2025
Գյոյբուլաղը կամ Գյոգբուլաղը Շաքիի շրջանի հայաբնակ նախկին գյուղերից մեկն էր, որը գտնվում է Շաքի քաղաքից 27 կմ հարավ: 18-րդ դարի կեսերին գյուղը ենթարկվել է Շաքիի Հաջի Չելեբի խանի հալածանքներին և լքվել:
18-րդ դարի վերջին՝ Իրանի Աղա Մուհամմադ խանի ավերիչ արշավանքներից հետո, գյուղը վերաբնակեցվել է Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառներից այստեղ արտագաղթած հայերով:
1874 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 1223 բնակիչ, իսկ 1886 թվականին` 1206: Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ՝ 1888 թվականին, գյուղն ուներ 184 տուն` հայ բնակիչներով: 1914 թվականի դրությամբ Գյոյբուլաղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 1489 բնակիչ:
Գյուղի բնակչությունը կոտորվել է 1918 թվականին` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից և ամբողջությամբ հայաթափվել է։
Գյուղամիջում գտնվել է Սուրբ. Աստվածածին եկեղեցին, որը չի պահպանվել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված էր գյուղի հայկական գերեզմանոցը` 19-20-րդ դարերի տապանաքարերով: Գյոյբուլաղի հարևանությամբ գտնվող ձորակում եղել է կիսավեր մի մատուռ, որը, նմանատիպ շատ այլ սրբավայրերի նման, կրել է «Եղիշ առաքյալ» անունը: Մատուռի շուրջը տարածված էր սալանման անտաշ տապանաքարերով հայկական հին գերեզմանոցը։
Ներկայումս էլ գյուղը կոչվում է Գյոյբուլաղ և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997: