2025

Շաքիի հայկական պատմական բնակավայրերը․ Ալյար

Ալյար գյուղը Շաքիի շրջանի հայաբնակ նախկին գյուղերից մեկն է եղել: Գտնվում է Շաքի քաղաքից 30 կմ հարավ: Այս գյուղի հայերը գաղթել էին նույն գավառի հինավուրց Պասնճաղ գյուղից:

Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ուներ 50 տուն` 299 բնակիչներով: 1914 թվականի դրությամբ Ալյարն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 291 բնակիչ:

Ալյարի բնակչության մեծ մասը կոտորվել է 1918 թվականի ամռանը` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից: Գյուղը 1918 թվականից հետո հայաթափվել է:

Ալյար գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը վավերագրերում հիշատակվում է 1851 թվականից: Այն 1885 թվականին վերանորոգվել է. այդ տարեթիվը փորագրված է եղել եկեղեցու պատին՝ «1885-ին»:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված է եղել գյուղի հայկական գերեզմանոցը` 19-20-րդ դարերի արձանագիր տապանաքարերով:

Գյուղն այժմ կոչվում է Ալիյար և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում