2025
Հայկական լեռնաշխարհի տարածքում էթնիկ հայերի բնակության ու զարգացման մասին խոսում են պատմական փաստերը, սեպագիր արձանագրությունները, հնագույն քարտեզները։ Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքներում հայկական ներկայությունը եղել է հազարամյակներ շարունակ։ Նրանք ապրել են, արարել, ստեղծել մշակութային հարուստ ժառանգություն, սակայն տարբեր ժամանակաշրջաններում նրանց կյանքն ուղեկցվել է պայքարով, պատերազմներով, ժողովրդագրական փոփոխություններով, բռնագաղթով։
Խոսելով Գանձակ քաղաքի մասին՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը նշում է, որ քաղաքի հիմնադրման մասին տեղեկությունները հասնում են մինչև 9-րդ դար։ Գանձակը կարևորություն է ունեցել ռազմաքաղաքական տեսանկյունից, եղել է բազմամարդ։ 12-13-րդ դարերում Գանձակն աչքի է ընկել միջազգային առևտրի ապրանքատեսակներից մեկով՝ մետաքսով։ Իտալական աղբյուրների վկայությամբ՝ Գանձակի մետաքսը համարվել է լավագույնը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին քաղաքում եղել է 120 մետաքսագործական կենտրոն։ Գանձակում եղել է ապարի արդյունահանման արտադրամաս, որը պատկանել է հայերին, և որի մասին փաստում են ֆրանսիական աղբյուրները։ Ըստ Գ․ Մարգարյանի՝ Գանձակը եղել է նաև հայկական մշակութային և գրչության կենտրոններից մեկը։