2025
Ադրբեջանական իշխանությունների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք պարբերաբար ենթարկվում են բռնությունների։ Հարկ է նշել, որ իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող կանայք:
Այսպես՝
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներից մեկն է: Նրա աղմկահարույց գործը վերաբերում էր ինչպես նախագահական ընտանիքի բիզնես կապերին և օֆշորային բանկային հաշիվներին, այնպես էլ՝ նախարարների կողմից պետական նավթային հիմնադրամից խոշոր գումարների լվացմանը:
Լրագրողի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքները եղել են տարբեր ժամանակահատվածներում: Դեռևս 2012 թվականին Իսմայիլովան ստացել էր նամակ և անձնական բնույթի լուսանկարներ, որով պահանջել էին դադարեցնել կառավարության անդամների կոռուպցիայի գործով հետաքննությունը: Բաքվի պաշտոնյանների և իշխանամետ լրատվամիջոցների կողմից լրագրողի հաղորդումները քննադատվել էին, իսկ թերթերը նրան անվանել էին «ամերիկամետ» և «միջազգային գործակալ»:
2014 թվականին Խադիջա Իսմայիլովային մեղադրանք էին առաջադրել գործընկերոջն ինքնասպանության հասցնելու գործով, սակայն հետագայում մեղադրող կողմը հետ էր վերցրել ներկայացրած բողոքը, իսկ լրագրողն արդարացվել էր: Կալանավորման շրջանում Իսմայիլովային մեղադրել էին նաև յուրացումների և հարկերից խուսափելու մեջ, ինչից հետո որոշում էր կայացվել նրան ազատազրկել 7 տարի 6 ամիս ժամկետով: 2016 թվականի մայիսին 1 տարի 5 ամիս անազատության մեջ գտնվող Իսմայիլովան կրկին արդարացվել էր: Հետագայում ևս Խադիջա Իսմայիլովայի անունը կապվեց ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հետ, իսկ լրագրողն այս մեղադրանքները որակեց որպես քաղաքական դրդապատճառ:
Ընդդիմադիր հայացք ունեցող Զիյաֆաթ Աբբասովան «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության, ինչպես նաև՝ «Դիմադրություն» շարժման անդամ է։ Դեռևս 2023 թվականին վերջինիս ընկերները հայտարարել էին, որ Զիյաֆաթ Աբբասովան հունիսի սկզբներից անհետացել է, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ Աբբասովան տեղափոխվել է հոգեբուժարան՝ հանրակացարանից մի քանի քաղաքացիների բողոքների և առողջական խնդիրների պատճառով: Այդ դեպքի առնչությամբ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Գյուլնարա Ռահիմովան հարցազրույցում նշել էր, որ Զիյաֆաթ Աբբասովան իրեն նախկինում տեղեկացրել էր, որ գործող ռեժիմը սպառնում է իրեն հոգեբուժարանով։
Աբբասովան ֆիզիկական բռնության ենթարկվել էր, երբ փորձել էր Հեյդար Ալիևի արձանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, ինչից հետո ոստիկանները նրան բռնի ուժով հեռացրել էին տարածքից:
Ադրբեջանցի մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում՝ Ալի Քարիմլին, Մանաֆ Ջալիլզադեն և այլք, իրենց սոցիալական էջերում տեղադրել էին Զիյաֆաթ Աբբասովայի լուսանկարները, որոնցից հստակ երևում է, որ վերջինս ենթարկվել է ֆիզիկական բռնության:
Հարկ է նշել, որ կանանց նկատմամբ բռնաճնշումներն այսքանով չեն սահմանափակվում: Քաղաքական ակտիվիստ Գյոզալ Բայրամլըն, ով հանդիսանում էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության կազմակերպչական բաժնի ղեկավար, այնուհետև՝ կուսակցության փոխնախագահ, փաստացի համարվում էր քաղբանտարկյալ և հասարակական-քաղաքական ակտիվիստ: Դեռևս 2018 թվականին Գյոզալ Բայրամլըն մեղադրվել էր մաքսանենգության մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Քաղաքական ակտիվիստը չէր ընդունել դատարանի կողմից կայացված որոշումը և ձերբակալությունը կապել էր իր քաղաքական գործունեության հետ:
2019 թվականի մարտին Բայրամլըն համաներմամբ ազատ էր արձակվել։ Բանտից դուրս գալուց հետո քաղակտիվիստն ասել էր, որ մտադրություն ունի իր քաղաքական գործունեությունն ակտիվացնել ևս մեկ ուղղությամբ. «Բանտում շատ կանայք կան, ես աշխատելու եմ նրանց ազատության համար»:
Սաադաթ Ջահանգիրը, ով Գյոզալ Բայրամլըի գործընկերն էր, նրան հիշում է որպես Ադրբեջանի ամենաակտիվ կին առաջնորդներից մեկը, ով վերջին 30 տարիներին իր հետքն է թողել Ադրբեջանում՝ ժողովրդավարության համար մղվող պայքարում:
Ադրբեջանում թվացյալ ժողովրդավարության պայմաններում հետապնդվում են ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող տղամարդիկ, այլև՝ կանայք, իսկ ալիևյան ռեժիմը շինծու մեղադրանքներով ազատությունից զրկում է բոլոր նրանց, ովքեր խոսում են երկրում տիրող իրական վիճակի մասին։