2025

ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ու Զանգեզուրը

1919-1920-ական թվականներին ԱՄՆ-ի քաղաքականության և Զանգեզուրի տարածքային հարցերի կարևորության մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Հովհաննիսյանի դիտարկմամբ, 1920-ական թվականներին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հումանիզմի գաղափարախոսությունն ու Կոնգրեսի պրագմատիզմը խորը հակասություններ ունեին իրար հետ, որոնց արդյունքում Հայաստանի մանդատի հարցը մերժվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում։

-Տիկին Հովհաննիսյան, ե՞րբ և ինչպե՞ս ստացվեց, որ ԱՄՆ-ն հետաքրքրվեց Զանգեզուրի տարածքային հարցերով։

-Զանգեզուրի հարցը կազմում էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետաքրքրությունների լոկ մի մասը, որովհետև ԱՄՆ-ին հետաքրքրում էր ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Նշեմ, որ ԱՄՆ-ն համաշխարհային քաղաքականության ասպարեզ մտավ 1917 թվականի ապրիլին, երբ պատերազմ հայտարարեց Քառյակ միության երկրներին և նաև սկսեց բարձրաձայն արտահայտել իր հավակնությունները հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ։ 1918 թվականի սկզբներին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կոնգրեսին ուղերձ հղեց, որը պատմությանը հայտնի է «14 կետեր» անվամբ։ Դրանում նշված էին հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ ԱՄՆ նախագահի պատկերացումները։ Այդ կետերում կարևորվում էին ճնշված ժողովուրդների ազատագրության և անկախության խնդիրը, ազատ առևտրի խնդիրը և նաև նորանկախ պետություններին հովանավորելու հարցը։ Սրանք էին այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվեց ԱՄՆ-ի հետպատերազմյան քաղաքականությունը։

Ստանալու համար ռազմավարի իր պատառը ԱՄՆ-ն Փարիզի հաշտության միջազգային վեհաժողովում սկսեց ներկայացնել իր պահանջներն ու պատկերացումները՝ պարտված Օսմանյան կայսրության տարածքի նկատմամբ։ Ահա այստեղ է, որ բացահայտվեց նրա մոտեցումը ՀՀ անկախության, ՀՀ հովանավորության կամ մանդատի խնդրին, Արևմտյան Հայաստանի կամ Հայկական հարցի հետագա ընթացքին, և այս համատեքստում դրսևորվեցին նաև նրա դիրքորոշումն ու քաղաքականությունը Զանգեզուրի, Արցախի և Նախիջևանի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող տարածքների վերաբերյալ։

-ԱՄՆ Պետդեպարտամենտի արխիվներում 1919-1920-ական թվականներին Զանգեզուրին վերաբերող ի՞նչ փաստաթղթեր կան։

-ԱՄՆ-ի Պետդապարտամենտի փաստաթղթերը Վաշինգտոնի ազգային արխիվի ֆոնդերում են պահպանվում և 1931-1947 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում հենց ԱՄՆ կառավարության ջանքերով և ֆինանսավորմամբ դրանք հրապարակվել են։ Հայաստանի ազգային արխիվում ֆոտոժապավենների տեսքով պահպանվում է դրանց լոկ մի մասը։ Այդ ժապավենները բավական հետաքրքիր նյութ են պարունակում ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, Հայաստանի տնտեսության, Հայաստանի հովանավորության կամ մանդատի, այնպես էլ՝ Մերձավոր Արևելք գործուղված ամերիկյան երկու պատվիրակությունների ՝ Քինգ-Քրեյնի և Ջեյմս Հարբորդի պատվիրակությունների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությամբ բավական խորը և համակողմանի հետազոտություններ են իրականացրել Գալուստ Գալոյանը, Գայանե Մախմուրյանը՝ ՀՀ-ում, իսկ Սփյուռքում ՝ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը։ Ես լոկ շարունակում եմ նրանց աշխատանքի արդյունքները։

-Այդ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ եք արել։

-ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փաստաթղթերից ուշադրությունս գրավեցին վեց փաստաթղթեր, որոնք ներկայացնում են թուրք-ադրբեջանական նկրտումները Զանգեզուրի նկատմամբ, բացահայտում են նրանց հակահայկական քաղաքականությունը, այդ քաղաքականության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն, անկեղծ ասած, ոչ թե օբյեկտիվ էր, այլ ավելի շատ պրոթուրքական, պրոթաթարական։

-Ի՞նչ բովանդակություն էին պարունակում այդ փաստաթղթերը։

-1919 թվականի հուլիսի սկզբներին, երբ բրիտանական զորքերը դուրս բերվեցին տարածաշրջանից, մինչ նրանց կփոխարինեին ամերիկյան վերահսկող ուժերն ու գնդապետ Հասկելը, որը դաշնակիցների գերագույն կոմիսար էր նշանակվել թուրք-թաթարական խառը բնակչություն ունեցող տարածքներում, մեծ ակտիվություն դրսևորեցին թաթարները։ Նրանք Թուրքիայից ստանում էին ոչ միայն ֆինանսավորում, այլև՝ պրոֆեսիոնալ զինվորական խորհրդատվություն, և զինվորական հրամանատարությունն էլ իրականացնում էր թուրք հայտնի հրամանատար Խալիլ բեյը։ Եվ ՛Հայաստանում, և՛ Հայաստանի դեմ սկսվեց իսկական զինված գործողություն, կարելի է նույնիսկ ասել պատերազմ, որի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող վիճելի համարվող տարածքների զավթումն էր։ Ընդ որում՝ թաթարական ազգայնական շրջանակներում չէին թաքցնում, որ իրենց նպատակը Հայաստանը ներսից պայթեցնելն է և, մինչև ամերիկացիների տարածաշրջան ժամանելը, անցնցում և առանց մեծ կորուստների ու մեծ աղմուկի Հայաստանից Նախիջևանը, Արցախն ու Զանգեզուրը պոկելը։ Ամերիկյան ներկայացուցչության հաստատվելը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հասկելի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ի սկզբանե շատ քիչ էր օբյեկտիվ, որովհետև ԱՄՆ-ն նախ՝ նպատակ ուներ հասկանալ՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում, ինչ փոխհարաբերություններ են տարածաշրջանում հիմնական էթնիկ տարրերի միջև, մասնավորապես՝ հայերի և թաթարների, որոնց միջև առճակատումները, արյունալի ընդհանրումները հայտնի էին։

-Այսինքն՝ նրանք սկզբնական շրջանում զուտ ուսումնասիրություննե՞ր են արել։

-Այո՛, բնականաբար, և քաղաքականությունն սկզբում ընթանում էր տարածաշրջանում ապրող ժողովուրդների հարաբերություններում հավասարակշռություն ապահովելու հեռանկարով։ Բայց ԱՄՆ-ն այստեղ հետապնդում էր ոչ միայն այդ նպատակը, այլև՝ տնտեսական գերիշխանության հասնելու, հումանիստական նկատառումներով գործելու, ինչպես նաև ԱՄՆ աշխարհաքաղաքական դիրքերն առաջ տանելու նպատակ։ Եվ հենց դրանցից ելնելով է, որ ԱՄՆ քաղաքականությունն աստիճանաբար ենթարկվեց տրանսֆորմացիայի՝ փոփոխության։ Արդյունքում՝ դրսևորվեց դրա իրական էությունը, որը բնավ էլ հայամետ չէր։

-Ինչպիսի՞ն էր։

-Նախ՝ ԱՄՆ-ի համար տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հայկական կենտրոնները, եթե զուտ ՀՀ տարածքը նկատի ունենանք, հանդիսանում են ոչ միայն Ալեքսանդրապոլը, այլև՝ Երևանը, իսկ պատմական Հայաստանի տարածքում՝ նաև Կարսը։ Բայց տեսեք, որ Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ի շահերից ելնելով, Ալեքսանդրապոլն էր միայն համարվում տնտեսական կենտրոն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերին, ապա, դեմ չլինելով ՀՀ անկախությանը և միացյալ ու անկախ Հայաստանի գաղափարին, որն, ի դեպ, լիովին տեղավորվում էր Կոստանդնուպոլիս, Անատոլիա, Արևմտյան Հայաստան և Անդրկովկաս ամերիկյան միասնական մանդատի՝ Վուդրո Վիլսոնի ծրագրում, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ստիպված էր իր համար պարզել, թե ազգային-կրոնական որ խմբի վրա է հենվելու ինքը մանդատի ժամկետի ավարտից հետո։ Բնականաբար, վերոնշյալ տարածքում ամենամեծաքանակը, ամենափորձառուն և պետականության հեռանկար ունեցողը, ինչպես նաև ազդեցիկը, որը կարող էր իր ձեռքում պահել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կառավարման, վերահսկողության թելը, դիտարկվում էին թուրքերը։

-Թուրքե՞րը, թե՞ կովկասյան թաթարները

-Թուրքիայի թուրքերը, որոնց կրտսեր դաշնակիցը կամ եղբայրը տարածաշրջանում հանդիսանում էին Կովկասի թաթարները, և որտեղ Թուրքիայի շահն էր, այնտեղ էլ Ադրբեջանի շահն էր անուղղակիորեն արտահայտվում։ Եվ հենց այս առանցքում է, որ հայկական շահը երկրորդվում էր, անտեսվում էր, խեղաթյուրվում և արհամարհվում էր։

-Եվ դրա արդյունքում, այսինքն՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքում, ինչպե՞ս զարգացան իրադարձությունները։  

-Իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյության ընթացքում մեր իշխանությունները ոչ միայն ստիպված էին կենաց-մահու պայքար մղել հայկական պետականության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, այլև՝ պահպանել այդ պետականությունը ներսից բխող վտանգներից, ինչպես նաև՝ արտաքին, միջազգային խոչընդոտներից և վտանգներից, որոնցից մեկն էլ մեծ տերությունների շահամոլ քաղաքականությունն էր։ Քանի որ Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը համընկել էր Փարիզի հաշտության միջազգային վեհաժողովի գործունեության հետ, իսկ այնտեղ ՀՀ-ի հետ կապված բավական գունագեղ խոստումներ էին տրվում՝ ճանաչելու Հայաստանի անկախությունը, այդ անկախությունը ճանաչելու և սատարելու միացյալ և անկախ Հայաստանի գաղափարի կենսագործման հեռանկարով, բայց ո՞րն էր իրականությունը։

Իրականությունն այն էր, որ Հայաստանը ներսից բզկտվում էր թուրք-թաթարական հարձակումներից․ ո՛չ բրիտանական և ո՛չ էլ ամերիկյան կողմը իրական ռազմական, ֆինանսական օգնություն ցույց չէր տալիս Հայաստանին։ Տարվելով Արևմուտքի գունագեղ խոսքով՝ Հայաստանն այդպես էլ չհասկացավ մի կարևոր բան, որ օբյեկտիվ իրողությունները վճռվում են հենց մեր տարածաշրջանում, և Հայաստանի ապագան, նրա սահմանների անվտանգությունը, նրա տարածքի ամբողջականությունը պայմանավորված են ոչ այնքան Արևմուտքի շահերով ու քաղաքականությամբ, այլ՝ մեր տարածաշրջանի ուժային կենտրոնների շահերով ու գործողություններով։ Ես նկատի ունեմ Թուրքիան, Խորհրդային Ռուսաստանը, որոնք հայկական տարածքների համար մղում էին փոխգործակցված պայքար։

Գործում էր իրականում քեմալաբոլշևիկյան դաշինք, որը ճզմում էր Հայաստանը երկուստեք և, ի վերջո, ժամանակի անիմաստ կորստից հետո մենք ստիպված էինք խորհրդային զորքերի առաջխաղացումը ՀՀ տարածքում կասեցնել միայն ծանր գնով, որի բովանդակությունն էր՝ թույլ տալ Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի օկուպացիան Խորհրդային Կարմիր բանակի ստորաբաժանումների կողմից՝ որպես վիճելի տարածքներ՝ առկախված թողնելով դրանց իրավական կարգավիճակն ու պատականելությունը հետագայում լուծելու։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ինձ հետաքրքիր է՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացվող ի՞նչ փաստաթղթեր կան ԱՄՆ դեպարտամենտում, որտեղ նշվում են Զանգեզուրի անվտանգային խնդիրները։

-Ուղղակի իմաստով, գիտեք, Զանգեզուրի անվտանգության հարց չէր դրվում․ ավելի շատ ԱՄՆ-ին հետաքրքրում էր այդ տարածքի պատկանելիության հարցը։ Իրենք ավելի շատ փաստեր էին հավաքում, թե ինչպես նպատակահարմար կլինի հետագայում լուծել այդ տարածքի պատկանելության հարցը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված էին, ինչպես որ այսօր խոսվում էր Զանգեզուրի միջանցքի մասին, այն ժամանակ էլ նրանց միավորման խնդիրը օրակարգային էր, և դրա իրագործման համար առաջ էր քաշվում Նախիջևան-Զանգեզուր-Արցախ գիծը, որը, բնականաբար, հանգեցնելու էր համաթուրքական պետության ձևավորման։ Այս հեռանկարից և դրա գիտակցումից ելնելով է, որ ԱՄՆ-ն գնահատում և կարևորում է Զանգեզուրի խնդիրը։ Արդյո՞ք ԱՄՆ-ին պետք է այդ ծրագրի իրագործումը, թե՝ ո՛չ։

Դա կապված էր Բաթում, Թիֆլիս, Ալեքսանդրապոլ և դրանով դեպի Ռուսաստան տանող կապի հետ, որը ԱՄՆ-ին ձեռնտու էր այնքանով, որքանով կարող էր տարածաշրջանի և Թուրքիայի ու Ռուսաստանի միջև բուֆերային տարածք ապահովել՝ կտրելով Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադառնալու հնարավորությունները։ Այսպիսով՝ դրված էր երկու տարբերակ՝ կամ ուղղաձիգ կապ, որը տանում էր դեպի Ռուսատան, որն անընդունելի էր ԱՄՆ-ի համար, և Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերն ուժեղացնող Նախիջևան-Զանգեզուր-Արցախ գիծը, որը ԱՄՆ-ի համար շատ ավելի ցանկալի էր, բայց դա պետք է լիներ կառավարելի ԱՄՆ-ի կողմից։ Որովհետև Դենիկինի դեմ պայքարի խնդիր կար, որը ակամա Ռուսաստանին և Թուրքիային ստիպում էր իրար մերձենալ, այդ նուրբ հանգամանքը հասկանալով՝ թուրք ազգայնական շրջանները, ինչպես նաև Կովկասի թաթարները՝ Մուսավաթի գլխավորությամբ, օգտագործում էին այդ հանգամանքը։ ԱՄՆ-ին պետք էր թույլ չտալ ռուս-թուրքական կամ քեմալաբոլշևիկյան չափից դուրս մերձեցում։

-Կառավարելի ասելով, թույլ չտալ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք ինչ-որ նոր կառավարությու՞ն պետք է ստեղծվեր այս տարածաշրջանում, ինչպե՞ս էին նրանք պատկերացնում այդ կառավարումը։

-Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Դաշնակիցների գերագույն կոմիսար Հասկելը, օրինակ՝ խնդրի լուծումը պատկերացնում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորությամբ չեզոք գոտու կամ ԱՄՆ կառավարության ձևավորման տեսքով, որը պետք է ունենար եվրոպացի նահանգապետ և պետք է վերահսկվեր դաշնակից պետությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից։ Եվ նույնիսկ դիվանագիտական փաստաթղթեր կան ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, որոնք վկայում են, թե ինչպիսի քննարկումներ են գնացել այդ տարածքում՝ Գողթնն ընդգրկելու կամ Դարալագյազը ընդգրկել-չընդգրկելու հետ կապված, բայց ակնհայտ է, որ Զանգեզուրի երկրամասը մտնելու էր այդ գոտու մեջ։ Այսինքն՝ այդ գոտին սեպի նման խրվելու էր ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի, այլև՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ թույլ չտալու համար դրանց միավորումը։ Փաստորեն ոչ միայն ուսումնասիրելով տարածաշրջանը, այլև ուսումնասիրելով ազգամիջյան հարաբերությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, փորձում էր գործնականում կանխել բոլոր այն գործընթացները, որոնք հետագայում կարող էին վտանգի տակ դնել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը, բայց դեպքերի ընթացքն այնպես չընթացավ, ինչպես պատկերացնում էր ԱՄՆ-ն։

Մասնավորապես՝ Վուդրո Վիլսոնի հումանիզմի գաղափարախոսությունը և կոնգրեսի պրագմատիզմն այնքան խորը հակասություններ ունեին իրար հետ, որոնց արդյունքում Հայաստանի մանդատի հարցը մերժվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Ավելին՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի ստորագրումով և այդ պայմանագրին Հայաստանի մասնակցությամբ՝ որպես պայմանադիր կողմ, դաշնակից պետությունները փաստորեն ճանաչեցին ՀՀ անկախությունը։ Առաջին հայացքից ուրախալի ձեռքբերում, որն իր հետ բերում էր նաև միջազգային իրավական հետևանք․ դա նշանակում է, որ դաշնակից զորքերը պետք է աստիճանաբար լքեին ՀՀ-ն, ինչն էլ տեղի ունեցավ։ Դրանից հաշված շաբաթներ անց՝ սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որն ավարտվեց Հայաստանի ռազմական ծանր պարտությամբ և, ահավասիկ, Հայաստանն արդեն չստացավ դաշնակից պետություններից որևէ օգնություն, մեն-մենակ կանգնեց թուրք-թաթարական ագրեսիայի առջև և, չկարողանալով պահել իր տարածքները, ստիպված էր ընդունել իր պարտությունն ու ստորագրել Ալեքսանդրապոլի՝ անչափ ծանր պայմանագիրը։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպես 1919-1920-ական թվականներին, այնպես էլ այսօր, Զանգեզուրը, Արցախը կանգնած են ոչ միայն մեծ տերությունների, այլև տարածաշրջանում խոշոր խաղացողների կոկորդին, Դուք այս հարցի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում ։

-Կանխատեսումներ անելը բավական բարդ և պատասխանատու գործ է․ ես չէի ցանկանա մտնել կանխատեսումների դաշտ, բայց որ պատմության դասերը պետք է հաշվի առնել, մասնավորապես՝ Հայաստանի հետ կապված հարցերում, ուժային որ կենտրոնների վրա հենվել, որ խաղացողների նկատմամաբ ավելի ուշադիր լինել, ա՛յ, այստեղ մենք պետք է հաշվի առնենք 1919-1920 թվականների պատմական դասերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում