2025

1905-1907 թվականների հայ-թաթարական բախումներն ու Ռուսական կայսրության քաղաքականությունը

1905-1907 թվականներին Ելիզավետպոլի նահանգում, ինչպես նաև՝ Երևան, Բաքու և Թիֆլիս քաղաքներում հայերի և կովկասյան թաթարների միջև տեղի ունեցան ընդհարումներ: Որո՞նք էին այս բախումների հիմնական պատճառները, ինչպե՞ս էր Ռուսական կայսրությունը հրահրում զինված բախումներ։ Թեմայի մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի հետ։ Ըստ պատմաբանի՝ Ռուսական կայսրությունը նպատակաուղղված կերպով էր հայերի և թաթարների միջև լարվածությունը հրահրում՝ ապահովելով իր ազդեցությունն ու վերահսկողությունը Կովկասում։ Սահակյանը հավելում է՝ գործելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով՝ կայսրությունը տարածաշրջանում հետևողականորեն սրում էր հակասությունները, որպեսզի կանխի ազգային միասնության հնարավոր փորձերը։

-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ հայերի և կովկասյան թաթարների միջև տեղի ունեցան զինված բախումներ, ի՞նչն էր դրդապատճառը։ Արդյո՞ք Ռուսական կայսրությունը կապ ուներ այս ընհանրումների հետ։

-Պետք է սկսել խորքից, երբ այդ տարածաշրջանն անցավ ռուսական տիրապետության տակ, ռուսները հովանավորում էին ազնվականներին՝ վրաց, ադրբեջանցի։ Մենք շատ քիչ թվով ազնվականություն ենք ունեցել այդ ժամանակաշրջանում։ Այդ էր պատճառը, որ ռուսական կողմը հիմնականում հիմնվում էր թաթար ազնվականության վրա՝ երկրամասում նրան տեսնելով որպես իր հենարանը։

-Ինչու՞․․․

-Ռուսաստանը կառավարում էր ազնվականությունը․ սրանք էլ էին ազնվական, նրանք էլ էին ազնվական։ Այն ազնվականները, ովքեր հայերի մոտ ինչ-որ տեղ ցուցադրում էին իրենց ինքնությունը, ռուսական տիրապետության կողմից մի կողմ էին նետվում, քանի որ չէին վստահում հայ ազնվականներին, հատկապես՝ Արցախի։ (Օրինակ՝ Կուսապատի Աթաբեկյաններին․ նրանց հողերը վերցրին և տեղը Էջմիածնի գավառում տվեցին անկապ հողեր․ այնտեղ կիսաանապատային շրջան էր)։ Պատճառը կարծում եմ այն էր, որ հայերի մոտ այդ ազատագրական ձգտումներն ավելի ուժեղ էին, քան վրացիների մոտ, առավել ևս՝ թաթարների մոտ։ Դե, թաթարների մոտ իշխում էր ազնվականությունն ու հոգևորականությունը։ Ինչ որ ասեց ազնվականը, ինչ որ ասեց մոլլան, թաթար բնակչությունը լուռ ու մունջ կատարում էր։

Իրավիճակը գիտե՞ք երբ սրվեց, երբ գահ բարձրացավ Ալեքսանդր Երրորդը։ Ալեքսանդր Երրորդի մոտ կար ազատագրական ցանկացած շարժման մեջ բացասական վերաբերմունք, իսկ ովքե՞ր էին այդ ազատություն ցանկացողները՝ հայերը։ Հայերն ունեին բավականին նշանավոր գրողներ, որոնց ազատագրական գործերը նպաստեցին, որպեսզի բնակչության մոտ արթնանա ազգային ինքնագիտակցությունը։ Չեմ ասում բոլորի մոտ, բայց սկսեց դա արթնանալ։ Հետո, ընթացքում ի՞նչ երևաց, որ մենք Ռուսաստանում ստեղծեցինք առաջին կուսակցությունը։ Դաշնակցությունը Ռուսական կայսրությունում առաջին կուսակցությունն էր։ Հասկացան, որ այդ կուսակցությունը, ճիշտ է, ուղղված էր Օսմանյան կայսրության դեմ, բայց երբ որ Արևելյան Հայաստանում եկեղեցական գույքը բռնագրավեցին, Դաշնակցությունը շատ հզոր կերպով հանդես եկավ, պատժեց այն պաշտոնատար անձանց, որոնք եկեղեցական գույքի հետ կապված որոշակի գործողություններ էին կատարել և դրանով դաշնակցությունը երևաց նաև Արևելյան Հայաստանում, չնայած նա գործելու էր Արևմտյան Հայաստանում։ Եվ այսպես շարունակաբար․․․

Ես հիմա նորություն հավանաբար կասեմ․ կա ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասով, որն աշխատել էր Պոդոլսկի արխիվում։ Այնտեղ պահպանվում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված փաստաթղթեր։ Մեր պատմաբանները, երբ որ գնում էին և ցանկանում էին ուսումնասիրել Հայրենական պատերազմը, գնում էին Պոդոլսկի արխիվը, բայց պարզվեց այնտեղ կան գաղտնի փաստաթղթեր։ Ըստ Ստանիսլավ Տարասովի՝ «Ռեգնում» գործակալությունում հրապարակված փաստաթղթերի՝ երևաց հետևյալը, որ ռուսական գլխավոր շտաբը Օսմանյան կայսրությունը քայքայելու համար ստեղծեց պանթյուրքիզմի քաղաքականությունը։ Նույն ռուսական շտաբը, ի հակակշիռ Դաշնակցության, 1906 թվականին ստեղծեց «Մուսավաթ» կուսակցությունը (խմբ․՝ «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911թ․)։ Այսինքն՝ Ռուսական կայսրության համար առաջին թշնամին հայերն էին, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Դաշնակցության հզոր ազդեցության տակ։ Կար մի կիսախելագար կառավարչապետ՝ Գրիգորի Գոլիցին։

-Նա կոնկրե՛տ հայատյաց քաղաքականություն էր վարում։

-Հիմա Ձեզ ասեմ, նա Ռուսական կառավարության ընդհանուր նիստի ժամանակ առաջարկեց հայերին աքսորել Սիբիր, քանի որ բոլորը հեղափոխական են։ Զինվորական նախարար գեներալ Կուրոպատկինը, որ ռազմական հետախույզ էր Թուրքիայում, ուսումնասիրել էր Բոսֆորի ու Դարդանելի ամրությունները, որովհետև ռուսների հեռակա նպատակը Կ․Պոլսի գրավումն ու երկրորդ Մոսկվա ստեղծելն էր։ Նա (խմբ․՝ նկատի ունի Կուրոպատկինին) հարց տվեց, թե ինչքա՞ն կլինեն այդ հեղափոխականները։ Պատասխանը եղավ՝ մի 300 կլինեն։ Կուրոպատկինը հարցրեց՝ արժե՞ ամբողջ ժողովրդին աքսորել մոտավորապես 300 հեղափոխականի համար։ Գոլիցինի մոտ այդ մտասևեռումը կար, որ հայերն են վտանգավոր։ Նա առաջին հերթին պաշտոններից հեռացրեց հայերին։ Նախկին ղեկավարները գտնում էին, որ ազգային փոքրամասնությունները պետք է լինեն պետական տարբեր պաշտոններում, որը կպաշտպանի Ռուսական կայսրությանը։ Գոլիցինը, որ եկավ, սկսեց հայերին դուրս մղել, եղավ առաջին դժգոհությունը։ Երկրորդը՝ դպրոցների փակումը, հայ բարեգործական ընկերությունների արգելումը։ Սա կամաց-կամաց կուտակվեց, և կուտակման հետևանքը եղավ այն, որ 1904 թվականի վերջերին տեղական իշխանությունները դրդում էին մահմեդական թաթարներին հարձակվել հայերի վրա, բայց հետաքրքիր է՝ առաջին անգամ նրանք հրաժարվեցին, որովհետև 1904 թվականին եղել է Սասունի ապստամբությունը։ Նրանք գիտեին, որ հայերն ունեին զինված ջոկատներ, փորձված մարտիկներ, որոնք կարող են համապատասխան գործողություն կատարել նաև Կովկասում։ Վրացիներն այդ շրջանում չէին գոռում, որ մենք ուզում ենք ինքնավարություն, որ մենք ուզում ենք մեր պետականությունը, միայն հայերն էին․ վրացիները ավելի խելոք դուրս եկան։

Հիմա տեսեք, 1905 թվականի հունվարին սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը։ Հայերը դուրս էին եկել հեղափոխության պաշտպանությամբ, վրացիներն ու թաթարները՝ ո՛չ։ Դուրս էին եկել համապատասխան նշանաբաններով, պաշտպանում էին ցարական կառավարությանը և այլն։ Նույնը եղավ 1988-89 թվականներին, երբ որ մեր մոտ գործադուլներ եղան։ Նույնը ադրբեջանցիները․ կիրակի օրը դուրս էին եկել աշխատանքի։ Այդ ժամանակ «Վրեմիա» ծրագիր կար, կենտրոնական ծրագիր էր, եթե հիշում եք, 3-4 հեռուստաալիք կար ընդամենը։ Երբ որ հարց էին տալիս․ «Դու ինչու՞ ես կիրակի օրը աշխատում», «Ես աշխատում եմ իմ հայ եղբայրների փոխարեն, գիտեմ, որ նրանք մեր տերությանը մեծ վնաս են տալիս, բայց ես չեմ ուզում»։

-Որտե՞ղ սկսվեցին առաջին ընդհանրումները։

-Բաքվում։

-Ինչու՞ էր թիրախում հենց Բաքուն։

-Հայ-թաթարական ընդհարումներում կար քաղաքական և տնտնեսական ենթատեքստ։ Նոր զարգացող թաթար բուրժուազիան չէր կարողանում հայերի հետ մրցակցել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ հայ եմ, պարզապես մերոնք ավելի արագ սկսեցին, մերոնք ավելի արագ դարձան քաղաքացի, քան՝ նրանք։ Օրինակ՝ 1910 թվականին Բաքվում ընդամենը 4 թաթար ուսուցիչ կար, ես մերոնց մասին չեմ խոսում․ «Հայ մարդասիրական» ընկերությունը, նրա գրադարանը և այլն, ահռելի մեծ գործողություն էին կատարում, Մանթաշովի մասին չեմ խոսում, Ղուկասյան եղբայրներ, Նոբելն էր նրանց հետ մրցակցում։ Մերոնք նրանց համար շատ ուժեղ մրցակիցներ էին, մերոնք գրագետ էին, արագ էին ըմբռնում։ Եվ դա էր պատճառը, որ առաջին հերթին հարձակվեցին նավթահանքերի վրա, շուկաների վրա, որտեղ արհեստանոցների մասը հայերինն էր, սկսեցին ոչնչացնել․ սա որպես տնտեսական ցուցիչ։ Իսկ քաղաքականը ռուսական կառավարությունն էր, որը ցանկանում էր հայերի ազատագրական ձգտումները թուլացնել, մեղմացնել կամ էլ՝ վերացնել։ Չմոռանանք հետևյալը, թե քանի հայկական կուսակցություն էր գործում․ Հնչակյանը կար, Դաշնակցությունը կար, ոչ մեկը չուներ այդքան կուսակցություն։ Օրինակ, երբ ստեղծվեցին Էսեռները 1903-04 թվականներին, մերոնք արդեն կային ու ունեին իրենց թերթերը, գաղափարները․ բանվորները ստեղծում էին հատուկ խմբեր, երեկոյան նրանց համար ընթերցում էին, օրինակ՝ Րաֆֆու «Սամվելը» կամ էլ՝ «Խենթը»։ Թաթարների մոտ ընթերցելու բան չկար, մոլլան կամ էլ իր բեկը կամ խանը ինչ որ ասում էր, նրանք դա էլ կատարում էին։ Մենք դուրս էինք դրանից։ Դրա համար էլ, երբ Պետերբուրգում հունվարի 6-ին սկսվեցին իրադարձությունները՝ Արյունոտ կիրակի և այլն, մի ամիս հետո էլ այստեղ սկսվեց։ Անունը դնում են, թե հայերն ինչ-որ ադրբեջանցի, թաթար են սպանել։ Ու՞ր հարձակվեցին։ Առաջին հերթին՝ շուկայի վրա, երկրորդ հերթին՝ հայկական թաղամասի վրա։ Հարձակման երրորդ օրն իր 3 ընկերների հետ նրանց դիմագրավեց Նիկոլ Դումանը։

Մեր զենքերը պահվում էին մահմեդական թաղմասում։ Ռուսական մոսի հրացաններն էին։Երեք հոգով մոտ 500-600 մարդու դուրս մղեցին։ Ասում են՝ ֆանտաստիկա է, բայց՝ չէ։ Կովկասյան թաթարները գալիս էին կացիններով զինված, մահակներով զինված ու գալիս էին իրար գլխի կուտակված։ Ոնց էլ կրակես, էլի մեկին կկպնի։ Դրա համար հայերին ասում էին «շեյթան», այսինքն՝ սատանա՝ «էս ինչպե՞ս կարողացավ այդքան հեռվից կրակել»։

-Պարո՛ն Սահակյան, բախումներն սկսվեց Բաքվում, այնուհետև՝ Ելիզավետպոլի ամբողջ նահանգում՝ Շուշիում, Ղարաբաղում։ Ինչու՞ հայերի դիմագրավումն ավելի շուտ չեղավ․ խոսքն այդ նախապատրաստական աշխատանքների մասին է չէ՞ որ Բաքվում արդեն սկսվել էին ջարդերը։ Երբ կարդում ենք ողբերգական դրվագները՝ հատկապես Շուշիի, տեսնում ենք, որ այն արյան ծով էր դարձել․․․

-Շուշին այդքան էլ չդարձավ․ այնտեղ Խանասորի Վարդանն էր, որը կարողացավ կազմակերպել։ Նա շատ դժգոհ էր Շուշիի քաղաքացիներից, որոնք չկռվեցին այնպես, ինչպես որ պետք էր։ Լավ կռվեցին գյուղացիները․ նա գյուղից էր բերում։ Շուշիում երկու անգամ ընդհարում տեղի ունեցավ, երկու անգամ էլ թաթարները չկարողացան առավելության հասնել․ էլի հայի միտքը աշխատեց։ Ոչ թե նրա համար, որ ես գովերգում եմ մեր ժողովրդրին, որովհետև կիրթ էին, ասենք՝ Ռոստոմը եկավ, Ստեփան Զորյանը՝ Դաշնակցության հիմնադիրներից մեկը, և հրթիռները պատրաստեց։ Սովորական հրթիռներ, որոնք այդ ամբոխի վրա շատ մեծ ազդեցություն էին թողնում։ Շատ դեպքերում մենք օգտագործել ենք մեր հնարամտության գիտելիքները, որը նրանք չունեին, իսկ նրանք օգտագործում էին տեղական ռուսական իշխանության աջակցությունը և Պարսկաստանի շիաների օգնությունը։ Այդ կռիվներում, խնդրում եմ հիշեք, որ ամենամեծ աջակցությունը ցույց են տվել ոչ թե Թուրքիայի սուննիները, այլ՝ շիաները, որոնց ռուս սահմանապահները թույլատրում էին, որ Պարսկաստանից անցնեն հատկապես Նախիջևան։ Մենք ինչու՞ Նախիջևանը կորցրինք։ Ամենաահավոր, ամենսարսափելի կոտորածները Նախիջևանում են եղել։ Թուրքիայից շատ քիչ են եկել, որովհետև շիա-սուննի ահավոր հակասություն էր։ Երբեմն ավելի շատ ատում էին իրար, քան՝ քրիստոնյաներին։ Մեր ֆիդայիները եկան, կազմակերպեցին ջոկատներ, նրանք հմուտ էին հայդուկային կռիվներում և կարողացան ինչ-որ չափով ետ մղել այդ գործողությունները․ սա էր ամենակարևորը։ Հիմա տեսեք՝ ոչ մեկի մտքով չէր անցում, որ Թիֆլիսում, որ հարյուր հազար բնակչություն ուներ, մեծ մասը հայեր էին՝ քաղաքապետը հայ էր։ Ո՞վ կմտածեր այդ մասին, ո՞վ թույլ տվեց, որ ջոկատաները մտնեն Թիֆլիս։ Թույլ տվեց ռուսական իշխանությունը։ Ու՞մ էր պատժում ռուսական իշխանությունը։ Պատժում էր հիմնականում հայերին։ Բայց այսպիսի հետաքրքիր բան ասեմ․ զորքի կեսը մեր կողմն էր, մյուս կեսը թաթարների կողմն էր։

-Այսինքն՝ այդպիսի հրահա՞նգ էր տրված։

-Չէ, Փիլիպոս 2-րդը ի՞նչ է ասում․ «ոսկով բեռնված բանակի առջև կբացեն ցանկացած քաղաքի դարպասները»։ Արդեն հասկացաք, ով որ գումարը տալիս էր, անցնում էին նրա կողմը։ Նույնիսկ դեպքեր էին լինում, որ զորքը կանգնում էր երկու կռվողների միջև, եթե տեսնում էին, որ թաթարներն են հաղթում, զենքը ուղղում են նրանց վրա, եթե հայերը, կրակում էին հայերի վրա։ Այսինքն՝ ռուսական իշխանության հիմնական գործելաոճը՝ «Բաժանի՛ր և տիրի՛ր»։ Ռուս-ճապոնական պատերազմում ռուսական զորքը խայտառակ պարտություն էր կրում․ ճապոնացիները ջարդեցին և՛ նավատորմը, և՛ ցամաքային զորքը։ Երևանում կռիվներ տեղի ունեցան, որ հնարավոր չէր պատկերացնել, անսպասելի տեղի ունեցան։ Կամ մի թաթար էին խփում, չգիտես ով, կամ մի հայ էին սպանում, ու սկսվում էր այդ կռիվը, ու այդպես անընդհատ։ Այն դեպքում, որ իշխանությունները դա կարող էին կասեցնել, բայց կասեցրին այն ժամանակ, երբ արդեն պետք չէր։ Երբ Կովկասում հաստատվեց փոխարքայություն, Վորոնցով-Դաշկովը եկավ, որը ռուսամետ, ռուսական պետականության գործիչ էր, նա հասկացավ, որ Թուրքիայի հետ պատերազմ է լինելու, հիմնական հենարանը հայերն էին։

-Պարո՛ն Սահակյան, ամենամեծ կոտորածները ո՞ր շրջանում էին։

-Նախիջևա՛ն․ սարսափելի էր։ Պարսկաստանից ջոկատներ մտան մեծ քանակությամբ, լավ էլ զինված, իսկ այնտեղ, ես միշտ ասում եմ այդ բառը, հայ և մուսուլման գյուղերը տարածվում էին շերտընդմեջ, մեկը հայկական էր, մյուսը՝ մահմեդական։

-Պարո՛ն Սահակյան, ի վերջո Ռուսաստանի վարած քաղաքականությունն ինչի՞ հանգեցրեց։

-Մենք ավելի շատ տնտեսական վնաս կրեցինք․ մինչև հիմա թվերը չենք կարողանում հստակ ասել՝ ով ինչքան է կորցրել, որովհետև հայերը ունեին արհեստանոցներ, խանութներ, նավթահորեր, գործարաններ, դաշտեր։ Հիմնական նպատակը՝ տնտեսապես թուլացնել հայությանը և քաղաքականապես խեղդել։

-Մուսավաթական կուսակցության ղեկավարը սերտ կապ ուներ նաև Օսմանյան կայսրության հետ, այդ կապը նրանք այդ ընդհարումների ժամանակ օգտագործեցի՞ն։

-Իհարկե, բայց շատ քիչ։ Գաղափարախոսությունը նոր էր, շիաներն ու սուննիները միմյանց ատում էին, և քիչ թվով սուննիներ են մասնակցել այդ ընդհարումներին։ Նորից եմ Ձեզ ասում՝ Ռուսական կայսրության կողմից կազմակերպված խորը նպատակներ ունեցող գործողություն էր՝ տնտեսապես և քաղաքականապես թուլացնել, հարված հասցնել հայերին, ովքեր ձգտում էին Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Ռուսական կայսրությունը ձգտում էր Արևմտյան Հայաստանի գրավմանը․ ոչ մի ինքնավարության նա նպատակ չուներ տալու։ Ռուսական փաստաթղթերն են այդ ամենը վկայում։

-Եվ բախումներից հետո տեղանքներում ի՞նչ պատկեր էր ձևավորվել։

-Համեմատական։ Կռիվները գնացին մինչև 1907 թվականը․ իրար հանդուրժում էին, քանի որ կար Ռուսական կայսրությունը։ 1918-20 թվականներին ջարդերը կրկնվեցին, եթե մոռացած լինեին թաթարները, այդ ուժգնությամբ չէին հարձակվի։ Սակայն, հայ սպաները չէին մասնակցում այդ կռիվներին։ Սարդարապատում, Բաշ Ապարանում հաղթեցինք, որովհետև հայ սպաներ էին մասնակցում, ղեկավարներն սպաներ էին, գեներալներ, գնդապետներ և այլն։

-Իսկ հասարակ քաղաքացինե՞րը։

-Միանշանակ, հայ գյուղացին ամուր էր, պինդ էր, բայց այստեղ էլ կար խնդիր․ բերքահավաքի ժամանակ գյուղացին չէր կարող կռվել։ Դրա համար Նիկոլ Դումանը գրեց հայ ժողովրդի ինքնապաշտպանության նախագիծ՝ ինչպես վարել քաղաքային կռիվները, ինչպես պաշտպանել գյուղական բնակչության (երբ որ նա սկսում է հունձ անել, հող մշակել)։ Մանրամասն գրեց, և գիտե՞ք ովքեր իրականացրին՝ չեչենները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում