2025

Ցեղասպանության թողած հետքը հայ ժողովրդի ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի հիշողության վրա ցեղասպանության թողած հետքի, ինքնության ձևավորման, ցեղասպանությունը վերապրածների, Ապրիլի 24-ի խորհրդի, պատմական ճշմարտության բացահայտման և արդարության վերականգնման, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժխտողական քաղաքականության մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է ազգագրագետ, ցեղասպանագետ Հարություն Մարությանի հետ։ Ըստ ազգագրագետի՝ եթե հիշում ենք միայն զոհերին, ապա բյուրեղացնում ենք զոհի կարծրատիպը, իսկ Ղարաբաղյան շարժման և Արցախյան հաղթանակներից հետո այդ կարծրատիպն էապես թուլացել էր, փոխվել և հետո՝ նահանջել։ Մարությանն ընդգծում է, որ պետք է հիշել ոչ միայն զոհերին, այլև՝ դիմադրողներին, վերապրածներին, որոնք ոգեշնչող կերպարներ են և ինքնության շարունակականությունն ապահովվողներն են։

- Պարո՛ն Մարության, ի՞նչ ենք հիշում մենք, երբ ասում ենք Ցեղասպանության մասին հիշողություններ և ու՞մ ենք հիշում։

- Շատ տարողունակ հարց է․ փորձեմ համակարգված ձևով պատասխանել։ 2014 թվականի վերջերին և 2015 թվականին մեջտեղ եկավ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, և ես՝ որպես հետազոտող, հույս ունեի, որ ժամանակի ընթացքում զարգացումներ կլինեն՝ կարգախոսի հետ կապված, մասնավորապես՝ ավելի հստակեցվեն՝ ո՞ւմ եմ հիշում, ի՞նչ եմ հիշում, ինչպե՞ս եմ հիշում, ի՞նչ եմ պահանջում, ումի՞ց եմ պահանջում, ինչպե՞ս եմ պահանջում հարցերը։ Բայց քանի որ պետական գաղափարախոսության մակարդակով, ցավոք սրտի, մեջտեղ եկավ միայն կարգախոսը, և զարգացումներ տեղի չունեցան, ես որոշեցի ինքս՝ որպես հետազոտող, այդ հարցին անդրադառնալ, և ո՞ւմ եմ հիշում հարցն ամենատարողունակն էր դրա մեջ։

Մեր տոների և հիշատակի օրերի մեջ ապրիլի 24-ը գրված է որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։ Այսինքն՝ առաջարկվում է հիշել զոհերին։ Դա նորմալ է, որովհետև Հայոց ցեղասպանության տարիներին մենք ունեցանք մեկ ու կես միլիոն զոհ․ դա անդառնալի կորուստ էր, և այդ կորուստը խորը հետք թողեց հայ ժողովրդի հոգեբանության մեջ և մինչև հիմա տարբեր դրսևորումներով շարունակվում է։ Իհարկե, պետք է հիշել զոհերին, հիշել, հարգել, պատվել, տարբեր միջոցառումներ անցկացնել․ դա անհրաժեշտագույն նախապայման է՝ հիշատակի տոնի այդ մասով։ Բայց կա նաև մեկ այլ նրբություն․ բանն այն է, որ եթե մենք հիշում ենք միայն զոհերին, այսինքն՝ եթե մեզ առաջարկվում է հիշել միայն զոհերին, ապա դա կարծես թե բյուրեղացնում է զոհի կարծրատիպը։ Այն, որ տասնամյակներ առաջ շատ ավելի ուժեղ էր, հիմա մի քիչ ավելի մեղմացել է, բայց էլի տարբեր ձևերով դրսևորվում է։ Այսինքն՝ դա այդքան էլ լավ բան չէ։

- Այսինքն՝ նկատի ունեք՝ մենք մտնում ենք զոհի հոգեբանության մեջ, մնում ենք պարփակված ա՞յդ կարգավիճակում։

- Այո՛։ Չնայած վերջին՝ Ղարաբաղյան շարժման և Արցախյան հաղթանակներից հետո այդ կարծրատիպն էապես թուլացավ, փոխվեց և հետ նահանջեց, բայց հետո էլի տարբեր ձևերով մեջտեղ է գալիս, և ես՝ որպես պատմաբան, ընդամենը շեշտում եմ, որ ցեղասպանության տարիներին եղել են նաև այլ իրողություններ։ Մասնավորապես՝ մենք ունեցել ենք բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր, և դա այն դրական տարրն է մեր հիշողության մեջ, որը նույնպես պետք է հիշվի և շեշտադրվի։

Եկեք ոչ միայն զոհերին հիշենք, այլև՝ դիմադրողներին։ Եվ անկախ նրանից, թե ինչպես են ավարտվել ինքնապաշտպանական մարտերը, դա կարևոր չէ, որովհետև կարևորն այն է՝ հայ մարդիկ, զենքը ձեռքին, բոլոր հնարավոր միջոցներով դիմադրել են թշնամուն՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Մի դեպքում դա ավարտվել է հաղթանակով, մի դեպքում դա ավարտվել է կորուստներով, բայց կարևորն այն է, որ դրանք անընդհատ պետք է շեշտադրենք։

- Բայց մենք կարծես թե դրանց մասին չենք էլ խոսում, կամ շատ քիչ՝ գուցե մասնագիտական դաշտում։

- Տասնյակ, հարյուրավոր գրքեր կան՝ խոսում են ֆիդայական շարժումների մասին, նույն ինքնապաշտպանական մարտերի մասին, բայց դա՝ որպես երևույթ, որպես ամբողջություն, որպես ինքնության մեջ ինչ-որ մի դրվագ ավելացնելու կամ փոխելու, նման մոտեցում չկա․ խնդիրն այդ հարթության մեջ է։ Այնպես չի, որ չեն խոսում․ խոսում են, գրում են և այլն, բայց դա չի ընդհանրացվում և ինքնության մեջ այդ փոփոխությունը չի առաջարկվում։

Դրանից զատ՝ մենք ունեցել ենք վերապրողներ։ Այսօրվա սփյուռքն առաջին հերթին վերապրողների ժառանգներն են։ Եվ ոչ միայն Սփյուռքը․ հաճախ միայն Սփյուռքն է շեշտվում, բայց պետք է չմոռանանք, որ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի այս հանրապետության բնակչության 40-ից 60 տոկոսն արևմտահայերի ժառանգներ են։ Այդպիսի հաշվարկ չկա․ սա ուղղակի փորձագիտական բան եմ ասում, որ ես միշտ հետաքրքրվում եմ իմ գործընկերների միջոցով թե որ գյուղում ինչ, ոնց, ովքեր են և այլն։

Այսինքն` դա միայն Սփյուռքը չէ․ դա նաև արևմտահայության զգալի հատված եկավ Հայաստանի Հանրապետություն։ Հետո Խորհրդային Հայաստան անընդհատ ներգաղթեր էին լինում։ Այսինքն՝ Ցեղասպանության մասին խոսելիս մենք հիշենք ոչ միայն զոհերին, այլև՝ դիմադրողներին, որոնք, կրկնում եմ, ուժ և կորով են ունեցել, համառություն, հաղթանակի, ապրելու տենչ են ունեցել և կռվել են ցեղասպանություն իրականացնողների դեմ և վերապրողների, որը նույնպես հավասարազոր է հաղթանակի, որովհետև դու վերապրել ես, նոր կյանք ես ստեղծել, դու վերակենդանացրել ես քո նախնիներին և ինչ ձևով՝ նաև նրանց անունները քո զավակներին տալով։ Տոհմերն ամբողջությամբ չեն ջնջվել պատմությունից, այլ յուրովի վերակենդանացել են։

- Նաև մարդիկ, որ տեղեփոխվել են մի վայր, այդ վայրում Արևմտյան Հայաստանի վայրի անունն են դրել։ Այդպիսի դեպքեր կան նույն Լիբանանում, Սիրիայում կան տարածքներ։

- Այո՛։ Չմոռանանք, որ 1946-48 թվականների հայրենադարձության ժամանակ Հայաստանում, նաև 20-ական թվականներին, որ գալիս էին հայրենադարձները, ներգաղթողները, այստեղ՝ Երևանի շուրջ ստեղծվեցին արբանյակ թաղամասեր՝ Նոր Մալաթիա, Նոր Արաբկիր, Նոր Զեյթուն, բայց հիմա այդ «նոր»-ը դուրս է եկել, իսկ իրականում դրանք հենց «նոր»-ով են եղել։ Եվ այդ հիշողությունը՝ տեղանունների մակարդակով, իրենց երեխաների անունների մակարդակով, ազգանունների մակարդակով, միշտ եղել է, կա և շարունակվելու է։ Եվ սա նորմալ է։

- Պարո՛ն Մարության, Դուք նշեցիք այն դրական ազդակները, որոնք մեր հիշողության մեջ պետք է մնան, դրանք ևս ազդեցություն կարող են ունենալ մեր ինքնության վրա, բայց, այնուամենայնիվ, դրանք մենք շատ նեղ կոնտեքստում ենք հիշում, բայց ցեղասպանությունը՝ որպես չարիք, մեր ինքնության վրա ինչպիսի՞ ազդեցություն թողեց։

- Շատ մեծ ազդեցություն․․․և շատ տարբեր դրսևորումներ ունեցավ։ Մենք ոչ թե հիշում ենք թյուրքատյացության հենքով, այլ հիշում ենք պատմական արդարության և պատմական ճշմարտության հենքով։ Այսինքն՝ պատմական ճշմարտության բացահայտում և պատմական արդարության վերականգնում։ Ճշմարտություն և արդարություն․ դրանք մեզ մոտ ստանում են պատմական «նախդիրով»։ Դա մտածողության հետ է կապված և այդ իմաստով՝ շատ արդարացի է։ Մենք պահանջում ենք արդարություն։ Մենք պահանջում ենք ճշմարտություն՝ ընդդեմ այդ ժխտողականության, որ անընդհատ՝ հարյուր տարի, շարունակվում է, և մեր հարևան երկրի քաղաքացիները ներծծված են այդ ժխտողականության թույնով։ Ու դա իր հետ բերում է հայատյացության տարբեր դրսևորումների։

Ինչպես տեսանք, 30-40 տարվա մեջ այդ հայատյացությունը ներդրվեց նաև Ադրբեջանի քաղաքացիների մեջ՝ իրենց պետության ղեկավարների կողմից, և դա դարձավ պետական գաղափարախոսության նման մի բան։ Իսկ մեր պարագայում՝ դա պատմական ճշմարտության վերհանումն է և պատմական արդարության վերականգնումը։ Դրանք որակապես տարբեր բաներ են։

- Պարո՛ն Մարության, երբ որ մենք խոսում ենք հիշողության, այսինքն՝ իր դրսևորումների մասին, իր թողած հետքերի մասին, բայց այսօր արդեն ցեղասպանության մասին հիշողությունը կարծես ինքն իրենով միավորում է Սփյուռքում ապրող հայերին, մեզ։ Այսինքն՝ կա մի երևույթ, որի շուրջ գրեթե հավաքվում ենք։

- Այո՛։ Տարբեր պետություններում, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է․ մի դեպքում դա հաղթանակի հիշողությունն է, ասենք Մայիսի 9-ի հիշողությունը, մի դեպքում Ֆրանսիական հեղափոխության օրը՝ հուլիսի 14-ը, դա այլ հիշողություն է, մեր պարագայում՝ դա Ապրիլի 24-ն է, հրեաների պարագայում՝ դա Յոմ Հաշոան է՝ Հոլոքոստի զոհերի և հիշողության օրը։ Դա նույնպես նորմալ է։ Այսինքն՝ տարբեր իրադարձություններ են մարդկանց միավորում։ Մեր պարագայում՝ միավորում է Ապրիլի 24-ը։ Եվ այդ պարագայում շատ կարևոր է, որ ապրիլի 24-ը ինչպես ես հիշում և ինչպես ես նշում։

- Եթե մի օր, ինչ-որ հրաշքով Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, այդ պատմական արդարությունն ի վերջո տեղի ունենա, արդյո՞ք այդ միասնությունը չի փշրվի։

- Չեմ կարծում, որ կփշրվի։ Հակառակը՝ ավելի կուժեղանա, որովհետև պետք է որոշեն, թե ինչ ճանապարհներով են հետո շարունակելու աշխատանքը։ Հիմա նույնպես կան տարբեր մոտեցումներ․ չկա համահայկական մոտեցում, իհարկե կա 2015 թվականի հունվարյան հռչակագիրը, բայց դա մոտեցումներից մեկն է։

Կա Հայ հեղափոխական դաշնակցության մոտեցումը, կա Արա Պապյանի մոտեցումը, կա Արևմտահայոց ազգային համագումարի մոտեցումը և այլ տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների մոտեցումներ, սակայն ժամանակին խնդիր էր դրվում պատրաստել մեկ թղթածրար, այ, այդ խնդիրը չիրագործվեց։ Մեկ թղթածրար, թե ինչ քայլերով առաջ գնալ, ինչպես առաջ գնալ։ Այդ հարցադրումը եղավ, սակայն քայլեր չձեռնարկվեցին իրավական ուժեղ փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ։

- Այսինքն՝ այս հարցում մենք ունենք տարբեր մոտեցումներ, որոնք դեռ միս ու արյուն չեն ստացել։

- Կարելի է այդպես ասել։ Այսինքն՝ իրենք միս ու արյուն ստացել են իրենց համապատասխան գաղափարախոսությունների տիրույթում, մյուս կողմից իրավիճակն այսօր մի քիչ տարբերվում է և, ճիշտն ասած, այնպես չէ, որ ամեն ինչ անհուսալի է, պարզապես այդ քաղաքական կուրսը մշակելու՝ անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչպես է ասվում, հետազոտական աշխատանքը, գիտական-հետազոտական աշխատանքը պետք է շարունակվի։

Ես, գիտական և հետազոտական աշխատանք ասելով նկատի ունեմ՝ իրավական բնույթի հետազոտությունները պետք է շարունակվեն։ Դրանք տեղ-տեղ շարունակվում են և չէի ասի, թե ավելի շատ մեծ մասշտաբներով, բայց և այնպես ինչ-որ գործ արվում է։ Որպես հետազոտող եմ ասում, ոչ թե որպես ինչ-որ քաղաքականության մեջ փոփոխություն ուզող կամ չուզող անձնավորություն, դա պետք է շարունակվի։

- Պարո՛ն Մարության, Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ 90-ականների արցախյան հաղթանակը մեր ինքնության վրա իր ազդեցությունն ունեցավ, ինչ-որ առումով փոխեց այդ ընթացքը, բայց մենք տեսանք նաև 44-օրյա պատերազմը, 2023 թվականի Արցախի էթնիկ զտումը արդյո՞ք դա իր ազդեցությունը նորից չի ունենա մեր ինքնության ձևավորման վրա, ի վերջո մեր ինքնությունը վերջնական հո չի՞ ձևավորվել․․․

- Իհարկե, ինքնությունն անընդհատ փոփոխվող կատեգորիա է և նորմալ է, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր էլեմենտներ են գալիս առաջին պլան։ Ես մի հետազոտություն ունեմ, որտեղ, ինչպես ինձ է թվում, ցույց եմ տվել, թե ինչպես է զոհի ստերեոտիպը նահանջում Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Շարժման՝ նկատի ունեմ 1988-90 թթ․, և զոհի այդ բարդույթը հաղթահարած քաղաքացին է դառնում արցախյան հաղթանակներ կերտողը։ Երբ որ մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է իրենց վրա դնեն հույսը, և երբ որ դառնում ես մեկ բռունցք, ապա կարողանում ես լուծել հարցեր։

Մասնավորապես՝ Ղարաբաղյան շարժման դրսևորումներից մեկը Հայաստանի անկախության ձեռքբերումն էր։ Մենք հասկացանք, որ պետք չէ կենտրոնի հետ կապել հույսերը, այլ պետք է ապավինել սեփական ուժերին, և այդ դեպքում դու կարողանում ես ինչ-ինչ հարցեր լուծել։ Մենք հասկացանք, որ ժողովուրդն է դառնում գործոն, և հենց ժողովուրդը դառնում է գործոն, նա սկսում է բարդ հարցերը լուծել յուրովի և հասնում է հաջողությունների։ Եվ այդ հաջողություններից մեկն արցախյան հաղթանակներն էին։

Հիմա մենք ունեցանք կորուստներ, ունեցանք Արցախի հայաթափում, ու, երևի թե աստիճանաբար, տեսեք, ես չեմ ասում, թե ձևավորվում է մի նոր ինքնություն, չէ՛, կա խորը հիասթափություն, ճնշվածության մեծ զգացում։ Կրկին արդարացի չեղան մեր հանդեպ և այն, որ մենք չկարողացանք պահպանել  արցախյան հաղթանակների արդյունքները։ Շատ դժվար է ասել, թե այս պահին այդ կորուստը ինքնության մեջ բերել է փոփոխություններ, թե՝ չէ, որովհետև անընդհատ շարունակվում են այդ հարցի քննարկումները, անընդհատ դա քաղաքական տարբեր կուսակցությունների, ընդդիմության, իշխանությունների օրակարգերում տարբեր ձևերով դրսևորվում է, և ես հույս ունեմ, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն։

Իհարկե, հետազոտողի համար, թվում է, թե կարելի է համեմատել 1920-ական թվականների իրավիճակի հետ, հենց 1920 թվականի հետ, երբ որ մի կողմից ունեցանք Սևրի պայմանագիր, հետո ունեցանք հայ-թուրքական պատերազմ, ունեցանք պարտություն, ունեցանք կորուստներ, Մոսկովյան պայմանագիր, երբ որ կորցրինք Նախիջևանը, Ղարաբաղը, մինչ այդ էլ՝ Կարսի մարզը։ Այսինքն՝ հիմա հազիվ մենք ձեռք էինք բերել արդարությունը՝ մեր պատկերացմամբ հաղթել էինք, սակայն ունեցանք կորուստներ։ Ու այն ժամանակ էլ այդ ինքնության մեջ խորը անկում եղավ՝ 1920-ական թվականներին․ մի կողմից թվում էր, թե դու հասել ես քո ազգային նպատակների իրագործման համար գոնե թե իրավական հենքը ունես, սակայն դե ֆակտո չկարողացանք բան անել։ Այս անգամ մենք ունեցանք դե ֆակտո, բայց դե յուրե չկարողացանք դա ամրապնդել։ Իրավիճակն անընդհատ փոփոխական է, և հիմա մենք հասկանում ենք, որ կրկին հույսը պետք է դնենք սեփական հնարավորությունների վրա։ Եվ անընդհատ փորձել այդ հնարավորություններն ավելացնել։

- Պարո՛ն Մարության, իսկ ամբողջ աշխարհում ինչպե՞ս է տեղի ունենում հնարավոր չէ՞ այս ընկճախտին, ապատիային արագ տեմպերով փոխարինի միավորման, միասնության գաղափարը, այսինքն՝ արագ ոտքի կանգնես, ինչ-որ բան ստեղծես։ Այսինքն՝ չսպասես տասնամյակներ և այլն, այլ այդ պրոցեսը տեղի ունենա ավելի կարճ ժամանակահատվածում։

-Տեսեք, մեր կյանքը չափազանց քաղաքականացված է և չափազանց կուսակցականացված է։ Այդ պայմաններում շատ դժվար է միասնության հասնել քաղաքական առումով։ Շատ դժվար է, և կրկին ապրիլի 24-ն է մնում այն օրը, երբ հայ ժողովուրդը միավորվում է, սակայն կրկին ապրիլի 24-ին տարբեր մեկնաբանություններ են հնչում, որ երբեմն անհանգստացնում են մարդկանց։ Այնպես որ կյանքը շարունակվում է և միայն կյանքը ցույց կտա, թե հայ գործիչները կկարողանա՞ն արդյոք այնքան քաղաքական կամք և համառություն դրսևորեն, որպեսզի միավորված լինեն մեկ կամ երկու ընդհանուր գաղափարի շուրջ։ Թե չէ, այսպես, կախարդական փայտիկ գոյություն չունի։ Միշտ կյանքն է թելադրում իրադարձությունների հետագա զարգացումը։

- Պարո՛ն Մարության, եթե վերադառնանք ազգային հիշողությանը՝ ազգային ինքնության տեսանկյունից, ապա ազգային հիշողությունը, այդ պատմությունն ավելի մոտ ժամանակաշրջանի ինչ-որ ստեղծված իրադարձություն է, որն անդրադառնում է քո ազգային ինքնությա՞նը, թե դու կարող ես այն ակտիվացնել՝ ավելի հին պատմություն առաջ բերելով։

- Գիտեք՝ հետազոտողները տարբերակում են պատմական հիշողություն և կոլեկտիվ հիշողություն։ Պատմական հիշողության դրսևորումներից է, օրինակ՝ ասենք Վարդանանց հաղթանակը, երբ որ 1500, 1600 տարի առաջ է տեղի ունեցել, և որի մասին գիտենք դասագրքերից, գեղարվեստական գրականությունից, և կոլեկտիվ հիշողություն, որի կրողները կենդանի մարդիկ են։ Այսինքն՝ մենք շփվել ենք մեր տատիկ-պապիկների հետ, նրանցից լսել ենք, մենք ինքներս տեսել ենք շատ բաներ, և դա ձևավորում է մեր կոլեկտիվ հիշողությունը։ Կոլեկտիվ հիշողությունն այս սերնդի համար ունի 100, 120, մաքսիմում՝ 150 տարվա խորություն։ Եվ պատահական չէ, որ նույն Ղարաբաղյան շարժման ժամանակ հիշողությունը գնում էր մինչև մի 100 տարի՝ ոչ ավելի։

- Քսանական թվականնե՞ր․․․

- Նույնիսկ 19-րդ դարի վերջ, կարելի է այդպես ասել։ Եվ մենք այդ կոլեկտիվ հիշողության կրողներն ենք։ Հիմա՝ արցախյան դեպքերից հետո, կարող է ձևավորվել կոլեկտիվ այլ հիշողություն, որը էականորեն կտարբերվի 1980-90-ական թվականների հիշողությունից։ Խնդիրն այն է, տեսեք, նույն ձևի, երբ որ արևմտահայ գաղթականությունը եկավ Հայաստան՝ Խորհրդային Հայաստան, նույն Թալինի շրջանում փախստականները՝ գաղթականները, բնակվում էին հենց Արաքսի ափին, մի քիչ հեռու, որպեսզի հենց ճանապարհները բացվեն, իրենք գնան։ Սակայն ճանապարհներն այդպես էլ չբացվեցին։ Հիմա մոտավորապես նույն խոսույթը այսօր կա, որ, այ, եթե մեզ թույլ տան, որ վերադառնանք Ղարաբաղ, կստացվի՞ դա, թե՞ չի ստացվի։ Տարբեր գործոններ են շրջանառում։ Այն ժամանակ էլ շատ մեծ հույսեր կար, որ գնալու են․ թե՛ Խորհրդային Ռուսաստանն էր խոստումներ տալիս, թե՛ ինչ-որ միջազգային հանրությունը։ Բայց չստացվեց։ Այդ վտանգը կա նաև հիմա։ Այդ խոսակցություններն էլի կան, բայց, չգիտեմ՝ կստացվի, թե չի ստացվի։ Եվ, ըստ այդմ, կոլեկտիվ հիշողության մեջ ինչ տիպի դրսևորումներ կգերիշխեն՝ էլի կորստի՞, թե՞ կորստի, որը հնարավոր է հաղթանակի վերածել․ կրկին մեր հույսերը պետք է մեր ուժերի վրա դնենք, որ հասնենք ինչ-որ փոփոխությունների։

- Շնորհակալ եմ, պարո՛ն Մարության։

- Ես եմ շնորհակալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում