2025
«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1896 թվականի համարում[1] Երևանի ուսուցչական սեմինարիայի ուսուցիչ Վ. Դևիցկին հեղինակել է Երևանի նահանգի մասին «Արձակուրդային ճանապարհորդություն» խորագրով հոդվածը։
1894 թվականին Վ․ Դևիցկին ծանոթանում է Երևանի շրջակա տարածքներին։ Նա նշում է, որ այստեղ գյուղերը միահյուսված են, և միայն կես վերստ հեռավորության վրա գտնվող սյուներին առկա գրություններից կարելի է տեսնել նոր գյուղերի դիրքն ու տարածքը։ Թվարկելով Ղույլասար (Куйласар), Թոխանշալու (Тоханшалу), Գեդաքլու (Гедаклю) և մի քանի այլ գյուղեր՝ հեղինակը գրում է, որ այստեղ կողք կողքի ապրում են հայեր, թաթարներ և ասորիներ։ Այդ տարածքում բնակվում են նաև քոչվոր քրդեր, որոնք ամռանը հեռանում են Արարատի բարձունքները։ Հոդվածում նկարագրվում է ավերակ Վելիջան գյուղը, որից մնացել են քարե ցանկապատերի մնացորդներ և տապանաքարեր, որոնցից մի քանիսի վրա փորագրված են խաչեր։ Սրանք քրիստոնեական, հատկապես հայկական հետքի գոյության վառ ապացույցն են: Գյուղի լքվելն ու ավերակ դառնալը հեղինակը կապում է քրդերի անընդհատ հարձակումների, թալանի և սպանությունների հետ։
Նկարագրելով Սուրմալուի տարածքում գտնվող Իգդիր բնակավայրը՝ հեղինակը նշում է, որ դա մեծ գյուղ է՝ թաթար և հայ բնակչությամբ, որոնց թիվը հասնում է մոտ 5000-ի։ Հավանաբար այդ տվյալները ճիշտ չեն, քանի որ 1886 թվականի ընտանեկան ցուցակների համաձայն՝ Իգդիրում կար 366 տուն՝ 2912 բնակչով՝ բոլորը հայեր[2]:
Վ․ Դևիցկին գրում է, որ Օրդուբադի հարևանությամբ գտնվող հայկական Ներքին և Վերին Ագուլիս, ինչպես նաև մի քանի այլ գյուղեր բնակեցված են «զոկ»[3] անունով հայտնի հայերով։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրական գործունեությամբ․ առևտուր են անում Մոսկվայում, Պետերբուրգում, Մարսելում, Փարիզում և անգամ՝ Ամերիկայում։ Առևտրական գործունեությամբ զբաղվելով Արևմտյան Եվրոպայում՝ ոմանք կրթվում են տեղի համալսարաններում։ Ագուլիսցիները շատ են հպարտանում իրենց առևտրական գործունեությամբ և իրենց գյուղը համարում են Եվրոպայի կամ Փարիզի անկյուն։ Գյուղում կան մի քանի եկեղեցիներ և ավերակ վանքեր։ Ըստ հեղինակի՝ ագուլիսցիները վանական կառույցներն օգտագործում են որպես դպրոց, ուր սովորում են 400 տղա և աղջիկ:
Վ․ Դևիցկիի այս հոդվածը հերթական անկողմնակալ փաստագրումն ու վկայությունն է այդ տարածքներում ապրած տեղաբնիկ հայերի մասին։
[1] «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1896 թվականի համար, թողարկում 21-րդ։
[2] Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., издан по распоряжению Главноначальствующаго гражданскою частию на Кавказе Закавказским статистическим комитетом, Тифлис, Тип. И. Мартиросиянца, 1893, с. 196.
[3] «Զոկը» Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար) հայերին տրված մականունն է: Հայտնի հայագետ Քերովբե Պատկանյանը գտնում էր, որ այս անվանումն առաջացել է այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ բառերի զ նախդիրով՝զհոկ, զօկ, զդոկ, զնոկ ձևերից: