2026
2024-03-20
Գոհար Գրիգորյան
Հիմնաբառեր՝ մշակութային ժառանգություն, մշակութային ոչնչացում, մշակութային արժեքների պաշտպանություն, Եվրոպական խորհրդարան, ՅՈՒՆԵՍԿՕ, միջազգային կոնվենցիա, Հաագայի կոնվենցիա, Արցախ, Հայաստան, Ադրբեջան
Նախաբան
2023 թ. սեպտեմբերին 101,848 հայեր[1] բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ Արցախից, այնտեղ թողնելով նաև հսկայական հարուստ հայկական ժառանգություն։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թ. հունվարին հրապարակած զեկույցի համաձայն՝ Արցախում կա 4000 հայկական մշակութային վայր, այդ թվում՝ 370 եկեղեցի, 119 բերդ և պատմամշակութային այլ հուշարձաններ[2]։ Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ 161 հայկական եկեղեցի, 8 պետական թանգարան և պատկերասրահ՝ 19311 ցուցանմուշով, ինչպես նաև մասնավոր հիմունքներով գործող «Շուշիի գորգերի թանգարանը» և «Շուշիի հայկական դրամի թանգարանը»[3]։
Արցախյան այս հնագույն հայկական եկեղեցիները, բերդերը, վանքերը և հուշարձանները հայերի համար սոսկ վայրեր չեն. դրանք մարմնավորում են ողջ հայության հավաքական պատմությունը։
2020 թ. պատերազմից ի վեր Ադրբեջանը թիրախավորել և ոչնչացրել է Արցախում հայկական մշակութային ժառանգությունը։ Ներկայումս այդ ավերումն առավել համակարգված ու թիրախավորված մոտեցում է ստացել՝ մտահոգություն առաջացնելով մնացած ժառանգության գոյատևման վերաբերյալ: Օրինակ, 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորեց ու հրթիռակոծեց հայկական մշակութային և կրոնական ինքնության խորհրդանիշ հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։ Հարվածները զգալի վնաս հասցրին մայր տաճարին՝ փլուզելով նաև տանիքը[4]։ Ադրբեջանական բաց աղբյուրների ուսումնասիրությունից և հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ ներկայումս Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, ու միայն հետագայում պարզ կդառնա՝ արդյոք կպահպանվի տաճարի հայկականությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2021 թ. հունվարի իր զեկույցում հրապարակել է Արցախում մշակութային արժեքների ոչնչացման մի շարք օրինակներ[5], իսկ այսօր այդ օրինակների թիվն ավելի մեծ է, և այն շարունակում է աճել։ Հայկական մշակութային արժեքների ոչնչացման կամ դրանք աղվանական ներկայացնելու միջոցով Ադրբեջանը ձգտում է ոչնչացնել հայկական հետքն Արցախից։ 2021 թ. մարտին այցելելով Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, Իլհամ Ալիևը խոստացել է ոչնչացնել հայկական գրությունները եկեղեցիների վրայից[6]։ 2022 թ․ փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ «իբրև թե աղվանական կրոնական տաճարների վրա արված հայկական կեղծ գրությունները վերացնելու համար»[7]։ Այս հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը պետական մակարդակով ու համակարգված փորձում է ոչնչացնել հայկական հետքն Արցախից։
Կոռնելի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ադամ Սմիթը 2023 թ. սեպտեմբերին նշել է, որ մշակութային ժառանգության պաշտպանության համաշխարհային կառույցներն այսօր բախվում են օրինականության ամենախորը փորձությանը Հարավային Կովկասի լեռներում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր[8]։ Մշակութային ժառանգության պահպանման համար միջազգային համագործակցության ջանքերը հրամայական են, և այն համընդհանուր պատասխանատվություն է։
Մշակութային ժառանգության պաշտպանության իրավական շրջանակները
Միջազգային հանրությունը հիմնարար պատասխանատվություն է կրում մշակութային ժառանգության պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման համար, ինչպես ամրագրված է միջազգային իրավական փաստաթղթերում և կոնվենցիաներում: 1954 թ. Հաագայի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան» պնդում է, որ մշակութային արժեքներին հասցված ցանկացած վնաս, հավասարազոր է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը հասցված վնասի: Այն կարևորում է ցանկացած ժողովրդի հավաքական ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ մշակութային ժառանգության պահպանումը դարձնելով համաշխարհային նշանակության խնդիր։ Կոնվենցիան ընդգծում է մշակութային արժեքները պաշտպանելու համար հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու պարտավորությունը[9]։
Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999 թ. մարտի 26) ընդգծում է զինված հակամարտությունների ժամանակ հատուկ նշանակված մշակութային արժեքների պաշտպանության ուժեղացված համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը[10]:
Ավելին, 1972 թ. նոյեմբերին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից ընդունված Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան ընդլայնում է պաշտպանության շրջանակը՝ ներառելով ոչ միայն մշակութային, այլ նաև բնական ժառանգության օբյեկտները։ Այն ընդգծում է բացառիկ արժեք ներկայացնող վայրերի պահպանությունը՝ ի շահ ողջ մարդկության՝ ընդգծելով մշակութային և բնական ժառանգության պահպանման համաշխարհային նշանակությունը։ Կոնվենցիան վերահաստատում է, որ ցանկացած մշակութային կամ բնական ժառանգության օբյեկտի վնասում կամ անհետացում բոլոր ազգերի ընդհանուր ժառանգության խորը աղքատացում է[11]։
Այս կոնվենցիաներին համապատասխան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ հոկտեմբերի 17-ի Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին հռչակագիրը, կարևորելով մշակութային ժառանգության պաշտպանությունը, վերահաստատում է համատեղ ջանքերով միտումնավոր ոչնչացման բոլոր ձևերի դեմ պայքարելու հանձնառությունը։ Այն սահմանում է «միտումնավոր ոչնչացումը» որպես մշակութային ժառանգության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանն ուղղված ցանկացած գործողություն՝ ընդգծելով մշակութային ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու հավաքական պարտավորությունը[12]:
Ավելին, Եվրոպական մշակութային կոնվենցիան[13], վերանայված Հնագիտական ժառանգության պաշտպանության եվրոպական կոնվենցիան[14] և Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան[15] ընդգծում են մշակույթի պահպանման սկզբունքները Եվրոպական միության համատեքստում: Այս իրավական փաստաթղթերն ընդգծում են մշակութային ժառանգության պահպանման և Եվրոպայում մշակութային բազմազանության խթանման հիմնարար կարևորությունը:
Ընդհանուր առմամբ, իրավական այս շրջանակներն ընդգծում են մշակութային ժառանգության համընդհանուր նշանակությունն ու այն պաշտպանելու հավաքական պատասխանատվությունը։ Դրանք շեշտում են միջազգային համագործակցության և մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելուն ուղղված համատեղ ջանքերի հրամայականը՝ գիտակցելով դրա ներքին կապը միջազգային անվտանգության, կայունության և տուժած պետությունների մշակութային զարգացման հետ:
Միջազգային արձագանքն Արցախում մշակութային ժառանգության ոչնչացմանը
Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման վերաբերյալ միջազգային արձագանքն ընդգծում է քաղաքակրթության այս արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Չնայած և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստորագրել են միջազգային տարբեր կոնվենցիաներ և իրավական շրջանակներ՝ ստանձնելով մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր հանձնառություն, Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է այդ կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին:
2020 թ. հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց միջոցներ ձեռնարկել մշակութային ժառանգությանը ցանկացած վնաս կանխելու համար[16]։ Այնուհետև, նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ -ն պատրաստակամություն հայտնեց ստեղծել անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու տարածաշրջանում կարևոր մշակութային արժեքների կարգավիճակը[17]։ Դեկտեմբերին այս առաջարկը ողջունվեց 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության հանձնաժողովի կողմից` ընդգծելով մշակութային ժառանգության պաշտպանության հրամայականը Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում: Հանձնաժողովն ընդգծեց միջազգային հանրության հանձնառությունը մշակութային ժառանգության պահպանման հարցում և հորդորեց երկու կողմերին հեշտացնել առաքելության աշխատանքը՝ գիտակցելով, որ նման գնահատականները հիմք կդնեն համապարփակ վերականգնողական ջանքերի համար, որոնք կենսական նշանակություն ունեն տարածաշրջանում բնականոնության և մշակութային կյանքի վերականգնման համար[18]։
Չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերին և ջանքերին, Ադրբեջանը համառորեն խոչընդոտում է առաքելության մուտքն Արցախ։ Նման գործողությունները ոչ միայն անարգում են միջազգային նորմերը, այլև ընդգծում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը՝ խոչընդոտելով տարածաշրջանում հաշտեցման և մշակութային վերականգնման հեռանկարներին։ Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը հաստատող փաստերը:
Եվրոպական խորհրդարանը վճռական դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ժխտման և ոչնչացման քաղաքականության դեմ։ 2022 թ․ մարտին[19], 2023 թ․ հոկտեմբերին[20] և 2024 թ․ մարտին[21] ընդունված բանաձևերը դատապարտում են այդ գործողությունները և ընդգծում տարածաշրջանում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Եվրախորհրդարանը ողջունում է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության գնահատման համար աշխատանքային խումբ ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը՝ ընդգծելով այդ խմբի անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու կարևորությունը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ մշակութային ժառանգության նկատմամբ որևէ միջամտությունից՝ մինչև աշխատանքային խմբի կողմից մշակութային վայրերի գնահատումը։ Նմանապես, Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշումները ճանաչեցին հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող անմիջական վտանգը և Ադրբեջանին հանձնարարեցին կանխել և պատժել վանդալիզմի գործողությունները[22]:
Միջազգային և դիվանագիտական այլ կառույցներ նույնպես դատապարտել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ հարձակումներն ու կոչ արել քայլեր ձեռնարկել այն պաշտպանելու ուղղությամբ։ 2023 թ. հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը, դատապարտելով էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, անդրադարձավ նաև մշակութային արժեքների պաշտպանության անհրաժեշտությանը։ Ընդգծվեց, որ 3000-ամյա մշակույթը ջնջվում է և հողին հավասարեցվում[23]։ Նմանապես Ֆրանսիայի սենատը 2023 թ. հունվարի 17-ին դատապարտեց Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության անդառնալի դեգրադացումը՝ այն որակելով որպես մարդկության դեմ հանցագործություն[24]։
Միևնույն ժամանակ, 2023 թ. հոկտեմբերին Ժնևում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունը[25] և 2024 թ. հունվարին Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի, Համագործակցության և ՄԱԿ հարցերով նախարար Թարիք Ահմադն[26] ընդգծել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF) 2020 թ. նոյեմբերի 15-ին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության, իսկ նույն թվականի նոյեմբերի 9-ին, տեղեկանալով Շուշիում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վնասման մասին, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը: Հիմնադրամը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության օբյեկտների թիրախավորումից[27]:
Չնայած դիվանագիտական ջանքերին և միջազգային արձագանքներին, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու իր արշավը՝ լուրջ մարտահրավերներ ներկայացնելով Արցախում մշակութային արժեքների պահպանության ջանքերին։ Այս արձագանքներն ընդգծում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված համաձայնեցված համընդհանուր ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։
Ավելին, մշակութային ժառանգության պահպանումն կարևոր նախադրյալ է կայուն խաղաղություն հաստատելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը ընդգծում է, որ «մշակութային ժառանգության անօրինական ոչնչացումը … զինված հակամարտությունների դեպքում և … պատմական արմատներն ու մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են սրել հակամարտությունները և խոչընդոտել հետկոնֆլիկտային ազգային հաշտեցմանը, այդպիսով խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը և սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը[28]։
Հաշվի առնելով վերոնշյալը, դիվանագիտական ջանքերը պետք է շարունակեն բարձրացնել իրազեկությունը, դատապարտել մշակութային ոչնչացումը և պաշտպանել Արցախում մշակութային արժեքները՝ առաջնորդվելով արդարության, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության սկզբունքներով։
Ամփոփում
Եզրափակելով, Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը միջազգային նորմերի և պարտավորությունների կոպիտ խախտում է։ Չնայած այս գործողությունների դատապարտմանը միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի խոչընդոտող քաղաքականությունը պահպանվում է, ինչը էական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության համար:
Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար առավել համաձայնեցված գործողություններ են անհրաժեշտ։ Թեև բանաձևերը և դատապարտումները ծառայում են որպես միջազգային մտահոգության կարևոր նշաններ, դրանք պետք է ուղեկցվեն շոշափելի քայլերով՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և մշակութային ժառանգության վայրերի պաշտպանությունն ապահովելու համար:
Միջազգային հանրության համար հրամայական է ավելացնել ջանքերը՝ Արցախում մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու, ոչնչացումները դատապարտելու համար, ինչպես նաև կոչ անելու ներգրավված բոլոր կողմերին հարգել և պաշտպանել Արցախում մշակութային ժառանգությունը։ Դիվանագիտական ջանքերը պետք է կենտրոնանան երկխոսության խթանման և մշակութային արժեքների կարգավիճակի գնահատման համար անկախ առաքելությունների գործունեության դյուրացման վրա:
Ավելին, անհրաժեշտ է մշակել մշակութային ժառանգության պահպանման համապարփակ ռազմավարություն՝ ներառելով իրավական շրջանակների ամրապնդում, պահպանման ջանքերի ֆինանսավորման ավելացում և աջակցություն տեղական համայնքներին իրենց ժառանգությունը պահպանելու ջանքերում։
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է, և ողջ մարդկությունը պետք է պաշտպանի արդարության, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության սկզբունքները՝ մարդկության պատմության և մշակույթի հարուստ արժեքները գալիք սերունդներին փոխանցելու համար:
Օգտագործված աղբյուրներ
[1] ՀՀ Կառավարություն, «Հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ», 20․10․2023, https://www.gov.am/am/news/item/15698/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[2]The Human Rights Ombudsman of The Republic of Artsakh, “AD Hoc Public Report: The Armenian Cultural Heritage in Artsakh (Nagorno-Кarabakh): Cases of Vandalism and at Risk of Destruction by Azerbaijan”, Stepanakert, 26.01.2021, https://armenianbar.org/wp-content/uploads/2021/04/6.-Final-Report-on-Armenian-cultural-heritage-26.01.2021_0.pdf (վերջին դիտում՝ 19․03․2024)
[3] Նույն տեղում։
[4] Նույն տեղում։
[5] Նույն տեղում։
[6] European Parliament resolution of 10 March 2022 on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh (2022/2582(RSP)), Strasbourg, 10․03․2022, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2022-0080_EN.html (վերջին դիտում՝ 19․03․2024)
[7] “Создана рабочая группа по восстановлению албанских религиозных храмов”, Report.az, 03․02․2022, https://report.az/ru/kulturnaya-politika/sozdana-rabochaya-gruppa-po-vosstanovleniyu-falsificirovannyh-armyanami-albanskih-religioznyh-hramov/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[8] Cornell University, Department of Anthropolog, “Hundreds of Armenian heritage sites at risk in Nagorno-Karabakh”, 21.09.2023, https://anthropology.cornell.edu/news/hundreds-armenian-heritage-sites-risk-nagorno-karabakh (վերջին դիտում՝ 19․03․2024)
[9] “Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention”, The Hague, 14․05․1954, https://en.unesco.org/sites/default/files/1954_Convention_EN_2020.pdf (վերջին դիտում՝ 19․03․2024)
[10] “Second Protocol to the Hague Convention of 1954 for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict”, The Hague, 26․03․1999, https://en.unesco.org/about-us/legal-affairs/second-protocol-hague-convention-1954-protection-cultural-property-event (վերջին դիտում՝ 19․03․2024)
[11] UNESCO, “Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage”, 16․11․1972, https://whc.unesco.org/en/conventiontext/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[12] “UNESCO Declaration concerning the Intentional Destruction of Cultural Heritage”, Paris, France, 17․10․2003, https://www.unesco.org/en/legal-affairs/unesco-declaration-concerning-intentional-destruction-cultural-heritage (վերջին դիտում՝ 19․03․2024)
[13] Council of Europe, “European Cultural Convention (ETS No. 018)”, Paris, France, 19.12.1954, https://rm.coe.int/168006457e (վերջին դիտում՝ 20․03․2024)
[14] Council of Europe, “Convention for the Protection of the Archaeological Heritage of Europe (revised)” (Valletta, 1992), https://www.coe.int/en/web/culture-and-heritage/valletta-convention (վերջին դիտում՝ 20․03․2024)
[15] Council of Europe, “Framework Convention for the Protection of National Minorities (ETS No. 157)”, France, Strasbourg, 01.02.1995, https://rm.coe.int/168007cdac (վերջին դիտում՝ 20․03․2024)
[16] UNESCO, “Situation in the Nagorno-Karabakh conflict zone UNESCO statement”, 9.10.2020 (Last update: 20.04.2023), https://www.unesco.org/en/articles/situation-nagorno-karabakh-conflict-zone-unesco-statement (վերջին դիտում՝ 19․03․2024)
[17] UNESCO, “Nagorno-Karabakh: Reaffirming the obligation to protect cultural goods, UNESCO proposes sending a mission to the field to all parties”, 20.11.2020 (Last update: 20 April 2023), https://www.unesco.org/en/articles/nagorno-karabakh-reaffirming-obligation-protect-cultural-goods-unesco-proposes-sending-mission-field (վերջին դիտում՝ 19․03․2024)
[18] “Declaration of the Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict of the Second Protocol to The Hague Convention of 1954 for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict – ensuring cultural property protection in and around Nagorno-Karabakh and setting-up an independent technical mission”, 11․12․2020, https://en.unesco.org/sites/default/files/en_15_com_declaration_haut-karabakh_final_1.pdf (վերջին դիտում՝ 19․03․2024)
[19] “European Parliament resolution of 10 March 2022 on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh (2022/2582(RSP))”, Strasbourg, 10․03․2022, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2022-0080_EN.html#def_1_3 (վերջին դիտում՝ 19․03․2024)
[20] “European Parliament resolution of 5 October 2023 on the situation in Nagorno-Karabakh after Azerbaijan’s attack and the continuing threats against Armenia (2023/2879(RSP))”, Strasbourg, 5․10․2023, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2023-0356_EN.html (վերջին դիտում՝ 19․03․2024)
[21] European Parliament, “Joint motion for a resolution on closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia”, https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2024-0163_EN.html
[22] International Court of Justice, “Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan)”, 17.11.2023, https://www.icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20231117-ord-01-00-en.pdf (վերջին դիտում՝ 19․03․2024)
[23] Parlament Österreich, “Nationalrat verurteilt einstimmig Aktivitäten der Wagner-Gruppe und Vorgehen Aserbaidschans in Bergkarabach”, 19.10.2023, https://www.parlament.gv.at/aktuelles/pk/jahr_2023/pk1087#XXVII_A_03629 (վերջին դիտում՝ 19․03․2024)
[24] French Senate, “Intégrité territoriale de la République d'Arménie (PPR)”, 17.01.2024, https://www.senat.fr/tableau-historique/ppr23-157.html (վերջին դիտում՝ 19․03․2024)
[25] U.S. MISSION TO INTERNATIONAL ORGANIZATIONS IN GENEVA, “Joint Statement on the Situation in Nagorno-Karabakh”, 11.10.2023, https://geneva.usmission.gov/2023/10/11/joint-statement-on-the-situation-in-nagorno-karabakh/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[26] UK Parliament, Written Questions, answers and statements, “Nagorno Karabakh: Cultural Heritage: Question for Foreign, Commonwealth and Development Office”, 16/30.01.2024, https://questions-statements.parliament.uk/written-questions/detail/2024-01-16/HL1625/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[27]World Monuments, 09.10.2020, https://www.facebook.com/worldmonuments/posts/10157733480650886/ (վերջին դիտում՝ 19․03․2024)
[28] United Nations Security Council, Resolution 2347 (2017), Adopted by the Security Council at its 7907th meeting, 24.03.2017, https://documents.un.org/doc/undoc/gen/n17/079/04/pdf/n1707904.pdf?token=VQgWREjcBRTjzd1j5h&fe=true (վերջին դիտում՝ 19․03․2024)