2026

«Հայկական և իրանական լեզվամշակութային իրողությունները պատմության քառուղիներում»․ Հասմիկ Կիրակոսյան

2024-11-08

Նոյեմբերի 4-7-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի նախաձեռնությամբ (ՀԿՏԿ) Կապանում անցկացվեց «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական համաժողով, որին մասնակցում էին փորձագետներ Հայաստանից և Իրանից։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանն աշխատաժողովին ներկայացրեց «Հայկական և իրանական լեզվամշակութային իրողությունները պատմության քառուղիներում» զեկույցը։

Հասմիկ Կիրակոսյանն անդրադարձավ հայկական աղբյուրներում Իրանի պատմության և մշակույթի վերաբերյալ տեղեկություններին, նշեց, որ հայ-իրանական փոխառնչությունները, բացի քաղաքական և տնտեսական բնագավառներից, տեղի են ունեցել նաև մշակութային բոլոր ոլորտներում, անդրադարձավ հայերենում փոխառված իրանական այն բառապաշարին, որը չի պահպանվել անգամ նոր պարսկերենում և կարող է աղբյուր հանդիսանալ ժամանակակից պարսկերենի բառաստեղծման և տերմինաստեղծման համար։ Ըստ Հասմիկ Կիրակոսյանի՝ հայերը կատարել են պարսկերենն ու իրանական մշակույթը փոխադրողների դեր ևս՝ հատկապես ջուղահայերն առևտրական գործունեության ընթացքում։ Իրանագետը նշեց, որ հարևան երկրում պարսիկ բանաստեղծներ Նիզամի Գյանջավիին, Խաղանի Շիրվանիին ներկայացնում են որպես «ադրբեջանական վերածննդի» ներկայացուցիչներ՝ առաջարկելով իրանցի գործընկերներին համատեղ պայքարել մշակութային յուրացման դեմ:

Միջոցառման հիմնական նպատակներից մեկն էր իրանական փորձագիտական դաշտին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հավաստի տեղեկատվության փոխանցումը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջմղումը, երկու երկրների հարաբերությունների դեմ շրջանառվող ապատեղեկատվական հոսքերին հակազադումը, երկկողմ հարաբերություններում առկա բացերի ու համագործակցության հնարավորությունների վերհանումը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում