2025
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, «106.0 FM ռադիո»-ին տված հարցազրույցում խոսել է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու պատմական փաստերի խեղաթյուրման քաղաքականության մասին։
Մարգարյանի խոսքով` Ադրբեջանի վարած այս քաղաքականությունն ունի առնվազն 80-90 տարվա պատմություն՝ սկսած 1940-ական թվականներից։ Բաքվի հիմնական նպատակը հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին սեփական պատմամշակութային ինքնություն կառուցելն է։ Ադրբեջանը ոչ միայն վանդալիզմի է ենթարկում, այլև` հիմնահատակ ոչնչացնում է Արցախի պատմամշակութային կոթողները՝ գործելով բավական հախուռն ու բազմաշերտ։
Ըստ Մարգարյանի` վերջին տվյալներով ադրբեջանցիները բռնազավթված Արցախում ոչնչացրել ու վանդալիզմի են ենթարկել հայկական հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ։ Դա պետական հովանավորությամբ ընդգծված և հետևողական աշխատանք է, ինչի ուղղությամբ ահռելի գումարներ են ծախսվում։
«Միայն 2024 թվականին 400 պետական դրամաշնորհներից 80-ը տրվել է հասարակական կազմակերպություններին` հակահայ քարոզչություն իրականացնելու համար։ Սա եղել է նպատակաուղղված՝ առաջ մղելու հորինված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը»,-փաստում է վերլուծաբանը։