2025
Ի՞նչ պայմաններում ստեղծվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը, ինչպե՞ս անկախացան Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Ինչու՞ մեկ գիշերվա ընթացքում Ղարաբաղը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ Այս թեմաների մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի հետ։ Պատմաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, ինչպես որ դրան նախորդած Անդրկովկասյան Դաշնությունը, որի մեջ մտնում էին հայերը, վրացիներն ու կովկասյան թաթարները, ստեղծվեցին ռուսական հեղափոխությունների հետևանքով, երբ Ռուսական կայսրությունը քայքայվեց, և ռուսական զորքերը դուրս եկան այս տարածաշրջանից։
-Պարո՛ն Ներսիսյան, աշխարհաքաղաքական ի՞նչ պայմաններում ստեղծվեց Անդրկովկասի Ֆեդերացիան՝ Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը։
-Հայ քաղաքական միտքը, ընդհանրապես, երբ դրել է Հայաստանի անկախության խնդիր կամ հայ ժողովրդի անկախանալու խնդիր, մասնավորապես՝ հայ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում, դա վերաբերել է Արևմտյան Հայաստանին, որովհետև հայ ազգային ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ձևավորվել է արևմտահայ խնդրի շուրջը։ Թեպետ կուսակցություններն իրենց ծրագրերում, մասնավորապես՝ Հնչակյան կուսակցությունը, գրում են, որ «մեր նպատակն է Արևմտյան Հայաստանում ձեռք բերել ընդարձակ ռամկապետական ազատություն և ազգային անկախություն», իսկ Դաշնակցությունը՝ տնտեսական ու քաղաքական անկախություն, բայց գործնականում նրանք անկախության խնդիրը, որպես այդպիսին, չեն դրել․ նրանք բավարարվել են բարենորոգումների ծրագրերով, այսինքն՝ ինքնավարության պահանջից այն կողմ չի անցել։ Նույնը վերաբերում է արմենականներին։
Ձեր նշած ժամանակահատվածում աշխարհաքաղաքական իրադարձություններն ինքնաբերաբար բերեցին, հանգեցրին նրան, որ մենք ստիպված Արևելյան Հայաստանում՝ այն էլ նրա մի փոքրիկ մասում, դարձանք անկախ։ Ինչպե՞ս դարձանք․․․ Ինչքան էլ մենք դա վերագրենք հայ քաղաքական մտքի ճկունությանը, մեր քաղաքական լիդերների հեռատեսությանը (իհարկե, հեռատես, խելոք լիդերներ եղել են), բայց Հայաստանի 1-ին հանրապետությունը, ինչպես որ դրան նախորդած Անդրկովկասյան Դաշնությունը, որի մեջ մտնում էին հայերը, վրացիները և ազերիները, այսինքն՝ այդ ժամանակ դեռ ազերի էլ չկար, Կովկասի թաթարները, ստեղծվեցին ռուսական հեղափոխությունների արդյունքում։ Այսինքն՝ սկզբից տեղի ունեցավ Փետրվարյան՝ ռուսական հզոր հեղափոխությունը, որից հետո Հոկտեմբերյան հեղաշրջումն էր, որն իրականացրին բոլշևիկները՝ Տրոցկու և Լենինի գլխավորությամբ։
Հեղաշրջման արդյունքում ռուսական զորքերը լքեցին Առաջին համաշխարհային պատերազմում գրավյալ ճակատները և վերադարձան դեպի տուն։ Փաստորեն, նախ՝ Արևմտյան Հայաստանը մենք կորցրինք, որովհետև հայերը չգնացին, տեր չկանգնեցին ռուսական զորքերի՝ միլիարդների արժողությամբ լքյալ զենքերին։ Քանի որ այս տարածքները դուրս մնացին ռուսական վերահսկողությունից, դրա արդյունքում այս ժողովուրդները որոշեցին քաղաքական ինչ-որ մարմին ստեղծել։ Փորձեցին միավորվել։ Տեղի ունեցավ Սեյմի ընտրություն, որտեղ վրաց բոլշևիկներն էին 1-ին տեղում, 2-րդ տեղում՝ հայ դաշնակցականները, 3-րդ տեղում՝ թաթար մուսավաթականները։ Նրանք որոշեցին ստեղծել Անդրկովկասյան Դաշնային հանրապետություն, որը մերժեց ճանաչել բոլշևիկյան հեղաշրջումը։ Անդրկովկասյան Սեյմը քայքայվեց այս 3 ժողովուրդների՝ քաղաքական տարբեր դիրքորոշումների արդյունքում։
-Պարո՛ն Ներսիսյան, ինձ հետաքրքիր է՝ տարբեր դիրքորոշումներ ունենալով և՛ վրացիների հետ, և՛ այդ ժամանակվա կովկասյան թաթարների հետ, նաև ունենալով լուրջ տարածքային վեճեր, այդքան տարաձայնություններ ունենալով հանդերձ, ինչպե՞ս կարողացան այդ երեք ժողովուրդները գալ մի ընդհանուր եզրահանգման, ունենալ պետական մեկ մարմին։
-Ընդհանուր առմամբ, ես՝ որպես պատմաբան, կարծում եմ, որ եթե այս 3 ժողովուրդներն այն ժամանակ, դա նաև վերաբերվում է ներկայիս ժամանակահատվածին, մի բան հասկանային, որ իրենք, իրոք, անկեղծորեն իրենց տարանջատեին մեծ տերությունների, հարևան տերությունների քաղաքական ձգտումներից, չընկնեին նրանց ազդեցության տակ և միավորվեին, ուրեմն նրանք կստեղծեին անդրկովկասյան մի հզոր քաղաքական մարմին, որի հանդեպ ո'չ Արևմուտքը, ո'չ Արևելքը ոչ մի բան չէին անի։ Բայց սա հիմա ռոմանտիկ է հնչում, որովհետև ներսից շատ մարդիկ, քաղաքական ուժեր դա չէին ընդունում, և դրսից էլ խառնողներ կային։ Բայց այդ 3 ժողովուրդների միավորումը ձևական էր, և հետո չկային ընդհանուր սահմաններ։ Նրանք որոշեցին գնալ այդ քայլին՝ չճանաչելով բոլշևիկյան հեղաշրջումը, բայց ընթացքում նրանք մեկը մյուսին դավում էին․ նրանք անկեղծ չէին։
Հիմա, այս պարագայում, տեսեք, երբ որ Լենինը կնքեց, այսինքն՝ բոլշևիկները կնքեցին Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը (խմբ․՝ պայմանագիրը կնքվել է 1918 թվականի մարտի 3-ին), կովկասյան այս 3 ժողովուրդների պատվիրակությունները բանակցում էին նախ՝ Տրապիզոնում։ Երբ որ այս պատվիրակությունները բանակցում էին, այդ ժամանակ թուրքական
ներկայացուցիչները, Վեհիբ փաշան, նրանք դրեցին խնդիր, թե մենք գերմանացիների գլխավորությամբ կնքել ենք բոլշևիկների հետ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և դուք պիտի ընդունեք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով սահմանները։ Հիմա, Տրապիզոնից հետո, Չխենկելու կառավարությունը, որը Կարսը, փաստորեն, զիջեց թուրքերին, մեր նախարարները պորտֆելները դրեցին, հետո ստիպված գնացին, նորից հետ վերցրին, նոր պատվիրակություն կազմեցին ու գնացին մայիսին արդեն Բաթում։ Հիմա Բաթումում թուրքերն արդեն նոր պահանջներ դրեցին․ արդեն Բրեստ-Լիտովսկի սահմաններով էլ թուրքերը համաձայն չէին պայմանագրի կնքման, այլ պահանջում էին Անդրկովկասը հռչակել Ռուսաստանից անկախ։ Այդ ընթացքում վրացիները գաղտնի կնքեցին Փոթիի պայմանագիրը։ Հիմա, այդ ընթացքում, երբ որ այս բանակցությունները գնում էին պատվիրակների միջև, թե ինչ սահմաններով պիտի կնքեն Անդրկովկասյան Սեյմի հետ պայմանագիրը, վրացիներն արդեն, իրենց ապահովելու համար, մայիսի 26-ին, Փոթիի պայմանագրի համաձայն, իրենց հռչակեցին անկախ։ Երբ որ Ալեքսանդր Խատիսյանը հարցրեց Չխենկելուն, թե մի՞թե դա ազնիվ է, նա պատասխանեց՝ ազնիվ է այն, ինչ որ օգուտ է բերում ժողովուրդներին։ Նրանց անկախություն հռչակելու հաջորդ օրը թաթարները հռչակեցին իրենց անկախությունը։ Նրանք իրենց կենտրոնը հռչակեցին Գյանջան՝ Գանձակը, իսկ հանրապետությունն էլ նորմալ անուն չուներ․ այն հետո կոչվեց Ադրբեջան։ Այդ ժամանակ կոչվում էր Մուսուլմանական հանրապետություն (խմբ․՝ Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետություն)։
Այնուհետև մենք մեզ հռչակեցինք անկախ։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ անկախությունը եկավ ինքն իրեն։ Եթե հայեցակարգի ձևով ներկայացնեմ, Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծումը, ինչպես և մյուս երկու ժողովուրդների, ովքեր հռչակեցին իրենց անկախ, դա ոչ թե նրանց անկախության համար պայքարի, թեպետ մենք տվել ենք ազատագրական պայքարի հերոսական էջեր, ոչ թե այդ ազատագրական պայքարի հետևանք էր, այլ ռուսական զորքերի՝ այս տարածաշրջանից հեռանալու հետևանք։ Ուրեմն՝ Բաթումի պայմանագրով (խմբ․՝ կնքվել է 1918 թվականի հունիսի 4-ին) Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց այս հանրապետությունների անկախությունը։ Ընդհանրապես, Բաթումի պայմանագրի մասին սխալ տեսակետ կա․ ոմանք գրում, ասում են՝ Հայաստանի տարածքը 9000 կմ² էր, ոմանք գրում են 10000 կմ² էր, ոմանք գրում են 11, 12։ Բաթումի պայմանագրով թուրքերը ճանաչեցին Հայաստանի անկախությունը, բայց Բաթումի պայմանագրով դու չես կարող հաշվել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ինչու՞ չես կարող հաշվել, որովհետև այդ պայմանագրով հստակեցվում էր հայ-թուրքական սահմանը։ Բայց Բաթումի պայմանագրով դու չես կարող հաշվել Հայաստանի տարածքը, որովհետև վրացիներն, ասենք, օրինակի համար, ասում են՝ Լոռին մերն է, մինչև այդ էլ պետություն չի եղել, որ ասես իմն է եղել, ասենք՝ սկսում են տարածքային վեճերը մեր, թաթարների և վրացիների միջև, այսինքն՝ դու ո՞նց ես հաշվում սահմանը․ ստացվում է Բաթումը կիսատ-պռատ, բայց մեզ տվեց անկախություն։
-Պարո՛ն Ներսիսյան, շրջանցելով 1-ին հանրապետության շրջանը, եկեք խոսենք խորհրդային շրջանի մասին, մասնավորապես, երբ Արցախը մի գիշերվա մեջ՝ հուլիսի 5-ին, հանձնեցին Խորհրդային Ադրբեջանին։
-1920 թվականին՝ արդեն գարնանը, քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում ավարտվեց։ 1920 թվականի ապրիլին Ադրբեջանը «կարմրեց» (խմբ․՝ խորհրդայնացվեց) մի գիշերվա մեջ՝ ապրիլի 28-ին։ Նրանք իրենց շուտ խորհրդային հայտարարեցին, հայերը՝ ո՛չ․ անկախությունն այդ ժամանակ արդեն մեր մեջ նստել էր։ Հիմա մեր խնդիրը քննվում էր Փարիզի վեհաժողովում, որն ավարտվեց Սևրի պայմանագրով։ Սևրը դատապարտված էր չիրականացման, որովհետև արդեն այդ ժամանակ ռուսները քեմալականների հետ դաշինքի մեջ էին։
Իսկ երբ որ Հայաստանն արդեն խորհրդայնացվեց, բայց Հայաստանը խորհրդայնացվել է դեկտեմբերի 2-ին՝ Երևանի համաձայնագրով, ի միջի այլոց, դեկտեմբերի 2-ի՝ Երևանի համաձայնագրով ամբողջ Երևանի նահանգը մտնում էր Խորհրդային Հայաստանի մեջ, իսկ Երևանի նահանգն ուներ 4 գավառ, որից մեկը Նախիջևանն էր։ Այսինքն՝ հիմա մենք կարող ենք դնել հստակ խնդիր ադրբեջանցիների առաջ, որ Նախիջևանը մերն է եղել, բայց Ղարաբաղի պահը մի քիչ վիճելի էր։ Հիմա, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, դեռ մինչև խորհրդայնացումը, նոյեմբերի վերջերին եղել են հոդվածներ, Ստալինն էլ է գրել, նույնիսկ գրել է Նարիմանովը, որ իրենց պետք չի Ղարաբաղը։
Այսինքն՝ Ղարաբաղի խնդիրը վիճելի էր, իսկ մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրով (խմբ․՝ պայմանագիրը կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին) Ղարաբաղի խնդիրը չէր արտացոլվում։ Նախիջևանը նրանք տվեցին (խմբ․՝ Ադրբեջանին)՝ առանց 3-րդ պետությանը զիջելու նախապայմանով, իսկ Ղարաբաղը մնաց։ Ղարաբաղի խնդիրը լուծվեց Ձեր ասած այդ քաղբյուրոյի նիստում, որտեղ նաև մասնակցում էր Մյասնիկյանը։ Սկզբում նրանք որոշեցին տալ մեզ, բայց ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 4- 5-ը։ Տեսեք, ռուսներին պետք էին նեղուցները, իսկ այնտեղ նստած էին անգլիացիները, ռուսներին պետք էր, որ անգլիացիներին քշեին այդ նեղուցներից․ նրանց ավելի հաճելի էր՝ նեղուցների վրա մնային թուրքերը, քան թե անգլիացիները, որոնք ավելի վտանգավոր էին։ Դրա համար նրանք Քեմալին փող տվեցին։ Իսկ ինչ վերաբերում էր, այդ պարագայում արդեն, բնականաբար, Արևմուտքի տերություններին, որոնք գնում էին դեպի հաշտության ու խաղաղության, նոր աշխարհակարգի ստեղծման, ինչպես որ հիմա են արդեն փորձում գնալ, ուրեմն, նրանք արդեն Լոզանում վիճում էին Քեմալի հետ, բայց սեղանի տակից բռնում էին Քեմալի ձեռքը։
Քեմալն արդեն առանձին-առանձին գաղտնի պայմանագրեր էր կնքում նրանց հետ։ Օրինակ՝ ֆրանսիացիները լքեցին Կիլիկիան, և հիմա նրանք բոլշևիկների հետ Ղարաբաղի հարցը լուծեցին մի գիշերվա մեջ՝ հօգուտ Ադրբեջանի, որովհետև նրանք չէին կարող դեմ գնալ Քեմալի ցանկությանը, որը համընկնում էր Նարիմանովի ցանկությունների հետ, ինչպես հիմա՝ Էրդողանի ու Ալիևի։ Հետո՝ այդ ժամանակ, կար պետական քաղաքականություն, Խորհրդային Ռուսաստանի արտաքին պետական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը որոշվում էր ավելի բարձր տեղերում։ Ստալինն ուղղակի կատարող էր։