2025

«Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը տեղաբնիկությունից մինչև փախստականություն» (պատմաիրավական հարցեր)․ գիտաժողով

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը տեղաբնիկությունից մինչև փախստականություն (պատմաիրավական հարցեր) » թեմայով գիտաժողովը։

Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունեցին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը, ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի տրամադրման վարչության ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվության բաժնի պետ Իրենե Հակոբանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող» համահայկական հիմնադրամի տնօրեն Արման Եղիազարյանը։

Գիտաժողովը նվիրված էր ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության պատմությանն ու փախստականության հիմնահարցերին։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է տեղաբնիկ ժողովուրդը ստիպված եղել լքել հայրենի տարածքները, որտեղ բնակվել է հազարամյակների ընթացքում։ «Ցավոք,- հավելեց Ռոբերտ Ղազարյանը,- էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով այսօր Ադրբեջանի տարածքում ոչ մի հայ չի մնացել, սակայն այդ պետությունը, նրա իշխանությունները, այդ հանցանքները կազմակերպած անձինք մինչ օրս դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մարդկության դեմ իրենց գործած հանցանքների համար»։

Ռոբերտ Ղազարյանը տեղեկացրեց, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կայքում ստեղծվել է հատուկ բաժին, որտեղ ներկայացված են Արևելյան Այսրկովկասի, մասնավորապես՝ Շիրվանի տարածաշրջանի հայկական բնակավայրերն ու այն հուշարձանները, որոնք ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից։

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ տեղաբնիկության և փախստականության հարցերին՝ ընդգծելով, որ 21-րդ դարում միջազգային հանրության դեմ ծանրացած խնդիրներից մեկը շարունակում է մնալ փախստականության խնդիրը, և, ցավոք, չի ստեղծվել միջազգային այնպիսի համակարգ, որը կբացառեր փախստականության երևույթի առաջացումն առհասարակ:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի դիտարկմամբ՝ Շիրվանում և Գարդմանում տեղի ունեցած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակությունն այսօր տեսանելի է Արցախում։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն իր զեկույցում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ կողմից՝ Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1991 թվականի ագրեսիայից հետո։ Եվ Մինսկի խմբի եռանախագահությունը կրում է կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, ստեղծելով Մինսկի խումբը, հաստատել է, որ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս։ Հակառակ պարագայում՝ Մինսկի խումբն առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանը խոսեց փախստականների խոհանոցային ժառանգության պահպանման խնդիրների մասին: «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան Անի Մելքոնյանը ներկայացրեց Նախիջևանից խորհրդային տարիներին բռնագաղթած հայերի պատմությունը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգորի Այվազյանը ներկայացրեց վիճակագրություն ուդիական համայնքի մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը զեկուցեց Ադրբեջանում 1926-1989 թվականներին հայ բնակչության թվաքանակի մասին տվյալներ՝ ըստ բռնատեղահանման փուլերի և ուղղությունների։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ծրագրերի համակարգող Էլինա Մխիթարյանի զեկույցը վերաբերում էր 1988-2023 թթ Արցախից տեղահանված հայ փախստականներին:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ.գ.թ Գոռ Մարգարյանը խոսեց Շահ-Աբբասի կողմից կառուցված նոր Գանձակ քաղաքի, վերջինիս էթնոժողովրդագրական պատկերի փոփոխությունների, մասնավորապես՝ թյուրքական զուլքադար ցեղի Գանձակում բնակեցման մասին։  

«Փախստական ժառանգությանը», մասնավորապես՝ շարժական ժառանգության իրավական, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրներին անդրադարձավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանը:

Ամփոփելով գիտաժողովում քննարկված ելույթները՝ մասնակիցները կարևորեցին բարձրացված հարցերի հանրայնացման անհրաժեշտությունը։ «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր են համագործակցությունների համար, և դրանք օգնում են բացահայտել և բարձրաձայնել սոցիալական, իրավական և պատմական տարբեր հիմնախնդիրներ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում