2025
2021 թվականի մարտին Երևանում ստեղծվեց «Դիզակ Արտ» կենտրոնը, որը շատ կարճ ժամանակահատվածում իր շուրջը համախմբեց Հադրութի և Արցախի տարբեր շրջանների երիտասարդներին։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը զրուցել է կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանի հետ։ Ըստ նրա՝ «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի նպատակն է պահպանել Արցախի մշակույթը, Հադրութի բարբառը և հանրայնացնել Արցախի հայկական լինելը։
-Երազի՛կ, ինչպե՞ս առաջացավ ՀՀ-ում մշակութային կենտրոն հիմնադրելու գաղափարը և ինչու՞ հենց Դիզակ, ինչի՞ հետ է կապված անունը։
-«Դիզակ Արտ» մշակութային կենտրոնն ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Նախապես անվանվել է «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոն, որից հետո «Դիզակ արտ» մշակութային հասարակական կազմակերպություն ենք հիմնադրել։ Դիզակը Հադրութի պատմական անունն է, և «Արտ»-ը՝ որպես արվեստ․ դրա համար մենք անվանել ենք «Դիզակ Արտ»։ Մեր նպատակն է Հադրութից մնացած ամեն մի մասունք պահպանել և, իհարկե, հանրահռչակել, որ Հադրութը հայկական է, իսկ 2023 թվականից հետո մենք ամեն կերպ փորձում ենք տարբեր ծրագրերի միջոցով, փաստագրական տեղեկություններով հենց Արցախի հայկական լինելը փաստող նյութերով կիսվել մեր էջում, ինչպես նաև տարբեր հարթակներով հանրայնացնել այդ թեման։
-Մշակութային կենտրոնը ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ խմբակներ ունի, ի՞նչ ճյուղեր ունի, նշեցիք, որ փորձում եք հանրայնացնել․ ի՞նչ կերպ, ի՞նչ ճանապարհներով, գործունեության մասին կպատմե՞ք։
-Երբ ստեղծվեց մշակութային կենտրոնը, մեր նպատակն էր, որպեսզի պահպանենք մշակութային համայնքը, և մենք 2021 թվականի սեպտեմբերից սկսեցինք մշակութային կրթություն տալ տեղահանված արցախցի երեխաներին, և մեր կենտրոնում 2021 թվականին սովորում էին Հադրութի, Շուշիի շրջաններից 70-ից ավելի աշակերտներ, սակայն 2023 թվականի պատերազմից հետո երեխաների թիվն աճեց և 2023 թվականին մասնաճյուղ բացեցինք նաև Աբովյան քաղաքում։ Մենք մշակութային կրթություն ենք տալիս տեղահանված արցախցիներին՝ անվճար հիմունքներով։ Նրանք պրոֆեսիոնալ մակարդակի ուսումնասիրում են ազգային երգ, ազգային պար, նկարչություն, թատրոն, կիրառական արվեստ, և այդ բոլոր դասընթացները, ինչպես արվեստի դպրոցներում են ծրագրով անցնում, այնպես էլ մեզ մոտ է։ Այս տարիների ընթացքում և ունենք նաև երեխաներ, որոնք ուսումնական հաստատություններ են ընդունվել անվճար, նրանց միավորներն այդքան է բավարարել, որ նրանք կարողացել են ուսումն անվճար շարունակել։
-Նկատի ունե՞ք հետագայում ուսումը շարունակել են արվեստի բնագավառում։
-Այո՛, երգի, նկարչության ճյուղերը շարունակելով՝ երեխաներն ընդունվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ։
-Շա՛տ լավ, իսկ այսօր քանի՞ երեխա է հաճախում Արվեստի կենտրոն։
-Այսօր Երևանի և Աբովյանի կենտրոններում սովորում են 150-ից ավելի աշակերտներ, և բոլորն էլ ստանում են պրոֆեսիոնալ կրթություն։
-Միայն Արցախից տեղահանված երեխանե՞րն են հաճախում Ձեր կենտրոն, թե՞ Հայաստանում բնակվող այլ երեխաները ևս հնարավորություն ունեն հաճախել «Դիզակ Արտ»։
-Մեր կենտրոնի նպատակն այն է, որ տեղահանված արցախցիների սոցիալական բեռը թեթևացնենք և անվճար կրթություն տանք տեղահանված երեխաներին։ Հիմնականում բոլոր երեխաները Արցախից են։ Ունենք մեկ-երկու դեպք, որ երեխաները հենց հարևանությամբ են ապրում և ցանկություն են ունեցել, որ սովորեն հենց մեր կենտրոնում, և ունենք ավարտող երեխաներ այդ ցանկում, որ հիմա Ռոմանոս են ընդունվել։
-Հյուրախաղերի, մրցույթների մասնակցու՞մ եք, թե՞ միայն սահմանափակվում եք դպրոցի ներսում դասավանդման պրոցեսներով։
-Չէ, մենք տարբեր ծրագրեր ենք իրականացրել, միջոցառումներ․ «Իրիքնակ» և արցախյան խորագրով համերգներ։ Վերջերս Արցախի օրեր փառատոնային միջոցառում ունեցանք, թատերական ներկայացումներ, որոնք հենց Արցախի բարբառով էին։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ պահպանենք Արցախի բարբառը։ 4 ներկայացումներ ենք խաղացել Երևանում, Գյումրիում, Աբովյանում, Մասիսում, Կողբում և այսպես փորձում ենք հյուրախաղերի միջոցով ապահովել նաև տվյալ խմբակների ֆինանսական մասը, իսկ մեր նպատակը ոչ միայն երեխաներին սովորեցնել, այլ Արցախի բարբառով ներկայացումների միջոցով նաև անընդհատ լսելի դարձնենք Հադրութի բարբառը, Արցախի բարբառը։ Մենք ամենից շատ հիմնված ենք Հադրութի բարբառի վրա, որովհետև երեք համահիմնադիրներս էլ Հադրութից ենք տեղահանված, և փորձում ենք հենց Հադրութի բարբառն ապրեցնենք, որն Արցախի բարբառի ենթաճյուղ է, փորձում ենք այս բարբառը պահպանել։
-Իսկ ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում, արձագանքներն ինչպիսի՞ն են։
-4 ներկայացումներն էլ տարբեր ժանրերի էին․ կար և՛ կատակ, և՛ դրամա, և՛ փաստավավերագրական, և այդ բոլորը հենց հանրության կողմից պահանջված էր, ես շուռ եմ տալիս ներկայացումները, որտեղ երեխաները պատմում էին, թե ինչպես էին վերջին օրը հրաժեշտ տվել իրենց տներին, խաղալիքներին, այն ամենին, ինչն իրենց համար շատ թանկ էր։ Վերջերս խաղացել ենք ներկայացում, որը հենց արցախյան սիրո հեքիաթ էր` կատակով, այդ բոլորը հանրության կողմից ընդունվում է շատ լավ, և պատկերացրեք՝ պահանջարկ կա, որ մենք նորից խաղանք տարբեր թատրոններում։
-Իսկ ովքե՞ր են դասավանդում Ձեր կենտրոնում, ուսուցիչներն Արցախի՞ց են։
-Ինչպես նշեցի, մեր նպատակը նաև սոցիալական բեռը թեթևացնելն է․ մեր բոլոր դասավանդողները նույնպես Արցախից են՝ տարբեր շրջաններից՝ Հադրութից, Շահումյանից, Շուշիից և Ստեփանակերտից, և այդպես մենք նաև այդ համայնքն ենք պահում, որ արվեստագետներն իրար հետ կարողանան շփվել, և այդ կոլեկտիվը ձևավորվել է հենց արցախցիների կողմից ու արցախցիներով ։
-Մինչև Երևան գալը՝ Դուք Արցախում ի՞նչ գործունեություն էիք ծավալում։
-Մինչև 44-օրյա պատերազմը՝ ես աշխատում էի Հադրութի վարչակազմի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, իսկ Հադրութում մշակութային կյանքը շատ աշխույժ էր, որովհետև Հադրութում հենց կազմակերպում էին միջազգային սիմպոզիումներ, տարբեր փառատոններ, և շեշտը միշտ էլ Հադրութում դրված էր ազգայինի ու ավանդականի վրա։ Չարաբաստիկ պատերազմից հետո «Դիզակ Արտ»-ի ստեղծման գաղափարի հիմքը հանդիսացան «Դիզակի գույներ»-ի միջազգային սիմպոզիումից փրկված 21 կտավները, և քանի որ այդ կտավները երջանիկ պատահականությամբ գտնվում էին Մոսկվայում՝ ցուցահանդեսի, փրկվեցին, իսկ 170-ից ավելի կտավներ մնացին Հադրութում։ Հենց փրկված կտավների շնորհիվ ստեղծվեց այդ գաղափարը, ու համախմբվեց այս թիմը։
-Հիմա այդ կտավները Երևանու՞մ են։
-Այո՛, կտավները Երևանում են և ցուցադրված են մեր կենտրոնում։ «Դիզակ Արտը» ստեղծվել է Երևանում, բայց մեր կենտրոնն անընդհատ փորձում էր Արցախում մշակութային կյանքն աշխուժացնել, ինչով կարող էր։ Եվ 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021-2022 թվականներին, մենք տարբեր միջոցառումներ էինք անցկացնում հենց Արցախում՝ «Դիզակի գույները» միջազգային 4-րդ սիմպոզիումը Արցախում, ազգային ավանդական խաղեր։ Ճիշտ է, բնակարանային ֆոնդն այդքան մեծ չէր, որ մենք՝ բոլոր տեղահանվածներս, կարողանայինք տեղափոխվել Արցախ։ Շատ սուղ էր այնտեղ, ովքեր մնացինք այստեղ, մենք ամեն կերպ փորձում էինք մեր ներդրումն ունենալ Արցախի մշակութային կյանքում։
-Իսկ, այնուամենայնիվ, պատերազմից հետո, նկարներից բացի, որոնք մնացել էին Մոսկվայում և փրկվեցին, այլ նմուշներ Հադրութից կա՞ն պահպանված։
-Մեր համահիմնադիրներից Լիաննա Պետրոսյանը, որը թերթի խմբագիր էր, Գայանե Բուդաղյանը և ես՝ երեք համահիմնադիրներով, ամեն մեկս ունեինք ինչ-որ փրկված մասունք մեր հետ։ Լիաննան ուներ թերթի ամբողջ արխիվը՝ իր խմբագիր եղած ժամանակահատվածի, Գայանեն ունի իր մոտ բավականին նյութեր։ Այս պահին կենտրոնում ունենք փոքրիկ խաչքար, որը բերել ենք Արցախի Հադրութի Խծաբերդ գյուղից։ Մենք ունենք տվյալներ, շատ մասունքներ ունենք մեզ մոտ ու փորձում ենք այդ մասունքները պահպանել, և «Դիզակ Արտը» ոչ թե միայն մշակութային կրթության վայր է, այլ նաև փոքրիկ թանգարան է մեզ համար։ Կենտրոնի դռներից ներս մենք մեզ զգում ենք Հադրութում։ Իսկապես, այս 4 տարիների ընթացքում կենտրոնը դարձել է հոգեբանական մեծ սթրեսից դուրս գալու տեղ, և մենք մեր կենտրոնի պատերի ներսում Հադրութի շունչ ենք զգում։
-Իսկ համագործակցության առաջարկներ ունե՞ք․ Հայաստանի արվեստի կենտրոններից առաջարկ կա՞ միասին ինչ-որ բան անելու, ավելի ընդլայնված ներկայանալու համար։
-Մենք շատ ենք համագործակցում տարբեր կենտրոնների, երաժշտական և արվեստի դպրոցների հետ․ մանավանդ Էջմիածինը՝ քույր քաղաք էր Հադրութի հետ, և Էջմիածնի երաժշտական դպրոցի հետ ենք համագործակցում, համայնքապետարանի, ինչու չէ, այստեղ ԿԳՄՍ նախարարության կողմից միշտ մասնակցում ենք դրամաշնորհների և ունենում ենք դրամաշնորհներ, և ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների արդյունքում էլ ստեղծվում են նոր գաղափարներ, նոր բեմադրություններ, համագործակցություն կա ՀՀ տարբեր կենտրոնների հետ։
-Իսկ դրսից՝ արտասահմանից, առաջարկներ կա՞ն։
-2021 թվականից «Դիզակ Արտ»-ի նկարչական խմբի երեխաներն ամեն տարի մասնակցում են Վլադիմիր քաղաքում կազմակերպվող Նկարչական միջազգային մանկապատանեական մրցույթին։ 7 օր կազմակերպությունն անվճար հիմունքներով ընդունում է երեխաներին․ մեր հայտադիմումներն անվճար են։ Նրանք հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախի երեխաները մասնակցեն այդ մրցույթին, ու նշեմ, որ մենք 2023 թվականին ունեցանք նաև առաջին մրցանակային տեղը, և մեր կենտրոնի սան Սերգեյ Արզումանյանը 600-ից ավելի մասնակից ունեցող այդ մրցույթում գրավել է մրցանակային առաջին տեղը։
-Դուք նշեցիք, որ նաև «Դիզակ Արտ» անունով հասարակական կազմակերպություն է բացվել, ինչո՞վ են իրար օգնում կամ փոխլրացնում հասարակական կազմակերպությունն ու մշակութային կենտրոնը։
-Դրանք նույնն են․ համանուն կազմակերպություններ են, «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը կարողանում է հենց դրամաշնորհների մասնակցել, և հասարակական կազմակերպությամբ ավելի հեշտ ես կարողանում ֆինանս հայթայթել։
-Արդյո՞ք բոլոր արցախցիներն են տեղյակ, որ կա նման կենտրոն, որտեղ իրենց բալիկները կարող են անվճար սովորել։
-Իրականում դա մի քիչ դժվար է․ Աբովյանում հեշտ է ստացվում, իսկ Երևանում մի քիչ դժվար է, որովհետև նախ տեղեկանում են ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով, կամ ծանոթների միջոցով, հատուկ հայտարարություններ չի դրվում, իսկ հենց տեղանքի հետ կապված՝ ինչքանով է հարմար․ մենք գտնվում ենք Կենտրոնում, բայց մենք շատ կուզենայինք ունենալ այն ֆինանսական հնարավորությունը, որ ամեն մի շրջկենտրոնում ունենանք կենտրոն։ Դժվարությունը հենց դրա մեջ է կայանում, որովհետև մարդիկ դեռ դժվարանում են կազմակերպել երեխաների տեղափոխումը «Դիզակ Արտ»:
-Նպատակ կա՞ ապագայում ավելի ընդլայնվելու, այսինքն՝ հեռավոր մարզերում բացել «Դիզակ Արտ»-ի կենտրոններ։
-Իրականում մենք 2023 թվականին նոր մասնաճյուղ բացեցինք Մասիս քաղաքում, բայց ֆինանսական սուղ պրոբլեմներից ելնելով՝ չկարողացանք Մասիսում մեր կենտրոնը պահպանել։ Իհարկե, մեծ ցանկություն կա այն բնակավայրերում, որտեղ շատ արցախցիներ կան հաստատված, ունենալ նման կենտրոն, սակայն այդ ամենը կախված է, թե ինչպիսի հովանավորներ կունենանք հետագայում։ Մենք հույս ունենք, որ կունենանք հովանավորներ, և կենտրոնը կընդլայնվի և ՀՀ բոլոր մարզերի արցախցիներին կհամախմբի, և համայնքային կենտրոն կունենանք ։
-Իսկ ամենաշատ արցախցիները ո՞ր մարզում են հաստատվել, ունե՞ք նման վիճակագրություն, տվյալներ։
-Հստակ չեմ կարող ասել, բայց իմ տեղեկություններով Կոտայքի և Արարատի մարզերում ամենաշատ արցախցիներն են բնակվում։ «Արցախի օրեր» միջոցառումների շարքը մենք Կոտայքի և Արարատի մարզերում անցկացրինք, որովհետև արցախցիների մեծ մասն այնտեղ է տեղակայված։