավունքները»,- ընդգծեց Ա․ Գրիգորյանը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցան մի շարք պանելային քննարկումներ, որոնց առանցքային թեմաներն էին․
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքները․ պաշտպանության միջազգային երաշխիքներն ու միջազգային պատասխանատվությունը։·
Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը որպես բնիկության անձնագիր․ ոչնչացում և յուրացում։
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանականացման քաղաքականությունն ու թուրքական գործոնը՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության համատեքստում։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ դոցենտ Գոռ Մարգարյանը, կարևորելով աշխատաժողովի անցկացումը, քննարկվող թեմաների հրատապությունը, անդրադարձավ պատմամշակութային ժառանգության խնդիրներին: «Պատմական ճշմարտության խեղաթյուրման և բազմաշերտ ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը մի կողմից վարում է Արցախի հայկական-քրիստոնեական ժառանգության աղվանացման, մյուս կողմից՝ ոչնչացման քաղաքականություն»,-իր խոսքում նշեց վերլուծաբանը։
Արցախի աղվանացման-ուդիացման թեմայով զեկույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինտստուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը ներկայացրեց Կուր գետի աջափնյա Ուտիք և Արցախ նահանգների վաղ շրջանի էթնիկ վիճակը՝ նշելով, որ «անտիկ դարաշրջանից ի վեր Մեծ Հայքի Ուտիք նահանգի բնակչության և բուն աղվանական ցեղերի միջև որևէ կապ չի ընկալվել»։
Արցախի մելիքություններին՝ որպես հայոց պետականության դրսևորմանն անդրադարձավ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ Արտակ Մաղալյանը։ Ըստ վերլուծաբանի՝ թեև 16-18-րդ դարերում Արևելյան Հայաստանում կային բազմաթիվ մելիքություններ, սակայն այդ իշխանություններից առավել անվանի էին Արցախի հինգ` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները (Խամսայի մելիքություններ), որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ:
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Ստելլա Վարդանյանը, խոսելով Արցախի բարբառի՝ որպես բռնի տեղահանվածների ինքնության պահպանման կարևորագույն տարրի մասին, նշեց․ «Տեղահանված անձանց լեզուն, իսկապես, աներևակայելիորեն նշանակալի ոչ նյութական մշակութային արժեք է, և դրա պահպանումն ավելի կարևոր է հարկադիր միգրացիայի համատեքստում: Իսկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Արցախի բարբառի պահպանումը ոչ միայն լեզվական, այլև առանձնահատուկ ինքնության, մշակութային ժառանգության կարևորագույն խնդիր է»:
Աշխատաժողովին մասնակցում էին պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի փորձագետներ, իրավաբաններ, մշակութաբաններ։
Տեղի ունեցավ նաև լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի՝ Արցախի մշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի լուսանկարների ցուցադրությունը։