2025
2020 թվականին Արցախի դեմ լայնածավալ հարձակումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է քարոզարշավն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և այնտեղ ենթադրյալ վերադարձի վերաբերյալ։ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ այս խոսույթը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքին։
Քարոզչական այս արշավն առաջ մղելու նպատակով ակտիվ գործունեություն է ծավալում Ադրբեջանի կառավարության հովանու ներքո ստեղծված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այսպես, 2024 թվականի մարտի 25-ին «համայնքի» ֆեյսբուքյան էջը հայտարարել է, որ Նիդերլանդների Թագավորության Ռոտերդամ քաղաքում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի թյուրքական պատմական հողերը» խորագրով միջոցառում։
Ադրբեջանի ծավալապաշտությունը և նկրտումները «հիմնավորելու» համար շարունակում են առաջ քաշել պատմությունը բացահայտ կեղծող և խեղաթյուրող թեզեր, օրինակ՝ Հայաստանը «ադրբեջանական թյուրքերի պատմական հայրենիքն է, որտեղ ավելի ուշ բնակեցվել են այլ ժողովուրդներ»։
Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում թյուրքական փաթեթավորում տալ սեփական նկրտումներին, որը լիովին տեղավորվում է հատկապես վերջին տարիներին այդ երկրում թյուրքական ինքնության ուժեղացման քաղաքականության շրջանակում։ Իլհամ Ալիևը 2024 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ինքն իրեն վերահաստատելուց հետո ընդգծեց, որ Ադրբեջանի տեղը, ընտանիքը թյուրքական աշխարհն է, և Ադրբեջանն այլ ընտանիք չունի։
Ադրբեջանի ու վերջինիս աջակցող Թուրքիայի բացահայտ հայատյաց քաղաքականությունը, 2020 թ․-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմն ու դրան հաջորդող իրադարձությունները՝ ընդհուպ մինչև Արցախի լիակատար հայաթափում, ՀՀ դեմ հարձակումներ ու այժմ էլ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, երկու երկրների ծավալապաշտական քաղաքականության ու Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բացահայտ նկրտումների վկայություն են, որոնք էական մարտահրավեր են ոչ միայն տարածաշրջանում կայունության ու խաղաղության հեռանկարներին, այլև միջազգային նորմերին ու կառույցներին։
ԳԵՂԱՐԴ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ