2024
Ստելլա Վարդանյան
Բանալի բառեր. պատմագիտական, զեղծարարություն, ինքնության որոնում, կեղծ հայեցակարգեր, պետական հովանավորչություն, աղվաններ, Աղվանք, Արևմտյան Ադրբեջան:
Ներածություն
Խորհրդային Միության տարիներին և առավել մեծ թափով` ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանական իշխանությունները միջոցներ չեն խնայել հակագիտական մեթոդներով, պատմական փաստերի աղավաղումով սեփական երկրի պատմությունը վերաշարադրելու համար՝ շինծու հայեցակարգերի առաջքաշմամբ հարևան երկրների և բնիկ ժողովուրդների պատմությունը խեղաթյուրելու ճանապարհով արդի գիտական աշխարհին «հնագույն ադրբեջանցի էթնոսի» և ադրբեջանական պետությունների մասին մերձգիտական հրապարակումներ հրամցնելով[1]:
Գիտական աշխարհին վաղուց է հայտնի, որ «ադրբեջանական» պատմության վերաբերյալ պատմագիտական զեղծարարությունները հովանավորվում են պետական մակարդակով՝ աշխարհով մեկ տարածելով իրենց իսկ պատվերով ստեղծած կեղծիքները՝ տարալեզու հրապարակումներով, ակտիվ գիտաքաղաքական քարոզչությամբ, արտասահմանում Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աջակցությամբ անցկացվող գիտական միջոցառումների միջոցով[2]: Ու չնայած այս ամենի արդեն իսկ հայտնի լինելուն՝ այնուամենայնիվ, նմանօրինակ հարցերը քննաբար` գիտական մակարդակով ցուցադրելու, ապացուցելու խիստ անհրաժեշտություն է առաջացել ներկայում, ինչն էլ պայմանավորում է հոդվածի արդիականությունը: Տեղաբնիկ և մասնավորապես հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման վտանգի դեմ պայքարելը, ժամանակակից գիտական հանրությանը նմանօրինակ վտանգավոր և ամոթալի գիտական գործունեության մասին իրազեկելը հույժ կարևոր են:
Հետազոտության նպատակն է բացահայտել ու քննել` ինչ աղբյուրներ, պատմական ինչ անցքեր են կեղծվել և շրջանառվել, ինչպիսի քաղաքականություն են որդեգրել ադրբեջանցի պատմաբանները, ինչպես են խեղաթյուրել պատմական փաստերը և ներկայացրել թյուր տեսակետներ՝ կորցնելով կապը պատմական իրադարձությունների միջև:
Որոշ նկատառումներ «Ադրբեջան» անվան, ադրբեջանցիների ինքնանվան, վերջիններիս ինքնության փնտրտուքի վերաբերյալ
Մինչ 1918 թ. Հարավային Կովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանմամբ քաղաքական և վարչական որևէ միավոր: Նորաստեղծ այդ հանրապետությունը իր անվանումը փոխառել է Արաքս գետից հարավ գտնվող համանուն իրանական Ազարբայջան նահանգից: «Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936 թվականից միայն, «Ստալինյան Սահմանադրության» (ԽՍՀՄ 1936 թ․ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր խորհրդային հանրապետություններ, արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչությունը, անկախ ազգային պատկանելիությունից (իսլամացած հայեր[3] , թաթեր, թալիշներ, ուդիներ, լեզգիներ, քրդեր և այլ ցեղեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ` ադրբեջանցիներին ընդունված էր անվանել «թաթարներ»[4], «Ադրբեջանի թաթարներ» և «կովկասյան թաթարներ»[5]:
Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է «Ատրպատական» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրոպատես կառավարչի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ Մաննա, ապա` Մարաստան, Իրան, երկրների մի հատվածին, ապա` մասը կազմել կամ ենթարկվել է Մարաստանի, Աքեմենյան, Պարթև Արշակունյաց, Սասանյան Իրանին. եղել է նաև անկախ կամ կիսանկախ պետություն (մ.թ.ա. IV-մ․թ․ III դդ․ ընթացքում): Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր Ադրբեջանի կողմից շրջանառվում է Այսրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան:
Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատումը։ Այժմյան ադրբեջանցի անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները (տարածքային իմաստով) և տարբեր ցեղերն ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ և այլն[6]: Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանանքն էր (շիա իսլամ), ուստի և որպես ինքնանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։
1926 թ. դեկտեմբերի ԽՍՀՄ համամիութենական մարդահամարում գործածվել է թյուրքեր անվանումը[7]: 1939 թ. մարդահամարի ցուցակներում առաջին անգամ պաշտոնապես կովկասյան թյուրքեր անվամբ հանրույթին շնորհվեց նոր էթնանուն` ադրբեջանցիներ[8]:
1918 թ. Իրանական Ատրպատականի անունով կոչված «Ադրբեջան» նորաստեղծ պետության պատմության հորինումը ուներ քաղաքական նպատակներ` շինծու ազգային գաղափարախոսություն՝ սկսած «ադրբեջանցի» էթնոնիմից, որը խորհրդային ղեկավարության կողմից շրջանառվեց 1930-ական թվականներից[9]: Այն հեռահար քաղաքական որոշում էր՝ նորաստեղծ հանրապետության և Իրանի Ատրպատական նահանգի միավորման նկատառումներով:
«Ադրբեջան» նորաստեղծ պետության անվան և «ադրբեջանցի» էթնոնիմի մասին 1960 թվականին ադրբեջանցի ազգագրագետ Ա.Կ. Ալեքպերովը գրում էր, որ Ադրբեջանի բնակչության շրջանում այս անունը (նկատի ունի ադրբեջանցի՝ Ս.Վ.) լայնորեն կիրառվում էր միայն 1936 թվականից։ «Նախքան այդ` մեր երկրի ժողովուրդն ինքն իրեն կոչում էր «թուրք», մի անվանում, որը տրվում էր հակահեղափոխական պանթուրքիստ կուսակցության անդամներին»[10]:
Նշենք նաև ակադեմիկոս և Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ Վասիլի Բարտոլդի դասախոսությունը, որը արևելագետը կարդացել է 1924 թ. Բաքվում հիմնադրված Ադրբեջանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում. «...այն տարածքը, որն այժմ անվանվում է Ադրբեջանի Հանրապետություն և որն անցյալում կոչվել է Առան (Աղվանք), Ադրբեջան անվանումն ստացավ, հիմնվելով այն մտայնության վրա, որ հաստատվելուց հետո այս Ադրբեջանն ու իրանական Ադրբեջան նահանգը (Ատրպատականը) կմիանան ու կդառնան մեկ երկիր...»[11]:
Ասվածը էլ ավելի ցայտուն երևում է 1996 թ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և ադրբեջանցի գիտնականների հանդիպման մանրամասների վերհանումից: Հանդիպմանը քննարկվում էր այնպիսի կարևոր հարց, ինչպիսին էր թու՞րք, թե՞ ադրբեջանցի ինքնանվան օրենքով ամրագրումը: Արդյոք հարկ էր ինքնությունը օրենքով ամրագրել թու՞րք, թե՞ ադրբեջանցի: Հանդիպման սղագրությունը ևս փաստում է ադրբեջանցի եզրույթի և Ադրբեջան պետության արհեստածին լինելը, քանի որ հենց Հեյդար Ալիևն էր բարձրացրել այդ հարցը, թե ի վերջո, իրենք թուրք են համարվում, թե՞ ադրբեջանցի: Հանդիպման սղագրության մեջ հիշատակվում է նախկին նախագահ Հեյդար Ալիևի, Զիա Բունիաթովի, Իգրար Ալիևի, Ներիման Հասանզադեի, Հասան Գուլիևի, Հասան Հասանովի, Բախտիար Բախաբզադեի, Ջամիլ Գուլիևի և այլոց քննարկումները[12]:
Ինքնության փնտրտուքը ադրբեջանցիները շարունակում են նույնիսկ 21-րդ դարում: Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Ֆարիդ Ալեքպերլին, Բաքվում ռուսերեն հրատարակվող «Զերկալո» օրաթերթում 2009 թ. օգոստոսի 8-ին հրատարակել է «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ու՞ր ենք գնում» խորագրով հոդված, ուր մասնավորապես գրել է, որ մինչև 1930-ական թվականների ստալինյան ռեֆորմները «Ադրբեջան» պարզապես գոյություն չի ունեցել և որ նման անվանումը այդ տարածքին կցվել է Ստալինի կամքով, մինչդեռ 1918-1920 թթ. Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության և ԽԱ-ի ժողովրդի պաշտոնական անվանումը մինչև 1936 թ. եղել է «թուրք»[13]: «Կորցնելով ազգային ինքնությունը`մենք ընկղմվեցինք վեճերի մեջ այն մասին, թե ով ենք մենք`շումերների, աղվանների, մարերի, թե մեկ այլ ժողովրդի հետնորդները..., «ադրբեջանցի» արհեստական և անդեմ անվան տակ կոծկված են իրական էթնոսներ` հիմնականում թուրքեր, ինչպես նաև քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ և այլն»[14]։ Հեղինակը համարում է, որ ազգային գաղափարախոսությունը չի կարող վերջնական բյուրեղանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենք՝ ադրբեջանցիները, չեն որոշել իրենց ազգային ինքնորոշումը։ Ապա նշում, որ Իրանում իրենց հայրենակիցներից 30-40 միլիոնը դեռ իրենց թուրք են անվանում, ապա եզրակացնում`ազգային գաղափար ձևակերպելու ցանկացած փորձ փակուղի է ընկնում, քանի դեռ պետականաստեղծ ազգին չի վերադարձվել իր իսկական և օրինական ինքնանունը՝ թուրք[15]:
Պատմագիտական կեղծարարության սկզբնավորումը և դրա որոշ դրսևորումները Խորհրդային Ադրբեջանում
Առնվազն 1940-ական թվականների առաջին կեսից սկսած ադրբեջանցի պատմաբանները բոլոր ջանքերը գործադրում էին ներկայացնելու ադրբեջանցիներին`որպես հնագույն տեղաբնիկ ազգ՝ աղավաղելով Ադրբեջանի տարածքում հազարամյակների տեղաբնիկության «պատմական անձնագիր» ունեցող ժողովուրդների անցյալը, ինչպես նաև «ապացուցելու» այն թեզը, որ վաղ միջնադարից սկսած` Արցախի բնակչությունը աղերս չունի հայերի հետ։ Դրա համար առաջ էին քաշվում տարաբնույթ, հաճախ`զավեշտալի և հակագիտական թեզեր: Ժամանակի ընթացքում այդ թեզերը ավելի ու ավելի էին հիշեցնում պետական վարվող հստակ քաղաքականություն, որը մեծ վնաս էր ոչ միայն գիտական, այլև մեր` հայերի պատմության աղավաղման, նաև` հայրենազրկման տեսանկյունից[16]։
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասի պատմության հին շրջանի քաղաքական, տնտեսական և նյութական մշակույթի մասին առաջին շարադրանքը պատկանում է ռուս հետազոտող Վ.Ն. Լևիատովին[17]: Սահմանների հարցում Վ. Լևիատովը միանում է այն ուսումնասիրողներին, որոնց կարծիքով Աղվանքը ընդգրկել է ողջ Դաղստանը` հյուսիսային սահման ունենալով Թերեք գետը[18]:
Աղվանքի պատմության ամենատարբեր բնույթի հարցեր են շոշափվել Զ. Յամպոլսկու «Հին Աղվանքը մ.թ.ա. III-I դդ.» մենագրության մեջ[19] և այլ հոդվածներում: Վերջինս արհեստականորեն և կանխամտածված պատմական Աղվանքի սահմանները համաձայնեցնում է Ադրբեջանի տարածքի հետ, արհեստականորեն ընդարձակում դրանք, հասցնում մինչև Արաքս ու Արաքսից էլ հարավ ընկած շրջանները: Զ. Յամպոլսկուն է պատկանում այն «միտքը», թե Ադրբեջանի այսօրվա ազգաբնակչության նախնիները եղել են Աղվանքի և Ատրպատականի բնակիչները[20], որոնք խոսել են նմանատիպ, նույնիսկ նույն լեզվով[21]։ Զ. Յամպոլսկին է «բացահայտել», թե Մովսես Կաղանկատվացին «աղվան» է կամ «ուտի», և որ «Աղվանից աշխարհի պատմությունը» աղվանական գրականության նմուշ է (իբրև թե սկզբնապես գրված է եղել գարգարերեն, այնուհետև թարգմանվել է գրաբար):
Զ. Յամպոլսկուց հետո Ադրբեջանի` իբրև հնագույն պետության պատմությունն է ցանկանում ապացուցել նաև ադրբեջանցի մեկ այլ պատմաբան Զիա Բունիաթովը, ով 1965 թ. հրատարակեց մի ուսումնասիրություն, որում նշեց, որ բացի Շիրվանից, Շաքիից, Կապաղակից, Արցախից, Ուտիքից և Գարդմանից, Աղվանքի կազմի մեջ է եղել նաև Սյունիքը (իբրև թե 577 թ. Սյունիքը գտնվել է Առանի կազմում և Հայաստանին է միացվել միայն 1921 թվականին)[22]: Առաջ քաշված թեզերում, օրինակ` նրանք` Զ.Յամպոլսկին և Զ. Բունիաթովը, ոչ միայն շեշտում էին ադրբեջանցիների լեզվական կապը Դաղստանի լեռնաբնակների հետ, այլև փորձում էին ապացուցել, որ Աղվանքի քրիստոնյա բնակչությունը խոսում էր թյուրքերեն կամ Սյունիքի լեզվով» կամ, այսպես կոչված, «աղվաններին պատկանող Սյունիքի բարբառը»: Զիա Բունիաթովը դիմել է մի նոր հնարքի՝ նա Արցախի այսպես կոչված հայացման գործընթացը տեսնում է 12-րդ դարից, և երկրորդ՝ հետևելով Ադրբեջանում արդեն հաստատված ավանդույթին, շեշտը դնում էր ոչ թե լեզվի, այլ մշակութային ավանդույթների վրա և հայտարարում, որ Արցախը երբեք չի պատկանել հայկական մշակույթին։ Նրա գործընկերներից ոմանք ավելի հեռուն էին գնում և շեշտում, որ տեղի բնակիչները մինչև 18-19-րդ դդ․ պահպանել են իրենց յուրահատուկ` հայկականից տարբերվող ազգային ինքնագիտակցությունը։ Միաժամանակ Բունիաթովը պնդում էր, որ Տիգրան Մեծի ժամանակներից հայերը երբեք չեն ունեցել ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական անկախություն։ Նրա և այլոց նման հայացքները շատ ակտիվ տարածում գտան 1975 թ. Ադրբեջանի կոմկուսի` Լեռնային Ղարաբաղի մարզկոմի տխրահռչակ պլենումից անմիջապես հետո, երբ քննարկվում էին հայրենասիրական գաղափարներին և ազգայնականությանը դիմակայելու հարցեր։
Արդեն ակնհայտ էր, որ ադրբեջանցի պատմաբանները միտումնավոր ադրբեջանական են համարում այն, ինչը բնիկ հայկական է և կեղծ փաստերով գիտական հանրույթին փորձում ադրբեջանցիներին ներկայացնել որպես հին ազգ: Վերոնշյալների «փայլուն մտքերի» շարունակողն են ադրբեջանցի պատմաբաններ Ք. Ալիևը, Ֆ. Մամեդովան, որոնց բերված հակահայկական ու կեղծ փաստերը զուրկ են գիտական համարվելուց: Հարկ է նշել, որ այս ամենը կրել և ցայսօր էլ պետական հովանավորչության ներքո է իրականացվում։
Ադրբեջանցի «պատմաբանները» Արցախում ապրած և ստեղծագործած միջնադարյան հայ քաղաքական գործիչներին, պատմիչներին և գրողներին միտումնավոր անվանափոխում էին` ներկայացնելով որպես աղվաններ` Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի, Դավթակ Քերթող, Մխիթար Գոշ, Ստեանոս Օրբելյան, Եսայի Հասան-Ջալալյան, Մակար Բարխուդարյան և այլք, իսկ Կիլիկիայում` Սմբատ Սպարապետ, Հեթում Պատմիչ, Ներսես Լամբրոնացի, Վարդան Մեծ Աղվանցի (Վարդան Բարձրբերդցի)[23]։ «Հիմնավորումը» արվում էր հետևյալ կերպ` աղվաներենով գրված հարուստ գրականության ոչնչացման պատճառը եղել են հայերն ու արաբները։ Ընդ որում, հայերը նախապես այդ բոլոր հեղինակներին թարգմանել են գրաբար` գիտակցաբար խեղաթյուրելով աղվանական տեքստերը` հօգուտ իրենց (Զիա Բունիաթովի այս միֆը 1965 թ․-ից հետո դարձավ ադրբեջանական պատմագրության հիմքը)։
Ադրբեջանի պատմության հնեցումը և աղվանական տեսության առաջքաշումը
Մինչև 1950-60-ական թվականները Խորհրդային Ադրբեջանի պատմագրության և պատմագիտության մեջ արդիական էր նորանուն և նորաստեղծ ադրբեջանցի էթնոսի՝ մարերից սերելու հայեցակարգը: 1939 թ. լույս տեսավ «Ադրբեջանի պատմության» առաջին դասագիրքը, որում փորձ արվեց ներկայացնելու Ադրբեջանի բնակչության նախնիների` մարերից սերվելու հայեցակարգը, իսկ ադրբեջանական պետականության ստեղծման պատմությունը հասցվեց մ․թ․ա 1-ին հազարամյակ[24]։
1941 թ., երբ լույս տեսավ պատմության 2-րդ դասագիրքը, մարերից բացի, առաջ քաշվեց ադրբեջանցիների՝ աղվաններից սերելու տեսությունը: Այս հայեցակարգը արդիական էր 1970-ական թվականներին, որի նախաձեռնողը եղավ Զիա Բունիաթովը[25], իսկ շարունակողը` Ֆարիդա Մամեդովան[26]։
Վերջիններիս կողմից Բուն Աղվանքի սահմանները ընդարձակվեցին դեպի պատմական Հայաստանի նահանգներ` Արցախ և Ուտիք, ապա ներառեցին Սյունիքը և Նախիջևանը։ Պատմության այս կեղծարարները ճգնում էին ամեն կերպ ապացուցել, թե Աղվանքի սահմանները իր ամբողջությամբ ընդգրկում են Խորհրդային Ադրբեջանի տարածքը, ինչպես նաև Վրաստանի արևելյան շրջանները։ Սա միտում ուներ ապացուցելու, որ ադրբեջանցիները բնիկներ են, ունեն իրավունք հավակնելու մշակութային այն ժառանգությանը, որը ստեղծվել է սույն տարածքի հնաբնակ ազգերի՝ հայերի, վրացիների կողմից (հայերին համարում էին հայադավան աղվաններ, քրիստոնյա աղվաններ)։
Փորձեր են արվել նաև աղավաղել քրիստոնեության` Բուն Աղվանք ներթափանցելու ժամանակը։ Ադրբեջանցի հեղինակներն «ապացուցում» էին, որ Աղվանքը Անդրկովկասում առաջին քրիստոնյա երկիրն էր։ Իր հետազոտության մեջ, որը նվիրված է վաղ միջնադարյան աղվանական եկեղեցու պատմությանը, Ռ.Բ. Գեյուշևն էլ ամեն ինչ անում էր այն հայկական արմատներից պոկելու համար և ջանք չէր խնայում « ապացուցելու», որ իբրև թե վաղ միջնադարյան Աղվանական եկեղեցին չի գտնվել Հայոց եկեղեցու ենթակայության ներքո: Այնուամենայնիվ Գեյուշևը ընդունում էր վաղ քրիստոնեական հուշարձանների վրա բազմաթիվ գրությունների առկայությունը, սակայն դրանք անվանում էր ոչ թե հայկական, այլ`աղվանական[27]։
Եթե Գեյուշևը նշում էր որ 8-րդ դարից սկսած Աղվանական եկեղեցին ենթարկվել է հայկական եկեղեցու ենթակայությանը, ապա ադրբեջանցի մի քանի այլ հեղինակներ ավելի հեռուն էին գնում և փորձում էին հիմնավորել, որ Աղվանական եկեղեցու հայացումը ոչ մի կերպ չէր կարող տեղի ունենալ 17-րդ դարի կեսերից շուտ: Ավելին, նրանք պնդում էին, որ տեղական միջնադարյան տաճարների վրա հայերեն գրությունները դրանք ոչնչացված աղվանական գրությունների փոխարեն են կամ էլ ճանաչվում են «աղվանական»։
Ավելին` 1956 թվականին Ադրբեջանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից թողարկված «Ադրբեջանի պատմության հուշարձաններ» զբոսաշրջային տեղեկատուում հայկական մշակութային հուշարձանների մասին ոչ մի խոսք չկար: Ադրբեջանում տեղակայված հին քրիստոնեական բազմաթիվ վանքերից հիշատակվել էր միայն մեկը՝ Կիզիլվանքը, որը գտնվում է Նախիջևանում։ Լեռնային Ղարաբաղի միակ հուշարձանը, որը տեղադրված էր տեղեկագրքում, Ջրաբերդ ամրոցն[28] է եղել։
1970-ական թվականներին ադրբեջանցի պատմաբանները անցան հայկական պատմական ժառանգության յուրացմանը։ Խաչենի միջնադարյան իշխանությունը միանգամից դարձավ «աղվանական», իսկ Գանձասարի վանքը[29] հայտարարվեց «Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) մշակույթի և կրոնական հուշարձան»: 2015 թ. Բաքվում Նահիդ Մահմեդովի հեղինակությամբ և Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի նախաբանով հրատարակվեց «Մեր բռնազավթված պատմական-կրոնական հուշարձանները» գիրքը, որում նշված է, որ 19-րդ դարից սկսած Ղարաբաղի և Արևմտյան Ադրբեջանի տարածքներ տեղափոխված հայերը տարբեր ժամանակահատվածներում հարձակվել են ադրբեջանական բնակավայրերի, բնակչության վրա, ավերել ադրբեջանական հուշարձանները: «Այս կերպ հայերը ցանկանում են ոչնչացնել թե´ մեր պատմական անցյալը, թե´ մեր հոգևոր հիշողությունը այն վայրերից, որտեղ մենք ապրել ենք հազարավոր տարիներ»[30] և «ամենավատն այն է, որ պատմական աղվանական տաճարները հայկականացվում են»[31]:
Այսինքն, 20-րդ դարի երկրորդ կեսերից սկսած Ադրբեջանում պետական մակարդակով սկսվեց հայկական հուշարձանների «աղվանացումը»`հեռահար նպատակ ունենալով դրանք հետագայում հայտարարելու ադրբեջանական:
Ժամանակի ընթացքում պատմության կեղծարարները գործածությունից դուրս թողեցին «Կովկասյան Ալբանիա (Աղվանք)» և «ալբանացիներ (աղվաններ)» եզրույթները` դրանց փոխարեն գործածելով ադրբեջանցիներ կամ «նախնիներ»։
Փաստեր Ադրբեջանում պատմական կեղծարարությունը պետական մակարդակով հովանավորելու մասին
Ադրբեջանում պատմագիտական կեղծարարությունը հովանավորվել և շարունակում է հովանավորվել պետական մակարդակով։ Ադրբեջանցի պատմաբան Ֆ. Մամեդովան նշում էր, որ հայերը տարեկան հրատարակում էին 15-19 գիրք, և Հեյդար Ալիևը յուրաքանչյուր գրքի համար գիտական քննադատություն էր պահանջում[32]: 2005 թ. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության 60-ամյա տարելիցին նվիրված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծում է, որ հայերը հյուրեր են Լեռնային Ղարաբաղում, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և որ անցյալ դարի 70-ական թվականներին նշվել է Ղարաբաղում հայերի հաստատման 150-ամյակը, որ հայերը խեղաթյուրել են անցյալի պատմությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառը: «Մենք պետք է այս ճշմարտությունը հասցնեք համաշխարհային հանրությանը, գրված գրքերը պետք է թարգմանենք տարբեր լեզուներով», իսկ «դրա համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, լրացուցիչ միջոցներ կհատկացվեն: Այս աշխատանքը պետք է իրականացնենք ծրագրային տեսքով»[33]:
Այսօր Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից շարունակվում է ֆինանսավորվել այնպիսի գրականության հրապարակումն ու տարածումը, որը ծայրահեղ հակահայկական քարոզչություն է պարունակում: Մեր օրերի ադրբեջանական նման հրատարակություններն արվում են եվրոպական տարբեր լեզուներով և անվճար առաքվում աշխարհի համալսարաններին, գրադարաններին[34]։ Ադրբեջանական պատմությունը այսօր աշխարհին ներկայացնում է «գիտական գրականություն», թե հայերը Կովկասում եկվորներ են, իսկ ադրբեջանցիները` բնիկներ:
2007 թ. Ադրբեջանում լույս տեսած War against Azerbaijan.Targeting Cultural Monuments գրքում խոսվում է այն մասին, իբրև թե հայերը ոչնչացնում են ադրբեջանական հուշարձանները[35]:
2007 թ. Բաքվում հրատարակվում է հերթական հակահայկական գիրքը, որի հեղինակներն են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսները` Վալի Ալիևը, Ջաֆար Ղիյասին, Մաշադիխանում Նեմաթն ու Բուդաղ Բուդաղովը: «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» խորագրով Ազիզ Ալեքբարլիի գիրքը[36] սկսվում է Հեյդար Ալիևի և Իլհամ Ալիևի` բնաբանի դեր կատարող խոսքերով: «Վերջին երկու դարերի ընթացքում էթնիկ զտումների և ջարդերի արդյունքում, որը նպատակաուղղված կերպով կիրառվել է Կովկասի ադրբեջանական համայնքի նկատմամբ, մեր ազգը տանջանքների, ողբերգությունների, զրկանքների ու անախորժությունների մեջ է: Այդ անմարդկային քաղաքականության արդյունքն այն է, որ ադրբեջանցիներին պարբերաբար քշել են մեր հայրենի պատմաէթնիկական հողերից, որտեղ հազարավոր տարիներ ապրել է մեր ազգը։ Այս հողն այժմ կոչվում է Հայաստան, և հազարավոր ադրբեջանական պատմամշակութային հուշարձաններ ու բնակավայրեր ավերվել կամ ավերվում են», - մեջբերված Հեյդար Ալիևի խոսքը (Բաքու, 18 դեկտեմբերի, 1997 թ.)[37]: «Հայ ազգայնական «ջարդերի քաղաքականությունը», որը կանոնավոր կերպով կիրառվել է հարյուրավոր տարիներ, նպատակ է ունեցել և ունի ադրբեջանցիներին հայրենի հողերից քշելու, ֆիզիկապես ոչնչացնելու... Պատմական տարբեր ժամանակաշրջաններում այդ քաղաքականությունը պահպանվել է ռազմական, գաղափարական և մշակութային միջոցներով՝ «մեծ պետությունների» շրջանակի խրախուսմամբ։ Կեղծ գիտական տեղեկատվության տարածումը և պատմության խեղաթյուրումը, ապատեղեկատվությունը հայերն օգտագործել են համաշխարհային կարծիքը հայկական առասպելի վրա կենտրոնացնելու համար» (Իլհամ Ալիև, Բաքու, 29 դեկտեմբերի 2005 թ.)[38]:
«Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գրքում ներկայացված են ՀՀ տարածքում գտնվող և հայկական ճարտարապետությանը պատկանող 38 պատմամշակութային հուշարձաններ, որոնք ներկայացված են թյուրքական- ադրբեջանական: 7-րդ էջում պատկերված է ՀՀ քարտեզը, որի տակ նշված է. «Արևմտյան Ադրբեջանի քարտեզը (այսօրվա Հայաստանի Հանրապետությունը), օղուզ թուրքերի պատմական հայրենիքը...»[39]։ Այնուհետև` Էջմիածնի Մայր տաճարը (4-րդ դար), ներկայացված է որպես Ուչքիլիսա, թյուրքական տաճար, 7-րդ դար[40], Տաթևի վանական համալիրը` աղվանաթյուրքական քրիստոնեական տաճար[41]: Թյուրքական է ներկայացված Էրեբունի ամրոց-քաղաքը, Զվարթնոցի, Գառնիի տաճարները, Խոր Վիրապը, Մաստարայի, Թալինի, Գոշավանքի և այլ եկեղեցիներ ու հնագույն ամրոցներ[42]:
Անգլո-ադրբեջանական երիտասարդական միությունը և Եվրոպայի ադրբեջանական միությունը 2005 և 2006 թվականներին Բաքվում հրատարակել, իսկ 2008 թվականին վերահրատարակել են մի հատոր, որը կոչվում է «Ադրբեջան: 100 հարցերի պատասխաններ»[43]: Գրքում բազմաթիվ կեղծված փաստերից նշենք այն, որ «Այսօր Ադրբեջանում ապրում է 120 700 հայ»[44](նկատի ունեն արցախահայությանը): Նույն գրքում հիշատակված են Մովսես Կաղանկատվացու, Մխիթար Գոշի անունները` որպես ադրբեջանցիներ[45]:
Իսկ 2010 թ. հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ներկայիս Հայաստանը՝ քարտեզի վրա Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքը, հնագույն ադրբեջանական հող է: «Սա է ճշմարտությունը: Իհարկե, Զանգեզուրը, Երևանի խանությունը մեր հողերն են: Մեր երեխաները պետք է իմանան այս ամենը, որ ներկայիս Հայաստանը գտնվում է ադրբեջանական հողերի վրա»[46]:
2012 թ. Իլհամ Ալիևը պարգևատրել է ադրբեջանցի «առաջատար» պատմաբաններին, ինչին ի պատասխան, Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մախմուդովը ասել է, որ հետևելով նախագահի կոչին, հրահանգներին, առաջարկություններին՝ ադրբեջանցի պատմաբանները ներկայումս տեղեկատվական պատերազմ են մղում «հայ զավթիչների» դեմ, և բոլոր պարգևատրվողները նույնպես զինվորներ են, ովքեր բացահայտ պայքարում են «իրենց պատմությունը կեղծողների դեմ»:
Եզրակացություն
1911 թ. Բաքվում հիմնվեց պանիսլամական «Մուսավաթ իսլամական դեմոկրատ» կուսակցությունը: 1917 թ. այդ կուսակցությունը միացավ «Թուրքական ֆեդերալիստ» կուսակցությանը` կոչվելով « Թուրքական ֆեդերալիստ Մուսավաթ» կուսակցություն, որը հայտնի դարձավ որպես «Մուսավաթ»։ Կուսակցության ղեկավարն էր Մուհամմադ Ալի Ռասուլզադեն: Վերջինիս հաջողվեց Արաքսի հյուսիսում գտնվող նորաստեղծ երկրի անունը կոչել «Ադրբեջանի Հանրապետություն» (նախապես որոշված է եղել նորաստեղծ երկիրը կոչել «Արևելյան և Հարավային Անդրկովկասյան Հանրապետություն»): Տեղացի թյուրքախոս մուսուլմանները, որոնք մինչ այդ հայտնի էին որպես թուրքեր կամ թաթարներ, 1918 թվականից հայտնի դարձան նաև ադրբեջանցիներ։
Խորհրդային Միության ստալինյան ղեկավարության կողմից 1930-ական թվականներին «ադրբեջանցի» եզրույթը կրկին շրջանառվեց` նորաստեղծ հանրապետության և Իրանի Ատրպատական երկրամասի միավորման հեռահար նկատառումներով:
1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները լրջորեն լծվեցին իրենց նորաստեղծ երկրի համար պատմական անցյալ և հնագույն մշակույթ ստեղծելու գործին: Գործադրվեց նոր մեթոդաբանություն` կեղծիքներով, ուրիշինը յուրացնելով, հորինել նոր պատմություն` «ադրբեջանցի» կոչվող նորաստեղծ ժողովրդին հնագույն էթնիկ հանրություն ներկայացնելու նպատակով:
Ադրբեջանի տարածքում գտնվող բազմաթիվ քրիստոնեական հուշարձանների համար պետք էր «կերտել նոր պատմություն»` եղածը Ադրբեջանին կապելու։ Առաջ քաշվեց «Ադրբեջանի այսօրվա բնակիչները կովկասյան աղվանական ցեղերից սերվածներն ու ժառանգներն են» թեզը։
Պետական հովանավորությամբ գրված աշխատությունները ծառայում են ծրագրային մի նպատակի`1918 թվականին Հարավային Կովկասում հիմնված նորաստեղծ Ադրբեջանի համար կերտել հին պատմություն, իսկ ադրբեջանցիներին դարձնել բնիկներ, որոնք ունեն մոտ հինգ հազար տարվա պատմություն։
Տարանջատելով Հյուսիսային Ադրբեջան (նկատի ունեն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը), Հարավային Ադրբեջան (նկատի ունեն Իրանի հյուսիս-արևմտյան տարածքները՝ Ատրպատականը) տարածքային հասկացությունները, առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն ՀՀ ներկայիս տարածքը) հասկացությունը` Ադրբեջանի Հանրապետությունը զավթողական քաղաքականություն վարելու նոր հիմքեր է ստեղծում ՀՀ-ի և ԻԻՀ-ի նկատմամբ:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Шнирельман В., Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье, Москва, 2003.
[2] Шнирельман В., Ну зачем же приписывать господствующие в Азербайджане взгляды "мировой науке"? 12 февраля, 2013, 14:32, ИА Регнум.
[3] Ըստ 2009 թ. Ադրբեջանի մարդահամարի արդյունքների` հայեր ապրում են նաև Բաքվում (104 մարդ), Գանձակում (6 մարդ), Նախիջևանում (6 մարդ), Սումգայիթում (8 մարդ) և ադրբեջանական այլ բնակավայրերում. Ադրբեջանում և Արցախում բնակվող հայերի թիվը հասնում է 120 269 : Azərbaycan əhalisinin siyahıyaalınması (2009).
[4] Большой энциклопедический словарь Брокгауза и Ефрона.
[5] Большой энциклопедический словарь Брокгауза и Ефрона.
[6] Հայաստանի հարակից երկրների պատմություն, հեղինակային խումբ Ա. Բոզոյան և այլք, Երևան, 1992, էջ 183-188:
[7] Soviet Union Information Bureau, Area and population.
[8] Դադայան Վ., Խորհրդային Ադրբեջանի էթնիկ խճանկարը և ազգային հարցի լուծման ադրբեջանական մեթոդները, Հայագիտական ուսումնասիրություններ 5\2014, էջ 115-127: Տե՛ս նաև «Կոմունիստ»,1938, N193 /5317/ օգոստոս 21, Որգան, ԱԴր.Կ(Բ)կ. Կենտկոմի «Qommunist» ( ermənlçə) -Azərbajçan.
[9] Алекберли Ф․, Азербайджанские тюрки-история и современность,12.07.2017.
[10] Алекперов А. К., Исследования по археологии и этнографии Азербайджана, Баку: Изд-во АН Азербайджанской ССР, 1960, с. 71-75․
[11] Бартольд В. В., Работы по истории Кавказа и Восточной Европы, Москва, 1963, т. 2, с. 703.
[12] Арутюнов В., Как азербайджанцы искали себя в истории (Антитопор | Как азербайджанцы искали себя в истории (antitopor.com).
[13] Алекперли Ф., Кто мы, от кого произошли и куда идем? Зеркало», Баку, 08. 08. 2009.
[14] Տես` նույն տեղում:
[15] Алекперли Ф., Кто мы, от кого произошли и куда идем? Зеркало», Баку, 08. 08. 2009.
[16] Гарабаг: Курекчай-200, Национальная академия наук Азербайджана институт истории им. А.А. Бакиханова, Баку, 2005, с․ 3-31.
[17] Левиатов В.Н., Азербайджан с V в. до н. по III в. н. л., Известия, АН АЗССР, 1950, N 1, с. 65-92.
[18] Սվազյան Հ.Ա., Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն շրջանից VIII դարը ներառյալ), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2006, էջ 36:
[19] Ямпольский З.И., Древняя Албания, III-I вв. до н.э., Баку, 1961.
[20] Ямпольский З.И., К вопросу об одноимённости древнейшего населения Атропатены Албании, Труди инст. ист. и фил., Баку, 1954, т. IV, с. 101.
[21] Ямпольский З.И., Древние авторы о языке населения Азербайджана, Известия АН Аз ССР, 1955, N 8, c. 61.
[22] Буниятов З.М., Размышления по поводу книги А.Н. Тер-Гевондяна «Армения и арабский халифат», Известия АН АзССР, 1977, №4, с. 116.
[23] Мамедова Ф․, Кавказская Албания и албаны, Баку, 2005, с․ 680-681.
[24] Алиев И., История Мидии; Издательство академии наук Азербайджанской ССР, Баку, 1960.
[25] Бунятов З., Азербайджан в VII-IX вв, Баку, 1965.
[26] Мамедова Ф․, Кавказская Албания и албаны, Баку, 2005․
[27] Геюшев Р.Б., Христианство в Кавказской Албаании, Тбилиси, 1978, с. 12-55.
[28] Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969, էջ 121։ Չարբերդի կամ Ջրաբերդի ամրոց, հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» (13-րդ դար) և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» (13-14-րդ դդ.) երկերում:
[29] Danielyan E., Gandzasar Monastery, Gandzasar Theological Center, Yerevan, 2009.
[30] Məmmədov N., İŞĞAL ALTINDAKI TARİXİ-DİNİ ABİDƏLƏRİMİZ, BAKI, 2015, s. 3-7.
[31] Նույն տեղում։
[32] Газета «ЭХО»,№76 (1316)Сб;29 Апреля 2006.
[33] Речь президента Азербайджана Ильхама Алиева на торжественном собрании, посвященном 60-летию Национальной академии наук, АЗЕРТАДЖ, 14.12.2005,
[34] Գալչյան Ռ., Հորինված պատմություն, Ադրբեջան և Հայաստան. կեղծիքներ և փաստեր, Երևան 2010, էջ 142-143:
[35] War against Azerbaijan.Targeting Cultural Heritage,Baky 2007.
[36] Alakbarli A., Les Monuments d’Azerbaijan Ouest (The Monuments of Western Azerbaijan), Baku, 2007, p. 7.
[37] Նույն տեղում, էջ 5:
[38] Նույն տեղում:
[39] Նույն տեղում, էջ 7:
[40] Նույն տեղում, էջ 60-61:
[41] Նույն տեղում, էջ 98-99:
[42] Նույն տեղում, էջ 16-91:
[43] Azerbaijan:100 Questions Answered, Baku, 2008.
[44] Նույն տեղում, էջ 13:
[45] Նույն տեղում, էջ 102:
[46] Шнирельман В., Ну зачем же приписывать господствующие в Азербайджане взгляды "мировой науке"? Армения, 12 февраля, 2013, - ИА Регнум.